Երեխաների հետ հոգեբանական աշխատանքի կազմակերպում
Մանկական հոգեթերապիայի ընթացքը
Ընդունված է հոգեթերապևտիկ ողջ գործընթացը բաժանել մի քանի փուլի՝ ներածական հանդիպումներ, խնդրի հետ աշխատանք, ավարտի փուլ։ Բաժանումը պայմանական է, քանի որ չկան հստակ ժամկետներ, սահմաններ, սակայն կարևոր է պահպանել այս մոտեցումը՝ աշխատանքի արդյունավետության պահպանման նպատակով։
Կարևոր փուլ է համարվում ներածական հանդիպումների փուլը, որը թերևս լավագույն հոգեախտորոշիչ միջոց է թերապևտի համար: Ներածական հանդիպումների ժամանակ թերապևտը կարող է տեսնել և հասկանալ երեխայի շրջապատող իրականության էությունը, տեսնել երեխա-շրջապատ փոխազդեցության նրբություններ, գնահատել հարաբերությունների որակն ու առանձնահատկությունները և այլ:
Ներածական հանդիպումները կարող են մի քանի փուլով ընթանալ՝ հանդիպում ծնողի հետ, ծնող-երեխա հանդիպում, հանդիպում երեխայի հետ: Դրանց համար անհրաժեշտ է բավականաչափ ժամանակ և դրանք հստակ նպատակ պետք է հետապնդեն, ուստի թերապևտը, ով նախատեսում է իրականացնել ներածական հանդիպումներ պետք է նախապես պլանավորած լինի այդ հանդիպումները:
Երեխայի հետ նախնական հանդիպումը թերևս ամենապատասխանատու հանդիպումներից մեկն է: Երեխայի հետ հանդիպման նպատակներն են՝
- փոխհարաբերությունների հաստատում
- երեխայի հոգեկան, սոցիալական, ֆիզիկական ստստուսի գնահատում
- երեխային ծանոթացում խաղասենյակի, աշխատանքի հետ
Այս հանդիպումը չափազանց կարևոր է երեխայի հետ հոգեթերպաևտիկ, վստահելի հարաբերությունների կառուցման համար: Երեխան կարող է գալ տագնապած, դիմադրելով, չուզենա բացվել, վստահել օտար մարդու, կարող է ամաչել և այլ նմանատիպ խնդիրներով, որոնք կարող են դժվարեցնել աշխատանքի սկիզբը: Թերապևտը երեխայի հետ կոնտակտ հաստատելու նպատակով օգտագործում է շփման բոլոր միջոցները, ներառյալ մարմնի լեզուն, մետաֆորիկ, սիմվոլիկ խոսքը և այլն:
Երեխայի հետ արդյունավետ փոխհարաբերություններ կառուցելու համար հոգեթերապևտը պետք է կիրառի որոշակի հմտություններ: Համաձայ Հ. Լենդրետի*, երեխայակենտրոն հոգեթերապևտի հմինական նպատակն է երեխայի հետ թերապևտիկ հարաբերությունների կառուցումը, ինչի համար թերապևտը՝
- ստեղծում է երեխայի համար անվտանգության մթնոլորտ
- հասկանում և ընդունում է երեխայի աշխարհը
- խրախուսում է երեխայի հուզական աշխարհի դրսևորումները
- ստեղծում է թողելիության զգացողություն
- հեշտացնում է երեխայի համար որոշումներ ընդունելու կարողությունը
- թույլ է տալիս երեխային պատասխանատվություն վերցնել իր վրա և զարգացնել վերահսկողության զգացում:
Համաձայն Ք. Բրեմսի**, գոյություն ունեն որոշակի ռազմավարություններ և գործոններ, որոնք օգնում են թերապևտին արդյունավետ կապ հաստատել և տեղեկատվություն հավաքել: Դրանցից են՝
- ճկունությունը՝ թերապևտը չի հետևում կարծրատիպային սխեմաներին, այլ օգտագործում է ստեղծարարությունը, ինքնաբուխությունը երեխայի հետ փոխհարաբերություններ կառուցելիս
- ոչ դիրեկտիվությունը՝ թերապևտը <<գնում է>> երեխայի ետևից, միշտ հիշելով երեխայի ընտրությունների դինամիկ և խորհրդանշական բնույթի մասին
- հանդուրժողականություն՝ թերապևտը չի շտապեցնում երեխային, թույլ է տալիս արտահայտել իր նեգատիվ ապրումները, ստեղծում է այնպիսի մթնոլորտ, որտեղ երեխան իրեն ազատ է զգում, բնականաբար պահպանելով որոշակի սահմանափակումներ
- ընդունում՝ թերապևտը ապրումակցում է, հասկանում և ուշադրության կենտրոնում է պահում երեխայի զգացմունքները, արտացոլում է երեխայի պահանջմունքները
- հասկանալի խոսքի կիրառում՝ թերապևտը պետք է շփվի երեխայի համար հասկանալի լեզվով, ընդ որում անպայման կիրառի սիմվոլիկ և խորհրդանշային լեզուն
- հարգանք՝ թերապևտը հարգալից է թե երեխայի, թե նրա ընտրությունների հանդեպ, նա չի թերագնահատում երեխայի զգացմունքները ու ապրումները
- որոշակի հարցադրումներից խուսափում /հատկապես <<ինչու>>-ով սկսվող/, պրոյեկտիվ հարցերի կիրառում
- ազատ խաղի և պատմությունների կիրառում:
Երեխայի հետ կոնտակտի հաստատումը կարող է մի քանի հանդիպում պահանջել։ Որքանով երեխան կբացվի, կգնա համագործակցության կախված է երեխայի տարիքից, անձնային առանձնաատկություններից, ունեցած կենսափորձից, ինչպես նաև հոգեթերապևտի հմտություններից և անձնային որակներից։
* Лэндрет Г. «Игровая терапия: искусство отношений», М., Институт практической психологии, 1998, 368 стр.
** Бремс К. «Полное руководство по детской психотерапии» , М., ЭКСМО-Пресс, 2002, 640 стр.