Երեխաների հետ հոգեբանական աշխատանքի կազմակերպում
Խնդրի հետ աշխատանք
Դժվար է նկարագրել երեխայի կողմից խնդրի լուծման ճանապարհը, քանի որ յուրաքանչյուր երեխայի հետ հոգեթերապևտը ունենում է իր ուրույն, եզակի փորձը: Սակայն, կարելի է առանձնացնել որոշակի ուղի, որով անցնում է հոգեթերապևտիկ գործընթացը: Նախևառաջ թերապևտը ստեղծում թերապևտիկ, աշխատանքային ջերմ հարաբերություններ երեխայի հետ, որոնք նպաստում են երեխայի մոտ վստահության ձևավորմանը: Այնուհետև որոշակի հմտությունների օգնությամբ թերապևտը մոտեցնում է երեխային իր խնդրի գիտակցմանը: Երեխան պատմելով, խաղարկելով, արտթերապևտիկ մեթոդների օգնությամբ բարձրաձայնում է իր ունեցած դժվարությունների մասին: Թերապևտը օգնում է տեսնել, գիտակցել դրանք, այնուհետև հասկանալ դրանց ոչ կոնստրուկտիվ լինելու բնույթը:
Հետզհետե, մեկնաբանությունների, ռեֆլեքսիայի, հասկացման, ապրումակցման և այլ կարևոր հմտությունների օգնությամբ երեխան կարողանում է վերանայել իր ունեցած ոչ ադապտիվ վարքը, պատկերացումները մարդկանց ու փոխհարաբերությունների մասին: Թերապևտը նոր հարաբերությունների օրինակ է ծառայում, նոր շփման դաշտ է ստեղծում, որտեղ երեխան անվտանգ պայմաններում սկսում է փորձարկել իր ձեռքբերումները, հասկանալ ու նորովի գիտակցել իր ապրումները, վարքը: Այնուհետև երեխան այդ մոտեցումները սկսում է տեղափոխել արտաքին աշխարհ, փորձարկել դրանք իրական կյանքում, վերակառուցել իր ունեցած հարաբերությունները: Այդ նոր փորձը գնահատվում է հոգեթերապևտի հետ, շտկվում, գտնվում են այլընտրանքային այլ ճանապարհներ: Հոգեթերապևտիկ գործընթացը ավարտվում է այն ժամանակ, երբ երեխան իրեն զգում է կայուն, ուժեղ, պատրաստ դիմակայելու արտաքին դժվարություններին, ունի ինքնաճանաչման բարձր մակարդակ, կարողանում է վերլուծել սեփական և այլ մարդկանց վարքը:
Ք. Բրեմսը* առաջարկում է հոգեթերապևտիկ գործընթացի հետևայլ փուլերը՝
-
- Վերարտադրում. իրադրության հիշողություն, ինֆորմացիայի հաղորդում: Այս փուլում երեխան չի գիտակցում իր արածի, խաղարկածի կապն իրական իրադրության հետ: Այս փուլում թերապևտը լսում է և իրեն համար պարզաբանող հարցեր տալիս:
- Վերակառուցում. արդեն առաջանում է խաղի մեջ որոշակի ներգրավվածություն: Երեխան կարող է վերակառուցել իր խաղը, թեև մինչև վերջ չգիտակցել կապն իրական իրավիճակի հետ: Այս փուլում թերապևտը կարող է տալ պարզաբանող պնդումներ, ցույց տալով, որ հասկացել է երեխային:
- Կրկնակի ապրում. այս փուլում երեխան կարողանում է որոշ կապեր տալ իր հուզական ապրումների և անցած իրականության հետ, թեև դա ընթանում է անգիտակցական ոլորտում: Երեխան արձագանքում է թերապևտի արածին կամ ասածին այնպես, ինչպես կաներ այլ մեծահասակների հետ, նա բերում է իր անցած ապրումներն այստեղ-և-հիմա դաշտ: Թերապևտը կարող է որոշ մեկնություն տալ կատարվածին, սակայն ավելի կարևոր է հուզական արձագանքը:
- Լուծում. երեխան գիտակցում է առկա խնդիրը կա՛մ հասկանալով դրա պատճառները, կա՛մ ինտերնալիզացիայի շնորհիվ, ինչը նշանակում է, որ երեխան ունի խնդիրները ինքնուրույն լուծելու և հասկանալու բավարար փորձ, ինքնավստահություն և ուժ: Երեխաների հետ այս փուլը կարող է լինել լիովին սիմվոլիկ և ոչ-վերբալ:
- Վերարտադրում. իրադրության հիշողություն, ինֆորմացիայի հաղորդում: Այս փուլում երեխան չի գիտակցում իր արածի, խաղարկածի կապն իրական իրադրության հետ: Այս փուլում թերապևտը լսում է և իրեն համար պարզաբանող հարցեր տալիս:
Սրանք այն փուլերն են, որոնք երեխան անցնում է վարքային մակարդակում: Հուզական և ապրումների մակարդակում երեխան անցնում է հետևյալ փուլերը՝
- Տագնապի հաղթահարում
- Հետազոտական հետաքրքրություն
- Հույզերի ազատ դրսևորում
- Թերապևտի հետ հարաբերությունների կարևորում:
* Бремс К. «Полное руководство по детской психотерапии» , М., ЭКСМО-Пресс, 2002, 640 стр.