Հոգեբանական դժվարությունները երեխայի կյանքում
| Կայք: | KASA Elearning Platform |
| Դասընթաց: | Հոգեբանական խորհրդատվության առանձնահատկությունները մանկության շրջանում |
| Book: | Հոգեբանական դժվարությունները երեխայի կյանքում |
| Printed by: | Guest user |
| Date: | երեքշաբթի, 1 սեպտեմբերի 2026, 5:04 AM |
Դժվար իրավիճակներին աձագանքման տարիքային առանձնահատկություններ
Մանկությունը և դեռահասությունը կյանքի կարևորագույն փուլերից են, որոնք հիմք են ստեղծում հետագա հուսալի, ապահով, կայուն հասունության համար։ Ցավոք, երեխաների և դեռահասների կյանքում լինում են իրավիճակներ, որոնք դժվար հաղթահարելի են, ստիպում են զարգացումը շեղել իր բնականոն ընթացքից, խոչընդոտ են հանդիսանում երեխայի լիարժեք զարգացման համար և պահանջում են հատուկ մոտեցումներ և աջակցություն։
Նման իրավիճակներում երեխաները կորցնում են իրենց վստահության, ապահովության զգացումը, դժվարանում են վերագտնել իրենց ռեսուրսները, դառնում են խոցելի։
Որպես դժվար, ճգնաժամային, հոգետրավմատիկ իրողություններ առանձնացնում են բնական և մարդածին աղետները՝ երկրաշարժ, ջրհեղեղ, համավարակ, ռադիացիա, ահաբեկչություն, պատերազմ և ռազմական գործողություններ, ինչպես նաև անհատական մակարդակով դժբախտ պատահարներ և ուժեղ սթրեսային իրավիճակներ՝ տրանսպորտային վթարներ, կորուստներ, մտերիմի մահ, տարբեր տիպի բռնություններ և այլն։
Տարիքային տարբեր փուլերում հոգեբանական երեխաները տարբեր կերպ են արձագանքում դժվար իրավիճակներին ։
Նախադպրոցական տարիք
Նախադպրոցական տարիքում (3-6 տարեկան) երեխաների մոտ կարող են նկատվել ուժեղ վախեր, տագնապներ, անապահովության զգացում։ Նույնիսկ, եթե երեխան չի ցուցաբերում ակնհայտ ախտանշաններ, միևնույն է նա ապրում է որոշակի հուզական դիսթրես, որը կարող է բավականին երկար ժամանակ տևել։ Երեխան կարող է ցուցաբերել առօրյա կենսագործունեության խնդիրներ, թեև չունենալ արտահայտված այլ խանգարումներ։ Այս տարիքում երեխայի բառապաշարը և խոսքն այնքան զարգացած չեն, որպեսզի նա հստակ կարողանա նկարագրել իր հետ տեղի ունեցածը և արտահայտել ապրումները։ Ուստի, շատ կարևոր է ուշադիր լինել երեխայի վարքին, որը կարող է մեծահասակներին հուշել երեխայի դժվարությունների մասին։ Առավել հաճախ այս տարիքում երեխաները՝
-
- ցուցաբերում են անջատման, հեռացման վախ և չափազանց կախված են դառնում իրենց դաստիարակներից կամ խնամողներից,
- ունենում եմ ռեգրեսիվ, հետընթացային վարք (խոսում եմ փոքրիկի նման, ծծում են մատը և այլն),
- ունենում են զարգացման կանգ, հետ են ընկնում հասակակիցներից,
- վերարտադրում են տրավմատիկ իրողությունը (անընդհատ խաղարկում, կրկնում դրվագներ),
- դժվարությամբ են արթնանում կամ քուն մտնում, մերժում են քնելու պահանջմունքը,
- դրսևորում են ֆիզիկական ախտանիշներ (գլխացավեր, փորացավեր, չափազանց ուժեղ են արձագանքում ցանկացած ձայնին և այլն),
- ունենում են վարքային փոփոխություններ (սնվելու դժվարություններ, մեկուսացվածություն, ագրեսիվություն, ուշադրության ցրվածություն, կամակորություն և այլն),
- ցուցաբերում են տրամադրության տատանումներ,
- չափազանց սուր կամ թույլ են արձագանքում տարբեր ազդակներին (ձայն, լույս, երաժշտություն և այլն),
- անհանգստանում են և նույնիսկ՝ տագնապում սեփական անձի կամ ուրիշների համար,
- վախենում են տրավմատիկ իրողության կրկնողությունից,
- կարող են ցուցաբերել նոր վախեր, որ մինչ այդ չեն ունեցել,
- կարող են մահվան և մահանալու մասին հարցեր բարձրացնել։
Կրտսեր դպրոցական տարիք
Կրտսեր դպրոցական տարիքում (7-12 տարեկան) երեխաները սովորաբար ցուցաբերում են հետևյալ հակազդումները՝
-
- տագնապ, անհանգստություն, վախ սեփական անձի, մտերիմի համար (հաճախ ուժեղ կապվածություն, կպչունություն դասվարին կամ խնամողին),
- վախ իրավիճակի կրկնման հանդեպ,
- վարքային փոփոխություններ (ուշադրության ցրվածություն, գերակտիվություն կամ պասիվություն, ագրեսիվություն և այլն),
- անվստահություն ուրիշների հանդեպ,
- սոցիալական իրադարձություններին համապատասխան հակազդման դժվարություն, հարմարման դժվարություններ,
- փոփոխություններ դպրոցական վարքում,
- մարմնական ախտանիշներ (գլխացավեր, փորացավեր, գերզգայունություն և այլն),
- տրամադրության տատանումներ,
- չափազանց սուր կամ թույլ արձագանք տարբեր ազդակներին (ձայն, լույս, երաժշտություն և այլն),
- տրավմատիկ իրողության վերապրում (դրվագների անընդհատ խաղարկում, կրկնում, վերապատմում),
- հակասոցիալական վարք, հեղինակությունների ու կարգուկանոնի մերժում,
- մերժողական, խուսափողական վարք (հյուր չգնալ, չծանոթանալ նոր մարդկանց հետ և այլն),
- գերգրգռվածության նշաններ,
- հուզական կաղապարվածություն։
Դեռահասության տարիք
Դեռահասության տարիքում տրավման կարող է հանգեցնել անձնային փոփոխությունների ու խաթարել անձի ձևավորման բնականոն ընթացքը։ Սովորաբար, դեռահասները արձագանքում են դժվար իրավիճակներին հետևյալ դրսևորումներով՝
-
- անհանգստություն, վախ, տագնապ սեփական անձի կամ մտերիմների համար,
- վախ, որ տրավմատիկ իրողությունը կամ դրա հետևանքները կրկին կվերադառնան,
- վարքային փոփոխություններ (ուշադրության ցրվածություն, հիշողության մասնակի կորուստներ, մեկուսացվածություն, ագրեսիվություն, կենտրոնացման և սովորելու դժվարություններ, լարվածություն ընկերների, ուսուցիչների հետ շըփվելիս և այլն),
- մարմնական տարաբնույթ դրսևորումներ (գլխացավեր, փորացավեր, սրտխառնոց և այլն),
- անհանգստացնող հույզեր և զգացմունքներ, հուզական խառնաշփոթ (օրինակ՝ տագնապեցնող մտքեր կամ վրեժխնդրության ձըգտում),
- տրավմատիկ իրողության մասին պատմության պարբերաբար վերարտադրում կամ մանրամասների վերհիշում, դրանց վրա կենտրոնացում,
- չափազանց սուր կամ թույլ արձագանք տարբեր ազդակներին (ձայն, լույս, երաժշտություն և այլն),
- մերժողական, խուսափողական վարք (հյուր չգնալ, չծանոթանալ նոր մարդկանց հետ և այլն),
- գերգրգռվածության նշաններ,
- հուզական կաղապարվածություն,
- ինքնաոչնչացման մտքեր, գործողություններ,
- չափազանց հետաքրքրվածություն մահվան թեմայով,
- անվստահություն դիմացինի հանդեպ, շփման խնդիրներ
- քնի դժվարություններ, մղձավանջներ։
Տեսանելի է, որ տարբեր տարիքային փուլերում երեխաների մոտ հիմնականում լինում են հուզական և վարքային փոփոխություններ։ Հիմնական դրսևորումներից են վախերը և ագրեսիան։
Վախերը մանկական տարիքում
Մանկական վախերը ամենահաճախ դրսևորվող հոգեբանական դժվարություններն են երեխայի կյանքում։ Դրանք ունեն որոշակի առանձնահատկություններ։ Ի տարբերություն մեծահասակների, երբեմն երեխայի մոտ վախերը կարող են ի հայտ գալ նույնիսկ իրական օբյեկտի բացակայության պարագայում: Սովորաբար սա տեղի է ունենում մեծահասակների կողմից կամ որևէ այլ տեղեկատվական աղբյուրով փոխանցված պատմությունների կամ մոդելների առկայության շնորհիվ, որոնք ուժեղ ազդեցություն են թողնում երեխայի վրա: Մեծահասակները կարող են որևէ վախենալու, տհաճ իրադարձություն պատմել, օրինակ, որ ինչ-որ մեկի տուն գող է մտել, և դրանով իսկ երեխայի մոտ սերմանել գողերի հանդեպ վախեր:
Մանկության շրջանում առանձնացնում են վախերի հետևյալ տեսակները.
-
- Իրական վախեր: Վախի այս տեսակը առաջ է գալիս որևէ հստակ և իրականում տեղի ունեցած միջադեպից հետո: Երեխան բախվում է իր համար անցանկալի իրավիճակին և ուժեղ վախ է զգում. սա նպաստում է հետագայում տվյալ իրավիճակներից խուսափելուն: Օրինակ՝ երեխային շուն է կծում, և նա սկսում է վախենալ շներից: Մեկ այլ օրինակ՝ երեխան մնացել է անսարք վերելակում, որից հետո սկսել է վախենալ վերելակներից։
- Կպչուն վախեր: Վախերի այս տեսակը, սովորաբար, պայմանավորված է երեխայի տագնապային հոգեվիճակով. երեխան վախենում է որոշ երևույթներից՝ խուսափելով դրանց առաջացրած հետևանքներից: Օրինակ՝ երեխան վախենում է բարձրությունից, քանի որ կարող է ընկնել: Մեկ այլ օրինակ՝ երեխան վախենում է մթությունից, քանի որ սենյակում որևէ բան կարող է հայտնվել: Կամ երեխան վախենում է կայծակից և ուժեղ քամուց, քանի որ դրանք կարող են վնասել իրենց տունը և այլն:
- Տարիքային վախեր: Որոշ գիտնականներ գտնում են, որ տարբեր տարիքային փուլերում երեխաները կարող են ունենալ տարբեր տեսակի վախեր։ Դրանք վերանում են տարիքային տվյալ փուլի անցմանը զուգընթաց, կորցնում են իրենց նշանակությունն ու ինտենսիվությունը: Տարիքային վախերը դրսևորվում են տարիքային հետևյալ փուլերում.
Տարիք
Դրսևորում
0-6 ամսեկան
Փոքրիկը վախենում է կտրուկ շարժումներից, բարձր ձայներից, մայրիկի բացակայությունից։
7-12 ամսեկան
Վախենալու են անսպասելի ձայները, օտար, անծանոթ մարդիկ, անծանոթ իրավիճակները և միջավայրը։
1-3 տարեկան
Այս տարիքում վախենալու են ծնողներից հեռու լինելը, ծնողից բաժանվելը, ինչպես նաև կարող են ի հայտ գալ գիշերային վախեր:
3-6 տարեկան
Երեխան վախենում է մենակ մնալուց, մտերիմների մահանալուց, ինչի արդյունքում կարող են ի հայտ գալ հիվանդանալու, աղետների վախեր։
6-10 տարեկան
Ի հայտ են գալիս դպրոցական, սոցիալական վախեր. երեխաները վախենում են ուշանալ դպրոցից, պատասխանել դաս, ստանալ վատ գնահատական, մերժված լինել հասակակիցների կողմից և այլն։
10-13 տարեկան
Սեփական մահվան հետ կապված վախեր, վախեր հիվանդություններից, աղետներից, կենդանիներից, գողերից: Ինչպես նաև տիպիկ են երևակայական վախերը՝ բացասական հերոսներից, այլմոլորակայիններից, դևերից և այլն։
- Գիշերային վախեր: Վախերի այս խումբը բնորոշ է հենց մանկական տարիքին: Երեխաներին հատուկ են բազմապիսի վախեցնող երազներ և մղձավանջներ տեսնելը: Նրանք անհանգիստ են քնում, ծնողին կանչում են իրենց մոտ, երբեմն առավոտյան չեն հիշում իրենց երազները:
- Երևակայական վախեր: Նմանատիպ վախերը ծագում են երեխայի բուռն երևակայության, ֆիլմերի, մուլտֆիլմների, համակարգչային խաղերի, մեծահասակների ներշնչանքների արդյունքում: Օրինակ՝ երեխաները կարող են վախենալ այլմոլորակայիններից, ֆիլմի որևէ հերոսից, այն բանից, որ նրանք կարող են հայտնվել իրենց սենյակում: Մեծահասակները դաստիարակչական նպատակով հաճախ են նախընտրում վախեցնել երեխաներին՝ «հեռու չգնաս, քեզ կգողանան», «եթե չքնես, Մեշոկ պապին (ոստիկանը, գողը, թուրքը), կգա ու քեզ կտանի», «եթե լաց լինես, բժիշկը կգա ու կսրսկի» և այլ նմանատիպ արտահայտություններ, որոնք երեխայի մոտ ուժեղ տագնապի զգացողություն են առաջացնում և կարող են հանգեցնել վախերի ձևավորմանը
Փաստորեն, կարող ենք նկատել, որ մանկական վախերի առաջացման պատճառները հիմնականում կապված են ընտանեկան իրավիճակի և ծնողավարական ոչ արդյունավետ մոտեցման հետ:
Ի՞նչ կարող անել մեծահասակը, որպեսզի աջակցի երեխային վախերի հաղթահարման գործընթացում:
Նախևառաջ անհրաժեշտ է ընդունել այն փաստը, որ երեխան կարող է վախենալ, ընդունել նրա հույզերը, ճանաչել և տարբերակել վախի տեսակը և վերլուծել դրա ծագման պատճառները: Երեխան պետք է ապահով զգա մեծահասակի կողքին, չկաշկանդվի խոսել սեփական վախերից, չանհանգստանա ծաղրանքի կամ արժեզրկման արժանանալու համար: Կարևոր է բացատրել երեխային իրականությունը, ցույց տալ պատճառահետևանքային կապերը, միասին վերլուծել և բացահայտել վախերի ծագման հիմքերը. սա հնարավորություն է տալիս երեխային հասկանալու, որ ամեն բան ունի իր հիմքն ու ամեն երևույթ կարելի է հաղթահարել, եթե ճանաչում ու հետազոտում ես այն: Վախերի և տագնապի պատճառով երեխան կարող է որոշակի ռեգրեսիվ, հետընթացային վարք ցուցաբերել՝ գիշերամիզություն, մատ ծծել, եղունգներ կրծել, ծնողներից կառչել և այլն։ Կարևոր է, որպեսզի մեծահասակն ընդունի այդ վարքը, մեկնաբանի այն երեխայի տագնապների համատեքստում, չարժեզրկի և չբարկանա:
Այսպիսով՝ կարելի է նկատել, որ իրականության դժվար հանգամանքները, երեխայի տարիքային և անձնային առանձնահատկությունները և շրջապատող մարդկանց արձագանքման յուրահատկությունները համալիր կերպով կարող են հանգեցնել երեխաների վախերի և տագնապների առաջացմանը, որոնք ունեն իրենց վարքային և հուզական տարաբնույթ դրսևորումները:
Մանկական ագրեսիա
Երեխաներն ագրեսիվ չեն ծնվում։ Սովորաբար, երեխայի հակազդումները կրում են պաշտպանական բնույթ։ Սակայն, միջավայրի ազդեցությունների ներքո այդ հակազդումները կարող են վերածվել տարբեր վտանգավոր գործողությունների, որոնք կվնասեն շրջապատին։ Սովորաբար, երբ ասում ենք ագրեսիվ վարք, նկատի ունենք ապակառուցողական, վնասակար գործողությունների շարք, որոնք ֆիզիկական, հոգեբանական և բարոյական վնաս են հասցնում թե երեխային և շրջապատին։
Ագրեսիայի ցանկացած ձևի դրսևորման դեպքում պետք է հիշել, որ երեխայի ագրեսիվ վարքը պատասխան է որոշակի ազդակներին, որոնք խաթարում են երեխայի ֆիզիկական և հոգեբանական առողջությունը։ Այն ծագում է ի պատասխան արտաքին բացասական պայմանների կամ ապրումների։ Երեխաները պահանջ ունի սիրված, ընդունված լինելու։ Երբ ինչ-ինչ պատճառներով /ծնողների ցանկության, հմտությունների և հնարավորությունների պակասի, շրջապատի անբարենպաստ ազդեցության, սոցիալական իրավիճակի փոփոխության, երեխայի կողմից իրավիճակի ոչ ճիշտ մեկնաբանման և այլն/ այս պահանջմունքը չի բավարարվում, երեխան ամեն կերպ ուզում է հասնել իր նպատակին: Նպատակին հասնելու համար երեխան կարող է ցուցաբերել անցանկալի վարքաձևեր: Այդ նպատակները գիտնականները բաժանել են չորս խմբի՝
-
- Ուշադրության գրավում: Երեխան բոլոր հնարավոր ուղիներով փորձում է գրավել շրջապատող մարդկանց ուշադրությունը: Երեխան կարող է վիճաբանությունների մեջ մտնել, ծամածռություններ անել դպրոցում, չկատարել հանձնարարությունները, կռվել քույր-եղբայրների հետ և այլ: Ծայրագույն դեպքերում, ուշադրություն գրավելու համար երեխան կարող է նույնիսկ ունենալ որոշակի ֆիզիկական խնդիրներ /փորացավեր, փսխումներ, գլխացավեր և այլ/, քնի և սննդի խանգարումներ և այլ:
- Պայքար իշխանության համար: Երեխան սկսում է դրսևորել անհնազանդ վարք, հակառակվել ծնողներին: Սա հիմնականում արվում է սեփական արժևորումն ու կարևորությունը զգալու համար: Օրինակ, երբ երեխան ժամանակին չի գնում քնելու, բոլորը ընկնում են նրա ետևից, նա կարող է չափազանց կարևոր իրեն զգալ:
- Վրեժխնդրություն: Երեխան, կարծես, ցանկանում է <<վրեժխնդիր>> լինել ծնողներին, որոնք բավարար ուշադրություն չեն դարձրել իրեն: Նա կարող է փախչել տանից, հրաժարվել մասնակցել ընտանեկան միջոցառումներին, գողություն անել, ունենալ բազմապիսի գաղտնիքներ ծնողներից, պարբերաբար դրսևորել այնպիսի վարք, որի դեպքում վստահ է ծնողների տխրության մեջ:
- Հուսահատություն: Երեխային թվում է, որ ինքը չի կարող հաջողություններ ունենալ, խուսափում է անհաջողություններից, կարող է դրսևորել իր տարիքից փոքրի վարք, չի ցանկանում որևէ բան սովորել, իրեն թվում է, որ ոչինչ չի կարողանա, բթամիտ է, անհաջողակ:

Ի՞նչ կարող է անել մեծահասակը, որպեսզի նվազեցնի երեխայի ագրեսիվ դրսևորումները։
Նախևառաջ շատ կարևոր է խոսել տվյալ իրավիճակում առաջացող սեփական զգացմունքների ու հույզերի մասին։ Երեխան պետք է հասկանա և ճանաչի իր անարդյունավետ վարքի հետևանքները, հասկանա, թե իր վարքն ինչպես կարող է ազդել շրջապատի վրա։ Սա կարելի է անել՝ ուղղակի ասելով, թե ինչը դուր չի գալիս։
Երեխայի համար շատ օգտակար է, երբ տանը կամ շրջապատում կան հստակ սահմանված կանոններ։ Եթե երեխան խախտում է դրանք՝ չափազանց բարկանում է, գոռում է և այլ ագրեսիվ դրսևորումներ է ունենում, լավագույն միջոցն է հիշեցնել կանոնները, ինչպես նաև շեշտադրել, թե ինչ կարող է լինել դրանց խախտելու դեպքում։
Որպեսզի երեխայի ագրեսիվ վարքը նվազի, անհրաժեշտ է ստեղծել այնպիսի պայմաններ, որոնք կօգնեն նրան գիտակցել իր արարքների անցանկալի լինելը։ Կարևոր է քննարկել նրա վարքը, դրա պատճառները, հետևանքները, առաջարկել այլընտրանքներ։ Սա անհրաժեշտ է անել, երբ իրավիճակի լարվածությունն արդեն նվազել է ու երեխան ավելի հանգիստ է։
Երբ իրավիճակը շատ լարված է և երեխան կարծես՝ անկառավարելի է, մեծահասակները պետք է հիշեն, որ իրավիճակը հանգստացնելու արդյունավետ ճանապարհներից մեկը ինքնակառավարումն է։ Ագրեսիայի կառավարման լավագույն միջոցը սեփական դրական օրինակն է։ Եթե մեծահասակն ունի ինքնակառավարման և ինքնակարգավորման հմտություններ, կարողանում է ժամանակին ճիշտ արձագանքել երեխայի կարիքներին, ագրեսիվ դրսևորումները միանշանակ նվազում են։