Կրթության հոգեբանի աշխատանքը ուսումնական մոտիվացիայի խթանման հարցում
| Կայք: | KASA Elearning Platform |
| Դասընթաց: | Կրթության հոգեբանների աշխատանքի կազմակերպում |
| Book: | Կրթության հոգեբանի աշխատանքը ուսումնական մոտիվացիայի խթանման հարցում |
| Printed by: | Guest user |
| Date: | երեքշաբթի, 1 սեպտեմբերի 2026, 3:59 AM |
1.
Ուսումնական մոտիվացիան դրդապատճառների / մոտիվների համակարգ է, որը դրդում է անձին ուսումնական գործունեության։ Այն իր մեջ ներառում է․
-
-
Ճանաչողական պահանջմունքներ
-
Նպատակներ
-
Հետաքրքրություններ
-
Ձգտումներ
-
Իդեալներ
-
Մոտիվացիոն դիրքորոշումներ
-
Մոտիվացիան խիստ էական է ուսուցման համար, քանի որ վերջինս գիտակցական և կանխամտածված ակտիվություն, ուշադրություն և ջանքեր պահանջող գործընթաց է։ Շատ կարևոր է, որ սովորեցնողներն ու ուսումնական գործընթացում ներգրավված անձինք կարողանան տրամադրել այնպիսի ուսուցողական համատեքստ, որում աշակերտները մոտիվացված կլինեն մասնակցելու արդյունավետ և ակտիվ կերպով։
Ընդհանուր առմամբ, կարելի է տարբերակել ներքին և արտաքին մոտիվներ։
Արտաքին մոտիվները դրդում են մարդուն մի բան անել արտաքին ազդակների միջոցով։ Դրանք կապված են արտաքին, լրացուցիչ խթանման կամ խրախուսանքի հետ, որոնց հասնելու նպատակով երեխան սովորում է։ Այսպես կրթական համակարգերում լայնորեն կիրառվում է «Ժետոնային համակարգ» մոտեցումը, որի սահմաններում սովորողը ստանում է տարբեր խրախուսանքներ որևէ առաջադրանք կատարելու համար (օրինակ՝ աստղիկ, նկար, հանգստի, խաղի հնարավորություն, նվեր, քաղցրավենիք և այլն)։ «Ժետոնային համակարգ»-ի մասին ավելի մանրամասն կարող եք կարդալ այստեղ։
Ներքին մոտիվները դրսևորվում են արտաքին խրախուսանքի կամ նպատակի բացակայության դեպքում։ Դրանք կապված են երեխայի ճանաչողական, աշխարհը բացահայտելու ու հետազոտելու, նոր, կիրառական տեղեկատվություն ստանալու, զարգանալու պահանջմունքների հետ։ Բոլոր մարդիկ ունեն բնածին հակվածություն՝
-
-
սեփական հմտությունները զարգացնելու,
-
նորություններ, իրենց սպասելիքներից տարբեր ակտիվություններ փնտրելու,
-
ավտոնոմ լինելու և սեփական կամքով ինչ-որ գործունեությունների մեջ ներգրավվելու։
-
Հետևապես լրացուցիչ ամրապնդումը ոչ միշտ է պարտադիր ուսման համար, քանի որ երբեմն բուն գործունեությունն արդեն իսկ խրախուսանք է։ Ներքին մոտիվացիա ունեցող երեխան սովորում է, քանի որ ցանկանում է նոր բան իմանալ, քանի որ սովորելը հետաքրքիր ու հաճելի է։
Ներքին և արտաքին մոտիվների օրինակներ կարող եք տեսնել ստորև ներկայացվող աղյուսակում․ 
2.
Կարևոր է հաշվի առնել, որ գոյություն ունի արժեզրկման սկզբունք (discounting principle), որի համաձայն եթե վարքի մի պատճառն ավելի էական է, քան մյուսը, այն հետ է մղում, արժեզրկում է երկրորդը։ Օրինակ՝ արտաքին խրախուսանքը արժեզրկում է ներքին մոտիվացիան․ այսպես, եթե մենք երեխային ասում ենք, որ եթե նա դասը չսովորի, կոնֆետ չի ուտի, դրանով մենք ցույց ենք տալիս նրան, որ դաս անելն ինքն իրենով հետաքրքիր ու արժեքավոր մի բան չէ, որին պետք է ձգտել, այլ մի գործունեություն է, որը կարելի է անել միայն արտաքին խրախուսանքի համար։
Հետևաբար սովորողների, նրանց ծնողների, ինչպես նաև սովորեցնողների հետ իր աշխատանքի ընթացքում կրթության հոգեբանն առավել շատ ձգտում է սովորողների ներքին մոտիվների զարգացմանը, որոնք երկարաժամկետ կտրվածքով հիմք են հանդիսանում արդյունավետ ուսումնական գործընթացի համար։
Ուսումնական մոտիվացիայի խթանման հարցում մեծ նշանակություն ունի կրթական միջավայրում տիրող դրական մթնոլորտը։ Կրթության հոգեբանն աջակցում է այնպիսի կրթական միջավայրի ստեղծմանը, որտեղ յուրաքանչյուր սովորող հավատում է, որ ինքն ընդունակ է սովորել, բարելավել, զարգացնել իր գիտելիքներն ու հմտությունները: Սովորողի դրական ինքնընկալումն ու առողջ ինքնագնահատականը, կոմպետենտության զգացումը կարևոր նախապայման են հանդիսանում ակադեմիական հաջողությունների համար։
Այս առումով մեծ նշանակություն ունի արդյունավետ խրախուսանքը։ Այսպես խրախուսանքը պետք է լինի անկեղծ, կիրառվի տեղին, ժամանակին և չափավոր, համապատասխանի երեխայի տարիքին և անձնային առանձնահատկություններին, լինի հիմնավորված, պարունակի կոնկրետ արարքի որոշակի նկարագրություն, ուղղված լինի երեխայի կոնկրետ արարքին, ոչ թե անձին, շեշտադրի գործողության, արարքի արդյունքները և ձեռքբերումները, ոչ թե բնածին առանձնահատկությունները:
3.
Կարևոր է, որ կրթական հաստատությունում առկա լինի սովորելու մթնոլորտ, որտեղ որևէ բան չիմանալը կամ սխալվելը ամոթ չէ: Սխալներն ուսուցման կարևոր մասն են, որոնք օգնում են հասկանալ ուսուցանվող նյութն առավել խորությամբ: Այս նպատակին հասնելու համար կարևոր է, որ սովորեցնողները․
-
-
հանգիստ և համբերատար արձագանքեն սովորողի սխալներին՝ ցույց տալով, որ սխալը բնական է, բոլորը կարող են սխալվել,
-
կարողանան ընդունել սեփական սխալներն ու թերացումները։ Արդյունավետ կրթական միջավայրում կա միմյանցից սովորելու մշակույթ, որը նշանակում է, որ ոչ միայն սովորողներն են սովորում սովորեցնողից, այլև սովորողները սովորում են միմյանցից, ինչպես նաև սովորեցնողն իր հերթին սովորում է սովորողներից։
-
կանխեն այլ սովորողների հեգնանքն ու ծաղրը սխալ գործած երեխայի կամ ուսանողի նկատմամբ։ Այս առումով խիստ կարևոր է, որ կրթական միջավայրում յուրաքանչյուրը հարգված և գնահատված լինի որպես անհատականություն: Նման մթնոլորտում տեղ չկա հեգնանքի, ծաղրի, նվաստացման, բռնության համար:
-
կարողանան ստեղծել օգնության դիմելու մշակույթ: Սովորողները կարող են դիմել միմյանց և սովորեցնողի օգնությանը: Միաժամանակ մյուսների կողմից տրամադրվող օգնությունը պետք է լինի զարգացնող, չափավոր, որպեսզի չխոչընդոտի սովորողի ինքնուրույնությանը:
-
Դասարանական մթնոլորտի ապահովման և ուսումնական մոտիվացիայի խթանման հարցում մեծ դերակատարում ունեն նաև սովորեցնողների սպասելիքները սովորողներից։ Կա մի օրինաչափություն, որի համաձայն սովորեցնողների բարձր սպասելիքներն ապահովում են սովորողների բարձր առաջադիմությունը։ Սովորեցնողների սպասելիքները սովորողներից, որպես կանոն, հիմնվում են նրանց նախկին ակադեմիական առաջադիմության, նրանց սիբլինգների հետ ունեցած փորձառության, ֆիզիկական գրավչության, սեռի, ռասայի, ընտանեկան եկամուտի, ծնողների վերաբերմունքի և այլ գործոնների վրա։ Սակայն այս սպասելիքները էականորեն ազդում են այն հնարավորությունների վրա, որոնք սովորեցնողը տալիս է սովորողին։ Բացի այդ դրանք սուբյեկտիվ են դարձնում սովորեցնողի կողմից սովորողի վարքի ընկալումն ու մեկնաբանությունը։
Սովորեցնողների ունեցած սպասելիքների վերոհիշյալ բացասական հետևանքները կանխելու համար կարևոր է, որ սովորեցնողները․
-
-
Փոխանցեն բարձր սպասելիքներ,
-
Պահպանեն բարձր ստանդարտներ,
-
Սովորողների հմտությունների մակարդակի ստուգումը հիմնեն վալիդ և վստահելի տեղեկության վրա,
-
Պարբերաբար վերանայեն սովորողի հանդեպ մոտեցումը, սպասելիքները,
-
Հնարավորինս քիչ տարբերակեն բարձր և ցածր առաջադիմությամբ սովորողներին,
-
Ստեղծեն այնպիսի պայմաններ, որտեղ սովորողներն իրենց նոր կողմերից բացահայտելու հնարավորություն կունենան։
-
Կրթության հոգեբանը վերոհիշյալ սկզբուքների շուրջ սովորեցնողների հետ մշտական համագործակցության մեջ է գտնվում՝ օգնելով նրանց ավելի բազմակողմանի ճանաչել աշակերտներին ու նրանց հնարավորությունները։
4.
Սովորողների ուսումնական մոտիվացիայի խթանման հարցում կարևոր նշանակություն ունեն նաև այն առաջադրանքներն ու հանձնարարությունները, որոնք կիրառվում են սովորեցնողի կողմից դասապրոցեսի ընթացքում կամ հանձնարարվում են տանն անելու համար:
Իսկ ինչպիսի՞ն պետք է լինեն առաջադրանքները սովորողներին մոտիվացնելու համար:
-
Բազմակողմանի: Առաջադրանքները պետք է օգնեն սովորողներին զարգացնել տարբեր հմտություններ: Նման առաջադրանքները հաճախ պահանջում են մեծ կարգապահություն, դիվերգենտ մտածողություն և խնդրի ակտիվ լուծում:
-
Դրդող և հասանելի միաժամանակ: Կարևոր է, որ առաջադրանքը լինի սովորողի հնարավորությունների սահմաններում, չլինի այնքան բարդ, որ վերջինս հրաժարվի այն կատարելուց: Միաժամանակ այն պետք է պարունակի իր մեջ որոշակի մարտահրավեր, բարդություն, որպեսզի սովորողին հետաքրքիր լինի իրականացնել այն: Նման առաջադրանքները հաճախ պարունակում են անակնկալ կամ երևակայական պահ:
-
Տարբեր մակարդակների: Նախորդ կետում նշված սկզբունքից նաև հետևում է, որ առաջադրանքները պետք է համապատասխանեցվեն սովորողի ընդունակություններին ու հնարավորություններին, հետևաբար անհրաժեշտ է ունենալ տարբեր բարդության աստիճանի առաջադրանքներ նույն թեմայի համար:
-
Ակտիվություն պահանջող: Կարևոր է սովորողներին տրամադրել առաջադրանքներ, որոնք ակտիվ մասնակցելու, հետազոտելու, բազահայտելու, գիտափորձեր անելու հնարավորություն են ընձեռում, որոնք ունեն բազմաթիվ բաց, ստուգման ենթակա հարցեր: Միաժամանակ դրանք պետք է լինեն թեմատիկ և ուսուցողական:
-
Հասկանալի: Առաջադրանքի էությունն ու հրահանգը հասկանալի պետք է լինի երեխայի համար: Բացի այդ, կարևոր է սովորողներին բացատրել առաջադրանքների նպատակն ու այն հմտությունների իրական նշանակությունը, որոնք դրանք զարգացնում են:
-
Հետաքրքիր: Ուսումնական մոտիվացիան խթանելու նպատակով կարևոր է, որ առաջադրանքները կապված լինեն սովորողների հետաքրքրությունների ու նախասիրությունների հետ: Դա ապահովելու նպատակով, հնարավորության սահմաններում, կարելի է սովորողներին ընտրելու հնարավորություն տալ:
-
Իրական: Ստեղծել արդիական մեծ խնդիրներին առնչվող առաջադրանքներ, որոնք թույլ կտան սովորողներին ներգրավվել իրական, ինտելեկտուալ աշխատանքի մեջ:
-
Բազմազան: Չափազանց կարևոր է դասապրոցեսում ներառել բազմազան, տարաբնույթ առաջադրանքներ, տարբեր ձևաչափեր, անհատական, զույգերով, խմբերով աշխատելու հնարավորություններ և այլն:
-
Աճը շեշտադրող: Արդյունավետ առաջադրանքները պետք է կազմվեն այնպես, որ սովորողները հնարավորություն ունենան տեսնելու իրենց հմտությունների աճը (օրինակ՝ առաջադրանքները տալ պարզից բարդ սկզբունքով, բարդ առաջադրանքները բաժանել մասերի և այլն):
-
Լրացուցիչ: Եթե սովորողը շուտ է ավարտում առաջադրանքը, կարևոր է նրան տալ այլ հետաքրքիր առաջադրանքներ (օրինակ՝ պատրաստել դասարանի թերթ, առցանց շփում գիտնականի հետ և այլն):
-
Կրթության հոգեբանի կողմից իրականացվող դասալսումները կարող են օգնել նրան առավել խորությամբ պատկերացնել սովորեցնողների կողմից կիրառվող հանձնարարությունների բնույթը և անհրաժեշտության դեպքում աջակցել նրանց այս հարցում։
5․
Աշակերտների ուսումնական մոտիվացիայի խթանման հարցում մեծ դեր է կատարում նաև գնահատումը: Կարևոր է հիշել, որ գնահատումն իր մեջ ներառում է ոչ միայն թվանշանը, որը նշանակվում է սովորողին, այլ նաև բանավոր կամ գրավոր հետադարձ կապը, ոչ խոսքային հաղորդակցումը (օրինակ՝ ուսուցչի դեմքի արտահայտություն, ձայնի հնչերանգ) և այլն:
Դիտարկենք մի քանի սկզբունքներ, որոնց վրա հիմնված գնահատում կարող է խթանել սովորողների ուսումնական մոտիվացիան:
-
-
Գնահատման չափանիշներն ի սկզբանե պետք է հստակ, հասկանալի և արդար լինեն սովորողների համար:
-
Սովորողներն իրենց գիտելիքները ցույց տալու տարբեր հնարավորություններ պետք է ունենան: Սովորողները տարբեր են, նրանց ուսուցման ձևերը ևս, ուստի կարևոր է, որ գնահատումն իրականացվի տարբեր ձևաչափերով (գրավոր, բանավոր, անհատական, խմբային և այլն):
-
Առավել կարևոր է շեշտադրել այն, ինչ լավ է, ճիշտ է, բարելավվում է, քան մշտապես ընդգծել սովորողի սխալները: Այս իմաստով կարևոր է գնահատել սովորողի ջանքերը, ոչ միայն աշխատանքի արդյունքը:
-
Կարևոր է սովորողներին տալ հստակ, կոնկրետ (ոչ ընդհանուր), առանձնահատուկ, բովանդակալից հետադարձ կապ: Ցանկացած հետադարձ կապ իր մեջ պետք է պարունակի տեղեկություն թե դրական, թե զարգացման ենթակա կողմերի մասին:
-
Նվազագույնի հասցնել հրապարակային գնահատումները, հնարավորության սահմաններում օգտագործել սովորողների հետ անհատական շփման հնարավորությունը:
-
Մեծ նշանակություն ունի սովորողի մոտ ինքնագնահատման հմտությունների զարգացումը: Հետևաբար դասապրոցեսի ընթացքում կարելի է ընդգրկել այնպիսի առաջադրանքներ, որ սովորողը, հիմնվելով սովորեցնողի կողմից առաջարկված գնահատման սկզբունքների վրա, սեփական աշխատանքը ստուգելու հնարավորություն ունենա:
-
Կարևոր է դասարանում ստեղծել այնպիսի մթնոլորտ, որտեղ սովորողները ևս կարող են գնահատել իրար: Այդ նպատակով կարևոր է շեշտադրել սովորողների համագործակցությունը, ոչ թե նրանց միջև մրցակցությունը: Արդյունքում սովորողները կսովորեն շնորհավորել միմյանց և ուրախանալ իրենց ընկերների հաջողություններով:
-
Կարևոր է ընդունել, որ սովորողների ձախողումները հաճախ ոչ բավարար ջանքերի արդյունք են, ուստի հնարավորության սահմաններում, սովորողները գիտելիքը ցույց տալու մի քանի հնարավորություններ պետք է ունենան: Անգամ եթե սովորողն այսօր պատրաստ չէր դասին, դա դեռ չի նշանակում, որ այդ թեման իր համար փակված է: Կարևոր է սովորողին տվյալ նյութը ներկայացնելու մեկ այլ հնարավորություն տալ:
-
6․
Պակաս կարևոր չէ սովորեցնողի մոտիվացիան սովորեցնելու և նյութի շուրջ սովորողներին կարևոր, օգտակար, կիրառելի տեղեկություններ փոխանցելու հարցում։ Սովորեցնողի ոգևորվածությունը հաճախ փոխանցվում է սովորողներին ու նրանց մոտ հետաքրքրվածություն ձևավորում։
Սովորողների ուսումնական մոտիվացիայի խթանման համար կրթության հոգեբանը կարող է աշխատել նաև երեխաների ծնողների հետ։ Այսպես շատ էական է՝
-
-
Ինչպես են ծնողները նախապատրաստում երեխային կրթական հաստատություն հաճախելուն։ Շատ կարևոր է, որ երեխան իմանա, թե ուր և ինչ նպատակով է գնում, ինչ է այնտեղ անելու, ինչ ընդունված նորմեր ու կանոններ կան այնտեղ և այլն։
-
Ինչպես են ծնողները վերաբերվում կրթական հաստատությանը․ ակնհայտ է, որ ծնողների կողմից կրթական հաստատության, սովորեցնողների, կրթական ծրագրերի, դասավանդման մեթոդների կամ դասագրքերի վերաբերյալ բացասական դիտարկումները կարող են փոխանցվել երեխային և ուսումնական մոտիվացիայի անկման պատճառ դառնալ։
-
Ինչպես են ծնողները վերաբերվում ուսմանն ու նորը սովորելուն։ Եթե երեխայի ծնողները իրենց օրինակով (շարունակական կրթական ծրագրերի մասնակցելով, գիրք ընթերցելով և այլն) երեխային ցույց են տալիս, որ սովորելը կարևոր, հետաքրքիր ու հաճելի է, երեխան ևս ավելի մեծ հետաքրքրություն է սկսում տածել ուսման հանդեպ։
-
Ինչպես են ծնողները վերաբերվում երեխաների ուսուցման արդյունքներին, գնահատականներին։ Եթե ծնողները չափազանց շատ են կենտրոնացած բարձր գնահատականների վրա, երեխան ևս սկսում է կենտրոնանալ ուսման արտաքին կողմերի վրա։ Կարևոր է, որ երեխան տեսնի, որ ծնողի կողմից առավելապես կարևորվում է այն, թե ինչ է երեխան սովորել, բացահայտել, հասկացել, քան թե այն, թե ինչ թվանշան կամ հետադարձ կապ է նա ստացել։
-
Ինչպես են ծնողներն արձագանքում երեխաների հաջողություններին կամ անհաջողություններին։ Ամենևին տեղին չեն այլ երեխաների հետ համեմատությունները, քանի որ ավելորդ մրցակցությունը ոչ միայն չի օգնում, այլև խանգարում է ուսումնական գործընթացին, լրացուցիչ լարվածություն ու ագրեսիա է առաջացնում հասակակիցների հանդեպ։ Երեխան պետք է իր այսօրվա արդյունքը երեկվա հաջողությունների հետ համեմատելու ու իր աճն արձանագրելու հնարավորություն ունենա։
-
Ինչպես են ծնողներն օգնում երեխաներին։ Կարևոր է, որ ծնողներն ուսումնական հարցերում օգնեն երեխաներին միայն այն դեպքերում, երբ նրանք չեն կարողանում դա անել ինքնուրույն։ Օգնել երեխային չի նշանակում անել նրա փոխարեն, այլ անել միասին, որտեղ ծնողն անում է առաջադրանքի միայն այն մասը, որը երեխան ի վիճակի չէ անել։
-
Որքանով են ծնողները ճանաչում իրենց երեխաներին։ Այն ծնողները, ովքեր լավ են ճանաչում իրենց երեխաներին, նրանց նախասիրություններն ու հետաքրքրությունները, նրա ուժեղ կողմերը, կարողանում են, դրանց վրա հիմնվելով, հետաքրքրություն առաջացնել ուսումնական գործունեության հանդեպ։
-
Այսպիսով՝ սովորողների ուսումնական մոտիվացիայի խթանման նպատակով կրթության հոգեբանն աշխատում է թե սովորեցնողների, թե սովորողների, թե նրանց ծնողների հետ՝ ուշադրություն դարձնելով տիրող մթնոլորտին, գնահատման առանձնահատկություններին, առաջադրանքների բնույթին և այլ գործոններին։