Ծնողական խորհրդատվությունը երեխաների հետ հոգեբանական աշխատանքի ժամանակ

Խնդրի գնահատում

Տեղեկություններ երեխայի զարգացման վերաբերյալ

Թերապևտիկ ուղղությունով և հարացույցով պայմանավորված՝ այս կետի քննարկումը կարող է տարբերվել իր մանրակրկիտությամբ: Կան ուղղություններ /օրինակ, էկոհամակարգային ուղղությունը/, որտեղ երեխայի հոգեբանական, սոցիալական, ֆիզիկական ստատուսի գնահատումը չափազանց կարևոր դեր է խաղում, և աշխատանք սկսելուց առաջ թերապևտը բավականաչափ մանրակրկիտ գնահատում է դրանք:

Կախված ներկայացվող խնդրից, երեխայի տարիքից, խնդրային վարքի դրսևորման տևողությունից՝ երեխայի զարգացման վերաբերյալ տեղեկությունների հավաքագրումը կարող է տարբերվել: Հիմնականում, թերապևտը կարող է անդրադառնալ հղիության ընթացքին, ծծնդաբերության առանձնահատկություններին, վաղ զարգացման առանձնահատկություններին /քայլք, խոսք, մոտորիկա/, սնունդին, խնամքին, քնի առանձնահատկություններին, հիվանդություններին և այլ:

Հատուկ ուշադրություն արժի դարձնել երեխայի վարքի առանձնահատկությունների նոր միջավայրում, օրինակ, մանկապարտեզ հաճախելիս, կամ դպրոց գնալիս: Պետք է հստակեցնել, թե ինչպես է երեխան հարմարվել նոր միջավայրին, ինչ դժվարություններ է ունեցել, կարողացել է շփում հաստատել, թե մեկուսացած է եղել և այլ;