Ի՞նչ է նախագծային ուսուցումը
Նախագծային ուսուցումը (ՆՈւ) ուսումնառության մոտեցում է, որը հիմնված է իրական կյանքի խնդիրների լուծման վրա: Այն նպաստում է սովորողների հետազոտական, քննադատական մտածողության, ստեղծագործականության և թիմային աշխատանքի հմտությունների զարգացմանը:
Նախագծային ուսուցումը մանկավարժական մոտեցում է, որը ստեղծվել է իրական աշխարհի մարտահրավերների ու խնդիրների շուրջ կառուցված նախագծերի միջոցով սովորողների մեջ ավելի խոր գիտելիքներ և հմտություններ զարգացնելու հնարավորություն ստեղծելու նպատակով։
Նախագծային ուսուցումը հետազոտական, պրոբլեմային, ստեղծագործական մեթոդների համադրություն է։ Այստեղ ուսուցիչը ստանձնում է մշակողի, համակարգողի, փորձագետի, խորհրդատուի դեր։ Նախագծային մեթոդի հիմքում ընկած է սովորողի ճանաչողական հմտությունների, սեփական գիտելիքներն ինքնուրույն ձևակերպելու, տեղեկատվական տարածքում կողմնորոշվելու, քննադատական և ստեղծագործական մտածողության ձևավորումն ու զարգացումը։
Եթե ձևակերպենք ավելի կարճ և պարզ՝ նախագծային ուսուցումը «ուսուցում է գործելով»։
Նախագծերի վրա հիմնված ուսուցումը կարող է կիրառվել կարճաժամկետ կամ երկարաժամկետ նախագծերի տեսքով: Նախագծային աշխատանքն առավել արդյունավետ է, երբ սովորողները համագործակցում են տարբեր առարկաների շրջանակներում, օգտագործում տեխնոլոգիաներ և մշակում իրական հիմնախնդիրների լուծումներ, որոնք կարող են օգտակար լինել ընկերությունների կամ կազմակերպությունների համար: Նախագծային ուսուցումը նպաստում է սովորողների թվային գրագիտության զարգացմանը և հնարավորություն տալիս նրանց ուսումնասիրել թեմաները իրենց հետաքրքրությունների շրջանակում:
Նախագծային ուսուցման ճկուն մոդելը հնարավոր է կիրառել ինչպես առկա այնպես էլ առցանց ուսուցման պայմաններում։ Հեռավար ուսուցման պայմաններում ուսուցիչները կարող են օգտվել առցանց գործիքներից, օրինակ՝ տեսանյութեր, էլեկտրոնային նյութեր, փոքր խմբերում քննարկումներ կազմակերպելու հնարավորություններ:
Նախագծային ուսուցման հիմնական բնութագրերն են.
Սովորողների կենտրոնացում. ՆՈւ-ն սովորողներին դնում է ուսուցման կենտրոնում՝ նրանց դարձնելով ուսման գործընթացի ակտիվ մասնակիցներ:
Իրական աշխարհի հետ կապ. Նախագծերը հաճախ կապված են իրական աշխարհի խնդիրների կամ իրավիճակների հետ, ինչը ուսուցումը դարձնում է ավելի արդիական և իմաստալից սովորողների համար:
Հետազոտություն. իրենց հարցերին պատասխաններ գտնելու և խնդիրներ լուծելու համար, սովորողները ներգրավվում են ակտիվ հետազոտության մեջ:
Համագործակցություն. ՆՈւ-ն հաճախ իրականացվում է խմբային աշխատանքի միջոցով, որտեղ սովորողները համագործակցում են՝ միասին աշխատելով:
Քննադատական մտածողություն և խնդիրների լուծում. Սովորողները վերլուծում են տեղեկատվությունը, մշակում լուծումներ և գնահատում են իրենց աշխատանքը՝ զարգացնելով են քննադատական մտածողություն և խնդիրների լուծման հմտություններ։
Ստեղծագործականություն և նորարարություն. Սովորողները գտնում են նոր և յուրօրինակ լուծումներ, ինչը նպաստում է նրանց ստեղծագործականության ու նորարարության զարգացմանը:
Ի՞նչ առավելություններ ունի նախագծային ուսուցումը
Նախագծային ուսուցումը մի շարք առավելություններ ունի ինչպես սովորողների, այնպես էլ ուսուցիչների համար։
Սովորողների համար
· Բարձրացնում է ներգրավվածությունը. Նախագծերը հաճախ կապված են իրական աշխարհի խնդիրների հետ, ինչը սովորողներին ավելի մոտիվացված է դարձնում։
· Զարգացնում է կարևոր հմտություններ. ՆՈւ-ն նպաստում է քննադատական մտածողության, խնդիրների լուծման, համագործակցության և հաղորդակցման հմտությունների զարգացմանը։
· Ապահովում է ավելի խորը ուսուցում. Սովորողները ոչ միայն սովորում են փաստեր, այլև կիրառում են գիտելիքները գործնականում։
· Նախապատրաստում է ապագային. ՆՈւ միջոցով սովորողները ձեռք են բերում 21-րդ դարի հմտություններ։
· Խթանում է ինքնուրույնությունը. Սովորողները ստանձնում են ակտիվ դեր ուսուցման գործընթացում։
Ուսուցիչների համար
· Ուսուցումը դարձնում է ավելի հետաքրքիր. ՆՈւ-ն հնարավորություն է տալիս ուսուցիչներին ստեղծել ավելի դինամիկ և ներգրավող ուսումնական միջավայր։
· Նպաստում է սովորողների հետ անմիջական շփմանը. Ուսուցիչները աշխատում են սովորողների հետ ավելի անմիջական՝առաջնորդելով և աջակցելով նրանց նախագծերի ընթացքում։
· Հնարավորություն է տալիս կիրառել ուսուցման տարբեր մեթոդներ. ՆՈւ-ը հնարավոր է համակցվել այլ ուսումնական մեթոդների հետ, ինչպիսիք են հետազոտությունը, քննարկումները և խմբային աշխատանքը։
· Ապահովում է սովորողների համապարփակ գնահատում. Ուսուցիչները կարող են գնահատել ոչ միայն նախագծի վերջնական արդյունքը, այլև կատարման ընթացքը։