«Ճգնաժամ» և «ընտանեկան ճգնաժամ» հասկացությունները
Ճգնաժամային իրավիճակների փուլերը
Ճգնաժամի հետ բախվող ընտանիքները սովորաբար անցնում են մի քանի փուլերի միջով․
1. Հրահրող իրադարձություն՝ անսովոր, անկանխատեսելի սթրեսային իրադարձությունը, որը հանգեցնում է անհանգստության։ Օրինակ՝ ընտանիքի հայրը կորցնում է աշխատանքը։ Ընտանիքն արձագանքում է խնդրի լուծման իրեն ծանոթ մեխանիզմով։
2. Ընկալում՝ ընտանիքն ընկալում է վերոհիշյալ իրադարձությունը որպես ընտանեկան նպատակներին ու անվտանգությանը վտանգ սպառնացող։
3. Ապակողմնորոշված հակազդում՝ խոցելիության, անօգնականության զգացումները, տագնապը սրվում են, ընտանիքի անդամները սկսում են փնտրել անհապաղ և օրիգինալ լուծում։
4. Նոր և անսովոր ռեսուրսների որոնում՝ լարվածությունն ու հուզական ցավը թուլացնելու նպատակով ընտանիքի անդամները սկսում են ներգրավել այլ անձանց։ Հարևանները, բարեկամներն ու ընկերները կարող են առաջարկել թե՛ նյութական աջակցություն (կացարան, տրանսպորտ, սնունդ, գումար և այլն), թե խորհուրդներ։
5. Աննպաստ իրադարձությունների շարք՝ ճգնաժամերի մեծ մասը կարող է խթանել իրադարձությունների շարք, որոնք էլ իրենց հերթին կարող են նոր ճգնաժամ առաջացնել (օրինակ՝ ընտանիքի անդամներից մեկի կողմից թմրանյութերի օգտագործումը կարող է հանգեցնել բնակարանի վարձակալության գումարը չվճարելուն և անօթևան մնալուն)։
6. Նախորդ ճգնաժամերի կապ նոր ճգնաժամի հետ՝ ճգնաժամերը կարող են արթնացնել անցյալ տրավմատիկ, արտամղված հիշողությունները (օրինակ՝ մայրը վերհիշում է, որ մանկության տարիներին իր հայրն իրեն ծեծում էր, երբ տեսնում է, որ իր ամուսինը բռնության է ենթարկում իրենց երեխային)։
7. Նոր ռեսուրսների մոբիլիզացիա, հարմարում՝ բեկումնային պահ, երբ լարվածությունն ու պայքարը հանգեցնում են նոր ուժերի ու հարմարման միջոցների դրսևորմանը։ Սա հաճախ տեղի է ունենում այն ժամանակ, երբ որևէ էական փոփոխություն է տեղի ունենում (օրինակ՝ ընտանիքի թմրամոլ անդամը սկսում է համապատասխան բուժում ստանալ)։
Տվյալ փուլերի ժամանակ դրսևորվող զգացմունքների ու վարքային դրսևորումների ճանաչումն ու ճիշտ մեկնաբանումը շատ կարևոր է արդյունավետ միջամտություն ցուցաբերելու և, ըստ անհրաժեշտության, ուղղորդելու համար։
Ընտանեկան ճգնաժամերը բաժանվում են գլխավոր երկու խմբի՝ նորմատիվային և ոչ նորմատիվային ճգնաժամեր։
Նորմատիվային ընտանեկան ճգնաժամերի հասկացումը հիմնվում է ընտանիքի՝ որպես հոմեոստատիկ և հետերոստատիկ համակարգի հայեցակարգի վրա։ Համաձայն այդ հայեցակարգի, առողջ ընտանիքը մշտապես գտնվում է ներքին կայունության պահպանման և զարգացման ու աճի հավասարակշռության մեջ, և զարգացման մեկ փուլից անցումը մյուս փուլին զուգակցվում է որոշակի համակարգային ցնցումներով և վերակառուցումներով, ինչն էլ հենց պայմանավորում է նորմատիվային ճգնաժամերը։
Ընտանիքի կենսական ցիկլի ինտեգրացված պարբերականացման համաձայն առանձնացվում են նորմատիվային 7 ճգնաժամեր՝
- ամուսնական պարտականությունների ստանձնում,
- ծնողական դերերի յուրացում և ընտանիքում նոր անդամի առկայության (երեխայի ծնունդի կամ որդեգրման) ընդունում,
- երեխաների ներգրավվածություն արտաքին սոցիալական համակարգեր,
- երեխայի՝ դեռահասություն մուտք գործելու փաստի ընդունում,
- հասունացած երեխայի տունը լքելը,
- ամուսինների նորից երկուսով մնալը,
- ամուսիններից մեկի մահվան փաստի ընդունումը։
Կարևոր է ընդգծել, որ 5-րդ և 6-րդ փուլերում հնարավոր է նաև երեխաների՝ իրենց սեփական ընտանիքը կազմելու հետ կապված ճգնաժամերի ի հայտ գալը (ընտանիքի նոր անդամների առկայություն և նոր ընտանեկան կապերի ձևավորում)։
Ոչ նորմատիվային ընտանեկան ճգնաժամը ճգնաժամի տեսակ է, որի առաջացումը պոտենցիալ հնարավոր է ընտանիքի կենսացիկլի ցանկացած փուլում և կապված է բացասական կենսական իրադարձությունների հետ։
Ռ. Հիլլն առանձնացնում է ընտանեկան ճգնաժամերի հանգեցնող երեք խումբ գործոններ՝
- արտաքին բարդություններ՝ բնակատեղի, աշխատանքի բացակայություն և այլն,
- անսպասելի իրադարձություններ, սթրեսներ՝ ընտանիքը կամ անդամներից մեկը դառնում է ավտովթարի, ահաբեկչության, բռնության, պատերազմի զոհ և այլն,
- ընտանիքի ներքին անկարողությունը՝ ադեկվատ ընկալելու և վերապրելու որևէ սպառնացող, կոնֆլիկտային կամ սթրեսային ընտանեկան իրադարձություն՝ անդամներից մեկի լուրջ հիվանդություն կամ մահ, ամուսնական դավաճանություն կամ ամուսնալուծություն և այլն։
Առավել տարածված ոչ նորմատիվային ընտանեկան ճգնաժամերն են՝
- ամուսնական դավաճանությունը,
- ամուսնալուծությունը,
- ընտանիքի անդամի ծանր հիվանդությունը,
- ընտանիքի անդամի մահը,
- բռնությունը և ինցեստը։