Հոգեբանական միջամտությունը պատերազմական իրավիճակներում: տեսական ակնարկ

1. Արտակարգ իրավիճակներ՝ նկարագրություն և դասակարգում

Ժամանակակից կյանքը լի է տարաբնույթ սթրեսային ու ճգնաժամային իրավիճակներով։ Մեծահասակները և երեխաները պարբերաբար հանդիպում են իրենց կյանքում բազում դժվարությունների՝ թե տեխնոգեն, թե բնական աղետներ, թե անձնական իրավիճակներ։ Արտակարգ իրավիճակները հաճախ իրենց բնույթով լինում են տրավմատիկ։ Դրանք ընկալվում են մարդու կողմից որպես կյանքին վտանգող իրադարձություններ, խաթարում են նորմալ կենսագործունեությունը, բաժանում են կյանքը երկու մասի, հանգեցնում են հոգեսոմատիկ և մարմնական դրսևորումների։ Հոգեթրավմատիկ, ճգնաժամային իրավիճակները խարխլում են մարդու կայունությունը, վստահությունը առ այն, որ աշխարհի կառուցվածքը ու իրենց կյանքը վերահսկվում է և ունի հստակ կազմակերպվածություն։ Նման իրավիճակները ազդում են մարդու ժամանակային ընկալումների վրա, խաթարվում է ներկայի, անցյալի և ապագայի տեսլականը։  

Արտակարգ իրավիճակները կարող են դասակարգվել ըստ հետևյալ առանձնահատկությունների՝

·       անսպասելիության աստիճան՝ հանկարծակի (անկանխատեսելի) և սպասվող։ Կան իրավիճակներ, որոնք մարդիկ կամ որոշակի ինստիտուցիոնալ համակարգեր կարող են կանխատեսել, օրինակ, տնտեսական ճգնաժամեր, քաղաքական դժվարություններ և այլ, սակայն կան նաև իրավիճակներ, որոնք անսպասելի են մարդու համար և հանգեցնում են տրավմատիկ ապրումների, օրինակ, բնական աղետներ, ավտովթար և այլն,

·       տարածման արագություն՝ արտակարգ իրավիճակները կարող են կրել պայթուցիկ, արագընթաց բնույթ, նաև լինեն երկարաժամկետ, սահուն ընթացող։ Արագընթաց բնույթ կարող են կրել պատերազմական գործողությունները, տեխնոգեն վթարները և այլն, իսկ երկարաժամկետ կարող են լինել, օրինակ, բնապահպանական դժվարությունները,

·       տարածվածության աստիճան՝ լոկալ, տեղական, մասշտաբային և այլ։ Ըստ տարածվածության, արտակարգ իրավիճակները կարող են ազդել մեկ մարդու կամ ընտանիքի վրա, կամ հասնել միջպետական կամ համաշխարհային ներգրավվածության մակարդակի,

·       ազդեցության ժամանակահատված՝ կարող են լինել կարճաժամկետ, կամ երկարաձգված ընթացքով,

·       բնույթ՝ մտածված կամ ոչ միտումնավոր։ Մտածված և միտումնավոր են սոցիալական, ազգային, պատերազմական կոնֆլիկտների մեծ մասը։ Ոչ միտումնավոր են իրեն բնույթով բնական աղետների մեծ մասը։ [3]