Ի՞նչ է նախագիծը

Նախագիծը մանրակրկիտ պլանավորված գործողությունների շարք է, որը ունի կոնկրետ խնդիր լուծելու կամ որոշակի արդյունք ստեղծելու նպատակ։

Ցանկացած նախագծի հիմնական նպատակը անձնային համալիր ունակությունների ձևավորումն է։ Այն է՝ գիտելիքների, հմտությունների, արժեքների փոխկապակցում, համապատասխան իրավիճակում դրանց կենտրոնացում և կիրառելու պատրաստակամություն։

Ուսումնական նախագիծը սովորողի կողմից իրականացվող ինքնուրույն աշխատանք է, որը նախատեսված է որոշակի թեմայի ուսումնասիրման և արդյունքների ներկայացման համար։ Նախագիծը նպատակ ունի զարգացնել սովորողների հետևյալ հմտությունները.

 

·       Հետազոտական հմտություններ. սովորում են տեղեկատվություն հավաքել, վերլուծել և գնահատել:

·       Քննադատական մտածողություն. սովորում են խնդիրներ լուծել և որոշումներ կայացնել:

·       Համագործակցություն. Խմբային նախագծերը խթանում են թիմային աշխատանքը և հաղորդակցման հմտությունները:

·       Ստեղծագործականություն. իրենց գաղափարները արտահայտում են նոր և հետաքրքիր ձևերով:

·       Ինքնուրույնություն. Նախագծային աշխատանքի իրականացումը խրախուսում է ուսման պատասխանատվության ստանձնումը:

 

Որո՞նք են ուսումնական նախագծերի տեսակները

Ուսումնական նախագծերը դասակարգվում են ըստ տարբեր չափանիշների.

 

Ըստ նպատակի և գործունեության տեսակի

 

Հետազոտական նախագծեր, որոնց հիմնական նպատակն է հետազոտել որևէ թեմա, հավաքել և վերլուծել տվյալներ, եզրակացություններ անել։ Ուսումնական հետազոտական նախագծերը նպաստում են ուսանողների քննադատական մտածողության, հետազոտական և խնդիրներ լուծելու հմտությունների զարգացմանը։

 

Ստեղծագործական նախագծեր, որոնց նպատակը նոր արտադրանքի, արվեստի գործի կամ այլ ստեղծագործական արդյունքի ստեղծումն է։ Ստեղծագործական նախագծերը նպաստում են սովորողների ստեղծագործական մտածողության, խնդիրներ լուծելու և ինքնադրսևորման հմտությունների զարգացմանը։

 

Գործնական նախագծեր, որոնք նպատակ ունեն լուծել գործնական խնդիրներ։ Գործնական նախագծերը նպաստում են սովորողների գործնական հմտությունների, խնդիրներ լուծելու և թիմային աշխատանքի, գիտելիքներն ու հմտությունները իրական իրավիճակներում կիրառելու կարողությունների զարգացմանը։

 

Տեղեկատվական նախագծեր, որոնց նպատակն է հավաքել, վերլուծել և ներկայացնել տեղեկատվություն որևէ թեմայի վերաբերյալ։ Տեղեկատվական նախագծերը նպաստում են սովորողների տեղեկատվության հավաքման, վերլուծության և ներկայացման հմտությունների զարգացմանը։ Նրանց նախապատրաստում են տեղեկատվական դարաշրջանի մարտահրավերներին։

 

Սոցիալական նախագծեր, որոնք կրթական նախաձեռնություններ են։ Ուսումնական սոցիալական նախագծերը կարող են իրականացվել կրթության տարբեր մակարդակներում և տարբեր առարկաների շրջանակներում։

 

Սոցիալական նախագծերը խթանում  են սովորողների սոցիալական պատասխանատվության զարգացումը, նրանց ներգրավումը համայնքային կյանքին։ Արդյունքում սովորողներւը դառնում են  ակտիվ քաղաքացիներ։

 

Ուսումնական սոցիալական նախագծերը կարող են ներառել.

Բնապահպանական նախագծեր. Օրինակ՝ աղբի հավաքում, ծառատունկ, կենդանիների պաշտպանություն։

Սոցիալական օգնության նախագծեր. Օրինակ՝ տարեցներին կամ երեխաներին օգնություն, բարեգործական միջոցառումներ։

Համայնքային իրազեկման նախագծեր. Օրինակ՝ առողջ ապրելակերպի, կրթության կամ մշակույթի մասին իրազեկման արշավներ։

 

Խաղային նախագծեր։ Այս նախագծերը կրթական նախաձեռնություններ են, որոնք ուսումնական գործընթացը վերածում են խաղային փորձի։

Խաղային նախագծերը ուսումնական գործընթացը դարձնում են ավելի գրավիչ և արդյունավետ՝ բարձրացնելով սովորողների ներգրավվածությունը և մոտիվացիան։ Խաղային նախագծերը զարգացնում են սովորողների ստեղծագործական և քննադատական մտածողությունը։

Խաղային ուսումնական նախագծերը կարող են ներառել տարբեր ձևաչափեր, ինչպիսիք են.

Սեղանի խաղեր Ուսումնական նյութի հիման վրա ստեղծված սեղանի խաղերը, հնարավորություն են տալիս սովորել խաղալով։

Համակարգչային խաղեր Ուսումնական նյութի հիման վրա ստեղծված համակարգչային խաղերը ապահովում են ինտերակտիվ և գրավիչ ուսուցում։

Դերային խաղեր Սովորողները ստանձնում են տարբեր դերեր և խաղում են իրավիճակներ, որոնք կապված են ուսումնական նյութի հետ։

Խաղային սիմուլյացիաներ Իրական իրավիճակների մոդելավորում, որոնք հնարավորություն են տալիս սովորողներին սովորել խաղալով՝ զարգացնելով գործնական հմտություններ։

 

Ըստ մասնակիցների քանակի

 

Անհատական նախագծեր. Սովորողները  աշխատում է ինքնուրույն։

Խմբային նախագծեր. Սովորողները աշխատում են խմբերով, ինչը խթանում է համագործակցությունը և թիմային աշխատանքը։

 

Ըստ տևողության

 

Կարճաժամկետ նախագծեր. Սովորաբար տևում են մի քանի դասաժամից մինչև մեկ շաբաթ։ Դրանք հաճախ կենտրոնանում են կոնկրետ հմտությունների կամ գիտելիքների զարգացման վրա։

Միջնաժամկետ նախագծեր. Տևում են 6-8 շաբաթ։ Դրանք ավելի լայնածավալ են և պահանջում են ավելի շատ քայլեր և ռեսուրսներ, ավելի խորը մտածողություն և վերլուծություն։

Երկարաժամկետ նախագծեր. Կարող են տևել մի քանի շաբաթից մինչև ուսումնական տարվա մեծ մասը։ Դրանք ավելի խորը ուսումնասիրություն են պահանջում և հաճախ ներառում են բազմաթիվ փուլեր։

 

Ըստ բովանդակության

 

·       Վերառարկայական նախագծեր. Սովորողները տարբեր առարկաների և ոլորտների գիտելիքներն ու հմտությունները կիրառում են մեկ համատեղ խնդիր լուծելու համար: Վերառարկայական նախագծերը կարևոր դեր են խաղում ժամանակակից կրթության մեջ՝ նպաստելով սովորողների համակողմանի զարգացմանը և նախապատրաստմանը կյանքի մարտահրավերներին։

·       Միջառարկայական նախագծեր. Նախագծեր, որոնք ներառում են գիտելիքներ և հմտություններ տարբեր առարկաներից։ Միջառարկայական նախագծերը տարբեր առարկաների գիտելիքները և հմտությունները ինտեգրում են մեկ նախագծի շրջանակներում:

·       Առարկայական նախագծեր. Նախագծեր, որոնք իրականացվում են մեկ առարկայի շրջանակներում։

Last modified: Tuesday, 6 May 2025, 3:40 PM