Կրթության հոգեբանի աշխատանքը ուսումնական մոտիվացիայի խթանման հարցում

2.

Կարևոր է հաշվի առնել, որ գոյություն ունի արժեզրկման սկզբունք  (discounting principle), որի համաձայն եթե վարքի  մի պատճառն ավելի էական է, քան մյուսը, այն հետ է մղում, արժեզրկում է երկրորդը։ Օրինակ՝ արտաքին խրախուսանքը արժեզրկում է ներքին մոտիվացիան․ այսպես, եթե մենք երեխային ասում ենք, որ եթե նա դասը չսովորի, կոնֆետ չի ուտի, դրանով մենք ցույց ենք տալիս նրան, որ դաս անելն ինքն իրենով հետաքրքիր ու արժեքավոր մի բան չէ, որին պետք է ձգտել, այլ մի գործունեություն է, որը կարելի է անել միայն արտաքին խրախուսանքի համար։

Հետևաբար սովորողների, նրանց ծնողների, ինչպես նաև սովորեցնողների հետ իր աշխատանքի ընթացքում կրթության հոգեբանն առավել շատ ձգտում է սովորողների ներքին մոտիվների զարգացմանը, որոնք երկարաժամկետ կտրվածքով հիմք են հանդիսանում արդյունավետ ուսումնական գործընթացի համար։ 

Ուսումնական մոտիվացիայի խթանման հարցում մեծ նշանակություն ունի կրթական միջավայրում տիրող դրական մթնոլորտը։ Կրթության հոգեբանն աջակցում է  այնպիսի կրթական միջավայրի ստեղծմանը, որտեղ յուրաքանչյուր սովորող հավատում է, որ ինքն ընդունակ է սովորել, բարելավել, զարգացնել իր գիտելիքներն ու հմտությունները: Սովորողի դրական ինքնընկալումն ու առողջ ինքնագնահատականը, կոմպետենտության զգացումը կարևոր նախապայման են հանդիսանում ակադեմիական հաջողությունների համար։ 

Այս առումով մեծ նշանակություն ունի արդյունավետ խրախուսանքը։ Այսպես խրախուսանքը պետք է լինի անկեղծ, կիրառվի տեղին, ժամանակին և չափավոր, համապատասխանի երեխայի տարիքին և անձնային առանձնահատկություններին, լինի հիմնավորված, պարունակի կոնկրետ արարքի որոշակի նկարագրություն, ուղղված լինի երեխայի կոնկրետ արարքին, ոչ թե անձին, շեշտադրի գործողության, արարքի արդյունքները և ձեռքբերումները, ոչ թե բնածին առանձնահատկությունները: