Կրթության հոգեբանի աշխատանքը սովորողների տարբեր դժվարությունների հետ

Բուլինգ

Ուսումնական միջավայրում վերջին շրջանում նկատվող դժվարություններից է  համարվում բուլինգը։ Բուլինգը մի անձի ֆիզիկական և հոգեբանական առավելությունն է մյուսի հանդեպ, որը ցուցադրվում է անկիրթ ու սովորաբար դիմացինին ճնշող, վախեցնող  վարքային դրսևորումներում։ Բուլինգը կարող է արտահայտվել բոլոր կրթական հաստատություններում և տարբեր տարիքային խմբերում։  Առանձնացնում են բուլինգի հետևյալ տեսակները․

    • Վերբալ - Պիտակավորել, վիրավորել, անհարգալից վերաբերմունք, մականուններ դնել

    • Ֆիզիկական - Հարվածել, հրել, իրար վրա իրեր նետել, վնասել իրերը

    • Հոգեբանական - Ծաղրել, վիրավորական նամակներ գրել, չարախոսել, ինչ-որ մեկին մեկուսացնել, վախեցնել՝ օգտագործելով վերբալ կամ ոչ վերբալ միջոցներ

    • Կիբերբուլինգ - Օգտագործել էլեկտրոնային տեխնիկան և համացանցը դիմացինին ծաղրելու համար, անհայտ համարներից զանգեր կատարել։


Բուլինգի առկայության դեպքում տուժող երեխայի մոտ նկատելի են հետևյալ դրսևորումները․

    • Քնի և սնվելու ռեժիմի խախտում

    • Մարմնական ցավերից գանգատներ, գլխացավեր, փորացավեր

    • Գերհուզականություն

    • Բացասական հուզական դրսևորումներ

    • Մեկուսացվածություն

    • Հասակակիցների հետ շփվելու ցանկության բացակայություն

    • Խմբային ակտիվություններում ներգրավվելու ցանկության պակաս

    • Կորած և վնասված իրեր

    • Վնասվածքներ, քերծվածքներ։


Բուլինիգի դեմ պայքարելու համար կրթական հաստատությունները սահմանում են հատուկ քաղաքականություններ, կազմվում են մասնագիտական թիմեր, որոնք արձագանքում են բուլինգի դեպքերին։ Նման քաղաքականության հիմնական նպատակն է․

    • նպաստել աջակցող, հոգատար և ապահով միջավայրի ձևավորմանը, որտեղ երեխաները կարող են ապրել և սովորել առանց բուլինգի

    • ներկայացնել կրթական հսատատության բոլոր անդամներին (երեխաներ, ծնողներ, մանկավարժներ վարչակազմ, տնօրենություն),  որ բուլինգը համարվում է անընդունելի և դրսևորման դեպքում ունենալու է իր հետևանքները՝ համաձայն հաստատության կանոնակարգի։

Կրթական հոգեբանները հանդիսանում են նման մասնագիտական խմբերի ղեկավարներ  կամ լինում են թիմի պարտադիր անդամ։

Բուլինգի դեպքում աշխատանքն իրականացվում է միջադեպերում ներառված բոլոր կողմերի հետ և՛ ճնշող կողմի, և՛ տուժված կողմի, և՛ այն երեխաների հետ, ովքեր անմիջականորեն ներկա են եղել միջադեպին, սակայն չեն արձագանքել իրավիճակին։ 

Կրթական միջավայրում բուլինգի սահմանափակման համար․ 

    • Սովորեցնել երեխաներին ճանաչել և կառուցողաբար արտահայտել իրենց հույզերը 

    • Տրամադրել դրական, հաճախակի և անկեղծ հետադարձ կապ

    • Ամրապնդել դրական վարքը, հատկապես բացասական վարք ունեցող երեխաների դեպքում

    • Առաջարկել սեփական կարողությունները ցուցադրելու այլ տարբերակներ 

    • Սահմանել կանոններ և լինել հետևողական

    • Խրախուսել պատասխանատվության զգացումը

    • Սերտորեն աշխատել ընտանիքի հետ