Երեխաների հետ հոգեբանական աշխատանքի կազմակերպում

Կայք: KASA Elearning Platform
Դասընթաց: Հոգեբանական խորհրդատվության առանձնահատկությունները մանկության շրջանում
Book: Երեխաների հետ հոգեբանական աշխատանքի կազմակերպում
Printed by: Guest user
Date: երեքշաբթի, 1 սեպտեմբերի 2026, 5:04 AM

Մանկակական հոգեթերապիայի սահմանումը և նպատակները

Երեխային աջակցության ձևերը ու հոգեբանական միջամտությունները ձևերը շատ բազմազան են։ Կախված երեխայի դժվարության բնույթից՝ նրա հետ կարող ենք իրականացնել տարաբնույթ աշխատանքներ՝ հոգեախտորոշիչ, զարգացնող, կանխարգելող, հոգեթերապևտիկ։ Սովորաբար, ճգնաժամային իրավիճակները դժվար հաղթահարելի են դառնում երեխայի համար, ուստի, ամենայն հավանականությամբ, անհրաժեշտություն է լինում իրականացնել կարճատև կամ երկարատև հոգեբանական խորհրդատվություն։

Մանկական հոգեթերապիան հավաքական հասկացություն է, որը ներառում է տարբեր հոգեթերապևտիկ մոտեցումներ և մե­թոդներ՝ նախատեսված սահմանային իրավիճակներում գտնվող, հոգեկան, հոգեսոմատիկ հիվանդություններով և հոգեբանական խնդիրներով երեխաների և դեռահասների համար: Այն ուղղված է ու ներազդում է երեխայի և նրա շրջապատի վրա:

Իրականացնելով մանկական հոգեթերապիա՝ մենք կարող ենք աշխատել անմիջականորեն երեխայի հետ, ինչպես նաև նրան շրջապատող համակարգերի հետ (ընտանիք, դպրոցական միջավայր, մանկավարժներ, հասակակիցներ և այլ):

Հոգեբանական խորհրդատվության նպատակները բազմազան են:

Ման­կական հոգեթերապևտը՝

  • պայմաններ է ստեղծում երեխայի ներ­քին խնդիրների արտահայտման, դրանց վերբալիզացիայի և վերաիմաստավորման համար:
  • օգնում է երեխային ձեռք բերելու ներքին ուժ և վստահություն՝ արտաքին աշխարհի ազդեցությանն առավել արդյունավետ դիմակայելու նպատակով:

հնարավորություն է ստեղծում երեխային արտահայտելու առկա ներուժը և կարողանալու արդյունավետ շարունակել զարգացման ուղին:

Մանկական հոգեթերապիայի կազմակերպման պայմանները

Երեխայի հետ հոգեբանական աշխատանքի արդյունավետությունը կախված են մի քանի կարևոր պայմաններից։ Համապատասխան միջավայրի ստեղծումը, խաղային թերապիայի համար համապատասխան սենյակի և պարագաների առկայությունը, էթիկական սկզբունքների պահպանումը, երեխա-հոգեթերպաևտ փոխհարաբերությունների հաստատումը նպաստում են  երեխայի արագ ապաքինմանը։

Հոգեթերապևտիկ միջավայրի ապահովվման պատասխանատուն հոգեթերապևտն է։

Վերլուծելով հոգեթերապևտին ներկայացվող պահանջների տարբեր մոտեցումներ՝ կարելի է նկատել, որ այդ պահանջները բաժանվում եմ հիմնական երեք խմբի: Առաջին՝ վերաբերվում են հոգեթերապևտի անձնային որակներին, երկրորդը՝ այն մասնագիտական հմտություններին ու կարողություններին, որով թերապևտը առաջնորդվում է իր աշխատանքում: Բնականաբար, ցանկացած մասնագետ առաջին  հերթին պետք է լինի իր ոլորտի գիտակը, ունենա համապատասխան կրթություն, տիրապետի համապատասխան հմտությունների: Եվ երրորդը, ինչը չափազանց կարևորվում է հոգեթերպաևտիկ աշխատանքում՝ այն սկզբունքներն են ու ուղենիշներն են, որոնցով հոգեթերպաևտը առաջնորդվում է իր գործում: Խոսքը վերաբերվում է էթիկական սկզբունքներին:

Անձնային որակների և մասնագիտական պահանջների ընդհանրացումը հանգեցնում է յան մտքին, որ արդյունավետ հոգեթերապևտը՝

  • զարգացնում է ջերմ, վստահելի փոխհարաբերություններ երեխայի հետ
  • ընդունում է երեխային այնպիսին, ինչպիսին նա կա,
  • ստեղծում է <<թողելիության>> զգացում, որպեսզի երեխան զգա իրեն ազատ հույզերը արտահայտելիս;
  • ուշադիր է և ապրումակցող
  • միշտ պատասխան է տալիս այն ամենի համար, ինչ տեղի է ունենում հանդիպումների ժամանակ
  • օգնում է երեխային իրեն զգալ յուրօրինակ, ինքնատիպ,
  • սովորեցնում է երեխային պահանջմունքների բավարարման առավել արդյունավետ միջոցների
  • ադեկվատ է գնահատում իր հնարավորությունները և թույլ է տալիս ուրիշներին ուժեղ զգալ իր կողքին
  • բաց է փոփոխությունների հանդեպ
  • աուտենտիկ է, ազնիվ, անկեղծ և իրական
  • ունի հումորի զգացում
  • կարող է սխալվել, և ուժ ունի դա գիտակցելու և ուղղելու
  • ունի անկեղծ հետաքրքրվածություն ուրիշների անձի հանդեպ
  • ունի ինքնաճանաչման ձգտում

Մանկական հոգեթերապիայի ընթացքը

Ընդունված է հոգեթերապևտիկ ողջ գործընթացը բաժանել մի քանի փուլի՝ ներածական հանդիպումներ, խնդրի հետ աշխատանք, ավարտի փուլ։ Բաժանումը պայմանական է, քանի որ չկան հստակ ժամկետներ, սահմաններ, սակայն կարևոր է պահպանել այս մոտեցումը՝ աշխատանքի արդյունավետության պահպանման նպատակով։

Կարևոր փուլ է համարվում ներածական հանդիպումների փուլը, որը թերևս լավագույն հոգեախտորոշիչ միջոց է թերապևտի համար: Ներածական հանդիպումների ժամանակ թերապևտը կարող է տեսնել և հասկանալ երեխայի շրջապատող իրականության էությունը, տեսնել երեխա-շրջապատ փոխազդեցության նրբություններ, գնահատել հարաբերությունների որակն ու առանձնահատկությունները և այլ:

Ներածական հանդիպումները կարող են մի քանի փուլով ընթանալ՝ հանդիպում ծնողի հետ, ծնող-երեխա հանդիպում, հանդիպում երեխայի հետ: Դրանց համար անհրաժեշտ է բավականաչափ ժամանակ և դրանք հստակ նպատակ պետք է հետապնդեն, ուստի թերապևտը, ով նախատեսում է իրականացնել ներածական հանդիպումներ պետք է նախապես պլանավորած լինի այդ հանդիպումները:

Երեխայի հետ նախնական հանդիպումը թերևս ամենապատասխանատու հանդիպումներից մեկն է: Երեխայի հետ հանդիպման նպատակներն են՝

  • փոխհարաբերությունների հաստատում
  • երեխայի հոգեկան, սոցիալական, ֆիզիկական ստստուսի գնահատում
  • երեխային ծանոթացում խաղասենյակի, աշխատանքի հետ

 Այս հանդիպումը չափազանց կարևոր է երեխայի հետ հոգեթերպաևտիկ, վստահելի հարաբերությունների կառուցման համար: Երեխան կարող է գալ տագնապած, դիմադրելով, չուզենա բացվել, վստահել օտար մարդու, կարող է ամաչել և այլ նմանատիպ խնդիրներով, որոնք կարող են դժվարեցնել աշխատանքի սկիզբը: Թե­րա­պևտը երեխայի հետ կոնտակտ հաստատելու նպատակով օգ­տա­գործում է շփման բոլոր միջոցները, ներառյալ մարմնի լեզուն, մե­տա­ֆորիկ, սիմվոլիկ խոսքը և այլն:

Երեխայի հետ արդյունավետ փոխհարաբերություններ կառուցելու համար հոգեթերապևտը պետք է կիրառի որոշակի հմտություններ: Համաձայ Հ. Լենդրետի*, երեխայակենտրոն հոգեթերապևտի հմինական նպատակն է երեխայի հետ թերապևտիկ հարաբերությունների կառուցումը, ինչի համար թերապևտը՝

  • ստեղծում է երեխայի համար անվտանգության մթնոլորտ
  • հասկանում և ընդունում է երեխայի աշխարհը
  • խրախուսում է երեխայի հուզական աշխարհի դրսևորումները
  • ստեղծում է թողելիության զգացողություն
  • հեշտացնում է երեխայի համար որոշումներ ընդունելու կարողությունը
  • թույլ է տալիս երեխային պատասխանատվություն վերցնել իր վրա և զարգացնել վերահսկողության զգացում:

Համաձայն Ք. Բրեմսի**, գոյություն ունեն որոշակի ռազմավարություններ և գործոններ, որոնք օգնում են թերապևտին արդյունավետ կապ հաստատել և տեղեկատվություն հավաքել: Դրանցից են՝

  • ճկունությունը՝ թերապևտը չի հետևում կարծրատիպային սխեմաներին, այլ օգտագործում է ստեղծարարությունը, ինքնաբուխությունը երեխայի հետ փոխհարաբերություններ կառուցելիս
  • ոչ դիրեկտիվությունը՝ թերապևտը <<գնում է>> երեխայի ետևից, միշտ հիշելով երեխայի ընտրությունների դինամիկ և խորհրդանշական բնույթի մասին
  • հանդուրժողականություն՝ թերապևտը չի շտապեցնում երեխային, թույլ է տալիս արտահայտել իր նեգատիվ ապրումները, ստեղծում է այնպիսի մթնոլորտ, որտեղ երեխան իրեն ազատ է զգում, բնականաբար պահպանելով որոշակի սահմանափակումներ
  • ընդունում՝ թերապևտը ապրումակցում է, հասկանում և ուշադրության կենտրոնում է պահում երեխայի զգացմունքները, արտացոլում է երեխայի պահանջմունքները
  • հասկանալի խոսքի կիրառում՝ թերապևտը պետք է շփվի երեխայի համար հասկանալի լեզվով, ընդ որում անպայման կիրառի սիմվոլիկ և խորհրդանշային լեզուն
  • հարգանք՝ թերապևտը հարգալից է թե երեխայի, թե նրա ընտրությունների հանդեպ, նա չի թերագնահատում երեխայի զգացմունքները ու ապրումները
  • որոշակի հարցադրումներից խուսափում /հատկապես <<ինչու>>-ով սկսվող/, պրոյեկտիվ հարցերի կիրառում
  • ազատ խաղի և պատմությունների կիրառում:

Երեխայի հետ կոնտակտի հաստատումը կարող է մի քանի հանդիպում պահանջել։ Որքանով երեխան կբացվի, կգնա համագործակցության կախված է երեխայի տարիքից, անձնային առանձնաատկություններից, ունեցած կենսափորձից, ինչպես նաև հոգեթերապևտի հմտություններից և անձնային որակներից։

 



* Лэндрет Г. «Игровая терапия: искусство отношений», М., Институт практической психологии, 1998, 368 стр.

** Бремс К. «Полное руководство по детской психотерапии» , М., ЭКСМО-Пресс, 2002, 640 стр.

 

Խնդրի հետ աշխատանք

Դժվար է նկարագրել երեխայի կողմից խնդրի լուծման ճանապարհը, քանի որ յուրաքանչյուր երեխայի հետ հոգեթերապևտը ունենում է իր ուրույն, եզակի փորձը: Սակայն, կարելի է առանձնացնել որոշակի ուղի, որով անցնում է հոգեթերապևտիկ գործընթացը: Նախևառաջ թերապևտը ստեղծում թերապևտիկ, աշխատանքային ջերմ հարաբերություններ երեխայի հետ, որոնք նպաստում են երեխայի մոտ վստահության ձևավորմանը: Այնուհետև որոշակի հմտությունների օգնությամբ թերապևտը մոտեցնում է երեխային իր խնդրի գիտակցմանը: Երեխան պատմելով, խաղարկելով, արտթերապևտիկ մեթոդների օգնությամբ բարձրաձայնում է իր ունեցած դժվարությունների մասին: Թերապևտը օգնում է տեսնել, գիտակցել դրանք, այնուհետև հասկանալ դրանց ոչ կոնստրուկտիվ լինելու բնույթը:

Հետզհետե, մեկնաբանությունների, ռեֆլեքսիայի, հասկացման, ապրումակցման և այլ կարևոր հմտությունների օգնությամբ երեխան կարողանում է վերանայել իր ունեցած ոչ ադապտիվ վարքը, պատկերացումները մարդկանց ու փոխհարաբերությունների մասին: Թերապևտը նոր հարաբերությունների օրինակ է ծառայում, նոր շփման դաշտ է ստեղծում, որտեղ երեխան անվտանգ պայմաններում սկսում է փորձարկել իր ձեռքբերումները, հասկանալ ու նորովի գիտակցել իր ապրումները, վարքը: Այնուհետև երեխան այդ մոտեցումները սկսում է տեղափոխել արտաքին աշխարհ, փորձարկել դրանք իրական կյանքում, վերակառուցել իր ունեցած հարաբերությունները: Այդ նոր փորձը գնահատվում է հոգեթերապևտի հետ, շտկվում, գտնվում են այլընտրանքային այլ ճանապարհներ: Հոգեթերապևտիկ գործընթացը ավարտվում է այն ժամանակ, երբ երեխան իրեն զգում է կայուն, ուժեղ, պատրաստ դիմակայելու արտաքին դժվարություններին, ունի ինքնաճանաչման բարձր մակարդակ, կարողանում է վերլուծել սեփական և այլ մարդկանց վարքը:

Ք. Բրեմսը* առաջարկում է հոգեթերապևտիկ գործընթացի հետևայլ փուլերը՝

    • Վերարտադրում. իրադրության հիշողություն, ինֆոր­մա­ցիայի հաղորդում: Այս փուլում երեխան չի գիտակցում իր արածի, խաղարկածի կապն իրական իրադրության հետ: Այս փուլում թերապևտը լսում է և իրեն համար պար­զա­բա­նող հարցեր տալիս:

    • Վերակառուցում. արդեն առաջանում է խաղի մեջ որոշակի ներգրավվածություն: Երեխան կարող է վերակառուցել իր խաղը, թեև մինչև վերջ չգիտակցել կապն իրական իրա­վիճակի հետ: Այս փուլում թերապևտը կարող է տալ պար­զա­բանող պնդումներ, ցույց տալով, որ հասկացել է երե­խա­յին:

    • Կրկնակի ապրում. այս փուլում երեխան կարողանում է որոշ կապեր տալ իր հուզական ապրումների և անցած իրա­կանության հետ, թեև դա ընթանում է անգի­տակ­ցա­կան ոլորտում: Երեխան արձագանքում է թերապևտի արա­ծին կամ ասածին այնպես, ինչպես կաներ այլ մեծա­հա­սակ­ների հետ, նա բերում է իր անցած ապրումներն այստեղ-և-հիմա դաշտ: Թերապևտը կարող է որոշ մեկն­ու­թյուն տալ կատարվածին, սակայն ավելի կարևոր է հու­զա­կան արձագանքը:

    • Լուծում. երեխան գիտակցում է առկա խնդիրը կա՛մ հաս­կանալով դրա պատճառները, կա՛մ ինտերնալիզացիայի շնորհիվ, ինչը նշանակում է, որ երեխան ունի խնդիրները ինք­նու­րույն լուծելու և հասկանալու բավարար փորձ, ինքնավստահություն և ուժ: Երեխաների հետ այս փուլը կարող է լինել լիովին սիմվոլիկ և ոչ-վերբալ:

Սրանք այն փուլերն են, որոնք երեխան անցնում է վարքային մակարդակում: Հուզական և ապրումների մակարդակում երեխան անցնում է հետևյալ փուլերը՝

  • Տագնապի հաղթահարում
  • Հետազոտական հետաքրքրություն
  • Հույզերի ազատ դրսևորում
  • Թերապևտի հետ հարաբերությունների կարևորում:


* Бремс К. «Полное руководство по детской психотерапии» , М., ЭКСМО-Пресс, 2002, 640 стр. 

Ավարտի փուլ

Թերապևտիկ գործընթացում ավարտը իր ուրույն, կարևոր տեղն ու դեր ունի: Սա իսկապես փուլ է, քանի որ ենթադրում է որոշակի ժամանակահատված, որի ընթացքում հոգեթերապևտն ու երեխան պետք է ամփոփեն, ավարտեն իրենց հարաբերությունները հոգեթերաևտիկ ֆորմատում:

Ավարտի հետ կապված կարող են ծագել մի շարք հարցեր՝ երբ ավարտել, ինչպես ավարտել, ինչպես հասկանալ, որ հենց այս պահն է ավարտի համար ամենանպատակահարմարը, ինչ գործոններ կարող են վկայել, որ թերապևտիկ գործընթցաը մոտենում է ավարտին, ինչպես դա քննարկել երեխայի և ծնողների հետ և այլն: Ավարտի գործընթացը կարող է տարաբնույթ զգացողություններ առաջացնել թե երեխայի, թե թերապևտի մոտ: Այդ զգացողությունների հետ աշխատանքը, դրանց վերլուծությունն ու հասկացումը կրկին որոշակի ժամանակ է պահանջում:  Նպատակահարմար է, որպեսզի ավարտը ընկալվի որպես գործընթացի տրամաբանական ավարտ, ձեռքբերումների հաստատում, ինքնուրույնության արթնացում, Ես-ի ուժեղացում:

Բնական ավարտի հիմնական նախադրյալը նախապես դրված նպատակներին հասնելն է, երբ այցելուն, թերապևտը, ընտանիքը հասկանում են, որ երեխան կարողացել է հաղթահարել ունեցած խնդիրները, անցանկալի վարքային դրսևորումները հասցված են մինիմալի, երեխան ունի բոլոր անհրաժեշտ հմտությունները հետագայում ինքնուրույն լուծել ծագած դժվարությունները:

Լինում են նաև ընդհատված դեպքեր, ինչը կարող է պայմանավորված լինել տարաբնույթ օբյեկտիվ (հիվանդություն, աշխատանքից ազատում և այլն) կամ սուբյեկտիվ գործոններով (դեպքի հետ աշխատելու անհնարինություն, ծնողների կողմից ընդհատում և այլն)։ Ցանկացած պարագայում, թերապևտը պետք է կարողանա ամփոփել աշխատանքը երեխայի հետ (վերջին հանդիպում, զանգ, նամակ և այլն), անհրաժեշտության դեպքում՝ ուղղորդել այլ մասնագետի մոտ։