Ծնողական խորհրդատվությունը երեխաների հետ հոգեբանական աշխատանքի ժամանակ
Երեխայի գնահատումը ընտանեկան հատուկ դեպքերում
Ընտանեկան հատուկ դեպքեր: Այս կետին անդրադառնալիս անհրաժեշտ է ճշտել ընտանիքի հետ պատահած իրադարձությունները, որոնք կարող էին ազդեցություն ունենալ երեխայի հոգեկան աշխարհի վրա: Դրանց թվին են պատկանում ամուսնալուծությունը, հարազատներից մեկի մահը, հիվանդությունները, խորթ մոր կամ հոր առկայություն, որդեգրում, ընտանիքի անդամներից մեկի մեկնումը այլ երկիր և այլ: Հաճախ ծնողները չեն գիտակցում, որ նման իրադարձությունները կարող են ազդեցություն թողնել երեխայի վրա, չեն գիտակցում երեխայի վարքի փոփոխությունները տվյալ միջադեպի հետ կապված: Երբ թերապևտը հատուկ անդրադառնում է այս խնդրին, նա կարողանում է կապեր հաստատել երեխայի վարքի և իրադարձության միջև, ընդլայնել ծնողների հասկացումն ու գիտակցումը տվյալ խնդրի վերաբերյալ:
Եթե ծնողները ամուսնալուծված են, անհրաժեշտ է ճշտել, թե՝
-
- երբ է դա տեղի ունեցել,
- երեխան քանի տարեկան է եղել,
- ինչ իրադարձություններ են դրան նախորդել,
- արդյոք երեխան ականատես է եղել որևէ տհաճ միջադեպի, խոսակցությունների, կոնֆլիկտների, ֆիզիկական բռնության,
- ինչպես է երեխան արձագանքել ամուսնալուծությանը /հուզական պոռթկումներ, տրամադրության անկում, վարքային խնդիրներ, սննդի, քնի խախտում, առաջադիմության խնդիրներ և այլ/
- ում հետ է ապրում երեխան
- արդյոք տեսնվում է ամուսնալուծված հոր/մոր հետ
- արդյոք տեսնվում է ամուսնալուծված հոր/մոր ազգականների հետ
- որքան հաճախ են իրականանում այդ հանդիպումները
- ինչպիսի ընթացք ունեն դրանք
- արդյոք նախկին ամուսինները շփվում են միմյանց հետ, կամ պահպանում են որոշակի հարաբերություններ, թե ընդհանրապես ոչ մի հարաբերություն չունեն
- ինչպես է երեխան ընկալում ամուսնալուծության երևույթը
- որքան մանրամասն նա իրազեկված է ամուսնալուծության պատճառներից, ծնողների հարաբերություններից
- արդյոք չի դարձել այս կամ այն կողմի մանիպուլյացիայի զոհ և այլ:
Եթե ընտանիքի անդամներից մեկը ծանր, քրոնիկ հիվանդ է, անհրաժեշտ է ճշգրտել՝
-
- երբ է սկսվել հիվանդությունը
- երբ են ընտանիքում տեղեկացել դրա մասին
- արդյոք երեխան գիտի հիվանդության մասին
- ինչպես է տեղեկացվել դրա մասին երեխան
- ինչ արձագանք է տվել
- ինչ ընթացք ունի հիվանդությունը, արդյոք անհրաժեշտ է խնամք
- ինչպես է երեխան մասնակցում խնամքին
- հիվանդության հնարավոր ելքերը
- արդյոք երեխան տեղեկացված է հիվանդի վիճակի, հիվանդության մանրամասնությունների վերաբերյալ և այլ:
Եթե ընտանիքում տեղի է ունեցել կորուստ անհրաժեշտ է ծնողների հետ քննարկել հետևյալ հարցերը՝
-
- երբ է դա տեղի ունեցել
- երեխան քանի տարեկան էր
- ինչ է ասվել երեխային ընտանիքի անդամի մահվան հետ կապված /արդյոք ասվել է, որ մահացել է, թե երեխային պահում են անիրազեկ/
- ինչպես է արձագանքել երեխան /հուզական պոռթկումներ, տրամադրության անկում, վարքային խնդիրներ, սննդի, քնի խախտում, առաջադիմության խնդիրներ և այլ/
- արդյոք երեխան տալիս է հարցեր մահացածի վերաբերյալ
- արդյոք երեխան մասնակցել է հրաժեշտի արարողություններին
- ինչ հարցեր է տալիս մահվան հետ կապված, ինչ պատկերացումներ ունի, ինչպես են նրան բացատրել մահվան երևույթը և այլ:
Որդեգրման դեպքում անհրաժեշտ է խնամակալների հետ պարզել հետևյալ հարցերը՝
-
- քանի տարեկան էր երեխան որդեգրման պահին
- արդյոք խնամակալները ծանոթ են երեխայի ծնողներին կամ ունեն նրանց մասին տեղեկություններ
- ինչ պայամններում է տեղի ունեցել որդեգրումը
- ինչ գիտի երեխան որդեգրման պատմության մասին
- արդյոք երեխան իրազեկված է իր իրական ընտանիքի մասին
- եթե երեխան իմացել է որդեգրման մասին ավելի ուշ, ինչ պայմաններում է դա տեղի ունեցել /հանկարծակի է իմացել, այլ մարդկանցից և այլ/
- ինչ հակազդումներ է տվել երեխան՝ իմանալով որդեգրման մասին և այլ:
Որքան ավելի մանրամասն է հոգեթերապևտը անդրադառնում նմանատիպ հարցերին, այնքան ավելի արդյունքվետ կարող է լինել հետագա աշխատանքը: Ծնողների հետ քննարկումը հնարավորություն է ընձեռնում թերապևտին իրազեկ լինել ընտանեկան պատմությունից և ճիշտ պլանավորել հետագա աշխատանքը:
Այլ հարցեր: Կախված խնդրից, երեխայի անձնային, հոգեբանական և ֆիզկական առանձնահատկություններից, ընտանեկան պատմությունից կարող է անհրաժեշտություն ծագել նաև այլ տիպի հարցերի քննարկման համար՝ ընտանիքի անդամների հետաքրքրությունների, զբաղմունքների, սովորությունների, ֆիզիկական կամ հուզական խնդիրների վերաբերյալ, երեխայի և հասակակիցների շփման, սոցիալական միջավայրում նրա հարմարման, երեխայի ֆիզիկական առողջության առանձնահատկությունների վերաբերյալ և այլ հարցեր:
Բացի առաջնային ներածական հանդիպումից, խորհրդատուն պարբերաբար հանդիպում է ծնողների հետ երեխայի հետ աշխատանքի ընթացքում։ Սա կարևոր է, քանի որ խորհրդատուն տեղեկատվություն է տրամադրում երեխայի առկա հոգեվիճակի, աշխատանքի դինամիկայի, նոր վարկածների մասին, նաև ճշգրտում է և ծնողներից տեղեկանում երեխայի վերաբերյալ, նրա հուզական ու վարքային փոփոխությունների, նոր դժվարությունների կամ առաջընթացների մասին։