Section outline

Main course page

    • 3.1 ԱՇԱԿԵՐՏԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՈՒՄ։ ԱՇԱԿԵՐՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

         Աշակերտական ինքնակառավարումը դպրոցական կյանքի կարևոր բաղադրիչ է,  որը թույլ է տալիս սովորողներին մասնակցել դպրոցական կյանքի կազմակերպմանը և որոշումների կայացմանը: Այն սովորողներին հնարավորություն է տալիս զարգացնել առաջնորդական հմտություններ, սովորել, պատասխանատվություն կրել իրենց որոշումների համար և նախապատրաստվել ապագայում հասարակական կյանքին ակտիվ մասնակցությանը

            Աշակերտական խորհուրդների ձևավորման հիմնական սկզբունքներն են՝

      •   Ժողովրդավարություն՝ բոլոր սովորողները պետք է ունենան հավասար հնարավորություններ մասնակցելու դպրոցի ինքնակառավարման մարմինների ձևավորմանը և գործունեությանը

      • Ներկայացուցչականություն՝ աշակերտական խորհուրդը պետք է արտացոլի աշակերտական համայնքի բազմազանությունը և ներկայացնի տարբեր դասարանների և խմբերի շահերը

      • Թափանցիկություն՝ աշակերտական խորհրդի գործունեությունը պետք է լինի բաց և թափանցիկ բոլոր սովորողների համար

      • Ինքնուրույնություն՝ աշակերտական խորհուրդը պետք է ունենա անհրաժեշտ  ինքնուրույնություն որոշումներ կայացնելու և գործելու համար

      • Ներառականություն՝ բոլոր սովորողները, անկախ սեռից, ազգությունից կամ այլ հատկանիշներից, պետք է ունենան հավասար հնարավորություններ մասնակցելու ինքնակառավարման գործընթացներին:

      ԱՇԱԿԵՐՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

        Աշակերտական խորհրդի կառուցվածքը կարող է տարբերվել՝ կախված դպրոցի չափերից և առանձնահատկություններից, սակայն այն սովորաբար ներառում է հետևյալ հիմնական բաղադրիչները.

      •   Ընդհանուր ժողով՝ բոլոր անդամների հավաք, որտեղ քննարկվում և հաստատվում են կարևորագույն որոշումները:

      • Գործադիր մարմին՝ նախագահ, փոխնախագահ, քարտուղար և այլ պաշտոնյաներ, որոնք պատասխանատու են ամենօրյա գործունեության համար

      •   Հանձնաժողովներ՝ տարբեր ոլորտների պատասխանատուների խմբեր, օրինակ՝ կրթական, մշակութային, սպորտային, սոցիալական և այլն

      • Դասարանական ներկայացուցիչներ՝ յուրաքանչյուր դասարանից ընտրված սովորողներ, որոնք ներկայացնում են իրենց դասարանի շահերը:

      Աշակերտական խորհուրդն ունի հետևյալ գործառույթները՝ 

      •   Ներկայացուցչություն՝ սովորողների շահերի և կարիքների ներկայացում դպրոցի ղեկավարությանը

      •   Միջոցառումների կազմակերպում՝ դպրոցական միջոցառումների, մշակութային, սպորտային և հասարակական իրադարձությունների պլանավորում և իրականացում

      •   Հաղորդակցություն՝ տեղեկատվության փոխանակում սովորողների և դպրոցի ղեկավարության միջև

      •   Խնդիրների լուծում՝ սովորողներին հուզող հարցերի բացահայտում և դրանց լուծման ուղիների առաջարկում

      •   Դպրոցական միջավայրի բարելավում՝ նախաձեռնությունների իրականացում՝ ուղղված դպրոցական միջավայրի և մթնոլորտի բարելավմանը:

      ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ

        Սովորողների մասնակցությունը որոշումների կայացման գործընթացին էական նշանակություն ունի ժողովրդավարական մշակույթի զարգացման և ակտիվ քաղաքացիների ձևավորման համար:

      ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐՆ ԵՆ՝

      •   Տեղեկացվածություն՝ սովորողները տեղեկացվում են կայացվող որոշումների մասին

      •   Խորհրդակցություն՝ սովորողների կարծիքը հարցվում է որոշումների կայացման ժամանակ

      •   Ներգրավվածություն՝ սովորողները մասնակցում են որոշումների մշակման գործընթացին

      •   Համագործակցություն՝ սովորողները և դպրոցի ղեկավարությունը համատեղ կայացնում են որոշումներ

      •   Հզորացում՝ որոշակի ոլորտներում սովորողներին վստահվում է որոշումների ինքնուրույն  կայացումը:

          Ինչպես բոլոր ոլորտներում  ու միջավայրերում, այնպես էլ աշակերտական խորհրդում որոշումների կայացումը կարևոր և պատասխանատու գործընթաց է։ Բոլորն էլ պիտի գիտակցեն, որ յուրաքանչյուր որոշում կարևոր է,քանի որ այն ունի որոշակի ազդեցություն իր միջավայրի վրա։ Այս դեպքում աշակերտական խորհրդի որոշումներից են կախված դպրոցում իրականցվելիք աշխատանքներն ու սովորողների ներգրավածության մակարդակը։ Որոշումներն ընդունվում են հետևյալ եղանակներով՝

      •   Քվեարկություն՝ որոշումների ընդունում մեծամասնության սկզբունքով

      •   Կոնսենսուս՝ որոշումների կայացում՝ բոլոր կողմերի համաձայնությամբ

      •   Բանակցություններ՝ տարբեր տեսակետների քննարկում և փոխզիջումային լուծումների որոնում

      • Խորհրդատվություն՝ մասնագետների և շահագրգիռ կողմերի կարծիքների հավաքագրում և հաշվի առնում:

      ԱՇԱԿԵՐՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԵՎ ԴՊՐՈՑԻ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

             Արդյունավետ ինքնակառավարման համար կարևոր է աշակերտական խորհրդի և դպրոցի ղեկավարության միջև կառուցողական համագործակցությունը: Արդյունավետ համագործակցություն ձևավորելու համար անհրաժեշտ է կազմակերպել պարբերական հանդիպումներ՝ աշակերտական խորհրդի ներկայացուցիչների և դպրոցի տնօրինության միջև, մշակել  համատեղ նախագծեր, որոնք կիրականացվեն սովորողների և դպրոցի ղեկավարության համատեղ ջանքերով, մշտապես ունենալ փոխադարձ խորհրդատվություն աշակերտական խորհրդի և դպրոցի ղեկավարության միջև, ձևավորել և խրախուսել   սովորողների ներգրավվածությունը դպրոցական կյանքին վերաբերող որոշումների կայացման գործընթացում:

      Որպեսզի հաջողվեն աշակերտական խորհրդի և դպրոցի միջև արդյունավետ համագործակցությունը, պետք է հաշվի առնել հետևյալ գործոնները՝ 

      •   Փոխադարձ հարգանք՝ սովորողների և դպրոցի ղեկավարության միջև հարգալից վերաբերմունք

      •   Բաց հաղորդակցություն՝ տեղեկատվության ազատ և անկաշկանդ փոխանակում

      •   Վստահություն՝ համոզվածություն, որ յուրաքանչյուր կողմ գործում է ի շահ դպրոցի և սովորողների

      •   Հստակ դերեր և պատասխանատվություններ՝ պարտականությունների և իրավասությունների հստակ բաշխում

      •   Արդյունքների գնահատում՝ համատեղ աշխատանքի արդյունքների պարբերական վերլուծություն և գնահատում

       ԱՇԱԿԵՐՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

        Աշակերտական խորհրդի դպրոցական ընտրությունները ժողովրդավարական սկզբունքների գործնական կիրառման կարևոր օրինակ են: Դրանք սովորողներին հնարավորություն են տալիս սովորել ընտրական գործընթացները և զարգացնել քաղաքացիական մասնակցության հմտությունները:

        Ընտրական գործընթացի կազմակերպման հիմնական փուլերն են՝

      •   Նախապատրաստական փուլ՝ ընտրությունների ժամկետների սահմանում, ընտրական հանձնաժողովի ձևավորում, թեկնածուների գրանցման կարգի հաստատում

      • Թեկնածուների առաջադրում և գրանցում՝ սովորողների ինքնառաջադրում կամ առաջադրում դասարանների կողմից

      • Քարոզարշավ՝ թեկնածուների ծրագրերի ներկայացում և քննարկում

      • Քվեարկություն՝ ձայների հավաքագրում գաղտնի կամ բաց քվեարկությամբ

      • Արդյունքների ամփոփում՝ ձայների հաշվարկ և հաղթողների հայտարարում

      •   Ընտրված սովորողների պաշտոնական ճանաչում՝ ընտրված սովորողների լիազորությունների հաստատում:

       

        Դպրոցական ընտրությունների արդարությունը և թափանցիկությունը կարևոր են ժողովրդավարական արժեքների ամրապնդման և սովորողների մոտ վստահության ձևավորման համար: Դա է  պատճառը, որ ամբողջ գործընթացը պիտի այնպես կազմակերպվի, որ ապահովվի ընտրական գործընթացի թափանցիկությունն ու արդարությունը։ Այդ արդար և թափանցիկ ընտրությունների ապահովման միջոցներ կարող են լինել՝ 

      •   Անկախ ընտրական հանձնաժողով՝ անկողմնակալ սովորողների մասնակցությամբ

      • Հավասար հնարավորություններ բոլոր թեկնածուների համար՝ քարոզարշավի նույն պայմաններ և ռեսուրսներ

      • Գաղտնի քվեարկություն՝ քվեարկողների ազատ կամարտահայտման ապահովում

      • Դիտորդների ներկայություն՝ ընտրական գործընթացին հետևելու համար

      • Բողոքարկման մեխանիզմներ՝ խախտումների և անհամաձայնությունների լուծման համար

      • Հրապարակային արդյունքներ՝ ընտրությունների արդյունքների հրապարակային ներկայացում

       

      ԸՆՏՐԱՐՇԱՎՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ ԵՎ ԱՆՑԿԱՑՈՒՄ

        Ընտրարշավները կարևոր դեր են խաղում թեկնածուների ծրագրերի և տեսլականի ներկայացման հարցում: Դրանք սովորողներին հնարավորություն են տալիս զարգացնել հաղորդակցման, համոզելու և ինչ-որ բան թիրախային ներկայացնելու հմտություններ:

           Արդյունավետ ընտրարշավի կազմակերպման համար նախ և առաջ պիտի մշակել ծրագիր՝ հստակ նպատակներով, խնդիրներով և գործողությունների պլան կազմելով, ապա պատրաստել քարոզչական նյութեր՝ պաստառներ, բուկլետներ, տեսանյութեր, սոցիալական մեդիայի հաղորդագրություններ, կազմակերպեն և ունենան հանրային ելույթներ՝ թեկնածուի գաղափարների և ծրագրերի ներկայացում համայնքում, հնարավորության դեպքում կազմակերպեն բանավեճեր՝ թեկնածուների միջև ակտիվ  քննարկումներ և կարծիքների փոխանակում ունենալու համար, ինչպես նաև կազմակերպեն անհատական հանդիպումներ՝ սովորողների հետ անմիջական շփում և հարցուպատասխան ապահովելու համար։

          Իսկ հաջորդ փուլը հենց ընտրություններն են, որոնք պետք է կազմակերպել կանոնակարգի համաձայն։ Ընտրությունները սովորողների համար ամենահետաքրքիր և ամենաարդյունավետ փորձառություններից է, քանի որ հենց այդ ժամանակ են կիրառում իրենց ստացած գիտելիքները, դրսևորում իրենց հմտությունները, հատկությունները։

          Իսկ ընտրության արդյունքների հաշվարկը և հաշվետվողականությունն ապահովում են ընտրական գործընթացի հանդեպ վստահությունը և ընտրված ներկայացուցիչների լեգիտիմությունը (որևէ երևույթի՝ դրա օբյեկտի կողմից ընդունելի լինելը)։

        Արդյունքների հաշվարկի և հաշվետվողականության ապահովելու համար կարևոր քայլերն են՝ 

      •   Թափանցիկ հաշվարկ՝ ձայների բացահայտ հաշվարկ դիտորդների ներկայությամբ

      •   Արդյունքների հրապարակում՝ ընտրությունների արդյունքների անհապաղ և լիարժեք հրապարակում

      •   Հաշվետվությունների ներկայացում՝ պարբերական հաշվետվություններ ընտրված ներկայացուցիչների գործունեության վերաբերյալ

      •   Պատասխանատվության մեխանիզմներ՝ ընտրված ներկայացուցիչների պատասխանատվության ապահովում

      •   Սովորողների հետադարձ կապ՝ ընտրված ներկայացուցիչների գործունեության գնահատում սովորողների կողմից:

      ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ։ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄ

         Երկխոսության մշակույթը ժողովրդավարական հասարակության հիմնական բաղադրիչներից է: Այն  տալիս է տարբեր կարծիքների ազատ արտահայտման և կառուցողական քննարկման  հնարավորություն :

      Երկխոսության մշակույթի ձևավորման միջոցներն են՝ 

      •   Բաց քննարկումներ՝ կարևոր հարցերի շուրջ սովորողների ազատ արտահայտվելու հնարավորություն

      •   Ակտիվ լսումներ՝ ուրիշների կարծիքների հարգալից ընկալում, ընդունում։

      •   Կառուցողական քննադատություն՝ քննադատության կառուցողական և հարգալից ձևերի կիրառում

      •   Արդյունավետ հաղորդակցման հմտություններ՝ մտքերի հստակ և կառուցողական արտահայտման կարողություն

      •   Ապացույցների վրա հիմնված բանավեճեր՝ փաստարկների և ապացույցների կիրառում կարծիքների հիմնավորման համար։

      ՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅԱՆ ԽԹԱՆՈՒՄ

         Հանդուրժողականությունը և բազմազանության հարգանքը ժողովրդավարական մշակույթի կարևոր արժեքներ են: Դրանք նպաստում են ներառական և արդարացի միջավայրի ստեղծմանը: Հանդուրժողականության և բազմազանության խթանման արդյունավետ միջոցներից են՝

        Բազմազանության արժևորում՝ տարբեր կարծիքների, մշակույթների և կենսակերպերի հարգանք

      •   Խտրականության բացառում՝ բոլոր սովորողների հավասար վերաբերմունքի ապահովում

      •   Ներառական միջոցառումներ՝ տարբեր կարողություններ և հմտություններ ունեցող սովորողների ներգրավվման հնարավորություններ

      •   Միջմշակութային ճանաչողություն՝ տարբեր մշակույթների և ավանդույթների ուսումնասիրություն

      •   Կարծրատիպերի հաղթահարում՝ կանխակալ կարծիքների և վերաբերմունքի վերափոխում:

       

      ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ/ԿՈՆՖԼԻԿՏՆԵՐԻ  ԽԱՂԱՂ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ

           Հակամարտությունների խաղաղ կարգավորման հմտությունները կարևոր են ժողովրդավարական միջավայրում: Դրանք օգնում են պահպանել հարգանքը և կառուցողական հարաբերությունները տարաձայնությունների ժամանակ:

            Հակամարտությունների խաղաղ կարգավորման մոտեցումներ

      •   Բանակցություններ՝ հակամարտող կողմերի միջև ուղղակի քննարկումներ

      •   Միջնորդություն՝ երրորդ անձի օգնությամբ հակամարտության կարգավորում

      • Համագործակցային խնդիրների լուծում՝ կողմերի համատեղ աշխատանք ընդհանուր լուծում գտնելու  համար

      •   Հուզական բանականություն՝ սեփական և ուրիշների զգացմունքների ընկալում և կառավարում

      •   Կոնֆլիկտների վերլուծություն՝ հակամարտության պատճառների և շարժառիթների բացահայտում:

      ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԱՅԻՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ

        Համագործակցային մշակույթը խթանում է սովորողների միջև արդյունավետ թիմային աշխատանքը և փոխօգնությունը: Այն օգնում է ստեղծել դրական միջավայր, որտեղ սովորողները կարող են միասին հասնել ընդհանուր նպատակների

      Համագործակցային մշակույթի զարգացման միջոցներ

      •   Թիմային աշխատանք՝ սովորողների համատեղ աշխատանք ընդհանուր նպատակների համար

      •   Դերերի բաշխում՝ պատասխանատվությունների արդարացի և արդյունավետ բաշխում ՝ ըստ յուրաքանչյուրի հնարավորությունների և կարողությունների 

      •   Փոխադարձ աջակցություն՝ սովորողների միջև օգնության և աջակցության քաջալերում

      •  Համատեղ որոշումների կայացում՝ կոլեկտիվ քննարկումների և որոշումների ընդունման խրախուսում

      •  Հաջողությունների և ձախողումների համատեղ պատասխանատվություն՝ թիմի արդյունքների համար կոլեկտիվ պատասխանատվության զգացում