Կրթության հոգեբանի աշխատանքը ուսումնական մոտիվացիայի խթանման հարցում

4.

Սովորողների ուսումնական մոտիվացիայի խթանման հարցում կարևոր նշանակություն ունեն նաև այն առաջադրանքներն ու հանձնարարությունները, որոնք կիրառվում են սովորեցնողի կողմից դասապրոցեսի ընթացքում կամ հանձնարարվում են տանն անելու համար: 

 Իսկ ինչպիսի՞ն պետք է լինեն առաջադրանքները սովորողներին մոտիվացնելու համար: 

    1. Բազմակողմանի: Առաջադրանքները պետք է օգնեն սովորողներին զարգացնել տարբեր հմտություններ: Նման առաջադրանքները հաճախ պահանջում են մեծ կարգապահություն, դիվերգենտ մտածողություն և խնդրի ակտիվ լուծում: 

    2. Դրդող և հասանելի միաժամանակ: Կարևոր է, որ առաջադրանքը լինի սովորողի հնարավորությունների սահմաններում, չլինի այնքան բարդ, որ վերջինս հրաժարվի այն կատարելուց: Միաժամանակ այն պետք է պարունակի իր մեջ որոշակի մարտահրավեր, բարդություն, որպեսզի սովորողին հետաքրքիր լինի իրականացնել այն: Նման առաջադրանքները հաճախ  պարունակում են անակնկալ կամ երևակայական պահ: 

    3. Տարբեր մակարդակների: Նախորդ կետում նշված սկզբունքից նաև հետևում է, որ առաջադրանքները պետք է համապատասխանեցվեն սովորողի ընդունակություններին ու հնարավորություններին, հետևաբար անհրաժեշտ է ունենալ տարբեր բարդության աստիճանի առաջադրանքներ նույն թեմայի համար: 

    4. Ակտիվություն պահանջող: Կարևոր է սովորողներին տրամադրել առաջադրանքներ, որոնք ակտիվ մասնակցելու, հետազոտելու, բազահայտելու, գիտափորձեր անելու հնարավորություն են ընձեռում, որոնք ունեն բազմաթիվ բաց, ստուգման ենթակա հարցեր: Միաժամանակ դրանք պետք է լինեն թեմատիկ և ուսուցողական: 

    5. Հասկանալի: Առաջադրանքի էությունն ու հրահանգը հասկանալի պետք է լինի երեխայի համար: Բացի այդ, կարևոր է սովորողներին բացատրել առաջադրանքների նպատակն ու այն հմտությունների իրական նշանակությունը, որոնք դրանք զարգացնում են: 

    6. Հետաքրքիր:  Ուսումնական մոտիվացիան խթանելու նպատակով կարևոր է, որ առաջադրանքները կապված լինեն սովորողների հետաքրքրությունների ու նախասիրությունների հետ: Դա ապահովելու նպատակով, հնարավորության սահմաններում, կարելի է սովորողներին ընտրելու հնարավորություն տալ: 

    7. Իրական: Ստեղծել արդիական մեծ խնդիրներին առնչվող առաջադրանքներ, որոնք թույլ կտան սովորողներին ներգրավվել իրական, ինտելեկտուալ աշխատանքի մեջ: 

    8. Բազմազան: Չափազանց կարևոր է դասապրոցեսում ներառել բազմազան, տարաբնույթ առաջադրանքներ, տարբեր ձևաչափեր, անհատական, զույգերով, խմբերով աշխատելու հնարավորություններ և այլն: 

    9. Աճը շեշտադրող: Արդյունավետ առաջադրանքները պետք է կազմվեն այնպես, որ սովորողները հնարավորություն ունենան տեսնելու իրենց հմտությունների աճը (օրինակ՝ առաջադրանքները տալ պարզից բարդ սկզբունքով,  բարդ առաջադրանքները բաժանել մասերի և այլն): 

    10. Լրացուցիչ: Եթե սովորողը շուտ է ավարտում առաջադրանքը, կարևոր է նրան տալ այլ  հետաքրքիր առաջադրանքներ (օրինակ՝  պատրաստել դասարանի թերթ, առցանց շփում գիտնականի հետ և այլն): 

Կրթության հոգեբանի կողմից իրականացվող դասալսումները կարող են օգնել նրան առավել խորությամբ պատկերացնել սովորեցնողների կողմից կիրառվող հանձնարարությունների բնույթը և անհրաժեշտության դեպքում աջակցել նրանց այս հարցում։