Կրթության հոգեբանի աշխատանքը ուսումնական մոտիվացիայի խթանման հարցում
6․
Պակաս կարևոր չէ սովորեցնողի մոտիվացիան սովորեցնելու և նյութի շուրջ սովորողներին կարևոր, օգտակար, կիրառելի տեղեկություններ փոխանցելու հարցում։ Սովորեցնողի ոգևորվածությունը հաճախ փոխանցվում է սովորողներին ու նրանց մոտ հետաքրքրվածություն ձևավորում։
Սովորողների ուսումնական մոտիվացիայի խթանման համար կրթության հոգեբանը կարող է աշխատել նաև երեխաների ծնողների հետ։ Այսպես շատ էական է՝
-
-
Ինչպես են ծնողները նախապատրաստում երեխային կրթական հաստատություն հաճախելուն։ Շատ կարևոր է, որ երեխան իմանա, թե ուր և ինչ նպատակով է գնում, ինչ է այնտեղ անելու, ինչ ընդունված նորմեր ու կանոններ կան այնտեղ և այլն։
-
Ինչպես են ծնողները վերաբերվում կրթական հաստատությանը․ ակնհայտ է, որ ծնողների կողմից կրթական հաստատության, սովորեցնողների, կրթական ծրագրերի, դասավանդման մեթոդների կամ դասագրքերի վերաբերյալ բացասական դիտարկումները կարող են փոխանցվել երեխային և ուսումնական մոտիվացիայի անկման պատճառ դառնալ։
-
Ինչպես են ծնողները վերաբերվում ուսմանն ու նորը սովորելուն։ Եթե երեխայի ծնողները իրենց օրինակով (շարունակական կրթական ծրագրերի մասնակցելով, գիրք ընթերցելով և այլն) երեխային ցույց են տալիս, որ սովորելը կարևոր, հետաքրքիր ու հաճելի է, երեխան ևս ավելի մեծ հետաքրքրություն է սկսում տածել ուսման հանդեպ։
-
Ինչպես են ծնողները վերաբերվում երեխաների ուսուցման արդյունքներին, գնահատականներին։ Եթե ծնողները չափազանց շատ են կենտրոնացած բարձր գնահատականների վրա, երեխան ևս սկսում է կենտրոնանալ ուսման արտաքին կողմերի վրա։ Կարևոր է, որ երեխան տեսնի, որ ծնողի կողմից առավելապես կարևորվում է այն, թե ինչ է երեխան սովորել, բացահայտել, հասկացել, քան թե այն, թե ինչ թվանշան կամ հետադարձ կապ է նա ստացել։
-
Ինչպես են ծնողներն արձագանքում երեխաների հաջողություններին կամ անհաջողություններին։ Ամենևին տեղին չեն այլ երեխաների հետ համեմատությունները, քանի որ ավելորդ մրցակցությունը ոչ միայն չի օգնում, այլև խանգարում է ուսումնական գործընթացին, լրացուցիչ լարվածություն ու ագրեսիա է առաջացնում հասակակիցների հանդեպ։ Երեխան պետք է իր այսօրվա արդյունքը երեկվա հաջողությունների հետ համեմատելու ու իր աճն արձանագրելու հնարավորություն ունենա։
-
Ինչպես են ծնողներն օգնում երեխաներին։ Կարևոր է, որ ծնողներն ուսումնական հարցերում օգնեն երեխաներին միայն այն դեպքերում, երբ նրանք չեն կարողանում դա անել ինքնուրույն։ Օգնել երեխային չի նշանակում անել նրա փոխարեն, այլ անել միասին, որտեղ ծնողն անում է առաջադրանքի միայն այն մասը, որը երեխան ի վիճակի չէ անել։
-
Որքանով են ծնողները ճանաչում իրենց երեխաներին։ Այն ծնողները, ովքեր լավ են ճանաչում իրենց երեխաներին, նրանց նախասիրություններն ու հետաքրքրությունները, նրա ուժեղ կողմերը, կարողանում են, դրանց վրա հիմնվելով, հետաքրքրություն առաջացնել ուսումնական գործունեության հանդեպ։
-
Այսպիսով՝ սովորողների ուսումնական մոտիվացիայի խթանման նպատակով կրթության հոգեբանն աշխատում է թե սովորեցնողների, թե սովորողների, թե նրանց ծնողների հետ՝ ուշադրություն դարձնելով տիրող մթնոլորտին, գնահատման առանձնահատկություններին, առաջադրանքների բնույթին և այլ գործոններին։