1. Ճգնաժամային իրավիճակ դպրոցում

Ճգնաժամ, արտակարգ իրավիճակ, աղետներ, պատերազմ, դժբախտ պատահարներ։ Այս բոլորը ծայրահեղ դժվար իրավիճակներ են ոչ միայն ընտանիքի համար, այլև կրթական միջավայրի։ Բացի բնական աղետներից, ինչպիսիք են երկրաշարժը, հրդեհները, համաճարակը և այլն, սովորողները կրթական միջավայրում կարող են նաև առերեսվել բռնության, բուլինգի, մահվան, ինքնասպանության և այլ դժվար իրավիճակների հետ։ Անշուշտ, կրթական կառույցի անձնակազմը և սովորողները դրան տալիս են տարատեսակ արձագանքներ՝ հուզական անկայուն վիճակից սկսած մինչև հետտրավմատիկ սթրեսային խանգարում։ Կրթական համակարգերում ճգնաժամային միջամտությունը հնարավորություն է տալիս նվազեցնելու բացասական իրավիճակների ազդեցությունը ընդհանուր կրթական համակարգի և մեկ սովորողի մակարդակում։ Ճգնաժամային իրավիճակներում նախ և առաջ կարևորվում է սովորողների ֆիզիկական անվտանգության ապահովումը և բժշկական առաջին օգնության ցուցաբերումը, որոնց հաջորդում է հոգեբանական վիճակի գնահատումը։ Կրթական միջավայրում ճգնաժամի հաղթահարումը կարևոր է ուսումնական արդյունավետ գործընթացի, հոգեկան և ֆիզիկական առողջության ապահովման համար։ Ճգնաժամային իրավիճակների սուր ապրման կանխարգելման կամ ընդհանուր բացասական ազդեցության նվազեցման համար անհրաժեշտ է՝

• ստեղծել ապահով կրթական միջավայր

• անհապաղ արձագանքել ճգնաժամային իրավիճակներին

• ­համագործակցել թիմի բոլոր անդամների հետ

• ­համագործակցել կրթական կառույցի հետ կապված համայնքի հետ՝ ճգնաժամին տեղին և ժամանակին արձագանքելու համար

• ­հետևողական լինել, երբ սովորողները կամ կրթական կառույցի անդամներն աջակցության կարիք ունեն

• իրականացնել դիմակայունության ընդլայնմանն ուղղված աշխատանքներ

 

Պատերազմական իրավիճակներում կրթական կառույցներում կանխարգելման աշխատանքներն արդյունավետ իրականացնելու համար կառույցը պետք է նախապես ունենա ճգնաժամային իրավիճկաներին արձագանքելու հստակեցված ռազմավարություններ, որտեղ ցանկալի է առանձնացնել.

 Ո՞վ, ե՞րբ և ի՞նչ պետք է իրականացնի արդյունավետ արձագանքման համար։

  • Ով ի՞նչ դեր է իրականացնելու իրավիճակին արձագանքելու ընթացքում։
  • Որո՞նք են այն հիմնական գործոնները, որոնք իրավիճակը կդարձնեն ավելի բարդ։
  • Ինչպե՞ս իրականացնել հոգեբանական և ֆիզիկական տրավմաների գնահատում։
  • Ինչպե՞ս ճանաչել այն սովորողներին և անձնակազմի անդամներին, որոնք աջակցության կարիք ունեն։
  • Ի՞նչ տեսակի արձագանքման և աջակցության կարիք ունեն տուժածները։
  • Ի՞նչ այլ կառույցներ պետք է ներգրավվեն աջակցության ընթացքում։
  • Հետագա աջակցության և միջամտության ի՞նչ կարիքներ կան։