Կրթության հոգեբանի աշխատանքը ուսումնական մոտիվացիայի խթանման հարցում
5․
Աշակերտների ուսումնական մոտիվացիայի խթանման հարցում մեծ դեր է կատարում նաև գնահատումը: Կարևոր է հիշել, որ գնահատումն իր մեջ ներառում է ոչ միայն թվանշանը, որը նշանակվում է սովորողին, այլ նաև բանավոր կամ գրավոր հետադարձ կապը, ոչ խոսքային հաղորդակցումը (օրինակ՝ ուսուցչի դեմքի արտահայտություն, ձայնի հնչերանգ) և այլն:
Դիտարկենք մի քանի սկզբունքներ, որոնց վրա հիմնված գնահատում կարող է խթանել սովորողների ուսումնական մոտիվացիան:
-
-
Գնահատման չափանիշներն ի սկզբանե պետք է հստակ, հասկանալի և արդար լինեն սովորողների համար:
-
Սովորողներն իրենց գիտելիքները ցույց տալու տարբեր հնարավորություններ պետք է ունենան: Սովորողները տարբեր են, նրանց ուսուցման ձևերը ևս, ուստի կարևոր է, որ գնահատումն իրականացվի տարբեր ձևաչափերով (գրավոր, բանավոր, անհատական, խմբային և այլն):
-
Առավել կարևոր է շեշտադրել այն, ինչ լավ է, ճիշտ է, բարելավվում է, քան մշտապես ընդգծել սովորողի սխալները: Այս իմաստով կարևոր է գնահատել սովորողի ջանքերը, ոչ միայն աշխատանքի արդյունքը:
-
Կարևոր է սովորողներին տալ հստակ, կոնկրետ (ոչ ընդհանուր), առանձնահատուկ, բովանդակալից հետադարձ կապ: Ցանկացած հետադարձ կապ իր մեջ պետք է պարունակի տեղեկություն թե դրական, թե զարգացման ենթակա կողմերի մասին:
-
Նվազագույնի հասցնել հրապարակային գնահատումները, հնարավորության սահմաններում օգտագործել սովորողների հետ անհատական շփման հնարավորությունը:
-
Մեծ նշանակություն ունի սովորողի մոտ ինքնագնահատման հմտությունների զարգացումը: Հետևաբար դասապրոցեսի ընթացքում կարելի է ընդգրկել այնպիսի առաջադրանքներ, որ սովորողը, հիմնվելով սովորեցնողի կողմից առաջարկված գնահատման սկզբունքների վրա, սեփական աշխատանքը ստուգելու հնարավորություն ունենա:
-
Կարևոր է դասարանում ստեղծել այնպիսի մթնոլորտ, որտեղ սովորողները ևս կարող են գնահատել իրար: Այդ նպատակով կարևոր է շեշտադրել սովորողների համագործակցությունը, ոչ թե նրանց միջև մրցակցությունը: Արդյունքում սովորողները կսովորեն շնորհավորել միմյանց և ուրախանալ իրենց ընկերների հաջողություններով:
-
Կարևոր է ընդունել, որ սովորողների ձախողումները հաճախ ոչ բավարար ջանքերի արդյունք են, ուստի հնարավորության սահմաններում, սովորողները գիտելիքը ցույց տալու մի քանի հնարավորություններ պետք է ունենան: Անգամ եթե սովորողն այսօր պատրաստ չէր դասին, դա դեռ չի նշանակում, որ այդ թեման իր համար փակված է: Կարևոր է սովորողին տվյալ նյութը ներկայացնելու մեկ այլ հնարավորություն տալ:
-