«Ճգնաժամ» և «ընտանեկան ճգնաժամ» հասկացությունները

Մասնագետի առաջնային արձագանքներ

Ինչ պետք է հաշվի առնել, երբ աշխատում ենք ճգնաժամային իրավիճակում գտնվող երեխայի հետ։ Մի քանի կարևոր հանգամանք, որ մեծահասակները պետք է ի նկատի ունենան, երեխայի հետ համագործակցելիս՝

  • Կառուցողական հարաբերությունների հաստատում։ Երեխայի հետ համագործակցելիս կարևոր է նախ լսել, հետո նոր առաջարկել լուծումներ։ Երեխան ունի իր տեսակետը, մտքերը, կարծիքը, ինչը կարևոր է հաշվի առնել։ Երեխան և դեռահասը չպետք է զգան մեծահասակի գերակայությունը, ճնշումը։
  • Ցավոտ զգացողությունների արտահայտման խրախուսում։ Երեխայի հետ շփվելիս պետք է կիրառել պարզ, հասարակ, հասկանալի բառապաշար։ Անհրաժեշտ է օգնել երեխային կենտրոնանալ ներկա դժվարությունների վրա, նույնիսկ եթե դրանք նախկին երկարաժամկետ խնդիրների հետևանք են։
  • Նպաստող իրադարձությունների քննարկում։ Փորձեք հասկանալ իրավիճակի ընկալումը երեխայի և ընտանիքի կողմից, ճգնաժամին նախորդող իրադարձությունների շղթան և այն դժվարությունը, որը «պայթեցրել է» իրավիճակը։
  • Երեխայի և ընտանիքի ուժեղ կողմերի և կարիքների գնահատում։ Անհրաժեշտ է գնահատել, թե ընտանիքի որ անդամը կարող է լավագույնս մոբիլիզանալ՝ երեխայի օգնության հարցում։ Երբեմն նույն ընտանիքի անդամները ճգնաժամային իրավիճակում չեն կարողանում աջակցություն ցուցաբերել և թիկունք դառնալ երեխայի համար, հետևաբար այլ բարեկամները, հարազատները, ընկերները, հարևանները կարող են ավելի օգտակար լինել։
  • Երեխայի և ընտանիքի առաջնայնությունների դուրս բերում։ Անհրաժեշտ է օգնել ընտանիքին լինել իրատես իրենց նպատակներում։ Երբեմն առաջնային է բժշկական օգնությունը, օրինակ, ինքնասպանության փորձից հետո, կամ երեխային հանգստացնելը ուժեղ հուզմունքից հետո։ Եթե ընտանիքը ցանկանում է հասնել վարքի փոփոխության կարճ ժամանակում, դա երբեմն անիրատես է։ Ընտանիքը երկար ճանապարհ ունի անցնելու տվյալ իրավիճակը կարգավորելու նպատակով։
  • Ճգնաժամը հաղթահարելու այլընտրանքային ուղիների դուրսբերում։ Ընտանիքի հետ միասին պետք է քննարկել այն իրատեսական լուծումները, որոնք կարող են օգտակար լինել տվյալ ճգնաժամի հաղթահարման հարցում։
  • Ընտանիքին և երեխային աջակցության համայնքային ռեսուրսների դուրսբերում։ Սա առաջնային գործընթացներից կարող է լինել, երբ մասանգետը արագ գտնում է ընտանիքին օգտակար ցանկացած ուղի։ Դա կարող է լինել հոսպիտալացումը, խորհրդատվության տրամադրումը, սոցիալական աջակցությունը և այլն։