Կրթության հոգեբանի աշխատանքը արտակարգ իրավիճակում

Կրթական հոգեբանի աշխատանքների արդյունավետ կազմակերպման քայլաշար

Արտակարգ իրավիճակի պայմաններում կրթական հոգեբանի աշխատանքների արդյունավետ կազմակերպման համար նա պետք է հետևի մի քանի կարևոր քայլերի․

    • Լինել տեղեկացված: Սթրեսային իրավիճակում աջակցություն ցուցաբերելու համար անհրաժեշտ է լինել տեղեկացված տիրող իրավիճակի մասին: Ունենալ բազային տեղեկույթ արտակարգ իրավիճակի հիմնական առանձնահատկությունների մասին (տարածվածություն, կրկնվելու հավանականություն, վտանգի կանխատեսումներ և այլ)։

    • Տրամադրել հոգեբանական կրթություն։ Տրամադրել տեղեկատվություն կրթական  հաստատության բոլոր օղակներին տվյալ իրավիճակում երեխաների, մանկավարժների, ծնողների մոտ հնարավոր դրսևորումների մասին։

    • Սերտ համագործակցել դպրոցի թիմի հետ խնդիրների լուծման և հասանելիության հարցերում: Աշխատել դպրոցական ադմինիստրացիայի հետ միասին, որպեսզի անհրաժեշտության դեպքում ուղղորդել բոլոր խմբերի աջակցությունը:

    • Դրսևորել մասնագիտական համապատասխան կոմպետենցիաներ:

    • Կարևորել երեխայի լավագույն շահը ծառայություններ իրականացնելիս  ընտանիքի, դպրոցի և համայնքի համար նրանց կարիքների սահմանափման պայմաններում։ 

    • Վստահ լինել, որ հոգեբանական աջակցությունը հասանելի է բոլոր նրանց, ովքեր դրա կարիքն ունեն: Սա իրականացնելու համար կրթական հոգեբանը պետք է մշտապես կապի մեջ գտնվի հաստատության ադմինիստրատիվ օղակի, արտակարգ իրավիճակներում պատասխանատու հանձնաժողովի հետ։

    • Սահմանել աջակցության հստակ ժամատախտակ՝ վստահ լինելով յուրաքանչյուր այցելուի ապահովության մեջ:

    • Կատարել ուղղորդված աշխատանք պիտակավորման դեմ։ Արտակարգ իրավիճակներում սովորաբար երեխաների մի խումբը դառնում է շատ խոցելի, քանի որ կամ հանդիսանում են իրավիճակի կրողները կամ անմիջական մասնակիցները, ուստի ձևավորել այնպիսի պայմաններ, որ բոլոր երեխաները իրենց զգան ապահով և պաշտպանված։

    • Անցնել համապատասխան վերապատրաստում արտակարգ իրավիճակներում հոգեբանական աջակցություն ցուցաբերելու համար: 

    • Հստակեցնել սեփական անձի սահմանները. արդյոք, լինելով նույն արտակարգ իրավիճակում գտնվող անձ, որպես մասնագետ կրթական հոգեբանը կարողանում է աջակցություն ցուցաբերել։ Հաճախ նման բարդ իրավիճակներում մասնագետները ևս ունենում են աջակցության կարիք։

    • Դիմել աջակցության: Աշխատել սուպերվիզորի աջակցությամբ: Նման իրավիճակներում հուզականությունը բավականին բարձր է և մասնագիտական այրումն ավելի արագ կարող է սկսվել, քան պատկերացնում է մասնագետը։

    • Պահպանել բոլոր էթիկական և իրավական սկզբունքները:

    • Առցանց աջակցություն ցուցաբերելիս խստորեն պահպանել գաղտնապահություն և պատասխանատվության սահմանները՝

      • Ընտրել միայն ապահով հարթակներ,

      • Միշտ հաշվի առնել, որ երեխան կարիք է ունենալու տեխնիկական աջակցության, նույնիսկ եթե դուք օգտագործում եք լավագույն առցանց հարթակներն ու միջոցները,

      • Ընտանիքին և երեխաներին աջակցություն ցուցաբերելիս հաշվի առնել և կանխել հավաստիության և գաղտնիության խախտման հնարավոր տարբերակները,

      • Միևնույն ժամանակ հաշվի առնել գաղտնիության սահմանների ընդլայնումը երեխաների հետ տանից աշխատելու ընթացքում: