Կրթության հոգեբանի աշխատանքի կազմակերպումը սովորողների ծնողների հետ
| Կայք: | KASA Elearning Platform |
| Դասընթաց: | Կրթության հոգեբանների աշխատանքի կազմակերպում |
| Book: | Կրթության հոգեբանի աշխատանքի կազմակերպումը սովորողների ծնողների հետ |
| Printed by: | Guest user |
| Date: | երեքշաբթի, 1 սեպտեմբերի 2026, 3:59 AM |
Ծնողների հետ աշխատանքի ուղղություններ
Երեխաների դաստիարակության և զարգացման հարցերում անգնահատելի է ծնողների ունեցած ազդեցությունը, ուստի սովորողների առողջ զարգացման և ուսուցման համար արդյունավետ միջավայրի ստեղծման նպատակով իրականացվող աշխատանքների ընթացքում կրթության հոգեբանը աշխատում է նաև սովորողների ծնողների հետ։
Կրթական համակարգում ծնողների հետ հնարավոր է աշխատել և՛ անհատական, և՛ խմբային ձևաչափերում՝
Ինչպես երևում է գծապատկերից, խմբային հանդիպումներն իրենց հերթին կարող են տարբեր ձևաչափերով իրականացվել՝ դասախոսություններ, թրեյնինգներ, քննարկումներ, փոխօգնության խմբեր և այլն։ Այս ձևաչափերով աշխատանքները կրթության հոգեբանը կարող է կազմակերպել նաև ծնողական ժողովների ժամանակ։ Թե՛ անհատական, թե՛ խմբային աշխատանքները կարող են կազմակերպվել և առկա (դեմ առ դեմ), և հեռավար (առցանց, հեռախոսով) տարբերակներով: Ըստ կարիքի, հնարավոր է նաև համատեղել այս երկու ձևաչափերը։
Կրթության հոգեբանի աշխատանանքները ծնողների հետ իրականացվում են հետևյալ ուղղություններով․
Հոգեկրթում (լուսավորում)
Հոգեկրթող կամ լուսավորչական աշխատանքի նպատակն է երեխայի զարգացման, դաստիարակության և ուսուցման, արդյունավետ ծնողավարման հարցերի շուրջ ծնողներին գիտականորեն հիմնավորված և կիրառելի տեղեկատվություն տալը։ Հոգեկրթող աշխատանքները կարող են իրականացվել թե՛ անհատական, թե՛ խմբային ձևաչափերով։ Այդ նպատակով կրթության հոգեբանը կարող է․
-
-
Կազմել և ծնողներին տրամադրել իրազեկող նյութեր (օրինակ՝ տեղեկատվական թերթիկներ, հուշումներ ծնողներին, տեսահոլովակներ և այլն)։ Դրանք կարող են տրամադրվել տպագիր կամ առցանց տարբերակներով։ Կրթության հոգեբանի կողմից կազմված իրազեկող նյութերից բացի կարելի է ծնողներին տրամադրել նաև համապատասխան գրականության ցանկ։
-
Մշակել և իրականացնել խմբային հանդիպումներ։ Դրանք կարող են իրականացվել սեմինարների, կլոր սեղան քննարկումների, դասախոսությունների և այլ ձևաչափերով։
-
Նման իրազեկող նյութերը կամ խմբային քննարկումները կրթության հոգեբանը կարող է պատրաստել տարբեր թեմաներով, ինչպես օրինակ․
-
-
Ո՞վ է կրթության հոգեբանը, ինչո՞վ է նա զբաղվում, ե՞րբ և ի՞նչ հարցերով դիմել կրթության հոգեբանին։ Շատ ցանկալի է, որ այս թեմայով քննարկումը կամ իրազեկող նյութը ծնողներին տրամադրվի տվյալ կրթական հաստատությունում երեխայի ընդունելության հենց սկզբնական շրջանում, որպեսզի ծնողները բավարար տեղեկատվություն ունենան կրթության հոգեբանի աշխատանքի մասին, իրազեկված լինեն իրենց երեխաների հետ կրթության հոգեբանի կողմից իրականացվող աշխատանքների մասին, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, կարողանան օգտվել այս ծառայություններից։
-
Երեխաների տարիքային զարգացման առանձնահատկություններ։
-
Աջակցություն ուսումնական գործընթացին։
-
Սովորողի հարմարումը կրթական հաստատությանը։
-
Արդյունավետ շփում երեխայի հետ։
-
Մանկական կամակորություններ։
-
Արձագանք երեխայի անցանկալի վարքին։ Արդյունավետ պատիժ և խրախուսանք։
-
Պատրաստվածություն դպրոցին։
-
Ծնողներին արձագանքը երեխաների տագնապներին ու վախերին։
-
Ինքնուրույնության զարգացումը երեխաների մոտ։
-
Երեխան և համացանցը։ Ինչպե՞ս օգտվել առանց վնասվելու։
-
Երեխաների փոխհարաբերություններ կամ ինչպե՞ս արձագանքել քույր-եղբայր կոնֆլիկտներին։
-
Մանկական ագրեսիա։ Ի՞նչ, ինչու՞, ինչպե՞ս արձագանքել և այլն։
-
Ինչպե՞ս խոսել երեխայի հետ սեռին և սեռականությանն առնչվող հարցերի շուրջ։
-
Ինչպե՞ս խոսել երեխայի հետ մահվան և կորստի մասին։
-
Ծնողների հետ իրականացվող լուսավորչական աշխատանանքները հատկապես կարևոր են նաև արտակարգ իրավիճակներում։ Այս դեպքերում կարևոր է իրազեկել ծնողներին այն մասին, թե․
-
-
Ինչպե՞ս են երեխաները հակազդում արտակարգ իրավիճակին, ի՞նչ դրսևորումներ կարող են նկատվել նրանց մոտ այս իրավիճակում,
-
-
-
Երեխաների հակազդումներից որո՞նք են պայմանավորված իրավիճակով և ո՞ր դրսևորումների դեպքում է անհրաժեշտ դիմել հոգեբանի մասնագիտական օգնության:
-
Ինչպե՞ս կարող են ծնողները արդյունավետ արձագանքել երեխաների այս հակազդումներին:
-
Ինչպե՞ս պատասխանել արտակարգ իրավիճակի հետ կապված երեխաների հարցերին և այլն:
-
Լուսավորչական աշխատանքների թեմաները ոչ միայն հիմնվում են կրթական հաստատությունում առկա կարիքների վրա, այլ կարող են նաև առաջադրվել ծնողական համայնքի կողմից։
Կանխարգելող և զարգացնող բնույթի աշխատանքներ
Նախորդ բաժնում նշված իրազեկող նյութերի տրամադրումը կամ դրանց վերաբերյալ հանդիպումների անցկացումը հաճախ իրազեկելուց բացի նաև կանխարգելող նպատակ է հետապնդում։ Այսպես օրինակ, երբ ծնողներին իրազեկում ենք երեխաների տարիքային զարգացման առանձնահատկությունների, սպասվող դժվարությունների, դրանց արձագանքման կամ երեխաների հետ արդյունավետ շփման մասին, մենք կարողանում ենք նախապատրաստել ծնողներին հնարավոր փոփոխություններին և կանխել հետագա լուրջ դժվարությունների առաջացումը։
Եթե նման խմբային քննարկումներն ուղեկցվում են գործնական առաջադրանքներով, վարժություններով, դերային խաղերով, որոնք միտված են ծնողավարման, երեխաների վարքին արդյունավետ արձագանքման հմտությունների զարգացմանը, այս դեպքում իրազեկող աշխատանքները նաև զարգացնող բնույթ են կրում։
Այսպես օրինակ, խմբային իրազեկող հանդիպման ժամանակ ոչ միայն տեսական նյութ է ներկայացվում երեխաների հետ արդյունավետ շփման վերաբերյալ, այլ նաև իրականացվում են կոնկրետ առաջադրանքներ ծնողների արդյունավետ արձագանքման հմտությունների զարգացման ուղղությամբ։ Նման զարգացնող հանդիպումները սովորաբար ավելի արդյունավետ են, երբ դրանք երկարաժամկետ բնույթ են կրում։ Այս նպատակով կրթության հոգեբանը կազմում է ծնողավարման հմտությունների զարգացմանն ուղղված թրեյնինգային ծրագիր, որն իր մեջ պարունակում է թե՛ տեսական նյութ, թե՛ գործնական առաջադրանքներ, իրավիճակների քննարկումներ, դերային խաղեր, տնային հանձնարարություններ և այլն։
Ծնողների հետ իրականացվող զարգացնող աշխատանքները կարող են ուղղված լինել նաև նրանց ինքնակարգավորման հմտությունների զարգացմանը։ Երեխայի հոգեկան առողջությունն ու հոգեվիճակը անմիջականորեն կապված են ծնողների հոգեվիճակից, հուզականության դրսևորումներից, արձագանքներից, հետևաբար երեխայի մասին հոգ տանելու համար կարևոր է նախ հոգալ սեփական անձի մասին:
Հատկապես բարդ իրավիճակներում կարևոր է օգնել ծնողներին զարգացնել ինքնակարգավորման, հուզական վիճակների արդյունավետ կառավարման հմտությունները: Այս նպատակով կարող են իրականացվել թե՛ անհատական, թե՛ խմբային հանդիպումներ՝ ուղղված շնչառական վարժությունների, մկանային ռելաքսացիաների և այլ ինքնակարգավորող մեթոդների ուսուցմանը: Նման աշխատանքներ կատարելու անհրաժեշտությունը հատկապես մեծանում է արտակարգ իրավիճակներում, երբ ծնողների մոտ կարող են նկատվել տարբեր հուզական հակազդումներ։
Հոգեախտորոշում և խորհրդատվություն
Ծնողների հետ աշխատանքում կրթության հոգեբանն իրականացնում է նաև ախտորոշիչ աշխատանքներ։ Հիմնականում դա իրականացվում է ծնողական հարցաթերթի միջոցով, որը պարունակում է երեխայի զարգացման և առանձնահատկությունների մասին կարևոր տեղեկություններ։
Ծնողական հարցաթերթը տրվում է ծնողին այն պահին, երբ երեխան ընդունվում է տվյալ կրթական հաստատություն։ Ծնողի կողմից այն լրացնելուց առաջ կարևոր է նրան տեղեկացնել, որ հարցաթերթում նշված տեղեկությունները գաղտնի են պահվում կրթության հոգեբանի կողմից և կիրառվում են երեխայի հետ իրականացվող աշխատանքներն առավել արդյունավետ դարձնելու նպատակով։
Ծնողական հարցաթերթը բաղկացած է հետևյալ բաժիններից․
-
Անձնական տվյալներ
-
-
Երեխայի անուն, ազգանուն
-
Ծննդյան ամսաթիվ
-
Ընտանիքի կազմ (թվարկել ընտանիքի անդամներին)
-
Որերորդ երեխան է ընտանիքում
-
Ծնողների անուն ազգանուն, կոնտակտային տվյալներ
-
-
Տեղեկություններ երեխայի զարգացման վերաբերյալ
-
-
Ինչպե՞ս է ընթացել հղիության շրջանը:
-
Ինչպիսի՞ վաղ զարգացման առանձնահատկություններ է ունեցել երեխան (քուն, սնունդ, խնամք և այլն):
-
Ե՞րբ է խոսել:
-
Ե՞րբ է քայլել:
-
Ունեցե՞լ է արդյոք լուրջ առողջական խնդիրներ կամ բժշկական միջամտություն պահանջող հիվանդություններ:
-
Ի՞նչ առանձնահատկություններ է ունեցել նախադպրոցական տարիքում:
-
Ինչպե՞ս է երեխան հարմարվել նախադպրոցական հաստատությանը (եթե գնացել է մինչ այդ պահը):
-
Ի՞նչ առանձնահատկություններ է ունեցել կրտսեր դպրոցական տարիքում:
-
Ինչպե՞ս է երեխան հարմարվել դպրոցին (եթե գնացել է մինչ այդ պահը):
-
-
Փոխհարաբերություններ
-
-
Ինչպիսի՞նն են ընտանեկան փոխհարաբերությունները։
-
Ո՞ւմ հետ է մտերիմ երեխան։
-
Նկարագրե՛ք երեխայի փոխհարաբերությունները ընտանիքի բոլոր անդամների հետ առանձին-առանձին։
-
Ինչպիսի՞նն են երեխայի փոխհարաբերություններն իր հասակակիցների հետ։
-
-
Ծնողավարման մոտեցումներ
-
-
Ի՞նչ պարտականություններ ունի երեխան տանը։
-
Ինչպե՞ս եք արձագանքում երեխայի անցանկալի վարքին։
-
Ի՞նչ պատիժներ եք կիրառում։
-
Ինչպե՞ս եք խրախուսում երեխային։
-
-
Հատուկ, նշանակալի իրադարձություններ
-
-
Ի՞նչ հատուկ, նշանակալի իրադարձություններ են տեղի ունեցել երեխաների կյանքում։
-
-
-
-
Տեղափոխություն այլ երկիր։
-
Մտերիմի կորուստ, մահ։
-
Ամուսնալուծություն։
-
Ընտանիքի անդամի ծանր հիվանդություն։
-
Բռնություն և այլն:
-
-
-
-
Եթե տեղի է ունեցել նման իրադարձություն, խնդրում ենք մանրամասնել, թե երբ է դա տեղի ունեցել, ինչպես է երեխան արձագանքել և այլն:
-
-
Երեխայի ներկայի մասին
-
-
Ի՞նչ հետաքրքրություններ, նախասիրություններ ունի երեխան:
-
Ի՞նչ ընտանեկան, համատեղ ժամանցի ավանդույթներ կան երեխայի ընտանիքում:
-
Ի՞նչ լրացուցիչ խմբակների է հաճախում երեխան:
-
Ունի՞ արդյոք ընկերներ:
-
Ունի՞ արդյոք երեխան հոգեբանական խնդիրներ, դժվարություններ: Երբևէ՞ հաճախել է հոգեբանի, նյարդաբանի կամ հոգեբույժի մոտ: Եթե այո՝ մանրամասնել:
-
Վերոհիշյալ հարցերը կարելի է ձևափոխել, համալրել կամ օգտագործել հատկապես այն հարցերը, որոնք կիրառելի են տվյալ կրթական հաստատության համար։
Անհրաժեշտության դեպքում, կրթության հոգեբանը կարող է կիրառել նաև այլ հոգեախտորոշիչ մեթոդներ, օրինակ՝ ծնող-երեխա փոխհարաբերությունների բացահայտման, ծնողավարման ոճերի բացահայտման նպատակով:
Ծնողների հետ կրթության հոգեբանն իրականացնում է նաև խորհրդատվական աշխատանքներ՝ ծնող-երեխա փոխհարաբերությունների, ուսումնական ու դաստիարակչական հարցերի, երեխաների հոգեբանական դժվարությունների շուրջ: Կրթության հոգեբանը չի իրականացնում հոգեբանական խորհրդատվություն ծնողների անձնական խնդիրների շուրջ:
Արտակարգ իրավիճակներում երեխայի ծնողների հետ աշխատելու անհրաժեշտություն կարող է լինել նաև այն դեպքերում, երբ երեխան հանգամանքների բերումով տեղափոխվել է այլ կրթական հաստատություն: Այս դեպքում երեխային կրթական հաստատությունում ներառելուց առաջ կարևոր է հանդիպել երեխայի ծնողների կամ խնամակալների հետ և ճշգրտել հետևյալ տեղեկատվությունը՝
-
-
Ե՞րբ են տեղափոխվել։
-
Ի՞նչ է տեղի ունեցել երեխայի հետ։ Ի՞նչ է տեսել, ի՞նչ է լսել, ի՞նչ առնչություն է ունեցել արտակարգ իրավիճակի հետ:
-
Ինչպե՞ս է երեխան արձագանքել վերոհիշյալ իրավիճակներում։
-
Ինչպե՞ս են արձագանքել երեխայի ծնողները կամ նրան շրջապատող մյուս մեծահասակները:
-
Ի՞նչ գիտի երեխան ներկա վիճակի մասին։
-
Ինչպիսի՞նն է ընտանիքի ներկա իրավիճակը (բավարարված են ընտանիքի առաջնային կարիքները, կա արդյոք զոհ, վիրավոր և այլն)։
-
Ի՞նչ պլաններ ունի ընտանիքը:
-
Ամփոփում
Այսպիսով, ծնողների հետ իրականացվող կրթության հոգեբանի աշխատանքում կարելի է առանձնացնել մի քանի հիմնական նպատակ.
-
Օգնել ծնողներին ինքնաճանաչման, ինքնակառավարման, ինքնախնամքի հմտությունների զարգացման հարցերում: Երեխան երջանիկ կարող է լինել միայն երջանիկ ընտանիքում: Հետևաբար երեխայի մասին հոգ տանելու համար կարևոր է նախ հոգալ սեփական անձի մասին: Կրթության հոգեբանն աջակցում է ծնողներին ինքնակառավարման, հույզերի և սթրեսի կառավարման հմտությունների զարգացման հարցերում:
-
Իրազեկել և ուղղորդել ծնողին երեխայի առողջ և համակողմանի զարգացման համար նպաստավոր պայմանների ստեղծման հարցերում: Կրթության հոգեբանը իրազեկում է ծնողներին երեխայի զարգացման օրինաչափությունների, դաստիարակության ոճերի, ծնող-երեխա արդյունավետ փոխհարաբերությունների և այլնի մասին և, ըստ անհրաժեշտության, ուղղորդում է նրանց դաստիարակությանն առնչվող տարբեր հարցերում:
-
Օգնել գիտակցել ընտանեկան փոխհարաբերությունների ազդեցությունը երեխայի հոգեվիճակի, ինքնազգացողության և վարքի վրա: Կրթության հոգեբանը ցույց է տալիս ծնողական ոճերի, արձագանքների ազդեցությունը երեխայի վարքի և զգացողությունների վրա: Իհարկե, անհրաժեշտ է զգոն լինել ծնողների մոտ մեղքի զգացում չառաջացնելու կամ այն չսրելու համար, այլ հրավիրել նրանց համագործակցության երեխային հասկանալու և աջակցելու հարցերում: Մասնագետն օգնում է նաև ծնողին գիտակցել սեփական մանկական փորձի, ծնողների հետ փոխհարաբերությունների ազդեցությունն իր դաստիարակության մոտեցումների և երեխաների հետ փոխհարաբերությունների վրա:
-
Զարգացնել արդյունավետ ծնողավարման հմտությունները: Կրթության հոգեբանը աջակցում է ծնողներին դրական, գիտակից ծնողավարության, փոխադարձ հարգանքի և երեխայի հանդեպ սիրո վրա հիմնված փոխհարաբերությունների ձևավորման հարցերում:
-
Ծնողի հետ համագործակցության միջոցով առավել արդյունավետ դարձնել երեխայի հետ կատարվող աշխատանքները: Երեխայի հետ արդյունավետ աշխատելու համար կրթության հոգեբանը ծնողից հավաքագրում է անհրաժեշտ տեղեկատվությունը երեխայի և ընտանիքի վերաբերյալ, մշտապես կապի մեջ է լինում ծնողի հետ՝ տեղեկացնելով նրան առաջացած դժվարությունների ծագման և հաղթահարման վերաբերյալ: Ծնողի հետ արդյունավետ համագործակցությունը հնարավորություն է ընձեռում համապատասխանեցնելու, նույնատիպ, իրար չհակասող մոտեցում մշակելու երեխայի այս կամ այն արարքի շուրջ՝ ստեղծելով երեխայի զարգացման համար նպաստավոր պայմաններ:
-
Իր աշխատանքի ընթացքում կրթության հոգեբանը օգնում է կրթական հաստատությանը սերտ համագործակցային կապ պահպանել սովորողների ընտանիքների ու ծնողների հետ։