Քաղաքացիական կրթությունը նպատակ ունի ձևավորել ակտիվ և պատասխանատու քաղաքացիներ, որոնք կարող են արդյունավետ մասնակցություն ունենալ հասարակական և քաղաքական կյանքում։ Այն օգնում է երիտասարդներին հասկանալ իրենց իրավունքները և պարտականությունները, զարգացնել քննադատական մտածողություն, ձեռք բերել անհրաժեշտ հմտություններ հասարակության մեջ արդյունավետ գործելու համար։
Քաղաքացիական կրթության հիմնական նպատակն է նպաստել ժողովրդավարական հասարակության կայուն զարգացմանը ակտիվ քաղաքացիների ձևավորման միջոցով: Այն ուղղված է օգնելու երիտասարդներին՝ դառնալու տեղեկացված, պատասխանատու և ներգրավված հասարակության անդամներ:
Հիմնական խնդիրներն են՝
-
Տրամադրել գիտելիքներ քաղաքական և իրավական համակարգերի վերաբերյալ
-
Զարգացնել քննադատական մտածողություն և որոշումներ կայացնելու ունակություն
-
Խրախուսել ակտիվ մասնակցություն հասարակական կյանքին
-
Ամրապնդել հանդուրժողականություն և հարգանք մարդու իրավունքների նկատմամբ:
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳԻՏԱԿՑՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ
Քաղաքացիական գիտակցությունը ներառում է քաղաքացու ինքնության զգացումը և պատկանելությունը հասարակությանը: Այն ձևավորվում է, երբ անհատը ճանաչում է իր դերը և պատասխանատվությունը հասարակության մեջ և գիտակցում է, որ իր գործողությունները կարող են որոշակի ազդեցություն ունենալ հասարակության, անհատների կյանքի վրա:
Քաղաքացիական գիտակցության զարգացումը ներառում է՝
-
Ինքնաճանաչում՝ որպես քաղաքացի
-
Համայնքային և ազգային պատկանելության զգացում
-
Քաղաքական և հասարակական գործընթացների իմացություն
-
Սոցիալական և էթիկական արժեքների հաստատում:
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄ
Քաղաքացիական հմտություններն անհրաժեշտ են արդյունավետ քաղաքացիական մասնակցության համար: Դրանք թույլ են տալիս քաղաքացիներին ակտիվորեն ներգրավվել հասարակական կյանքում և նպաստել դրական փոփոխություններին:
Կարևոր քաղաքացիական հմտություններ են՝
-
Հաղորդակցման ունակություններ՝ բանավոր և գրավոր արդյունավետ հաղորդակցում
-
Քննադատական մտածողություն՝ տեղեկատվությունը վերլուծելու և գնահատելու կարողություն
-
Համագործակցություն՝ ուրիշների հետ արդյունավետ աշխատելու ունակություն
-
Կոնֆլիկտների լուծում՝ տարաձայնությունները խաղաղ կերպով հարթելու կարողություն
-
Որոշումների կայացում՝ տեղեկացված և պատասխանատու որոշումներ կայացնելու կարողություն:
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՍԵՐՄԱՆՈՒՄ
Քաղաքացիական արժեքները ժողովրդավարական հասարակության հիմքն են: Դրանք ուղղորդում են քաղաքացիների վարքագիծը և նպաստում հասարակական կյանքի կայունությանը:
Կարևոր քաղաքացիական արժեքներ են՝
-
Հարգանք մարդու իրավունքների և արժանապատվության նկատմամբ
-
Հավասարություն և արդարություն
-
Հանդուրժողականություն և բազմազանության ընդունում
-
Պատասխանատվություն ընդհանուր բարօրության համար
-
Օրենքի գերակայություն:
Քաղաքացիական կրթության արդյունավետությունը մեծապես կախված է կիրառվող մեթոդներից: Դասավանդման ավանդական մեթոդները պետք է համադրվեն նորարարական մոտեցումների հետ՝ ապահովելու ուսանողների ակտիվ ներգրավվածությունն ու հետաքրքրությունը:
Ինտերակտիվ մեթոդները խրախուսում են ուսանողների ակտիվ մասնակցությունը ուսումնական գործընթացին: Դրանք օգնում են զարգացնել քննադատական մտածողություն, հաղորդակցման հմտություններ և թիմային աշխատանքի կարողություններ:
Հիմնական ինտերակտիվ մեթոդներն են՝
-
Քննարկումներ և բանավեճեր՝ ուսանողները քննարկում են հասարակական տարբեր հարցեր և սովորում հարգել տարբեր կարծիքներ
-
Դերային խաղեր՝ սովորողները մարմնավորում են սոցիալական տարբեր դերեր և զարգացնում ապրումակցման զգացում
-
Համագործակցային ուսուցում՝ աշխատանք փոքր խմբերով ընդհանուր նպատակին հասնելու համար
-
Դեպքերի ուսումնասիրություն՝ իրական իրավիճակների վերլուծություն:
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԸ ՏԱՐԲԵՐ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ
Քաղաքացիական կրթությունը կարող է և պետք է ինտեգրվի դպրոցական ծրագրի տարբեր առարկաներում: Այն չպետք է սահմանափակվի միայն հասարակագիտության դասերով։
Առարկաների միջոցով քաղաքացիական կրթության ներդրման օրինակներ
-
Պատմություն՝ անցյալի քաղաքացիական շարժումների և պայքարների ուսումնասիրություն և սեփական վերաբերմունքի արտահայտում
-
Գրականություն՝ քաղաքացիական թեմաներով գրական ստեղծագործությունների վերլուծություն և արժևորում
-
Բնական գիտություններ՝ շրջակա միջավայրի պահպանման և կայուն զարգացման հարցեր և դրանց քննարկում
-
Արվեստ՝ հասարակական հարցերի արտահայտում արվեստի միջոցով:
ԱՐՏԱԴԱՍԱՐԱՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ
Արտադասարանական միջոցառումները հնարավորություն են տալիս սովորողներին գործնականում կիրառել ձեռք բերված գիտելիքները և հմտությունները: Դրանք նպաստում են քաղաքացիական արժեքների ամրապնդմանը և ակտիվ քաղաքացիական դիրքորոշման ձևավորմանը:
Արտադասարանական գործունեության օրինակներ
-
աշակերտական խորհուրդների ձևավորում և գործունեություն, ինքնակառավարում
-
Համայնքային ծառայության և կամավորական աշխատանքի կազմակերպում/ծավալում
-
Էքսկուրսիաների կազմակերպում դեպի պետական հաստատություններ՝ խորհրդարան, տարբեր նախարարություններ, տեղական ինքնակառավարման մարմիններ, դատարաններ, կենտրոնական բանկ և այլն
-
Հանդիպումներ քաղաքական գործիչների և հասարակական ակտիվիստների հետ
ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ՈՒՍՈՒՑՈՒՄ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Նախագծային ուսուցումը թույլ է տալիս ուսանողներին խորությամբ ուսումնասիրել հասարակական խնդիրները և առաջարկել դրանց լուծման ուղիներ: Այն զարգացնում է հետազոտական աշխատանքի, համագործակցության, ռեսուրսների կառավարման, հաղորդակցման և բազում այլ հմտություններ:
Քաղաքացիական նախագծերի օրինակներ
-
Համայնքային խնդիրների բացահայտում և լուծման առաջարկների մշակում
-
Սոցիալական արշավների կազմակերպում իրազեկման բարձրացման նպատակով
-
Փոքր ծրագրերի իրականացում տեղական միջավայրի բարելավման համար
-
Հանրային կարծիքի հետազոտություններ և տվյալների վերլուծություն: