Ծնողական խորհրդատվությունը երեխաների հետ հոգեբանական աշխատանքի ժամանակ

Կայք: KASA Elearning Platform
Դասընթաց: Հոգեբանական խորհրդատվության առանձնահատկությունները մանկության շրջանում
Book: Ծնողական խորհրդատվությունը երեխաների հետ հոգեբանական աշխատանքի ժամանակ
Printed by: Guest user
Date: երեքշաբթի, 1 սեպտեմբերի 2026, 5:04 AM

Ծնողական խորհրդատվության նպատակները

Երեխայի հետ ցանկացած հոգեբանական աշխատանքի կազմակերպման դեպքում անհրաժեշտ քայլերից է ծնողական խորհրդատվությունը։

Ինչպես արդեն նշել էինք, մանկական խորհրդատվության կարևոր առանձնահատկություններից մեկը ծնողների, խնամակալների և երեխային շրջապատող այլ մեծահասկների հետ զուգահեռ աշխատանքն է։ Այդ համագործակցությունից է մեծապես կախված երեխայի հետ աշխատանքի արդյունավետությունը։ Ծնողները կարող են դառնալ մեր աշխատանքի լավագույն աջակցողը՝ օգնելով տան պայմաններում երեխայի արագ վերականգնմանը։ Միևնույն ժամանակ, կարող է հանդիպել և հակառակ երևույթը, երբ ծնողը ունենալով որոշակի դիմադրություն, տագնապ, անհագստություններ, սեփական չլուծված չմդիրենր, կարող է դժվարացնել խորհրդատվության ընթցաքը։

Սովորաբար, երեխայի հետ խորհրդատվական աշխատանքին նախորդում է ծնողի հետ ներածական հանդիիպումը։ Այն ունի մի քանի կարևոր նպատակ, որոնց հասնելու դեպքում, խորհրդատու-ծնող փոխհարաբերությունները ունենում են դրական ընթացք և հիմք են ստեղծում ապահով և արդյունավետ խորհրդատվական հետագա աշխատանքի համար։

Ներկայացնենք ծնող-խորհրդատու հանդիպման հիմնական նպատակները՝

    • կոնտակտի հաստատում։ Սա կարևոր քայլ է, որի ընթացքում հոգեբանը ապահով, ջերմ, աշխատանքային մթնոլորտ է ստեղծում՝ նպաստելով դիմադրության և ոչ ադեկվատ մոտիվացիայի թուլացմանը, դրական հայցի ձևավորմանը,
    • աշխատանքային նպատակների դուրս բերում, քննարկում,
    • աշխատանքին վերաբերող տեղեկատվության ձեռքբերում,
    • երեխայի հուզական, վարքային, հոգեբանական վիճակի նախնական գնահատում, աշխատանքային վարկածի հաստատտում,
    • այցելուի վերաբերյալ (ներքին կոնֆ­լիկտ­ներ, բնավորության առանձնահատկություններ, պաշտ­պանական մեխա­նիզ­մներ և այլն) նախնական պատ­կերացման ձևավորում,
    • ռեսուրսների, ուժեղ կողմերի ու սահմանափակումների նախ­նական գնահատում, թերապիա սկսելու դրդապատ­ճառ­ների քննարկում և այլն,
    • երեխայի շրջապատող միջավայրի գնահատում,
    • թերապիայի գործնական նախապատրաստման իրա­կա­նա­ցում՝ նպատակների որոշում, թերապևտիկ մեթոդի, ուղ­ղորդման, ժամանակային և ֆինանսական հարցերի որոշում:

Խնդրի գնահատում

Ծնողի հետ նախնական հանդիպման ընթացքում չափազանց կարևոր է երեխայի հոգեբանական ստատուսի ամբողջական գնահատումը։ Կան որոշակի կարևոր կետեր և հարցեր, որոնց անհրաժեշտ է անդրադառանալ՝ տեղեկատվություն ստանալու նպատակով։

Խնդրի էությունը: Սա թերևս ներածական հանդիպումների ամենակարևոր կետերից է: Ընդ որում որքան ավելի հստակ, մանրամասն է քննարկվում այս կետը, այնքան ավելի հստակ է հասկանում թերպաևտը խնդիրը, այնքան ավելի չափելի է դառնում աշխատանքի ընթացքը և արդյունքը, այնքան ավելի փոխհամաձայնեցված կարող է լիներ թերապևտիկ գործընթացը: Այս կետին անդրադառնալիս կարևոր է հստակեցնել, թե՝

  • Երբ է առաջին անգամ դրսևորվել խնդիրը, ինչ դեպքից կամ միջադեպից հետո, քանի տարեկան էր երեխան այդ ժամանակ: Հաճախ ծնողները չեն կարողանում հիշել և ստույգ ասել որևէ դեպք, իրողություն, որ նպաստել է երեխայի խնդրի առաջացմանը, հաճախ կարող են նշել, որ երեխան միշտ էլ այդպիսին է եղել: Թերապևտին անհրաժեշտ է հստակեցնել այս հարցը, քանի որ ծնողները, բնականաբար, չեն կարող հստակ կապեր տալ սթրեսագեն իրողության և հակազդման միջև, մինչդեռ սա կարող է շատ կարևոր լինել թերապևտիկ ընթացքի համար: Եթե նույնիսկ ծնողները իսկապես ոչ մի նախորդող միջադեպ չեն հիշում, ուղղակի կարևոր է հստակեցնել, թե երբ ու որ պահից են առաջին անգամ նկատել երեխայի դժվարությունները, խնդրային վարքը:
  •  Ինչպես է դրսևորվում անցանկալի/խնդրային վարքը: Այս կետի քննարկման ժամանակ թերապևտը փորձում է ծնողների օգնության մանրամասնել երեխայի վարքի առանձահատկությունները, դուրս բերել դրանց նեգատիվ, խանգարող կողմերը, հստակեցնել ծնողի պատկերացումները դժվարության վերաբերյալ, որոշ դեպքերում նաև պարզաբանող տեղեկատվության տալ: Հաճախ ծնողներին ուղղորդում են հոգեթերապևտի մոտ, մատնանշելով երեխայի անցանկալի վարքը դպրոցում, այլ վայրերում, ինչին ծնողը անձնապես ականատես չի լինում: Ուստի այս կետը քննարկելիս ծնողի հետ միասին թերպաևտը հստակեցնում է վարքի դրսևորման ձևերը և վայրը:
  • Ինչը կարող է նախորդել կամ պատճառ հանդիսանալ խնդրային վարքի դրսևորման համար, ինչ իրավիճակներում է այն դրսևորվում: Բացի այն հարցից, թե որ պահից է սկսել խնդրի դրսևորումը, անհրաժեշտ է հասկանալ նաև, թե ինչ իրավիճակում կամ նպաստող պայմաններում այն կարող է դրսևորվել:
  • Որտեղ կամ ինչ շրջապատում է դրսևորվում խնդրային վարքը: Կարևոր է հստակեցնել, թե կան արդյոք որոշակի նպաստավոր պայմաններ, որոնք կարող են դրդել խնդրային վարքի առաջացմանը:
  • Ինչպես են ծնողները վերաբերվում են տվյալ խնդրային վարքին: Ծնողների վերաբերմունքը մեծապես նպաստում է խնդրային վարքի թուլացմանը կամ ուժեղացմանը: Ծնողները կարող է տեղեկացված չլինեն տվյալ վարքի դրսևորումների, պատճառի մասին, ուստի ունենան որոշակի կարծրատիպային մոտեցում, փորձեն պատժել, կամ շտկել երեխայի վարքը: Կարևոր է քննարկել և դուրս բերել դրակամ մոտեցում, որպեսզի ծնողները ևս դառնան աշխատանքի աջակիցներ:

Տեղեկություններ ընտանիքի վերաբերյալ

Ներածական հանդիպման ընթացքում այս կետը քննարկելիս անհրաժեշտ է անդրադառնալ ընտանեկան կառուցվածքին, փոխհարաբերություններին, սահմաններին, դերային բաշխվածությանը:

Ընտանեկան կառուցվածք: Թերապևտը ճշգրտում է, թե ում հետ է ապրում երեխան, ովքեր են ընտանիքի անդամները, արդյոք ընտանիքը նուկլեառ է, թե ընդլայնված, հարազատներից էլ ով է բնակվում ընտանիքի հետ:

Ընտանեկան փոխհարաբերություններ: Այս կետը վերաբերում է թե՛ ներընտանեկան փոխհարաբերություններին, թե՛ ընտանիքի փոխհարաբերություններին այլ մարդկանց, հարազատների, ընկերների հետ:

Թերապևտը իր հարցադրումներով ճշգրտում է ընտանիքում առկա փոխհամաձայնությունը, համագործակցությունը, խնդրային, կոնֆլիկտային կողմերը, վիճաբանությունները և այլ: Անհրաժեշտ է մանրամասն քննարկել, թե ինչ փոխհարաբերություններ ունի երեխան ընտանիքի անդամներից յուրաքանչյուրի հետ՝ հայրիկի, մայրիկի, սիբլնգների, տատիկների և պապիկների և այլոց:

Ընտանիքից յուրաքանչյուրի հետ երեխայի փոխհարաբերությունների քննարկումը անհրաժեշտ է հասկանալու համար, թե որքանով է տվյալ ընտանիքի անդամը ներգրավված երեխայի կյանքում, կամ ընդհանրապես ընտանեկան կյանքում, արդյոք ընտանիքի անդամներից որևէ մեկը իզոլացված չէ և այլ:

Կարևոր է քննարկել մայրիկ-հայրիկ փոխհարաբերությունները, որքանով են դրանք բարիացկամ, ընկերական, կամ որքանով՝ կոնֆլիկտային, տարաձայնություններով լի: Եթե հարաբերություններում առկա են տարաձայնություններ, անհրաժեշտ է նաև ճշգրտել, թե որքանով են դրանք սուր արտահայտված, կրում են արդյոք քրոնիկ բնույթ, թե դրսևորվում են տարերայնորեն, արդյոք կոնֆլիկտները հասնում են ֆիզիկական ուժի կիրառմանը, երեխան ականատես է լինում դրանց, թե ոչ և այլ:

   Մեկ այլ կարևոր կետ է՝ սիբլինգների միջև եղած փոխհարաբերությունները: Նախ անհրաժեշտ է ճշտել, թե որերորդ երեխան է այցելուն, արդյոք ունի քույր կամ եղբայր, ինչպես է արձագանքել մեկ այլ երեխայի ծննդյան փաստին /եթե նա մեծն է/, ինչ փոխհարաբերություններ են առկա նրանց միջև և այլ:

Այս կետը քննարկելիս անհրաժեշտ է նաև անդրադառնալ ընտանեկան դաստիարակության ոճերին, ծնողավարության առանձնահատկություններին: Անհրաժեշտ է ճշգրտել ինչ ծնողավարական ռազմավարություններ են կիրառում ծնողները, ինչպես են խրախուսում, պատժում երեխային, արգելքներ դնում, ոգեշնչում, որքան հետևողական են այդ հարցում, արդյոք հեղինակություն են հանդիսանում երեխայի համար, արդյոք կարողանում են կառուցել համագործակցային փոխհարաբերություններ, կարողանում են երկու ծնողն էլ, կամ ընտանիքի բոլոր անդամները համաձայնեցված որոշում կայացնել երեխայի վարքի վերաբերյալ և այլ: Ք.Բրեմսը* բերում է մի հարցաշարի օրինակ, համաձայն որի կարելի է գնահատել երեխայի հանդեպ կիրառված ծնողավարական ռազմավարությունը: Այդ հարցաշարը ներառում է հետևյալ հարցերը՝

    • Ինչպես եք պարգևատրում երեխայի լավ վարքը
    • Ինչպես եք քննարկում ձեր միջև եղած տարաձայնությունները կանոնների վերաբերյալ
    • Համարում եք, արդյոք, որ բոլոր ռազմավարությունները արդյունավետ են
    • Կարող եք արդյոք, բացատրել, թե ինչ է ակտիվ լսողությունը և ինչպես է այն կիրառվում
    • Երբ եք օգտագործում ակտիվ լսողություն երեխայի հետ
    • Ինչպես եք խրախուսում երեխային ինքնուրույն լուծել սեփական խնդիրները
    • Կարող եք արդյոք բացատրել, թե ինչ է ընդհատումը և ինչպես է այն ավելի լավ օգտագործել
    • Երբ և որ դեպքերում եք կիրառում ընդհատումը ձեր երեխայի հետ
    • ինչ են տրամաբանական և բնական հետևանքները
    • Երբ և որ դեպքերում եք կիրառում տրամաբանական և բնական հետևանքները
    • Հաշվի առնում եք, արդյոք, թե ինչով է դրդված երեխայի վարքը
    • Երբևիցե հարվածում եք երեխային
    • Մարմնի որ մասին եք հարվածում
    • Ինչքան հաճախ եք հարվածում
    • Երբ պատժում եք երեխային, արդյոք մեղադրում կամ արհամարում եք երեխային
    • Ձգտում եք արդյոք, որ երեխան գիտակցի իր մեղքը արարքից հետո
    • Արդյոք արձագանքում եք երեխայի վարքին, չհետաքրքրվելով դրա պատճառներով
    • Ասում եք, արդյոք, որ չեք սիրում երեխային, երբ նա իրեն վատ է պահում
    • Սպառնում եք երեխային, ինչպես
    • <<Սղոցում >> եք ձեր երեխային վատ արարքների համար։

Համաձայն Բրեմսի**, այս հարցաշարը ցույց է տալիս, որ թերապևտը պետք է շատ հստակ լինի իր հարցադրումներում, կարողանա հստակ գնահատել ծնողների իմացությունը այս կամ այն ռազմավարության վերաբերյալ: Ռազմավարությունները պետք է քննարկվեն շատ մանրամասն, գուցե ծնողը կիրառում է այս կամ այն ձևը, սակայն չգիտի դրա անվանումը, կամ ցանկություն ունի կիրառելու, սակայն իրազեկված չէ և անհրաժեշտություն ունի որոշակի տեղեկատվության: Այս հանդիպման ընթացքում թերապևտը կարող է նաև որոշկի լուսավորչական աշխատանք իրականացնել, օգնելով ծնողին ընտրել իր երեխայի համար համապատասխան դաստիարակչական ոճը, ռազմավարությունը:


* Бремс К. «Полное руководство по детской психотерапии» , М., ЭКСМО-Пресс, 2002, 640 стр.

** Бремс К. «Полное руководство по детской психотерапии» , М., ЭКСМО-Пресс, 2002, 640 стр.

 

Տեղեկություններ երեխայի զարգացման վերաբերյալ

Թերապևտիկ ուղղությունով և հարացույցով պայմանավորված՝ այս կետի քննարկումը կարող է տարբերվել իր մանրակրկիտությամբ: Կան ուղղություններ /օրինակ, էկոհամակարգային ուղղությունը/, որտեղ երեխայի հոգեբանական, սոցիալական, ֆիզիկական ստատուսի գնահատումը չափազանց կարևոր դեր է խաղում, և աշխատանք սկսելուց առաջ թերապևտը բավականաչափ մանրակրկիտ գնահատում է դրանք:

Կախված ներկայացվող խնդրից, երեխայի տարիքից, խնդրային վարքի դրսևորման տևողությունից՝ երեխայի զարգացման վերաբերյալ տեղեկությունների հավաքագրումը կարող է տարբերվել: Հիմնականում, թերապևտը կարող է անդրադառնալ հղիության ընթացքին, ծծնդաբերության առանձնահատկություններին, վաղ զարգացման առանձնահատկություններին /քայլք, խոսք, մոտորիկա/, սնունդին, խնամքին, քնի առանձնահատկություններին, հիվանդություններին և այլ:

Հատուկ ուշադրություն արժի դարձնել երեխայի վարքի առանձնահատկությունների նոր միջավայրում, օրինակ, մանկապարտեզ հաճախելիս, կամ դպրոց գնալիս: Պետք է հստակեցնել, թե ինչպես է երեխան հարմարվել նոր միջավայրին, ինչ դժվարություններ է ունեցել, կարողացել է շփում հաստատել, թե մեկուսացած է եղել և այլ;

Երեխայի գնահատումը ընտանեկան հատուկ դեպքերում

Ընտանեկան հատուկ դեպքեր: Այս կետին անդրադառնալիս անհրաժեշտ է ճշտել ընտանիքի հետ պատահած իրադարձությունները, որոնք կարող էին ազդեցություն ունենալ երեխայի հոգեկան աշխարհի վրա: Դրանց թվին են պատկանում ամուսնալուծությունը, հարազատներից մեկի մահը, հիվանդությունները, խորթ մոր կամ հոր առկայություն, որդեգրում, ընտանիքի անդամներից մեկի մեկնումը այլ երկիր և այլ: Հաճախ ծնողները չեն գիտակցում, որ նման իրադարձությունները կարող են ազդեցություն թողնել երեխայի վրա, չեն գիտակցում երեխայի վարքի փոփոխությունները տվյալ միջադեպի հետ կապված: Երբ թերապևտը հատուկ անդրադառնում է այս խնդրին, նա կարողանում է կապեր հաստատել երեխայի վարքի և իրադարձության միջև, ընդլայնել ծնողների հասկացումն ու գիտակցումը տվյալ խնդրի վերաբերյալ:

 Եթե ծնողները ամուսնալուծված են, անհրաժեշտ է ճշտել, թե՝

    • երբ է դա տեղի ունեցել,
    • երեխան քանի տարեկան է եղել,
    • ինչ իրադարձություններ են դրան նախորդել,
    • արդյոք երեխան ականատես է եղել որևէ տհաճ միջադեպի, խոսակցությունների, կոնֆլիկտների, ֆիզիկական բռնության,
    • ինչպես է երեխան արձագանքել ամուսնալուծությանը /հուզական պոռթկումներ, տրամադրության անկում, վարքային խնդիրներ, սննդի, քնի խախտում, առաջադիմության խնդիրներ և այլ/
    • ում հետ է ապրում երեխան
    • արդյոք տեսնվում է ամուսնալուծված հոր/մոր հետ
    • արդյոք տեսնվում է ամուսնալուծված հոր/մոր ազգականների հետ
    • որքան հաճախ են իրականանում այդ հանդիպումները
    • ինչպիսի ընթացք ունեն դրանք
    • արդյոք նախկին ամուսինները շփվում են միմյանց հետ, կամ պահպանում են որոշակի հարաբերություններ, թե ընդհանրապես ոչ մի հարաբերություն չունեն
    • ինչպես է երեխան ընկալում ամուսնալուծության երևույթը
    • որքան մանրամասն նա իրազեկված է ամուսնալուծության պատճառներից, ծնողների հարաբերություններից
    • արդյոք չի դարձել այս կամ այն կողմի մանիպուլյացիայի զոհ և այլ:

Եթե ընտանիքի անդամներից մեկը ծանր, քրոնիկ հիվանդ է, անհրաժեշտ է ճշգրտել՝

    • երբ է սկսվել հիվանդությունը
    • երբ են ընտանիքում տեղեկացել դրա մասին
    • արդյոք երեխան գիտի հիվանդության մասին
    • ինչպես է տեղեկացվել դրա մասին երեխան
    • ինչ արձագանք է տվել
    • ինչ ընթացք ունի հիվանդությունը, արդյոք անհրաժեշտ է խնամք
    • ինչպես է երեխան մասնակցում խնամքին
    • հիվանդության հնարավոր ելքերը
    • արդյոք երեխան տեղեկացված է հիվանդի վիճակի, հիվանդության մանրամասնությունների վերաբերյալ և այլ:

 Եթե ընտանիքում տեղի է ունեցել կորուստ անհրաժեշտ է ծնողների հետ քննարկել հետևյալ հարցերը՝

    • երբ է դա տեղի ունեցել
    • երեխան քանի տարեկան էր
    • ինչ է ասվել երեխային ընտանիքի անդամի մահվան հետ կապված /արդյոք ասվել է, որ մահացել է, թե երեխային պահում են անիրազեկ/
    • ինչպես է արձագանքել երեխան /հուզական պոռթկումներ, տրամադրության անկում, վարքային խնդիրներ, սննդի, քնի խախտում, առաջադիմության խնդիրներ և այլ/
    • արդյոք երեխան տալիս է հարցեր մահացածի վերաբերյալ
    • արդյոք երեխան մասնակցել է հրաժեշտի արարողություններին
    • ինչ հարցեր է տալիս մահվան հետ կապված, ինչ պատկերացումներ ունի, ինչպես են նրան բացատրել մահվան երևույթը և այլ:

Որդեգրման դեպքում անհրաժեշտ է խնամակալների հետ պարզել հետևյալ հարցերը՝

    • քանի տարեկան էր երեխան որդեգրման պահին
    • արդյոք խնամակալները ծանոթ են երեխայի ծնողներին կամ ունեն նրանց մասին տեղեկություններ
    • ինչ պայամններում է տեղի ունեցել որդեգրումը
    • ինչ գիտի երեխան որդեգրման պատմության մասին
    • արդյոք երեխան իրազեկված է իր իրական ընտանիքի մասին
    • եթե երեխան իմացել է որդեգրման մասին ավելի ուշ, ինչ պայմաններում է դա տեղի ունեցել /հանկարծակի է իմացել, այլ մարդկանցից և այլ/
    • ինչ հակազդումներ է տվել երեխան՝ իմանալով որդեգրման մասին և այլ:

Որքան ավելի մանրամասն է հոգեթերապևտը անդրադառնում նմանատիպ հարցերին, այնքան ավելի արդյունքվետ կարող է լինել հետագա աշխատանքը: Ծնողների հետ քննարկումը հնարավորություն է ընձեռնում թերապևտին իրազեկ լինել ընտանեկան պատմությունից և ճիշտ պլանավորել հետագա աշխատանքը:

Այլ հարցեր: Կախված խնդրից, երեխայի անձնային, հոգեբանական և ֆիզկական առանձնահատկություններից, ընտանեկան պատմությունից կարող է անհրաժեշտություն ծագել նաև այլ տիպի հարցերի քննարկման համար՝ ընտանիքի անդամների հետաքրքրությունների, զբաղմունքների, սովորությունների, ֆիզիկական կամ հուզական խնդիրների վերաբերյալ, երեխայի և հասակակիցների շփման, սոցիալական միջավայրում նրա հարմարման, երեխայի ֆիզիկական առողջության առանձնահատկությունների վերաբերյալ և այլ հարցեր:

Բացի առաջնային ներածական հանդիպումից, խորհրդատուն պարբերաբար հանդիպում է ծնողների հետ երեխայի հետ աշխատանքի ընթացքում։ Սա կարևոր է, քանի որ խորհրդատուն տեղեկատվություն է տրամադրում երեխայի առկա հոգեվիճակի, աշխատանքի դինամիկայի, նոր վարկածների մասին, նաև ճշգրտում է և ծնողներից տեղեկանում երեխայի վերաբերյալ, նրա հուզական ու վարքային փոփոխությունների, նոր դժվարությունների կամ առաջընթացների մասին։