«Ճգնաժամ» և «ընտանեկան ճգնաժամ» հասկացությունները
| Կայք: | KASA Elearning Platform |
| Դասընթաց: | Ընտանեկան ճգնաժամային միջամտություն |
| Book: | «Ճգնաժամ» և «ընտանեկան ճգնաժամ» հասկացությունները |
| Printed by: | Guest user |
| Date: | երեքշաբթի, 1 սեպտեմբերի 2026, 5:04 AM |
Բացատրություն
«Ճգնաժամ» հասկացությունը ծագում է հունարեն «kreses»՝ լուծում, բեկումնային կետ, ելք։ Հետաքրքրական է, որ ճապոներենում «ճգնաժամ» բառը նշանակող հիերոգլիֆը բաղկացած է երկու մասերից, որոնք նշանակում են «խնդիր» և «հնարավորություն», ինչը մտնանշում է ճգնաժամի՝ որպես կյանքի բարդ իրավիճակի երկակի բնույթն ու զարգացման պոտենցիալը։
Ցանկացած ճգնաժամի դեպքում անձը բախվում է ուժեղ ապրումների հետ՝ տագնապ, վախ, հուսահատություն, անօգնականություն և այլն։ Սակայն առավել սուր կերպով դրսևորվում են անհնարինության ապրումները, որոնք, ասես, ազդարարում են որակապես նոր ու բարդ փուլի սկիզբը։ Անհնարինության ապրումները լինում են մի քանի տեսակի՝
-
- նախկին կերպով, անձին հայտնի ձևով գոյատևելու/ապրելու անհնարինություն զգացում («Այլևս այսպես ապրելն անհնարին է»),
- սեփական պահանջմունքները, ձգտումները և արժեքներն իրականացնելու անհնարինության զգացում («Նախկին երազանքներն ու պլաններն այլևս հնարավոր չէ իրագործել»),
- նախկին փորձից ծանոթ եղանակների միջոցով ճգնաժամը հաղթահարելու անհնարինության զգացում («Իմ իմացած ձևերով այլևս չի ստացվում հարթել խնդիրները»)։
Ճգնաժամերին բնորոշ դրսևորումները
ճգնաժամը կարելի է նկարագրել հետևյալ բաղադրիչներով.
- Ճգնաժամի աղբյուրներ՝ մարդու մոտ առաջացող ներքին ու արտաքին հակասություններ, խնդիրներ, կյանքի «հարվածներ» և այլն. այն ամենն, ինչը կարող է խթանել ճգնաժամը,
- «Ախտանիշներ»՝ ապրումների լայն շրջանակ, վարքային ու հուզական դրսևորումներ, բնականոն կյանքի ոչ բնորոշ հոգեվիճակներ և ինքնազգացողություն,
- Ճգնաժամը խորացնող հնարավոր հանգամանքներ՝ արտաքին ու ներքին անբարենպաստ գործոններ, որոնք իրենցով ճգնաժամի աղբյուր չեն, սակայն արդեն սկսված ճգնաժամում էականորեն նպաստող են դրա խորացմանը՝ աշխատանքային սթրեսները, առողջական խնդիրները, պատասխանատվության բարձր զգացումը և ոչ ճկուն մտածողությունը, ֆինանսական անբավարար միջոցները և այլն։
- Ճգնաժամից ելքը հեշտացնող հանգամանքներ՝ անձի ներքին ու արտաքին ռեսուրսները՝ բնավորության առանձնահատկությունները, սոցիալական միջավայրի աջակցությունը, հաճելի աշխատանքը, ֆիզիկական ակտիվությունը, ճկուն մտածողությունը, հուզական բարձր ինտելեկտը և այլն։
- Գործունեության արդյունավետության վրա ճգնաժամի ազդեցություն՝ տարբեր դերերի և ֆունկցիաների իրականացման բարդացումը կամ անհնարինությունը, աշխատանքային արդյունավետության իջեցումը կամ «փախուստը դեպի աշխատանք», հոբիների և հանգստի կրճատումը, սոցիալական մեկուսացումը և այլն։
- Ճգնաժամից դուրս չգալու «վճարի» ձևեր՝ հոգեկան և առողջական վիճակի վատթարացումը, ախտանիշների քրոնիֆիկացիան, անցանկալի վարքային ձևերի ի հայտ գալը, դեստրուկտիվ հարաբերությունների և կապվածությունների ձևավորումը, մասնագիտական հետընթացը և այլն։
- Հոգեբանական աջակցության առանձնահատկություններ՝ տվյալ անձին և տվյալ ճգնաժամին առավելապես համապատասխան հոգեբանական աջակցության եղանակները, դրանց կազմակերպման առանձնահատկությունները և այլն։
Ճգնաժամային իրավիճակներին են դասում՝
- Իրավիճակներ, կապված հաջորդ տարիքային փուլին անցնելու հետ (տարիքային ճգնաժամեր)։ Կարող են առաջանալ ինչպես առանձին մարդու կյանքում (օրինակ՝ դեռահասությունը), այնպես էլ ամբողջական համակարգերում (օրինակ՝ ընտանեկան ճգնաժամեր),
- Կորստի իրավիճակներ (մտերիմի, նշանակալից հարաբերությունների, նյութական կամ հոգևոր արժեքների կորուստ),
- Արտակարգ, հոգետրավմատիկ իրավիճակներ (աղետներ, պատերազմ, բռնություն, հիվանդություն, դժբախտ պատահար և այլն)։
Հոգետրավման չափազանց ախտածին բնույթ ունեցող իրավիճակներն են։ Համաձայն ՀՄԴ-11-ի (Հիվանդությունների Միջազգային Դասակարգիչ) հոգետրավմատիկ իրադարձությունը բնորոշվում է որպես արտակարգ, հստակորեն ախտածին, բացառապես սպառնալից բնույթ և հոգեկանի վրա անբարենպաստ ազդեցություն ունեցող իրադարձություն։
Այսպիսով, արտակարգ կամ հոգետրավմատիկ իրադարձության առանձնահատկություններն են՝
-
- մարդու գոյությանը սպառնալիքի առկայությունը,
- հոգեկան ոլորտում խանգարումներ առաջ բերելու ունակությունը,
- աղետալիությունը, անտանելիությունը
- ներազդեցության ծայրահեղությունը՝ սահմանվող ինչպես արտաքին պայմաններով, այնպես էլ՝ մարդու համար նշանակալիությամբ։
Ճգնաժամային իրավիճակների տեսակները
Հոգետրավմատիկ, արտակարգ իրավիճակներին կարելի է դասել ըստ տարբեր չափանիշների։ Ըստ իրադարձության տեսակի կարելի է առանձնացնել՝
- պատերազմական գործողությունները,
- բնական աղետները,
- էկոլոգիական, տեխնածին աղետները,
- հրդեհները,
- ահաբեկչությունը,
- ներկայությունը այլոց բռնի մահվանը,
- դժբախտ պատահարները,
- սեռական բռնությունը,
- կյանքին սպառնացող հիվանդության անսպասելի առաջացումը,
- հարձակումը,
- խոշտանգումը և այլն։
Ըստ իրադարձության մասշտաբայնության կարելի է առանձնացնել՝
- զանգվածային,
- խմբային,
- անհատական։
Ըստ մասնակցության կարելի է առանձնացնել՝
- առաջնային ճգնաժամ՝ իրավիճակի մեջ անմիջականորեն հայտնված անձանց և խմբերի համար,
- երկրորդային ճգնաժամ՝ իրավիճակի հետ առնչվող, սակայն դրանում անմիջականորեն չներգրավված անձանց և խմբերի համար (հարազատներ, օգնողներ և այլն)։
Ընտանեկան ճգնաժամերի նկարագրությունը ելնում է երկու մոտեցումներից՝
- Ընտանիքի կենսացիկլի օրինաչափությունների տեսանկյունից՝ ճգնաժամերը դիտարկվում են որպես ընտանիքի կենսական փուլերի միջև անցումային պահեր՝ նորմատիվային ճգնաժամեր։
- Ընտանիքի կենսական ուղու իրադարձությունների վերլուծության տեսանկյունից՝ ընտանիքում ճգնաժամերը ի հայտ են գալիս ընտանեկան համակարգի կայունության վրա ազդող որոշակի իրադարաձությունների հետևանքով՝ ոչ նորմատիվային ճգնաժամեր։
Ընտանեկան ճգնաժամերի, հանդիսանալով ճգնաժամի տեսակ, ունեն իրենց սպեցիֆիկ բնութագրիչները։ Դրանք են՝
- ընտանիքում իրավիճակային հակասությունների սրացումը, որը հանդիսանում է ընտանեկան ճգնաժամը սկզբնավորող փուլ։ Սովորաբար սա աստիճանական գործընթաց է, որի ժամանակ տեղի է ունենում լարվածության կուտակում և ժայթքում,
- ամբողջ ընտանեկան համակարգի և դրանում տեղի ունեցող գործընթացների խանգարվածությունը, երբ վնասվում են ինչպես ամբողջական ընտանեկան գործառնականությունը, այնպես էլ դրա առանձին ենթակառուցվածքների առողջ փոխազդեցությունը,
- ընտանեկան համակարգում անկայունության աճը, որը փաստում է ընտանիքի հոմեոսթազի խախտման և համակարգային կազմակերպվածության փլուզման վտանգի մասին,
- ճգնաժամի գեներալիզացիա (ընդհանրացում), երբ դրա ազդեցությունը տարածվում է ընտանեկան հարաբերությունների և փախազդեցությունների ողջ տիրույթի վրա։
Ճգնաժամային իրավիճակների փուլերը
Ճգնաժամի հետ բախվող ընտանիքները սովորաբար անցնում են մի քանի փուլերի միջով․
1. Հրահրող իրադարձություն՝ անսովոր, անկանխատեսելի սթրեսային իրադարձությունը, որը հանգեցնում է անհանգստության։ Օրինակ՝ ընտանիքի հայրը կորցնում է աշխատանքը։ Ընտանիքն արձագանքում է խնդրի լուծման իրեն ծանոթ մեխանիզմով։
2. Ընկալում՝ ընտանիքն ընկալում է վերոհիշյալ իրադարձությունը որպես ընտանեկան նպատակներին ու անվտանգությանը վտանգ սպառնացող։
3. Ապակողմնորոշված հակազդում՝ խոցելիության, անօգնականության զգացումները, տագնապը սրվում են, ընտանիքի անդամները սկսում են փնտրել անհապաղ և օրիգինալ լուծում։
4. Նոր և անսովոր ռեսուրսների որոնում՝ լարվածությունն ու հուզական ցավը թուլացնելու նպատակով ընտանիքի անդամները սկսում են ներգրավել այլ անձանց։ Հարևանները, բարեկամներն ու ընկերները կարող են առաջարկել թե՛ նյութական աջակցություն (կացարան, տրանսպորտ, սնունդ, գումար և այլն), թե խորհուրդներ։
5. Աննպաստ իրադարձությունների շարք՝ ճգնաժամերի մեծ մասը կարող է խթանել իրադարձությունների շարք, որոնք էլ իրենց հերթին կարող են նոր ճգնաժամ առաջացնել (օրինակ՝ ընտանիքի անդամներից մեկի կողմից թմրանյութերի օգտագործումը կարող է հանգեցնել բնակարանի վարձակալության գումարը չվճարելուն և անօթևան մնալուն)։
6. Նախորդ ճգնաժամերի կապ նոր ճգնաժամի հետ՝ ճգնաժամերը կարող են արթնացնել անցյալ տրավմատիկ, արտամղված հիշողությունները (օրինակ՝ մայրը վերհիշում է, որ մանկության տարիներին իր հայրն իրեն ծեծում էր, երբ տեսնում է, որ իր ամուսինը բռնության է ենթարկում իրենց երեխային)։
7. Նոր ռեսուրսների մոբիլիզացիա, հարմարում՝ բեկումնային պահ, երբ լարվածությունն ու պայքարը հանգեցնում են նոր ուժերի ու հարմարման միջոցների դրսևորմանը։ Սա հաճախ տեղի է ունենում այն ժամանակ, երբ որևէ էական փոփոխություն է տեղի ունենում (օրինակ՝ ընտանիքի թմրամոլ անդամը սկսում է համապատասխան բուժում ստանալ)։
Տվյալ փուլերի ժամանակ դրսևորվող զգացմունքների ու վարքային դրսևորումների ճանաչումն ու ճիշտ մեկնաբանումը շատ կարևոր է արդյունավետ միջամտություն ցուցաբերելու և, ըստ անհրաժեշտության, ուղղորդելու համար։
Ընտանեկան ճգնաժամերը բաժանվում են գլխավոր երկու խմբի՝ նորմատիվային և ոչ նորմատիվային ճգնաժամեր։
Նորմատիվային ընտանեկան ճգնաժամերի հասկացումը հիմնվում է ընտանիքի՝ որպես հոմեոստատիկ և հետերոստատիկ համակարգի հայեցակարգի վրա։ Համաձայն այդ հայեցակարգի, առողջ ընտանիքը մշտապես գտնվում է ներքին կայունության պահպանման և զարգացման ու աճի հավասարակշռության մեջ, և զարգացման մեկ փուլից անցումը մյուս փուլին զուգակցվում է որոշակի համակարգային ցնցումներով և վերակառուցումներով, ինչն էլ հենց պայմանավորում է նորմատիվային ճգնաժամերը։
Ընտանիքի կենսական ցիկլի ինտեգրացված պարբերականացման համաձայն առանձնացվում են նորմատիվային 7 ճգնաժամեր՝
- ամուսնական պարտականությունների ստանձնում,
- ծնողական դերերի յուրացում և ընտանիքում նոր անդամի առկայության (երեխայի ծնունդի կամ որդեգրման) ընդունում,
- երեխաների ներգրավվածություն արտաքին սոցիալական համակարգեր,
- երեխայի՝ դեռահասություն մուտք գործելու փաստի ընդունում,
- հասունացած երեխայի տունը լքելը,
- ամուսինների նորից երկուսով մնալը,
- ամուսիններից մեկի մահվան փաստի ընդունումը։
Կարևոր է ընդգծել, որ 5-րդ և 6-րդ փուլերում հնարավոր է նաև երեխաների՝ իրենց սեփական ընտանիքը կազմելու հետ կապված ճգնաժամերի ի հայտ գալը (ընտանիքի նոր անդամների առկայություն և նոր ընտանեկան կապերի ձևավորում)։
Ոչ նորմատիվային ընտանեկան ճգնաժամը ճգնաժամի տեսակ է, որի առաջացումը պոտենցիալ հնարավոր է ընտանիքի կենսացիկլի ցանկացած փուլում և կապված է բացասական կենսական իրադարձությունների հետ։
Ռ. Հիլլն առանձնացնում է ընտանեկան ճգնաժամերի հանգեցնող երեք խումբ գործոններ՝
- արտաքին բարդություններ՝ բնակատեղի, աշխատանքի բացակայություն և այլն,
- անսպասելի իրադարձություններ, սթրեսներ՝ ընտանիքը կամ անդամներից մեկը դառնում է ավտովթարի, ահաբեկչության, բռնության, պատերազմի զոհ և այլն,
- ընտանիքի ներքին անկարողությունը՝ ադեկվատ ընկալելու և վերապրելու որևէ սպառնացող, կոնֆլիկտային կամ սթրեսային ընտանեկան իրադարձություն՝ անդամներից մեկի լուրջ հիվանդություն կամ մահ, ամուսնական դավաճանություն կամ ամուսնալուծություն և այլն։
Առավել տարածված ոչ նորմատիվային ընտանեկան ճգնաժամերն են՝
- ամուսնական դավաճանությունը,
- ամուսնալուծությունը,
- ընտանիքի անդամի ծանր հիվանդությունը,
- ընտանիքի անդամի մահը,
- բռնությունը և ինցեստը։
Մանկության տարիքի ճգնաժամեր
Բոլոր հասարակագերում երեխայի պահանջմունքների, կենսական կարիքների բավարարման առաջնային միջավայրը ընտանիքն է։ Ընտանիքից դուրս երեխայի զարգացման վրա մեծ ազդեցություն են ունենում հարաբերությունները հասակակիցների, ուսուցիչների, համայնքի այլ ներկայացուցիչների հետ։ Ուստի աշխարհում, երկրում, շրջապատում տեղի ունեցող ցանկացած իրողություն ազդեցություն է ունենում երեխայի զարգացման վրա։ Հետևաբար, երբ խոսքը գնում է ճգնաժամային իրավիճակներում երեխայի վերականգնման մասին, անհրաժեշտ է հաշվի առնել, որ աջակցող օղակ կարող է դառնալ համայնքի, երեխայի շրջապատի ցանկացած մարդ։ Երեխայի բարեկեցության, հոգեկան առողջության վերականգնումը ենթադրում է ամուր, ուժեղ, արձագանքող սոցիալական աջակցման համակարգ՝ սկսած ընտանիքից վերջացրած սոցիալական տարբեր օղակներով։
Հետևյալ գործոնները կարող են պայմանավորել երեխայի հուզական արձագանքները ճգնաժամային իրավիճակներում՝
- Ճգնաժամային, արտակարգ իրավիճակում անմիջական ներգրավվածությունը
- Նախորդող տրավմատիկ կամ սթրեսային իրավիճակները
- Սեփական մահվան կամ մտերիմի մահվան հետ կապված վախերը
- Մտերիմի, ընտանիքի անդամի, ընկերոջ, ընտանի կենդանու կորուստը
- Խնամակալներից առանձնացումը
- Ֆիզիկական վնասվածք
- Ծնողների կամ խնամակալների արձագանք
- Ընտանեկան ռեսուրսներ
- Ընտանիքի անդամների միջև եղած փոխհարաբերությունները և հաղորդակցման ձևերը
- Արտակարգ իրավիճակների և դրանց հետևանքների մասին զանգվածային լրատվության միջոցների բազմակի անդրադարձը
- Շարունակական սթրես՝ պայմանավորված առօրյայի և կենսապայմանների փոփոխությամբ
- Մշակութային առանձնահատկություններ
- Համայնքի ռեսուրսներ, տոկունություն։
Ճգնաժամային իրավիճակների հաղթահարման համար կարևոր դեր են խաղում կայունությունն ու տոկունությունը։ Կայուն են համարվում այն երեխաները, ովքեր անկախ դժվար, սթրեսածին, տրավմատիկ իրավիճակների թողած հետևանքներից կարողանում են մնալ ամուր և շարունակել իրենց զարգացումը։
Կայուն երեխաները առանձնանում են հետևյալ բնութագրիչներով՝
- Ամուր կապվածություն հոգ տանող և շրջապատող մեծահասակների և հասակակիցների հետ,
- Անկախ են և կարողանում եմ դիմել օգնության,
- Սոցիալապես կոմպետենտ են և համագործակցող շրջապատի հետ,
- Հետաքրքրասեր են և աշխարհը բացահայտող,
- Խաղում ակտիվ են,
- Հարմարվում են փոփոխությունների,
- Սովորաբար մտածում են գործելուց առաջ,
- Վստահ են, որ կարող են վերահսկել իրենց կյանքի որոշ հատվածներ,
- Ներգրավված են տարբեր հոբիներում, գործունեություններում, դրսևորում են տարբեր ընդունակություններ։
Երեխաների արձագանքները տարաբնույթ դժվարություններին կախված են ինչպես անհատական բնութագրիչներից, այնպես էլ մեծապես՝ միջավայրի գործոններից։ Երեխայի կայունության և զարգացման շարունակականությունը նրա պահանջմունքների և հնարավորությունների, ինչպես նաև դրանք բավարարող միջավայրային պաշտպանող և աջակցող գործոնների ամբողջություն է։ Սոցիալական միջավայրը կարող է պաշտպանող պատնեշ հանդիսանալ սթրեսածին գործոնների ազդեցության համար։
Մասնագետները առանձնացնում են մի քանի պաշտպանող գործոն, որոնք կարևոր են երեխայի կայունության համար՝
- Երեխան ունի ամուր, հուզական կապեր խնամակալների, ծնողների հետ, որոնք երեխային տալիս են կոմպետենտ և հետևողական խնամք
- Երեխան ունի ընտանիքից դուրս ջերմ ու ամուր կապեր (իր սոցիալ-մշակութային միջավայրից)
- Մասնակցում է և դեր ունի իրեն ծանոթ ավանդույթների և գործողությունների մեջ
- Հնարավոություն ունի ստանալու համայնքի աջակցություն (կրթական, տնտեսական և այլ հարցերում)
- Կապ ունի կրոնական ավանդույթների ու հավատքի հետ։
Հաշվի առնելով վերոնշյալը, կարևոր է կայունացնող գործոնների ուժեղացումը ճգնաժամային միջամտության պարագայում։
Մասնագետի առաջնային արձագանքներ
Ինչ պետք է հաշվի առնել, երբ աշխատում ենք ճգնաժամային իրավիճակում գտնվող երեխայի հետ։ Մի քանի կարևոր հանգամանք, որ մեծահասակները պետք է ի նկատի ունենան, երեխայի հետ համագործակցելիս՝
- Կառուցողական հարաբերությունների հաստատում։ Երեխայի հետ համագործակցելիս կարևոր է նախ լսել, հետո նոր առաջարկել լուծումներ։ Երեխան ունի իր տեսակետը, մտքերը, կարծիքը, ինչը կարևոր է հաշվի առնել։ Երեխան և դեռահասը չպետք է զգան մեծահասակի գերակայությունը, ճնշումը։
- Ցավոտ զգացողությունների արտահայտման խրախուսում։ Երեխայի հետ շփվելիս պետք է կիրառել պարզ, հասարակ, հասկանալի բառապաշար։ Անհրաժեշտ է օգնել երեխային կենտրոնանալ ներկա դժվարությունների վրա, նույնիսկ եթե դրանք նախկին երկարաժամկետ խնդիրների հետևանք են։
- Նպաստող իրադարձությունների քննարկում։ Փորձեք հասկանալ իրավիճակի ընկալումը երեխայի և ընտանիքի կողմից, ճգնաժամին նախորդող իրադարձությունների շղթան և այն դժվարությունը, որը «պայթեցրել է» իրավիճակը։
- Երեխայի և ընտանիքի ուժեղ կողմերի և կարիքների գնահատում։ Անհրաժեշտ է գնահատել, թե ընտանիքի որ անդամը կարող է լավագույնս մոբիլիզանալ՝ երեխայի օգնության հարցում։ Երբեմն նույն ընտանիքի անդամները ճգնաժամային իրավիճակում չեն կարողանում աջակցություն ցուցաբերել և թիկունք դառնալ երեխայի համար, հետևաբար այլ բարեկամները, հարազատները, ընկերները, հարևանները կարող են ավելի օգտակար լինել։
- Երեխայի և ընտանիքի առաջնայնությունների դուրս բերում։ Անհրաժեշտ է օգնել ընտանիքին լինել իրատես իրենց նպատակներում։ Երբեմն առաջնային է բժշկական օգնությունը, օրինակ, ինքնասպանության փորձից հետո, կամ երեխային հանգստացնելը ուժեղ հուզմունքից հետո։ Եթե ընտանիքը ցանկանում է հասնել վարքի փոփոխության կարճ ժամանակում, դա երբեմն անիրատես է։ Ընտանիքը երկար ճանապարհ ունի անցնելու տվյալ իրավիճակը կարգավորելու նպատակով։
- Ճգնաժամը հաղթահարելու այլընտրանքային ուղիների դուրսբերում։ Ընտանիքի հետ միասին պետք է քննարկել այն իրատեսական լուծումները, որոնք կարող են օգտակար լինել տվյալ ճգնաժամի հաղթահարման հարցում։
- Ընտանիքին և երեխային աջակցության համայնքային ռեսուրսների դուրսբերում։ Սա առաջնային գործընթացներից կարող է լինել, երբ մասանգետը արագ գտնում է ընտանիքին օգտակար ցանկացած ուղի։ Դա կարող է լինել հոսպիտալացումը, խորհրդատվության տրամադրումը, սոցիալական աջակցությունը և այլն։