Մանկական հոգեթերապիայում կիրառվող մեթոդներ
Հեքիաթաթերապիա
Պատմությունների, հեքիաթների, առասպելների կիրառումը թերապևտիկ նպատակներով հանդիսանում է արտթերապիայի ուղղություններից մեկը: Պատմություններ պատմելը կարևոր միջոց է արտաքին աշխարհի ընկալման, իմաստավորման, ինչպես նաև գիտելիքների, հմտությունների, փորձի փոխանցման համար: Առասպելները, առակները, հեքիաթները ստեղծվում էին արժեքների և ավանդույթների փոխանցման նպատակով: Պատմությունների օգնությամբ մարդիկ արտահայտում և շրջապատին էին փոխանցում սեփական փորձը, ինչն օգնում էր սոցիալական կյանքում և խմբում ներգրավվածության զգացում ունենալուն: Հեքիաթների միջոցով ինքնարտահայտման և սեփական ապրումներն այլ մարդկանց փոխանցելու գործառույթները բացառիկ նշանակություն ունեին հոգեկան առողջության պահպանման համար և բնորոշ էին դեռ հնագույն ցեղերին:
Երեխաների հետ աշխատանքում կիրառավում են պատմությունների տարբեր ժանրեր, մասնավորապես՝ հեքիաթներ: Ներկայումս բավական տարածված է Տ. Զինկևիչ-Եվստիգնեևայի կողմից առաջարկած դասակարգումը, համաձայն որի՝ հեքիաթները լինում են ստեղծագործական, դիդակտիկ, մեդիտատիվ, հոգեշտկողական և հոգեթերապևտիկ: Ստեղծագործական հեքիաթներն իրենց հերթին բաժանվում են ժողովրդականի և հեղինակայինի: Ժողովրդական հեքիաթներն ունեն բավականին տարբեր սյուժեներ: Դրանց մեջ կարելի է առանձնացնել հեքիաթներ կենդանիների մասին (մինչև 5 տարեկան երեխաների հետ հարմար է խոսել կենդանիների անունից և կերպարանքով, քանի որ նրանք հեշտությամբ են իդենտիֆիկացնում իրենց կենդանիների հետ), կենցաղային հեքիաթներ (պատմում են ընտանեկան կյանքի առանձնահատկությունների մասին, ցույց են տալիս կոնֆլիկտների լուծման ձևեր, պատմում են ընտանեկան խորամանկությունների մասին և այլն), վախենալու հեքիաթներ (օգնում են երեխաներին ինքնաթերապիայի համար. բազմիցս լսելով և մոդելավորելով վախենալու իրավիճակը՝ երեխան ազատվում է լարվածությունից և ձեռք բերում արձագանքելու նոր ձևեր), հրաշապատում հեքիաթներ:*
Դիդակտիկ հեքիաթները ստեղծվում են մանկավարժների կողմից ուսումնական նյութը «փաթեթավորելու» նպատակով: Ընդ որում, վերացական խորհրդանիշերը (տառեր, թվեր, թվաբանական գործողություններ և այլն) կենդանանում են, առաջանում է հեքիաթային աշխարհ, որում նրանք ապրում են: Դիդակտիկ հեքիաթների օգնությամբ դասավանդվում է ուսումնական նյութը:
Հոգեշտկողական հեքիաթները ստեղծվում են երեխայի վարքի վրա նուրբ ազդեցության հետևանքով: Հիմնական նպատակն է ցույց տալ վարքի անէֆեկտիվ ձևերի փոխարեն արդյունավետ ձևերը և հասկացնել կատարվածի իմաստը: Հոգեշտկողական հեքիաթների կիրառությունը սահմանափակվում է տարիքով և վարքային խնդիրներով: Հոգեշտկողական հեքիաթի ստեղծման համար կարելի է կիրառել հետևյալ ալգորիթմը:
-
- Ընտրել հերոսի, որը մոտ է երեխային տարիքով, սեռով և բնավորությամբ,
- Նկարագրել հերոսի կյանքը կախարդական աշխարհում այնպես, որ մոտ լինի երեխայի իրականությանը,
- Հերոսը պիտի ունենա դժվարություններ և ապրումներ՝ նման երեխայի իրական կյանքի իրավիճակին,
- Հերոսն ընտրում է ելքեր ստեղծված իրավիճակներից: Նա կարող է հանդիպել մոգական օգնականների, կարող է հանդիպել կախարդին կամ իմաստուն ծերունուն և այլն: Կարևորն այն է, որ մենք ցույց ենք տալիս երեխային ալտերնատիվ ճանապարհներ ու վարքաձևեր և օգնում ենք գտնել կատարվածի պոզիտիվ իմաստը:
- Հերոսը պիտի հասկանա իր սխալները և սկսի ճիշտ գործել:
Հոգեշտկողական հեքիաթները կարելի է նաև չմեկնաբանել՝ թողնելով դրանք երեխայի մեկնությանը: Արտասահմանյան հեղինակները հաճախ անվանում են այս հեքիաթների տիպը հոգեթերապևտիկ:
Հոգեթերապևտիկ հեքիաթներ: Զինկևիչ-Եվստիգնեևան համարում է այն հեքիաթները, որոնք բացահայտում են կատարվածի խորքային իմաստը՝ ոգեղեն հեքիաթները: Այս հեքիաթները մարդուն հաճախ թողնում են հարցականներով: Հոգեթերապևտիկ հեքիաթները նվիրված են կյանքի և մահվան խնդիրներին, կորստին և ձեռքբերումներին, սիրուն և ճանապարհին: Սրանք օգնում են այնտեղ, ուր այլ միջոցները կարող են անզոր լինել: Հոգեթերապևտիկ հեքիաթներում չափազանց կարևոր է ընտրել գլխավոր հերոսի կերպարը, որը կարտացոլի այցելուի թաքնված, իդեալական «Ես»-ը: Այս տիպի հեքիաթների օգնությամբ հնարավոր է դառնում այցելուին մատնացույց անել ստեղծված իրավիճակը, օգնել նրան ընդունելու այն, հասկանալու կատարվածի իմաստը, ցույց տալու, որ անգամ դժվարությունները կարելի է օգտագործել հոգու զարգացման համար:
Մեդիտատիվ հեքիաթներ. սրանք ստեղծվում են դրական պատկերային փորձի կուտակման, հոգեհուզական լարվածության նվազման, այլ մարդկանց հետ դրական փոխհարաբերությունների մոդելների ստեղծման, անձնային ռեսուրսների բացահայտման նպատակով: Հիմնական նպատակն է մեր անգիտակցականին հաղորդել շրջապատող աշխարհի և մարդկանց հետ փոխհարաբերությունների դրական իդեալական մոդելներ: Այդ իսկ պատճառով նրանց տարբերակիչ առանձնահատկությունն է կոնֆլիկտների և վատ հերոսների բացակայությունը:
Հեքիաթները տալիս են աշխատանքի բազմաթիվ հնարավորություններ և դրանք կարելի է օգտագործել հետևյալ նպատակներով.
-
- հեքիաթի կիրառումը որպես այլաբանություն. այցելուի հետ քննարկվում են հեքիաթն ունկնդրելու արդյունքում առաջացած պատկերները, զուգորդումները և ապրումները,
- նկար հեքիաթի բովանդակությամբ, որն առաջացնում է ազատ զուգորդություններ, որոնք էլ ապա քննարկվում են,
- հերոսների արարքների դրդապատճառների և վարքի քննարկում, ինչը թույլ է տալիս խոսել այցելուի կենսակերպի մասին,
- հեքիաթի մասերի խաղարկում,
- հեքիաթի կիրառումը բարոյախոսական նպատակներով,
- ստեղծագործական աշխատանք հեքիաթի բովանդակությամբ։ **
Երեխաների հետ հոգեթերապևտիկ աշխատանքում կարելի է կիրառել հեքիաթի հորինումը, վերապատմումը, խաղարկումը, կիսատ հեքիաթի շարունակությունը և այլն:
* Зинкевич-Евстигнеева Т. «Практикум по сказкотерапии», СПб., Речь, 2002, 168 стр.
** Зинкевич-Евстигнеева Т. «Практикум по сказкотерапии», СПб., Речь, 2002, 168 стр.