Ընտանեկան ճգնաժամային միջամտության առանձնահատկությունները բռնության պարագայում

Ճգնաժամային միջամտության առանձնահատկությունները ընտանեկան բռնության դեպքում

Անչափահասները կարիք ունեն մասնագիտական աջակցության և գնահատման, եթե ընտանիքում կա բռնություն՝ անկախ նրանից նրանք անմիջապես բռնության ենթարկվող անձն են, թե ականատես:

Ինչպիսի ռազմավարություն էլ ընտրվի ընտանեկան բռնության միջամտության համար ամենակարևոր կետը լռության կոտրումն է, այսինքն դեպքի բացահայտումն ու անչափահասների այսպես ասած հույզերի լեգիտիմ արտահայտումը:

Մասնագիտական աջակցության արդյունավետ կազմակերպման համար, կարևոր է իմանալ մի շարք առանձնահատկություններ ընտանեկան բռնության վերաբերյալ, մասնավորապես, եթե առկա է մեծահասակի ռիսկի գնահատման բարձր ցուցանիշ, ապա այդ ռիսկը նաև անչափահասին է վերաբերելի: Հետևաբար ընտանեկան բռնության մի շարք կարևոր առանձնահատկություններն իմանալը, կարող է նաև նպաստել անչափահասին աջակցություն տրամադրելու գործընթացում, օրինակ, մասնագիտական աջակցության կազմակերպման հարցում կարևոր է «զոհակենտրոն» մոտեցմամբ աշխատելու սկզբունքներին, ընտանեկան բռնության ցիկլերի՝ լարվածություն-բռնություն-մեղրամիս, դրսևորման առանձնահատկություններին, անվտանգության պլանի մշակման առանձնահատկություններին, ռիսկի գնահատման կարևոր կետերին:

Այսպիսով, անչափահասին աջակցելու ճգնաժամային մոդելը կարելի է հետևյալ քայլերի հաջորդականությամբ դիտարկել.

  • Անչափահասի անվտանգության ապահովում, եթե ընտանիքում կա նաև բռնության ենթրակվող ծնող, ապա  բռնության ենթարկվող ծնողի հետ միասին՝ ապահով վայր, ռեաբիլիտացիա և կայունություն
  • Բռնության ենթարկվող ծնողի հետ համագործակցության կարևորություն՝ ծնողավարման հմտությունների զարգացում, երեխայակենտրոն մոտեցման կարևորում
  • Բռնություն գործադրող ծնողի հետ միջամտության կազմակերպում հետագա բռնությունն ու բռնության ռիսկը կանխարգելելու համար:

Կարևոր է ընդգծել, որ բռնության ենթարկվող ծնողի ու անչափահասի աջակցության կազմակերպումը փոխպայմանավորում են միմյանց. այս տեսանկյունից աջակցող մասնագետներին հարկավոր է իմանալ, որ գենդերային կարծրատիպերը և բռնության նկատմամբ հանդուրժող վերաբերմունքն՝ բռնությունը որպես դաստիարակության գործիք ու սոցիալական նորմերը թե՛ ընտանեկան բռնության պարագայում, թե՛ անչափահասների պարագայում նույն կերպ է աշխատում, ինչպես նաև հաճախ ազդում ծնողավարման վրա:

Եթե պարզվում է, որ անչափահասը ընտանեկան բռնության  է ենթարկվում, ապա ճգնաժամային զրույցը հարկավոր է կազմակերպել հետևյալ սկզբունքներով.

  • Ասեք երեխային, որ ոչ ոք արժանի չէ բռնության ենթարկվելու և դա իր մեղքը չէ
  • Ասեք, որ դուք կփորձեք օգնել իրեն և ընտանիքի անդամներին
  • Կարևորեք անչափահասի պահանջմունքներ ու կարիքները
  • Վստահեցրեք նրան, որ կարող է գալ և խոսել ձեր հետ ցանկացած պահի, երբ կունենա դրա կարիքը
  • Վստահ եղեք, որ անվտագությունը ապահովված է անչափահասի համար, եթե կարիք կա տեղափոխեք անվտանգ վայր
  • Ասեք, որ քանի որ խնդիրը վերաբերում է իր անվտանգությանը, չեք կարող գաղտնի պահել իր կողմից պատմածը և պիտի տեղեկացնեք համապատասխան մասնագետների
  • Ոգեշնչեք  խոսել իր հույզերի մասին։