Դպրոցական հոգեբանի աշխատանքը պատերազմի ժամանակ
| Կայք: | KASA Elearning Platform |
| Դասընթաց: | Հոգեբանական միջամտությունը պատերազմական իրավիճակներում |
| Book: | Դպրոցական հոգեբանի աշխատանքը պատերազմի ժամանակ |
| Printed by: | Guest user |
| Date: | երեքշաբթի, 1 սեպտեմբերի 2026, 5:03 AM |
1. Ճգնաժամային իրավիճակ դպրոցում
Ճգնաժամ, արտակարգ իրավիճակ, աղետներ, պատերազմ, դժբախտ պատահարներ։ Այս բոլորը ծայրահեղ դժվար իրավիճակներ են ոչ միայն ընտանիքի համար, այլև կրթական միջավայրի։ Բացի բնական աղետներից, ինչպիսիք են երկրաշարժը, հրդեհները, համաճարակը և այլն, սովորողները կրթական միջավայրում կարող են նաև առերեսվել բռնության, բուլինգի, մահվան, ինքնասպանության և այլ դժվար իրավիճակների հետ։ Անշուշտ, կրթական կառույցի անձնակազմը և սովորողները դրան տալիս են տարատեսակ արձագանքներ՝ հուզական անկայուն վիճակից սկսած մինչև հետտրավմատիկ սթրեսային խանգարում։ Կրթական համակարգերում ճգնաժամային միջամտությունը հնարավորություն է տալիս նվազեցնելու բացասական իրավիճակների ազդեցությունը ընդհանուր կրթական համակարգի և մեկ սովորողի մակարդակում։ Ճգնաժամային իրավիճակներում նախ և առաջ կարևորվում է սովորողների ֆիզիկական անվտանգության ապահովումը և բժշկական առաջին օգնության ցուցաբերումը, որոնց հաջորդում է հոգեբանական վիճակի գնահատումը։ Կրթական միջավայրում ճգնաժամի հաղթահարումը կարևոր է ուսումնական արդյունավետ գործընթացի, հոգեկան և ֆիզիկական առողջության ապահովման համար։ Ճգնաժամային իրավիճակների սուր ապրման կանխարգելման կամ ընդհանուր բացասական ազդեցության նվազեցման համար անհրաժեշտ է՝
• ստեղծել ապահով կրթական միջավայր
• անհապաղ արձագանքել ճգնաժամային իրավիճակներին
• համագործակցել թիմի բոլոր անդամների հետ
• համագործակցել կրթական կառույցի հետ կապված համայնքի հետ՝ ճգնաժամին տեղին և ժամանակին արձագանքելու համար
• հետևողական լինել, երբ սովորողները կամ կրթական կառույցի անդամներն աջակցության կարիք ունեն
• իրականացնել դիմակայունության ընդլայնմանն ուղղված աշխատանքներ
Պատերազմական իրավիճակներում կրթական կառույցներում կանխարգելման աշխատանքներն արդյունավետ իրականացնելու համար կառույցը պետք է նախապես ունենա ճգնաժամային իրավիճկաներին արձագանքելու հստակեցված ռազմավարություններ, որտեղ ցանկալի է առանձնացնել.
Ո՞վ, ե՞րբ և ի՞նչ պետք է իրականացնի արդյունավետ արձագանքման համար։
- Ով ի՞նչ դեր է իրականացնելու իրավիճակին արձագանքելու ընթացքում։
- Որո՞նք են այն հիմնական գործոնները, որոնք իրավիճակը կդարձնեն ավելի բարդ։
- Ինչպե՞ս իրականացնել հոգեբանական և ֆիզիկական տրավմաների գնահատում։
- Ինչպե՞ս ճանաչել այն սովորողներին և անձնակազմի անդամներին, որոնք աջակցության կարիք ունեն։
- Ի՞նչ տեսակի արձագանքման և աջակցության կարիք ունեն տուժածները։
- Ի՞նչ այլ կառույցներ պետք է ներգրավվեն աջակցության ընթացքում։
- Հետագա աջակցության և միջամտության ի՞նչ կարիքներ կան։
2. Առաջին հոգեբանական օգնությունը դպրոցում
Հոգեբանական առաջին օգնությունը դպրոցում հետազոտահեն մոտեցում է՝ ուղղված կրթական միջավայրում երեխաներին, դեռահասներին, նրանց ընտանիքներին և անձնակազմին տրամադրվող աջակցությանը ճգնաժամային իրավիճակներում։ The National Child Traumatic Stress Network և the National Center for PTSD–ը ստեղծել են ուղեցույց դպրոցներում առաջին հոգեբանական աջակցության տրամադրման վերաբերյալ։ Որպես ԱՀՕ հիմնական նպատակներ՝ ուղեցույցում առանձնացվում են.
- Ձևավորել դրական հարաբերություններ անձնակզմի և սովորողների միջև առանց ճնշման։
- Ընդլայնել ֆիզիկական և հոգեբանական ապահովության և հարմարավետության զգացումը։
- Հանգստացնել և համապատասխան ուղղորդումներ տալ այն սովորողներին և անձնակազմի անդամներին, ովքեր գերհուզական վիճակում են։
- Ուղղորդել և աջակցել այն սովորողներին և անձնակազմի անդամներին, որոնք ունեն հարցեր և հստակեցման կարիք։
- Որքան հնարավոր է, արագ կապել սովորողներին և անձնակազմի անդամներին սոցիալական աջակցություն իրականացնող կենտրոնների հետ։
- Զարգացնել սովորողների և անձնակզմի ինքնակարգավորման հմտությունները։
Կրթական կառույցներում առաջնային արձագանքումն արդյունավետ իրականացնելու համար առանձնացնում են հետևյալ փուլերը
|
Կանխարգելում |
Դպրոցները հստակ պետք է ունենան ճգնաժամային իրավիճակների կանխարգելման, սովորողների ապահովության և անվտագության ռազմավարություններ։ |
|
Նախապատրաստում |
Կրթական հաստատությունները պետք է տրամադրեն անհապաղ, տեղին և ժամանակին աջակցություն ճգնաժամերի դեպքում, որն իրականացնում են՝ • նախնական պլանավորման, •համագործակցությունների սահմանման, • անընդհատ վերանայվող ճգնաժամային պլանավորման, •անձնակազմի մշտական վերապատրաստման, • ԱՀՕ տրամադրման սկզբունքների իմացության միջոցով։ |
|
Արձագանքում |
Ճիշտ իրականացված բոլոր քայլերը հնարավորություն են տալու նվազեցնելու հնարավոր բարդացումների հավանականությունը արտակարգ իրավիճակի ազդեցությամբ։ Արձագանքման փուլում կրթական կառույցը հստակ հետևում է նախապես սահմանված պլանի և ԱՀՕ հիմնական սկզբունքներին։ Թեև ճգնաժամային իրավիճակը ենթադրում է անկանխատեսելի հետևանքներ, միևնույնն է, հստակ արձագանքման ձևերը հնարավոր են դարձնում հասանելի անվտանգ պայմանների ստեղծումը։ |
|
Վերականգնում |
Անհարաժեշտ է իրականացնել հատուկ քայլեր՝ սովորողներին, նրանց ծնողներին և մանկավարժական անձնակազմին ճգնաժամային իրավիճակից հետո աջակցելու համար։ Այս փուլում իրականանում է հոգեբանական և ֆիզիկական վնասի գնահատում և դրան համապատասխան աջակցության կազմակերպում։ Ճգնաժամային իրավիճակի վաղ փուլերը սովորաբար ամենաարդյունավետն են լինում ԱՀՕ տրամադրման համար, որից հետո անհրաժեշտ է լինում պլանավորել երկարատև աջակցությունը։ |
3. Դպրոցական հոգեբանի աշխատանքի կազմակերպումը պատերազմի ժամանակ
Աշխատանքի կազմակերպումը երեխաների հետ
Պատերազմական իրավիճակի դեպքում աշխատանքը երեխաների հետ ցանկալի է կազմակերպել անմիջապես, երբ վստահ ենք, որ ֆիզիկական անվտանգության բոլոր հարցերն արդեն կարգավորված են: Արտակարգ իրավիճակի առաջին իսկ պահերից դպրոցական հոգեբանները պետք է լինեն կապի մեջ և հասանելի երեխաների համար։ Առաջին տեղեկությունները դպրոցական հոգեբանները ստանում են ուսուցիչներից, ապա անհրաժեշտության դեպքում կապ են հաստատում ծնողների հետ՝ ավելի ուղղորդված աջակցություն իրականացնելու համար։ Որևէ երեխայի մոտ ռիսկային վարքագծի առակայության պարագայում դպրոցի հոգեբանները տեղեկացնում են ծնողներին և մանակվարժներին և ուղղորդում անհրաժեշտ աջակցության հարցում։
Դպրոցական հոգեբանների կողմից երեխաների հետ աշխատանքն իրականացվում է երկու հիմնական ձևաչափով՝ անհատական և խմբային աշխատանքներ։ Անհատական հոգեբանական խորհրդատվության անհրաժեշտություն է առաջանում այն դեպքում, երբ՝
- Սովորողների մոտ նկատելի են ուժեղ արտահայտված վախեր/տագնապներ
- Սովորողների մոտ նկատելի է ագրեսիվ վարք
- Սովորողների մոտ նկատելի է ներամփոփություն/ մեկուսացում
- Սովորողների մոտ նկատելի է ընդգծված կենտրոնացվածություն թեմայի վրա (մշտական հարցեր և խոսելու ցանկություն)
- Սովորողի ընտանիքում կա զոհ
- Սովորողի ընտանիքում կա վիրավոր
- Սովորողի ընտանիքում կա զինվոր առաջնագծում
- Սովորողը տեղահանված է
Քանի որ պատերազմը համարվում է գլոբալ աղետներից, որը ազդեցություն է ունենում բոլոր սովորողների վրա, իրականցվում են նաև խմբային հանդիպումներ, որոնց հիմնական նպատակն է լինում մեղմել երեխաների բացասական զգացողությունները իրավիճակի հետ կապված, ինչպես նաև ստեղծել ապահով միջավայր հուզական ինքաարտահայտման համար։ Խմբային աշխատանքների ընթացքում երեխաները նաև ձեռք են բերում ինքնակարգավորման մեխանիզմներ և հմտություններ։
Երեխաների հետ խմբային աշխատանքն ունի հետևյալ կառուցվածքը՝
- Նկարագրություն, թե ինչպես են իրենք արձագանքում արտակարգ իրավիճակներին
- Իրավիճակի մասին բացատրություն՝ տարիքին համապատասխան ձևով և բառապաշարով
- Զրույց այն մասին, թե ինչ են երեխաները պատկերացնում՝ ինչ հիմա կատարվում
- Ապահովության զգացման փոխանցում
- Ինքնակարգավորման մեխանիզմների ուսուցանում
- Հետագա կարիքների վերհանում
- Ըստ վերհանված կարիքի՝ հետագա թիրախավորված խմբային աշխատանքների իրականացում
Երեխաների հետ աշխատանքների կազմակերպման ընթացքում կարևոր է հնարավորություն տալ երեխաներին արտահայտվելու և քննարկելու իրենց հուզող բոլոր հարցերը։ Խմբային աշխատանքները պետք է հստակ կազմակերպված լինեն նախապես։ Նույնիսկ երբ իրականացվում է բաց քննարկում, այն հստակ պետք է ուղղորդվի դպրոցական հոգեբանի կամ մանկավարժի կողմից։
Աշխատանք ուսուցիչների հետ
Մանկավարժական անձնակազմը հաջորդ մեծ խումբն է, որի հետ աշխատում են դպրոցական հոգեբանները։ Հատկապես պատերազմական իրավիճակի դեպքում ուսուցչական խումբն առավել, քան երբևէ ունի աջակցության և ուղղորդման կարիք։ Ինչպես աշակերտների, այնպես են մանկավարժական անձնակազմի հետ կան աշխատանքի հիմանական երկու ձևաչափեր՝ անհատական և խմբային։ Ուսուցիչների հետ անհատական աշխատանքի իրականացումը կարևոր կլինի իրականացնել հետևյալ դեպքերում՝
- Ուսուցչի մոտ առկա է գերհուզականություն
- Ուսուցիչը դժվարանում է արձագանքել երեխաների կողմից տրվող հարցերին անձնական պատճառներով
- Ուսուցչի ընտանիքում կա զոհ
- Ուսուցչի ընտանիքում կա վիրավոր
- Ուսուցչի ընտանիքում կա հարազատ առաջնագծում
Խմբային աշխատաննքերը կարող են ներառել ուսուցիչների ինքնախնամքի նպատակով իրականացող աջակցման խմբերը և իրազեկող-լուսավորչական իրազեկող հանդիպումները, որոնց ընթացքում ուսուցիչները ստանում են ուղղորդումներ աշակերտների հետ աշխատանքի ըթնացքում։
Դպրոցական հոգեբանի կողմից իրականացվող լուսավորչական աշխատանքները կարող են ուղղված լինել՝
- Սովորողների հնարավոր հակազդումներին ծանոթացնելուն
- Պատերազմական իրավիճակում երեխաների հետ խոսելու առանձնահատկությունների վերաբերյալ իրազեկելուն
- Առաջին հոգեբանական աջակցության առանցքային կետերին
- Ծնողների հետ աշխատանքի հիմնական յուրահատկություններին
Դպրոցական միջավայրում մակավարժները պետք է տիրապետեն արձագանքման մի քանի կարևոր կողմերի՝ երեխաներին առավել արդյունավետ ուղղորդելու և աջակցելու համար։ Ստորև ներկայացվող քայլաշարը հնարավորություն կտա դասավանդողներին առավել արդյունավետ աշխատել պատերազմական գործողություններից տուժած երեխաների և դեռահասների հետ։
- Հասկանալ և ճանաչել բոլոր սթրեսածին գոծոնները։ Պատերազմական գործողություններից տուժած երեխաները հաճախ զգայուն են տարատեսակ ազդակների հանդեպ՝ ելնելով իրենց բացասական փորձից։ Կարևոր է, որ մանկավարժները ճանաչեն այն հիմնական գործոնները, որոնք կարող են առաջացնել ոչ ցանկալի հիշողություններ ու ապրումներ սովորողների մոտ և հնարավորինս դրանք բացառեն։ Կարևոր է հաշվի առնել, որ հոգեբանական դրսևորումները կարող են տևական լինել և նույնիսկ արտահայտված լինեն ամիսների ընթացքքում։
- Հասկանալ պատերազմական իրավիճակի ազդեցությունը դպրոցական ֆունկցիոնալության վրա։ Ծայրահեղ սթրեսը, տրավմատիկ իրադարձությունները մեծ ազդեցություն են թողնում ուշադրության կենտրոնցման, հիշողության, մտածողության, սոցիալական հարաբերությունների կառուցման վրա։ Բացի սրանից սուր սրթեսային վիճակներն առաջացնում են տագնապ, անհանգստություն, վախի և բարկության զգացողություններ, մեկուսացման ցանկություն։ Դրանք անդրադառնում են վարքի դրսևորոումների վրա ևս և նկատելի են լինում կակազություն, գերարագացված կամ դանդաղած արձագանքներ, ագրեսիվություն, վարքային խնդիրներ։ Այս բոլոր դրսևորումներն իրենց բացասական ազդեցությունն են թողնում ուսումնական գործունեության իրականացման վրա։ Այս փուլում որպես կանոն սովորողների մոտ
- Ուսումնական առաջադիությունը կտրուկ նվազում է,
- երեխաները սովորում են ընդհատումներով,
- ունենում են անհաջողություններ իրենց համար կարևոր և սիրելի առարկաներում,
- կորցնում են սովորելու հանդեպ արտահայտված հետաքրքրությունը,
- դժվարանում են նույնիսկ ամենապարզ առաջադրանքները կատարելիս,
- դժվարություններ են ունենում պատճառահետևանքային կապեր տալիս և այլն։
- Լինել ուշադիր ընտանեկան դժվարությութնների հանդեպ։ Պատերազմի արդյունքում սովորաբար երեխայի ամբողջ շրջապատը կրում է դրա բացասական ազդեցությունը, ընտանիքն այդ թվում։ Ընտանիքում տեղի ունեցող փոփոխությունները շատ էականորեն կարող են անդրադառնալ երեխաների հոգեհուզական վիճակի վրա։ Սա է պատճառը, որ ցանկալի է մշտապես տեղեկացված լինել ընատնիքից՝ անհրաժեշտության դեպքում արագ և ուղղորդված աջակցություն ցուցաբերելու համար։ Հատկապես տեղահանված ընտանիքների պարագայում երեխաների հարմարումն ու կրթական գործընթացի վրեսկսումը շատ մեծ բարդությամբ է տեղի ունենում, քանի որ բացի պատերազմական գործողությունների սթրեսային իրավիճակից, ընտանիքը ստիպված է հարմարվել կյանքի լրիվ նոր պայմաններին։ Այս դեպքում կարևոր կլինի, որ ուսուցիչները հստակ աջակցեն երեխաներին և ընտաիքներին աջակցության աղբյուրներ գտնելու հարցում։
- Տեղահանված երեխաների դեպքում կարևոր է հաշվի առնել՝
- Երեխաները հարմարվում են կյանքի նոր պայմաններին։
- Երեխաներն ունեն լեզվական դժվարություններ։
- Երեխաները դժվարությամբ եմ պատկերացնում դպրոցի կառուցվածքը։
- Սովորողները դժվարությաբ են դիմում աջակցության, նույնիսկ շատ խիստ անհրաժեշտության դեպքում։
- Սովորողները նոր են սկսում ծանոթանլ դպրոցական կանոններին և նորմերին։
- Նույնիսկ դասացուցակին ծանոթանալ ու դրանով առաջնորդվելը տեղահանված երեխաների համար դժվարություն է և հարմարման խնդիրներ է առաջացնում։
- Կենտրոնանալ երեխայի և ընտաիքի դրական և ուժեղ կողմերի վրա։ Սովորողները միշտ ունեն դրական և հետաքրքրիր կողմեր, որոնք բարդ իրավիճակներում կարող են միայն աջակցող լինել։ կարևոր է, որ մանկավարժները կարողանանան դրանք վերհանել և օգտագործել երեխաներին հարմարումը նոր պայմաններին ավելի սահուն իրականացնելու համար։ Նման դեպքում անհրաժեշտ է խրախուսել, որո երեխաները կարողանան կիսվել իրենց հմտություններով հասակակիցների հետ։ Այս գործընթացում ընտանիքի ներգրավվածությունը կարող է միայն օգտակար լինել և էլ ավելի նպաստել հարմարանը։ Այս դեպքում շատ աջակցող են ընտանեկան թեյախմությունները, ընտանեկան միջոցառումները։
- Ուշադիր լինել բուլինգի և ճմնշման ցանկացած դրսևորման հանդեպ։ Պատերազմական իրավիճակի արդյունքում մեծանում է հուզական լարվածությունը, որը կարող է երեխաների մոտ առաջացնել անվերահսկելի բացասական վարք, որն էլ իր հերթին առաջացնում է բուլինգի կամ բացասական փոխադարձ վերաբերմունքի մեծ վտանգ։ Պետք է հստակորեն դադարեցնել նման բոլոր դրսևորումները։
Աշխատանք ծնողների հետ
Դպրոցական հոգեբանի գործառույթներում ներառված է ծնողների հետ աշխատանքը։ Անշուշտ, պատերազմական իրավիճակների ընթացքում ծնողներին ուղղված աջակցությունը մի քանի անգամ ավելանում է։ Սրա հիմնական նպատակն այն է, որ երեխաներին տրվող աջակցությունը լինի համակողմանի և հնարավորինս արդյունավետ։
Կարևոր ուղղորդումներ, որոնք կարող ենք ներկայացնել ծնողներին երեխաներին աջակցելու համար՝
- Ընդգծել, որ չնայած մենք չենք կարող վերահսկել այն ամենը, ինչ տեղի է ունենում, շատ մեծահասակներ խորապես հոգ են տանում երեխաների մասին և կանեն ամեն ինչ, որպեսզի ապահովեն նրանց անվտանգությունը:
- Լինել օրինակ հանգստության և վերահսկողության պահպանման: Երեխաներին ավելի հեշտ է տրվում վերահսկողությունը, երբ նրանց շրջապատի մեծահասակները հանգիստ ու կայուն են լինում: Երեխաները հաճախ հետևում են մեծերին, որ հասկանան, թե ինչպես արձագանքել և/կամ հաղթահարել սթրեսային իրավիճակը։
- Ընդունել, որ հաճախ դժվար է իմանալ, թե ինչ պետք է ասել: Երբ ուրիշ բառեր չեն գալիս, ասե՛ք, օրինակ՝ <<Գիտեմ՝ սա իսկապես դժվար է քեզ/մեզ համար>>: Ցո՛ւյց տվեք, որ ձեզ ևս դուրս չի գալիս այն, ինչ կատարվում է, և դուք ևս ունեք բացասական զգացողություններ։ Փորձե՛ք ճանաչել և ընդունել երեխաների գործողությունների հիմքում ընկած զգացմունքները և արտահայտել դրանք բառերով: Դուք կարող եք ասել․ <<Ես տեսնում եմ, որ դու իսկապես վախենում ես այս իրավիճակից>>, կամ <<Դժվար է մտածել, որ սիրելիները հանկարծ կարող են հեռու լինել>>։ Վստա՛հ եղեք, որ ճիշտ եք մեկնաբանում երեխաների հույզերը։
- Հիշել, որ նորմալ է ասել <<չգիտեմ>>, երբ երեխաները հարցեր են տալիս այն մասին, թե երբ կավարտվի պատերազմը: Մատնանշե՛ք, թե որքան հիասթափեցնող է անորոշությունը՝ ասելով՝ <<Պատկերացնում եմ՝ որքան դժվար է չունենալ բոլոր պատասխանները։ Ես էլ չգիտեմ այս պահին>>:
- Խրախուսել դպրոցական աշխատանքները և արտադասարանային գործունեությունը, բայց մի՛ պարտադրեք, եթե զգում եք, որ երեխաները ծանարբեռնված են։
- Պահպանել կանոնավոր օրվա ռեժիմ և խրախուսել առողջ սնունդը, քունը և ֆիզիկական ակտիվությունները:
- Սահմանել կանոններ հեռուստատեսության և սոցիալական ցանցերի դիտման շուրջ, քանի որ դրա չարաշահումը կարող է միայն մեծացնել վախերը: Ավելորդ ժամանակը սոցիալական ցանցերում կարող է բացասական ազդեցություն ունենալ երեխաների հոգեկան առողջության վրա՝ մեծացնելով նրանց սթրեսը, անհանգստությունը։ Դա կարող է հանգեցնել դպրոցի առաջադիմության խնդիրների ևս: Կարևոր է դիտել նորությունները երեխայի հետ, որպեսզի կարողանաք քննարկել իրավիճակը փաստացի, վստահեցրե՛ք և վերահսկե՛ք նրանց արձագանքները:
- Սովորեցրել երեխաներին ինքնակարգավորման միջոցներին սթրեսի ժամանակ: Որոշ ռազմավարություններ ներառում են մեդիտացիաներ և խորը շնչառություն, ուղղորդված մկանային ռեալաքսացիա, օրագրում, գունավորում, հանելուկներ, հանգստացնող երաժշտություն լսել և ֆիզիկական ակտիվություն ունենալ (օրինակ՝ քայլել, յոգա, վարժություններ), ժամանակ անցկացնել ուրիշների հետ և զրուցել ընկերոջ կամ մեծահասակների հետ այն մասին, թե ինչ է տեղի ունենում կամ ինչ են զգում:
- Կապի մեջ լինել երեխայի դպրոցի հետ: Դպրոցները ապահով ու դրական վայր են երեխաների համար՝ իրենց զգացողություններն ու փորձառությունը կիսելու ընկերների և ուսուցիչների հետ: Տեղեկացրե՛ք երեխայի ուսուցչին, եթե ունեք մտահոգություններ:
4. Գրականության ցանկ
- Խանամիրյան Ի., Գևորգյան Դ., Ադամյան Հ., Աղաբեկյան Լ., Աբրահամյան Տ., Հոգեսոցիալական աջակցություն երեխաներին եվ ծնողներին (ձեռնարկ աջակցող մասնագետների համար), Եր, Զանգակ, 2021
- Խանամիրյան Ի., Գևորգյան Դ., Ադամյան Հ., Աղաբեկյան Լ., Աբրահամյան Տ., «Ընտանեկան ճգնաժամային միջամտություն» ( ձեռնարկ նախատեսված հոգեբանների, սոցիալական աշխատողների), Եր, Զանգակ, 2022
- Խանամիրյան Ի., Գևորգյան Դ., Երեխան և հոգետրավման, ձեռնարկ աջակցող մեծահասակների համար, Եր․։ ԵՊՀ հրատ, 2017, 70 էջ:
- Boon, H. J., Brown, L. H., Tsey, K., Speare, R., Pagliano, P., Usher, K., & Clark, B. (2011). School disaster planning for children with disabilities: A critical review of the literature. International Journal of Special Education, 26, 1–14
- Brymer M., Taylor M., Escudero P., Jacobs A., Kronenberg M., Macy R., Mock L., Payne L., Pynoos R., & Vogel J. Psychological first aid for schools: Field operations guide,