Մանկական հոգեթերապիայում կիրառվող մեթոդներ

Կայք: KASA Elearning Platform
Դասընթաց: Հոգեբանական խորհրդատվության առանձնահատկությունները մանկության շրջանում
Book: Մանկական հոգեթերապիայում կիրառվող մեթոդներ
Printed by: Guest user
Date: երեքշաբթի, 1 սեպտեմբերի 2026, 5:03 AM

Խաղային թերապիա


Երեխաների հետ թերապևտիկ աշխա­տան­քի հիմնական և ամենատարածված միջոցներից մեկը խաղն է: Խաղը կարող է լինել բազ­մա­ֆունկցիոնալ՝ կախված երեխայի ցանկություններից և իրավիճակից: Թե­րա­պևտիկ սենյակում երեխաների խաղերը կարող են լինել՝ կոն­տա­կ­տա­յին (երեխան կոնտակտի մեջ է մտնում խաղալիքների, շրջա­պա­տող առարկաների, թերապևտի հետ), ապահովություն հաս­տա­տե­լու խաղեր (երեխան վերահսկում է կամ թերապևտին, կամ խա­ղա­լիք­ները), վտանգավոր (ենթադրում է հույզերի անվերահսկելի ար­տա­հայտում, երեխան կարող է արտահայտել անվերահսկելի երևույթ­­ներ՝ երկրաշարժ, փոթորիկ  և այլն), որոշումների ընդուն­ման խաղեր (երեխան գտնում է ելքեր ստեղծված իրավիճակներից)*:

Երեխայի խաղը կարող է լինել առօրեական և թերապևտիկ: Առօրյա կյանքում երեխաների խաղն ունի հետևյալ կարևոր գործառույթները.

    • ինքնազարգացման գործառույթ - խաղը նպաստում է երե­խայի ինքնարտահայտմանը, ինքնորոշմանը, զգացմունք­ների արտահայտմանը և հետազոտմանը, համակրանքի և հակակրանքի արտահայտմանը, հսկողության և չափի զգացումի ձևավորմանը, դժվար իրավիճակների հաղ­թա­հար­մանը, կառավարմանը, պահանջմունքների բավա­րար­մանը, հաճույք ստանալուն,
    • ընդհանուր զարգացման գործառույթ - շրջապատող աշ­խարհի հետազոտում, օբյեկտների միջև կապերի հե­տա­զո­տում, իշխանության զգացում, խոսքային, կոգնիտիվ, շար­ժողական հմտությունների մարզում, բարոյական նոր­մերի ընկալում, փորձի գիտակցված ստրուկ­տու­րա­վորում և այլն,
    • հաղորդակցման գործառույթ՝ ուրիշների հետ հա­մա­գոր­ծակ­ցություն, դերերի ընկալում, սոցիալական հմտու­թյուն­ների ձեռքբերում, մարդկանց միջև առկա փոխ­հա­րա­բերությունների հետազոտում, հարաբերություններում կոնֆլիկտների խաղարկում**:

Թվարկած գործառույթները բավական նպաստավոր են թե­րա­պիայում խաղի կիրառման համար: Խաղի օգնությամբ թերապևտը հեշ­տությամբ կարող է կոնտակտ հաստատել երեխայի հետ, խաղի ըն­թացքում երեխան բաց է և բազմապիսի ինֆորմացիա կարող է տալ թերապևտին: Օգտագործելով խաղի սիմվոլիզմը, թերապևտը կա­րող է ստանալ ինֆորմացիա, որը բավական ցավոտ է բառերով ար­տահայտելու համար, և խաղը կարելի է օգտագործել երեխայի խնդիր­ների լուծման նպատակով: Այսպիսով, թերապևտիկ սեն­յա­կում խաղն իրականացնում է հետևյալ գործառույթները՝

    • հաղորդակցման. վստահելի և հատուկ հարաբերու­թյուն­ների ստեղծում,
    • ինքնադրսևորման գործառույթ. ախտորոշման իրա­կա­նա­ցում, զգացմունքների արտահայտում, անգիտակցական նյու­թի դրսևորում, վախերի դրսևորում, արգելված հույ­զերի և պահանջմունքների դրսևորում, կոնֆլիկտների ար­տա­հայտում, կոնֆլիկտների և եղած փորձի վերա­ձևա­կեր­պում,
    • ապաքինող գործառույթ. պաշտպանական մեխանիզմների հետ աշխատանք; դիմադրության հաղթահարում; լար­վա­ծու­թյան թուլացում; կատարսիսի նպաստում; շտկողական հուզական փորձով ապահովում; ինքնակարավորման հմտությունների ուսուցում; նոր վարքաձևերի մշակում:

Խաղային հոգեթերապիայի կիրառումը ենթադրում է խա­ղա­յին պարագաներով հագեցված խաղային սենյակի առկայություն:

Խաղի ընթացքում հոգեթերապևտը իր մեկնություններով կապեր է հաստատում երեխայի հույզերի, վարքի և մտքերի միջև, օգնում է գիտակցել տրավմատիկ փորձը, արտահայտել կուտակված բացասական հույզերը, գտնել այլընտրանքներ ստեղծված իրավիճակներում։ Կարևոր է հիշել, որ այս ամենը կարող է իրականացվել խորհրդանշական մակարդակում։ Այսինքն, կարևոր չէ անպայման բերել երեխային իրական կյանք, կապ տալ իր Ես-ի հետ, կարելի է լիովին մնալ երեխայի խաղի մեջ և խաղի օգնությամբ օգնել ապաքինման։

 


Мустакас К. «Игровая терапия», Речь, 2001, 282 стр.

** Бремс К. «Полное руководство по детской психотерапии» , М., ЭКСМО-Пресс, 2002, 640 стр.

Արտթերապիա

 Արտթերապիան հոգեթերապևտիկ միջա­­մ­տու­թյան ձև է, որի ընթացքում արվեստը կիրառվում է որպես ապա­քինող գործոն: Մանկական հոգեթերապիայում արտթերապիան կարող է լինել և՛ որպես առանձին թերապևտիկ ուղղություն, և՛ որպես հոգեթերապևտիկ այլ միջամտությունների կողքին երեխայի հետ աշխատանքի միջոց: Արտթերապիան կարող է հաջողությամբ կիրառվել, քանի որ այն խաղի պես թույլ է տալիս երեխային, շրջանցելով գիտակցման ցավոտ կետերը, հաս­նել թերապևտիկ արդյունքի: Ինչպես և խաղը, արվեստը կա­րող է երեխայի համար փոխարինել բառերին, այն թույլ է տալիս երե­խա­յին արտահայտել իր ներաշխարհը, ապրումները, տագ­նապ­ները, բացասական հույզերը: Արվեստի օգնությամբ արտա­հայտված ենթագիտակցական, ճնշված, չգիտակցված նյութը կա­րող է շրջանցել դիմադրությունը, պաշտպանական մեխա­նիզմ­ները և դուրս գալ արտաքին աշխարհ:

Երեխայի համար ստեղծագործելը նույնքան բնական է, որ­քան և խաղը: Հոգեթերապևտիկ սենյակում ստեղծվում են երե­խայի ինք­նարտահայտման լայն հնարավորություններ՝ ան­կախ նրա կարողություններից, ընդունակու­թյուն­ներից: Ստեղծագործե­լ­ով՝ երեխան կիսում է իր մտքերն ու զգացմունքերը, կա­նո­նա­վորում իր ներաշխարհը, ճանաչում արտաքին աշխարհը, կա­րո­ղա­նում է շո­շա­փել որոշակի ձևեր իր քաոսային ներաշխարհում: Հոգե­թե­րա­պևտը խրախուսում և քաջալերում է երեխայի արտա­հայ­­տ­չա­կան և ստեղծագործական գործընթացը, նա երբևիցե չի գնա­­հա­տում և քննադատում երեխայի ստեղծագործական ընդու­նա­կու­թյուն­ները: Հոգեթերապևտը նպաստում է, որպեսզի երե­խան տար­բեր միջոցներով՝ նկարչություն, ծեփակերտում, խմորով աշ­խա­տանք և այլն, կարողանա խոսել իր ներքին անհանգստու­թյուններից, խնդիրներից, ապրումներից:

Արտթերապևտիկ մեթոդները հաջողությամբ կիրառվում են տարբեր խնդիրների դեպքում: Արտթերապևտիկ հնար­ներ կիրառելիս՝ հոգեթերապևտն ուշադրությունը կենտրոնացնում է թե՜ ստեղծագործական ընթացքի, թե՜ վերջնական արդյունքի վրա, ընդ որում, այն կարող է կրել բավական խորհրդանշական բնույթ, ինչը նույնպես կարևոր է հոգեթերապևտի համար: *

Հոգեթերապևտիկ պրոցեսում արտթերապիան կարող է ունենալ հետևյալ երեք նպատակները՝

  • Ախտորոշում,
  • Զարգացում,
  • Կատարսիս, ինքնադրսևորում, լիցքաթափում։

Ըստ Գ. Լենդրեթի, գեղարվեստական ընթացքի մեկնա­բա­նու­թյունը կարելի է համեմատել «աչքերով լսել» արտահայտու­թյան հետ:** Իրոք, արվեստը կարող է «բացել» թերապևտի, եր­բեմն նաև երեխայի աչքերը նրա անձնային և ընտանեկան խնդիր­ների վրա, նոր ինֆորմացիայի բացահայտման գործում: Առավել խորքային հասկացման հասնելու համար՝ թերապևտը պետք է կիրառի մեկնաբանությունների երեք ասպարեզ՝ ընթացքը, ձևը, բովանդակությունը:*** Ցանկացած դեպքում մեկնաբանությունը պետք է դիտարկվի որպես վարկածների շարք, որոնք պետք է հաս­տա­տվեն այլ մեթոդներով և նյութերով: Ընթացքի մեկնա­բա­նու­թյան ժամանակ թերապևտն ուշադրություն է դարձնում, թե ինչ­պես է երեխան օգտագործում գեղարվեստական նյութերը, դի­տում է՝ երեխան ինչպես է նյութեր ընտրում, ինչ արձագանքներ է տալիս, ինչպես է նրանց հետ աշխատում, իրար հետ համակցում և այլն: Թերապևտը մեկնաբանում է երեխայի վերաբերմունքը ստեղծարարության ընթացքին, որպեսզի վերհանի կասկածները, հա­ճույքը, տագնապը և այլն: Սա առավել կարևոր է պաշտ­պա­նա­կան մեխանիզմների և ստրատեգիաների բացահայտման հա­մար: Ընթացքի մեկնաբանությունը պետք է իրականացվի զարգացման կոն­տեքստից ելնելով՝ հաշվի առնելով տարիքային առանձնա­հատ­կությունները: Մեկնաբանելով ընթացքը՝ թերապևտը կարող է վարկածներ առաջարկել հստակ խնդիրների վերաբերյալ:

Ձևի մեկնաբանությունը կապված է գեղարվեստական արդ­յունքի ընդհանուր ձևի և կառուցվածքի հետ: Նկարի կամ պատ­կե­րի տեղայնացումը, ավարտունությունը և սիմետրիան ձևի կա­րևոր բաղադրիչներից են: Գնահատվում են նաև հստակությունը, շարժումը, գույնը, չափսերը, նկարածի միջև հարաբերակցու­թյունը: Ձևի մեկնաբանությունը նույնպես պետք է հարաբե­րակցվի երեխայի տարիքային առանձնահատկությունների, ինչ­պես նաև որոշակի ընդունակությունների հետ:

Բովանդակության մեկնաբանության ժամանակ անհ­րա­ժեշտ է ուշադրություն դարձնել 3 չափանիշի՝ ա) հասկանալ ար­տա­քին, մակերեսային բովանդակությունը կամ թեման՝ գնա­հատ­վում է նյութի ակտուալ բովանդակությունը, բ) հետազոտել ասո­ցիատիվ բովանդակությունը՝ կապված արդյունքի անվանման կամ պատմության հետ: Սա նպատակ ունի առավել խորքային նյութի դուրս բերում, գ) անհրաժեշտ է վերլուծել թաքնված իմաստ­ները, այսինքն` դիտարկել արդյունքների խորհրդանշային նշանա­կու­թյուն­ներն այս մեկնաբանությունների ժամանակ, ուշադ­րություն դարձնել կրկնվող թեմաներին, որոնք նյութ կարող են հան­դի­սա­նալ լրացուցիչ վարկածների ձևավորման համար:

 


Бретт Д. «Жила-была девочка, похожая на тебя», М., Класс, 2005, 224 стр.

** Лэндрет Г. «Игровая терапия: искусство отношений», М., Институт практической психологии, 1998, 368 стр.

*** Бремс К. «Полное руководство по детской психотерапии» , М., ЭКСМО-Пресс, 2002, 640 стр. 

Հեքիաթաթերապիա

Պատմությունների, հեքիաթների, առաս­պելների կիրառումը թերապևտիկ նպատակներով հան­դի­սա­նում է արտթերապիայի ուղղություններից մեկը: Պատմու­թյուն­ներ պատմելը կարևոր միջոց է արտաքին աշխարհի ըն­կալ­ման, իմաստավորման, ինչպես նաև գիտելիքների, հմտություն­նե­րի, փորձի փոխանցման համար: Առասպելները, առակները, հե­քիաթ­ները ստեղծվում էին արժեքների և ավանդույթների փո­խանց­ման նպատակով: Պատմությունների օգնությամբ մարդիկ ար­տահայտում և շրջապատին էին փոխանցում սեփական փորձը, ինչն օգնում էր սոցիալական կյանքում և խմբում ներ­գրավ­վա­ծու­թյան զգացում ունենալուն: Հեքիաթների միջոցով ինքնարտա­հայտ­ման և սեփական ապրումներն այլ մարդկանց փոխանցելու գոր­ծառույթները բացառիկ նշանակություն ունեին հոգեկան առող­ջության պահպանման համար և բնորոշ էին դեռ հնագույն ցե­ղերին:

Երեխաների հետ աշխատանքում կիրառավում են պատ­մու­թյունների տարբեր ժանրեր, մասնավորապես՝ հեքիաթներ: Ներկայումս բավական տարածված է Տ. Զինկևիչ-Եվստիգնեևայի կողմից առաջարկած դասակարգումը, համաձայն որի՝ հեքիաթները լինում են ստեղծագործական, դիդակտիկ, մեդիտատիվ, հոգեշտկո­ղա­կան և հոգեթերապևտիկ: Ստեղծագործական հեքիաթներն իրենց հեր­թին բաժանվում են ժողովրդականի և հեղինակայինի: Ժո­ղովրդական հեքիաթներն ունեն բավականին տարբեր սյուժեներ: Դրանց մեջ կարելի է առանձնացնել հեքիաթներ կենդանիների մա­սին (մինչև 5 տարեկան երեխաների հետ հարմար է խոսել կեն­դա­նիների անունից և կերպարանքով, քանի որ նրանք հեշտությամբ են իդենտիֆիկացնում իրենց կենդանիների հետ), կենցաղային հե­քիաթ­ներ (պատմում են ընտանեկան կյանքի առանձնահատ­կու­թյուն­ների մասին, ցույց են տալիս կոնֆլիկտների լուծման ձևեր, պատ­մում են ընտանեկան խորամանկությունների մասին և այլն), վախենալու հեքիաթներ (օգնում են երեխաներին ինքնաթերապիայի համար. բազմիցս լսելով և մոդելավորելով վախենալու իրավիճակը՝ երեխան ազատվում է լարվածությունից և ձեռք բերում արձա­գանքելու նոր ձևեր), հրաշապատում  հեքիաթներ:*

Դիդակտիկ հեքիաթները ստեղծվում են մանկավարժների կողմից ուսումնական նյութը «փաթեթավորելու» նպատակով: Ընդ որում, վերացական խորհրդանիշերը (տառեր, թվեր, թվաբանական գոր­ծողություններ և այլն) կենդանանում են, առաջանում է հեք­իա­թա­յին աշխարհ, որում նրանք ապրում են: Դիդակտիկ հեքիաթների օգնությամբ դասավանդվում է ուսումնական նյութը:

 Հոգեշտկողական հեքիաթները ստեղծվում են երեխայի վարքի վրա նուրբ ազդեցության հետևանքով: Հիմնական նպատակն է ցույց տալ վարքի անէֆեկտիվ ձևերի փոխարեն արդյունավետ ձևերը և հասկացնել կատարվածի իմաստը: Հոգեշտկողական հեքիաթների կիրառությունը սահմանափակվում է տարիքով և վարքային խնդիրներով: Հոգեշտկողական հեքիաթի ստեղծման համար կարելի է կիրառել հետևյալ ալգորիթմը:

    • Ընտրել հերոսի, որը մոտ է երեխային տարիքով, սեռով և բնավորությամբ,
    • Նկարագրել հերոսի կյանքը կախարդական աշխարհում այնպես, որ մոտ լինի երեխայի իրականությանը,
    • Հերոսը պիտի ունենա դժվարություններ և ապրումներ՝ նման երեխայի իրական կյանքի իրավիճակին,
    • Հերոսն ընտրում է ելքեր ստեղծված իրավիճակներից: Նա կարող է հանդիպել մոգական օգնականների, կարող է հանդիպել կախարդին կամ իմաստուն ծերունուն և այլն: Կարևորն այն է, որ մենք ցույց ենք տալիս երեխային ալտերնատիվ ճանապարհներ ու վարքաձևեր և օգնում ենք գտնել կատարվածի պոզիտիվ իմաստը:
    • Հերոսը պիտի հասկանա իր սխալները և սկսի ճիշտ գործել:

Հոգեշտկողական հեքիաթները կարելի է նաև չմեկնաբանել՝ թող­նելով դրանք երեխայի մեկնությանը: Արտասահմանյան հեղի­նակ­ները հաճախ անվանում են այս հեքիաթների տիպը հո­գե­թե­րապևտիկ:

  Հոգեթերապևտիկ հեքիաթներ: Զինկևիչ-Եվստիգնեևան համա­րում է այն հեքիաթները, որոնք բացահայտում են կատարվածի խորքային իմաստը՝ ոգեղեն հեքիաթները: Այս հեքիաթները մար­դուն հաճախ թողնում են հարցականներով: Հոգեթերապևտիկ հե­քիաթ­ները նվիրված են կյանքի և մահվան խնդիրներին, կորստին և ձեռքբերումներին, սի­րուն և ճանապարհին: Սրանք օգնում են այն­տեղ, ուր այլ միջոցները կա­րող են անզոր լինել: Հոգեթերա­պևտիկ հեքիաթներում չափա­զանց կարևոր է ընտրել գլխավոր հերոսի կերպարը, որը կար­տա­ցոլի այցելուի թաքնված, իդեալական «Ես»-ը: Այս տիպի հե­քիաթ­ների օգնությամբ հնարավոր է դառնում այցե­լուին մատնացույց անել ստեղծված իրավիճակը, օգնել նրան ըն­դու­նելու այն, հաս­կա­նա­լու կատարվածի իմաստը, ցույց տալու, որ ան­գամ դժվա­րու­թյունները կարելի է օգտագործել հոգու զարգացման համար:

  Մեդիտատիվ հեքիաթներ. սրանք ստեղծվում են դրական պատ­կերային փորձի կուտակման, հոգեհուզական լարվածության նվազ­ման, այլ մարդկանց հետ դրական փոխհարաբերությունների մո­դելների ստեղծման, անձնային ռեսուրսների բացահայտման նպա­տակով: Հիմնական նպատակն է մեր անգիտակցականին հա­ղորդել շրջապատող աշխարհի և մարդկանց հետ փոխհա­րա­բե­րու­թյունների ­­դրական իդեալական մոդելներ: Այդ իսկ պատճառով նրանց տարբերակիչ առանձնահատկությունն է կոնֆլիկտների և վատ հերոսների բացակայությունը:

 

Հեքիաթները տալիս են աշխատանքի բազմաթիվ հնարավո­րու­թյուններ և դրանք կարելի է օգտագործել հետևյալ նպատակներով.

    • հեքիաթի կիրառումը որպես այլաբանություն. այցելուի հետ քննարկվում են հեքիաթն ունկնդրելու արդյունքում առա­ջացած պատկերները, զուգորդումները և ապ­րում­ները,
    • նկար հեքիաթի բովանդակությամբ, որն առաջացնում է ազատ զուգորդություններ, որոնք էլ ապա քննարկվում են,
    • հերոսների արարքների դրդապատճառների և վարքի քննարկում, ինչը թույլ է տալիս խոսել այցելուի կեն­սա­կերպի մասին,
    • հեքիաթի մասերի խաղարկում,
    • հեքիաթի կիրառումը բարոյախոսական նպատակներով,
    • ստեղծագործական աշխատանք հեքիաթի բո­վան­դա­կու­թյամբ։ **

 Երեխաների հետ հոգեթերապևտիկ աշխատանքում կարելի է կի­րառել հեքիաթի հորինումը, վերապատմումը, խաղարկումը, կի­սատ հեքիաթի շարունակությունը և այլն:



Зинкевич-Евстигнеева Т. «Практикум по сказкотерапии», СПб., Речь, 2002, 168 стр.

** Зинкевич-Евстигнеева Т. «Практикум по сказкотерапии», СПб., Речь, 2002, 168 стр.