Հոգեբանական դժվարությունները երեխայի կյանքում
Վախերը մանկական տարիքում
Մանկական վախերը ամենահաճախ դրսևորվող հոգեբանական դժվարություններն են երեխայի կյանքում։ Դրանք ունեն որոշակի առանձնահատկություններ։ Ի տարբերություն մեծահասակների, երբեմն երեխայի մոտ վախերը կարող են ի հայտ գալ նույնիսկ իրական օբյեկտի բացակայության պարագայում: Սովորաբար սա տեղի է ունենում մեծահասակների կողմից կամ որևէ այլ տեղեկատվական աղբյուրով փոխանցված պատմությունների կամ մոդելների առկայության շնորհիվ, որոնք ուժեղ ազդեցություն են թողնում երեխայի վրա: Մեծահասակները կարող են որևէ վախենալու, տհաճ իրադարձություն պատմել, օրինակ, որ ինչ-որ մեկի տուն գող է մտել, և դրանով իսկ երեխայի մոտ սերմանել գողերի հանդեպ վախեր:
Մանկության շրջանում առանձնացնում են վախերի հետևյալ տեսակները.
-
- Իրական վախեր: Վախի այս տեսակը առաջ է գալիս որևէ հստակ և իրականում տեղի ունեցած միջադեպից հետո: Երեխան բախվում է իր համար անցանկալի իրավիճակին և ուժեղ վախ է զգում. սա նպաստում է հետագայում տվյալ իրավիճակներից խուսափելուն: Օրինակ՝ երեխային շուն է կծում, և նա սկսում է վախենալ շներից: Մեկ այլ օրինակ՝ երեխան մնացել է անսարք վերելակում, որից հետո սկսել է վախենալ վերելակներից։
- Կպչուն վախեր: Վախերի այս տեսակը, սովորաբար, պայմանավորված է երեխայի տագնապային հոգեվիճակով. երեխան վախենում է որոշ երևույթներից՝ խուսափելով դրանց առաջացրած հետևանքներից: Օրինակ՝ երեխան վախենում է բարձրությունից, քանի որ կարող է ընկնել: Մեկ այլ օրինակ՝ երեխան վախենում է մթությունից, քանի որ սենյակում որևէ բան կարող է հայտնվել: Կամ երեխան վախենում է կայծակից և ուժեղ քամուց, քանի որ դրանք կարող են վնասել իրենց տունը և այլն:
- Տարիքային վախեր: Որոշ գիտնականներ գտնում են, որ տարբեր տարիքային փուլերում երեխաները կարող են ունենալ տարբեր տեսակի վախեր։ Դրանք վերանում են տարիքային տվյալ փուլի անցմանը զուգընթաց, կորցնում են իրենց նշանակությունն ու ինտենսիվությունը: Տարիքային վախերը դրսևորվում են տարիքային հետևյալ փուլերում.
Տարիք
Դրսևորում
0-6 ամսեկան
Փոքրիկը վախենում է կտրուկ շարժումներից, բարձր ձայներից, մայրիկի բացակայությունից։
7-12 ամսեկան
Վախենալու են անսպասելի ձայները, օտար, անծանոթ մարդիկ, անծանոթ իրավիճակները և միջավայրը։
1-3 տարեկան
Այս տարիքում վախենալու են ծնողներից հեռու լինելը, ծնողից բաժանվելը, ինչպես նաև կարող են ի հայտ գալ գիշերային վախեր:
3-6 տարեկան
Երեխան վախենում է մենակ մնալուց, մտերիմների մահանալուց, ինչի արդյունքում կարող են ի հայտ գալ հիվանդանալու, աղետների վախեր։
6-10 տարեկան
Ի հայտ են գալիս դպրոցական, սոցիալական վախեր. երեխաները վախենում են ուշանալ դպրոցից, պատասխանել դաս, ստանալ վատ գնահատական, մերժված լինել հասակակիցների կողմից և այլն։
10-13 տարեկան
Սեփական մահվան հետ կապված վախեր, վախեր հիվանդություններից, աղետներից, կենդանիներից, գողերից: Ինչպես նաև տիպիկ են երևակայական վախերը՝ բացասական հերոսներից, այլմոլորակայիններից, դևերից և այլն։
- Գիշերային վախեր: Վախերի այս խումբը բնորոշ է հենց մանկական տարիքին: Երեխաներին հատուկ են բազմապիսի վախեցնող երազներ և մղձավանջներ տեսնելը: Նրանք անհանգիստ են քնում, ծնողին կանչում են իրենց մոտ, երբեմն առավոտյան չեն հիշում իրենց երազները:
- Երևակայական վախեր: Նմանատիպ վախերը ծագում են երեխայի բուռն երևակայության, ֆիլմերի, մուլտֆիլմների, համակարգչային խաղերի, մեծահասակների ներշնչանքների արդյունքում: Օրինակ՝ երեխաները կարող են վախենալ այլմոլորակայիններից, ֆիլմի որևէ հերոսից, այն բանից, որ նրանք կարող են հայտնվել իրենց սենյակում: Մեծահասակները դաստիարակչական նպատակով հաճախ են նախընտրում վախեցնել երեխաներին՝ «հեռու չգնաս, քեզ կգողանան», «եթե չքնես, Մեշոկ պապին (ոստիկանը, գողը, թուրքը), կգա ու քեզ կտանի», «եթե լաց լինես, բժիշկը կգա ու կսրսկի» և այլ նմանատիպ արտահայտություններ, որոնք երեխայի մոտ ուժեղ տագնապի զգացողություն են առաջացնում և կարող են հանգեցնել վախերի ձևավորմանը
Փաստորեն, կարող ենք նկատել, որ մանկական վախերի առաջացման պատճառները հիմնականում կապված են ընտանեկան իրավիճակի և ծնողավարական ոչ արդյունավետ մոտեցման հետ:
Ի՞նչ կարող անել մեծահասակը, որպեսզի աջակցի երեխային վախերի հաղթահարման գործընթացում:
Նախևառաջ անհրաժեշտ է ընդունել այն փաստը, որ երեխան կարող է վախենալ, ընդունել նրա հույզերը, ճանաչել և տարբերակել վախի տեսակը և վերլուծել դրա ծագման պատճառները: Երեխան պետք է ապահով զգա մեծահասակի կողքին, չկաշկանդվի խոսել սեփական վախերից, չանհանգստանա ծաղրանքի կամ արժեզրկման արժանանալու համար: Կարևոր է բացատրել երեխային իրականությունը, ցույց տալ պատճառահետևանքային կապերը, միասին վերլուծել և բացահայտել վախերի ծագման հիմքերը. սա հնարավորություն է տալիս երեխային հասկանալու, որ ամեն բան ունի իր հիմքն ու ամեն երևույթ կարելի է հաղթահարել, եթե ճանաչում ու հետազոտում ես այն: Վախերի և տագնապի պատճառով երեխան կարող է որոշակի ռեգրեսիվ, հետընթացային վարք ցուցաբերել՝ գիշերամիզություն, մատ ծծել, եղունգներ կրծել, ծնողներից կառչել և այլն։ Կարևոր է, որպեսզի մեծահասակն ընդունի այդ վարքը, մեկնաբանի այն երեխայի տագնապների համատեքստում, չարժեզրկի և չբարկանա:
Այսպիսով՝ կարելի է նկատել, որ իրականության դժվար հանգամանքները, երեխայի տարիքային և անձնային առանձնահատկությունները և շրջապատող մարդկանց արձագանքման յուրահատկությունները համալիր կերպով կարող են հանգեցնել երեխաների վախերի և տագնապների առաջացմանը, որոնք ունեն իրենց վարքային և հուզական տարաբնույթ դրսևորումները: