«Ճգնաժամ» և «ընտանեկան ճգնաժամ» հասկացությունները

Բացատրություն

«Ճգնաժամ» հասկացությունը ծագում է հունարեն «kreses»՝ լուծում, բեկումնային կետ, ելք։ Հետաքրքրական է, որ ճապոներենում «ճգնաժամ» բառը նշանակող հիերոգլիֆը բաղկացած է երկու մասերից, որոնք նշանակում են «խնդիր» և «հնարավորություն», ինչը մտնանշում է ճգնաժամի՝ որպես կյանքի բարդ իրավիճակի երկակի բնույթն ու զարգացման պոտենցիալը։

Ցանկացած ճգնաժամի դեպքում անձը բախվում է ուժեղ ապրումների հետ՝ տագնապ, վախ, հուսահատություն, անօգնականություն և այլն։ Սակայն առավել սուր կերպով դրսևորվում են անհնարինության ապրումները, որոնք, ասես, ազդարարում են որակապես նոր ու բարդ փուլի սկիզբը։ Անհնարինության ապրումները լինում են մի քանի տեսակի՝

    • նախկին  կերպով, անձին հայտնի ձևով գոյատևելու/ապրելու անհնարինություն զգացում («Այլևս այսպես ապրելն անհնարին է»),
    • սեփական պահանջմունքները, ձգտումները և արժեքներն իրականացնելու անհնարինության զգացում («Նախկին երազանքներն ու պլաններն այլևս հնարավոր չէ իրագործել»),
    • նախկին փորձից ծանոթ եղանակների միջոցով ճգնաժամը հաղթահարելու անհնարինության զգացում («Իմ իմացած ձևերով այլևս չի ստացվում հարթել խնդիրները»)։