Section outline

Դասընթացի գլխավոր էջ

  • image 1

    Կրթությունը ժողովրդավարության հիմնաքարն է։

     Ջոն Դյուի

        Սիրելի՛ դպրոցականներ, ժողովրդավարությունը Հին Հունաստանում մնացած առասպել չէ, որ անցյալում թողնենք կամ համարենք, որ այն աշխարհի որոշ երկրների մենաշնորհն է: Ժողովրդավարական երկրում ապրելը ամեն մի քաղաքացու ձգտումն է:  Ժողովրդավարական երկիր զարգացնողները դուք եք լինելու, որտեղ ապրելու եք հարգված իրավունքներով և հիմնարար ազատություններով՝ գիտակցելով և կատարելով ձեր պարտականությունները: Այդ ճանապարհին  կարևոր է համապատասխան գիտելիքներ ձեռք բերելը, դրանք լրացնելը և ամրապնդելը: Իսկ եթե դպրոցում սովորելու տարիներն օգտագործեք ձեր կրթական միջավայրը ժողովրդավարական դարձնելու մասին, աշխատեք այդ ուղղությամբ, ստացած գիտելիքները կիրառեք գործնականում, ապա դպրոցն ավարտելուց հետո պատրաստ կլինեք ակտիվորեն մասնակցել հասարակական կյանքին, այնտեղ կտեղափոխեք ձեր ունեցած գիտելիքներն ու հմտությունները: 

    7 շաբաթյա առցանց այս դասընթացը նախատեսված է հանրակրթական դպրոցների աշակերտական խորհուրդների անդամների, և ընդհանրապես 8-10-րդ դասարանների սովորողների համար։ Լինելով գործող մանկավարժներ, իմանալով սովորողների կարիքները՝ կարևորում ենք ժողովրդավարության վրա հիմնված կրթությունը դպրոցում։ Մեր դասընթացով նախատեսում ենք ավելացնել սովորողների գիտելիքներն ու հմտությունները, որպեսզի ամրապնդենք ժողովրդավարության հիմքերը դպրոցում։

      Դասընթացը կազմված է հետևյալ բաժիններից՝

    1․ Ժողովրդավարությունը դպրոցում, որտեղ ներկայացված  են ժողովրդավարական կրթության հիմունքները և դպրոցը՝ որպես ժողովրդավարական համայնք։

    2․ Քաղաքացիական կրթություն․ այս բաժնում դուք կծանոթանաք քաղաքացիական կրթության հիմունքներին։

    3․ Աշակերտական խորհուրդ․ այս գլխում պատմում ենք աշակերտական խորհուրդների ձևավորման, գործարկման կարևորության մասին։

    4․ Երեխաների իրավունքները․ այս բաժնում ներկայացված է երեխաների իրավունքների վերաբերյալ համահավաք նյութ։

     Յուրաքանչյուր բաժին ունի ընթերցանության նյութ, տեսանյութ, գործնական առաջադրանք, ինքնաստուգող հարցաշար և հավելյալ ուսումնասիրության նյութեր։

       Դասընթացն անվճար է և ամբողջովին առցանց։ Մասնակցելու ռիթմը և արագությունը ընտրում եք դուք, բայց արդյունավետության համար խորհուրդ ենք տալիս անցնել շաբաթական 1 բաժին։ 

    Դասընթացի նպատակներ

    • Հասկանալի դարձնել ժողովրդավարության սկզբունքները և դրանց կիրառությունը դպրոցական միջավայրում, կոնկրետ ԱԽ ձևավորելու գործընթացում

    • Զարգացնել սովորողների կարողությունը՝ մասնակցելու դպրոցի կառավարմանը ժողովրդավարական մեթոդներով

    • Խթանել սովորողների՝ որպես ԱԽ անդամների,  մասնակցային մշակույթը և պատասխանատվությունը համայնքի խնդիրների լուծման հարցում

    • Զարգացնել քննադատական մտածողություն և տեղեկատվության գնահատման հմտություններ՝ԱԽ գործունեությունը բարելավվելու նպատակով

    • Սովորեցնել կոնֆլիկտների խաղաղ կարգավորման և համագործակցության մեթոդներ

    Վերջնարդյունքներ

    Դասընթացի ավարտին  սովորողները կկարողանան՝

    • Բացատրել ժողովրդավարության /առնվազն 3/ սկզբունքները և օրինակներ բերել ԱԽ-ում դրանց կիրառության վերաբերյալ 

    • Նշել և բացատրել քաղաքացիական կրթության հիմնական տարրերը, որոնք կիրառելի են  ԱԽ-ն արդյունավետ ձևավորելու ժամանակ

    • Որպես ԱԽ անդամ մասնակցել դպրոցի կառավարման որոշումների կայացման գործընթացին՝ առաջարկելով ժողովրդավարական լուծումներ

    • Վերլուծել տեղեկատվությունը՝ տարբերելով փաստերն ու կարծիքները, բացահայտել ապատեղեկատվությունը

    • Կազմակերպել և իրականացնել ԱԽ ընտրություններ, հանձնաժողովների ստեղծում և այլ գործառույթներ, որոնք նպաստում են ժողովրդավարական արժեքների տարածմանը։