2. Պատերազմը և մանկական հոգետրավմաները տարբեր տարիքում

Արտակարգ իրավիճակներից ամենաուժեղ տրավմատիկ իրողություններից  են պա­տե­րազ­մա­կան ի­րա­վի­ճակ­նե­րը և ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րը։ Դրանք կարող են իրենց բացասական, նույնիսկ կործանարար, ազդեցությունն ու նշանակությունը ունենալ երեխայի և դեռահասի կյանքում։ Պատերազմի և ռազմական գործողությունների համակարգային բացասական բնույթը պայմանավորված է նրանով, որ դրանք իրենց մեջ ներառում են բազում ու տարատեսակ ճգնաժամային իրավիճակներ։ Այս իրավիճակներում երեխան և դեռահասը կարող են բախվել բազմազան կորուստների՝ մտերիմի, ապրելավայրի, միջավայրի ապրելակերպի և այլն, առօրեայի և սովորական դարձած կենսակերպի կտրուկ փոփոխությունների, տարաբնույթ տառապանքների, մտերիմների բացասական հույզերի և այլնի հետ։

Ի տարբերություն մեծահասակների, որոնք ունեն տարբեր իրավիճակների բավականաչափ փորձ, երեխաների և դեռահասների համար պատերազմը կարող է ունենալ ծանր հետևանքներ, քանի որ նրանք չունեն բավարար պատկերացումներ իրենց հետ տեղի ունեցողի վերաբերյալ։ Երեխաները հաճախ զրկվում են կրթության, ֆիզիկական և մտավոր զարգացման, սոցիալական կապեր ստեղծելու հնարավորություններից։ Երեխաների մոտ խաթարվում է առողջ կապվածությունների, ապահովության զգացումի ձևավորումը։ Պատերազմական գործողությունները, պատերազմական իրավիճակներում տեղի ունեցող տրավմատիկ իրավիճակները կարող են խաթարել երեխայի պատկերացումները սեփական անձի, դերերի, անձնային կառուցվածքի մասին։ Երեխան կարող է ձևավորել ոչ առողջ վարքաձևեր, որոնք ուղղված կլինեն դժվար իրավիճակներում գոյատևմանը, սակայն կարող են վնասել երեխայի առողջ զարգացմանը։

Ինչպես արդեն նշեցինք, պատերազամակ գործողությունները կարող են տրավմատիկ լինել երեխաների համար։ Մանկական տրավմատիզացիան ունի իր օրինաչափությունները.

·       Մանկական հոգետրավման միշտ անսպասելի է։ Երեխան ունենում է անօգնականության, անզորության, անպաշտպան լինելու զգացում։ Երեխան հուզականորեն կարող է «կաղապարվել» , «սառել», կանգ առնել իր զարգացման գործընթացում։

·       Երեխան չի կարողանում կառավարել իրավիճակը, հետևաբար մնում է անօգնական այն իրավիճակների նկատմամբ, որոնք տրավմատիկ իրողությունը բերում է իր կյանք։ Կարող է ձևավորվել անորոշության հանդեպ ոչհանդուրժողականություն, վախ, երբեմն էլ մշտական տագնապ նախապես վերահսկելու բոլոր հնարավոր հետևանքները։

·       Երեխայի մոտ փոխվում է աշխարհի վերաբերյալ պատկերացումները։ Աշխարհը և մարդիկ այլևս չեն թվում ապահով, պաշտպանող և բարի։ Երեխան փոխում է նաև իր մասին պատկերացումները այդ աշխարհում։

·       Հոգետրավման կարող է հանգեցնել երեխայի մոտ սեփական անձի վերաբերյալ հստակ բացասական բազային համոզմունքների ձևավորմանը՝ «ես անզոր եմ», «ես ոչ մեկին պետք չեմ», «ես բեռ եմ», «ես չեմ կարողանում իրավիճակը վերահսկել» և այլն։

Երեխաները տարբեր կերպ են արձագանքում պատերազմական իրավիճակներին տարիքային տարբեր փուլերում՝

·       0-3 տարեկանում երեխաները դեռ չունեն հստակ պատկերացումներ իրավիճակի և տեղի ունեցողի հետ կապված, ուստի հաճախ հակազդում են ընդհանուր հուզական ֆոնի փոփոխություններով, գերզգայուն են, հուզական։ Խաթարվում են երեխայի առաջնային ֆիզիոլոգիական պահանջմունքները՝ երեխան կարող է ունենալ քնի, սննդի խանգարումներ։ Այս տարիքում երեխաներին կարող է օգնել ֆիզիկական կոնտակտը, ապահով մարդու ներկայությունը։

·       3-6 տարեկանում երեխաները կարող են հասկանալ, որ շրջապատող իրականությունը վախենալու է, վտանգավոր, լի բազում դժվարություններով։ Երեխան կարող է ունենալ մտերիմից բաժանման ուժեղ վախ, ապահովության զգացումի կորուստ՝ հատկապես, եթե ունեցել է իր կայուն միջավայրի փոփոխություն։ Երեխաները ցուցաբերում են տարաբնույթ հուզական և վարքային դժվարություններ, որոնք կարող են լինել նաև ոչ շատ ակներև։

·       7-10 տարեկանում երեխաները հստակ գիտակցում են տեղի ունեցող դեպքերը, հաճախ ունենում են անզորության, մեղավորության, բարկության զգացումներ։ Երեխան կարող է ունենալ սևեռուն վախեր, մտքեր մտերիմների կորստի հետ կապված։ Երեխան կարող է երևակայել բազում տարբերակներ, որոնք կարող են չափազանց վախենալու թվալ իր համար։ Այս տարիքում չափազանց կարևոր է հստակ խոսել և բացատրել երեխային իրողությունը, տեղի ունեցողը, բացատրել նույնիսկ ամենավատագույն իրավիճկաները, որոնց հետ նա առնչվում է, միևնույն ժամանակ, տալ ապահովության և պաշտպանվածության զգացում։

·       11-13 տարեկանը, լինելով ինքնին բավականին դժվար շրջան երեխայի կյանքում, էլ ավելի բարդանում է պատերազմական դաժանություններով լի իրողությամբ, որտեղ երեխան կարող է զգալ չափազանց ճնշված, դեպրեսիվ, անզոր և տագնապած։ Այս տարիքում հաճախ երեխաները ներփակվում են սեփական պատկերացումների աշխարհում, դառնում ինքնամփոփ։ Հնարավորության դեպքում անհրաժեշտ է մեծացնել երեխայի շփման ոլորտները, զարգացնել սոցիալական փոխհարաբերությունները։

·       14-18 տարեկանում երեխան կարող է զգալ, որ իր կայուն և ստեղծած աշխարհը, որտեղ ինքը փորձում է զգալ իրեն մեծահասակի դիրքում քանդվում է և չի արդարացնում իր սպասելիքները։ Պատանիները ունենում են շփոթվածության զգացում, վախեր՝ կորցնելու այն ամենը, ինչ ունեն և ձեռք են բերել, խարխլվում են ապագայի հետ կապված սպասելիքները։ Պատանին պատասխանատվություն կարող է զգալ տեղի ունեցողի հետ կապված, փորձի կառավարել իրավիճակը։ Կարող է ունենալ նաև ուժեղ անզորության զգացում, որը բերում է ինքնավնասման, երբեմն նաև սուիցիդալ միտումների։