Որո՞նք են նախագծային ուսուցման հիմնական հատկանիշները
Նախագծային ուսուցումն ունի մի շարք հիմնական հատկանիշներ.
Իրական կյանքի խնդիրների վրա հիմնված ուսուցում.
Նախագծային ուսուցումը կենտրոնանում է իրական կամ իրականությանը մոտ խնդիրների լուծման վրա, ինչը նպաստում է սովորողների քննադատական մտածողության և գործնական հմտությունների զարգացմանը։
Սովորողակենտրոն մոտեցում.
Նախագծային ուսուցման գործընթացի կենտրոնում սովորողն է։ Սովորողներն ակտիվորեն ներգրավվում են նախագծերի մեջ, որոնք պահանջում են հետազոտություն, քննադատական մտածողություն և խնդիրների լուծում։ Նրանք դառնում են ակտիվ հետազոտողներ, իսկ ուսուցիչը՝ ուղղորդող։
Միջառարկայական մոտեցում.
Նախագծերը կարող են ընդգրկել տարբեր առարկաներ (օրինակ՝ բնագիտություն, տեխնոլոգիա, մաթեմատիկա, լեզուներ), ինչը նպաստում է լայն մտահորիզոնի ձևավորմանը։
Ստեղծագործական և նորարարական մտածողություն.
Սովորողները խրախուսվում են ստեղծել նորարարական լուծումներ, օգտագործել իրենց երևակայությունը և մտածել ոչ ստանդարտ ձևով։
Ինտերակտիվ և համագործակցային ուսուցում.
Նախագծերը սովորաբար իրականացվում են թիմերով, ինչը սովորեցնում է համագործակցել, հաղորդակցվել և փոխադարձ աջակցություն ցուցաբերել։
Ինքնուրույն ուսումնասիրություն և նախաձեռնողականություն.
Նախագծային ուսուցումը սովորողներին խրախուսում է ինքնուրույն ուսումնասիրել տեղեկատվությունը, վերլուծել, գնահատել, լուծումներ գտնել՝ առանց ուսուցչի ուղղակի միջամտության։
Գործընթացի և արդյունքի գնահատում.
Կարևոր է ոչ միայն վերջնական արդյունքը, այլև այն, թե ինչպես է սովորողը կազմակերպում իր աշխատանքը։
Տեխնոլոգիաների և ռեսուրսների օգտագործում.
Շատ նախագծեր ներառում են ժամանակակից տեխնոլոգիաների կիրառություն, ինչը զարգացնում է թվային հմտությունները և ուսուցումը դարձնում ավելի դինամիկ։
Նախագծային ուսուցման հիմնական հատկանիշները նպաստում են սովորողների բազմակողմանի զարգացմանը, ուսուցումը դարձնում են արդյունավետ մոտեցում, սովորողների մեջ ձևավորվում են 21-րդ դարի հմտություններ՝ ճկունություն, հարմարվողականություն և շարունակական ուսուցում:
Որո՞նք են նախագծային ուսուցման հիմնական տարրերը
Նախագծային ուսուցումը (PBL) ժամանակակից կրթական մոտեցում է, որի հիմնական տարրերն են.
Մարտահրավերային հարց կամ խնդիր.
«Մարտահրավերային հարցը կամ խնդիրը» սկիզբ է դնում ողջ ուսումնական գործընթացին: Այն նման է կողմնացույցի, որը սովորողներին ուղղորդում է նախագծի ընթացքում, խթանում հետաքրքրությունը:
Մարտահրավերային հարցը սահմանում է նախագծի ուղղությունը և նպատակները, խթանում է հետաքրքրությունը, մղում է սովորողներին հետազոտելու և վերլուծելու տեղեկատվությունը: Այս հարցը կամ խնդիրը պետք է լինի բարդ, բաց և կապված իրական աշխարհի հետ:
Մարտահրավերային հարցի օրինակներ.
· Ինչպե՞ս կարող ենք նվազեցնել թափոնների քանակը մեր դպրոցում:
· Ինչպե՞ս են կլիմայի փոփոխությունները ազդում մեր տեղական համայնքի վրա:
· Ինչպե՞ս կարող ենք ստեղծել մոբայլ հավելված, որը կօգնի մարդկանց ավելի առողջ ապրելակերպ վարել:
Շարունակական հետազոտություն.
«Շարունակական հետազոտությունը» սովորողներին դրդում է խորանալ թեմայի մեջ և գտնել մարտահրավերային հարցի կամ խնդրի պատասխաններ:
Շարունակական հետազոտությունը իրականացվում է նախագծի ողջ ընթացքում և ներառում է տարբեր փուլեր: Սովորողները ակտիվորեն ներգրավվում են հետազոտության գործընթացում և ինքնուրույն որոշում, թե ինչպես են իրականացնելու այն: Նրանք օգտագործում են տարբեր աղբյուրներ և մեթոդներ՝ իրենց հետազոտությունը իրականացնելու համար:
Կապը իրականության հետ.
Երբ սովորողները աշխատում են իրական խնդրի վրա, նրանք հասկանում են, որ իրենց աշխատանքը կարևոր է, մեծանում է նրանց մոտիվացիան և ներգրավվածությունը, հնարավորություն են ունենում կիրառել իրենց գիտելիքները գործնականում, լուծել իրական խնդիրներ և ստեղծել արդյունքներ, որոնք արժեք ունեն իրենց և իրենց համայնքի համար։
Իրական նախագծերի օրինակներ.
· Սովորողները նախագծում և կառուցում են էկոլոգիապես մաքուր այգի դպրոցի համար։
· Սովորողները իրականացնում են տեղական պատմության ուսումնասիրություն և ստեղծում վավերագրական ֆիլմ։
· Սովորողները մշակում են մոբայլ հավելված, որը լուծում է տեղական համայնքի խնդիրը։
Սովորողների մասնակցության ապահովում.
«Սովորողների մասնակցությունը» սովորողներին դարձնում է ուսումնական գործընթացի ակտիվ մասնակիցներ:
Երբ սովորողները զգում են, որ իրենց կարծիքը լսելի է, նրանք ավելի մոտիվացված են լինում և ավելի պատրաստակամորեն ներգրավվում են ուսումնական գործընթացում։ Հնարավորություն է տալիս ինքնուրույն որոշումներ կայացնելու, արտահայտելու իրենց կարծիքը, ընտրություն կատարելու նախագծի թեմաների, մեթոդների և արդյունքների հարցում, արտահայտել նորարարական մտքեր, զարգացնել ստեղծագործականությունը։
Սովորողների մասնակցության օրինակներ.
· Սովորողները ընտրում են նախագծի թեման, որը կապված է իրենց հետաքրքրություններին։
· Սովորողները որոշում են, թե ինչպես են իրականացնելու իրենց հետազոտությունը (օրինակ՝ հարցումներ, փորձեր, հարցազրույցներ)։
· Սովորողները ընտրում են, թե ինչպես են ներկայացնելու նախագծի արդյունքները (օրինակ՝ պրեզենտացիա, ցուցահանդես, վիդեո)։
Ինքնավերլուծություն.
«Ինքնավերլուծությունը» սովորողներին դրդում է մտածել իրենց ուսումնական գործընթացի և արդյունքների մասին:
Ինքնավերլուծությունը օգնում է սովորողներին հասկանալ իրենց ուսման ոճը, ուսման գործընթացում առաջացած դժվարությունները, հնարավորություն է տալիս վերլուծել իրենց աշխատանքը, բարելավել ուսման հմտությունները։
Ինքնավերլուծությունը խթանում է խորը ուսուցումը, սովորողները ուսումնասիրում են ոչ միայն փաստեր, այլև պատասխանատվություն են կրում ուսման գործընթացի համար։
Ինքնավերլուծության օրինակներ.
· Սովորողը գրում է մտածողության օրագիր, որտեղ նշում է նախագծի վրա աշխատելու ընթացքում ունեցած դժվարությունների և հաջողությունների մասին։
· Սովորողները մասնակցում են խմբային քննարկման, որտեղ կիսվում են իրենց ուսումնական փորձով և առաջարկում են բարելավման ուղիներ։
· Սովորողը կատարում է ինքնագնահատում իր նախագծի մասին և որոշում է, թե ինչպես կարող է բարելավել այն։
Գնահատում.
Գնահատումը հնարավորություն է տալիս որոշել սովորողների առաջադիմությունը, հասկանալ ուժեղ և թույլ կողմերը, բարելավել ուսումնական գործընթացը։ Նախագծային ուսուցման համատեքստումը գնահատումը կենտրոնանում է ոչ միայն վերջնական արդյունքի, այլև ուսման գործընթացի վրա։
Գնահատումը ներառում է տարբեր մեթոդներ (ինքնագնահատում, փոխադարձ գնահատում և ուսուցչի գնահատում), ընչը նպաստում է սովորողների հմտությունների զարգացմանը։
Հանրային ներկայացում
Հանրային ներկայացումը նախագծային ուսուցման կարևորագույն փուլերից է, որի ընթացքում սովորողները իրենց աշխատանքի արդյունքները ներկայացնում են լայն հանրությանը։
Հանրային ներկայացումը բացահայտում է սովորողների ձեռքբերումները, նպաստում է հաղորդակցման, ներկայացման և քննադատական մտածողության հմտությունների զարգացմանը։ Հանրային ներկայացումը սովորողներին հնարավորություն է տալիս կիրառել իրենց հաղորդակցման հմտությունները և ստանալ հետադարձ կապ:
Հանրային ներկայացման ձևեր
· Պրեզենտացիաներ. Սովորողները ներկայացնում են իրենց նախագծերը սլայդների, պաստառների կամ այլ վիզուալ միջոցների օգնությամբ։
· Ցուցահանդեսներ. Սովորողները ցուցադրում են իրենց աշխատանքների արդյունքները, ինչպիսիք են մոդելները, արվեստի գործերը կամ տեխնիկական նախատիպերը։
· Համերգներ և ներկայացումներ. Սովորողները ներկայացնում են իրենց երաժշտական, թատերական կամ այլ արվեստի գործերը։
· Վեբ կայքեր և բլոգներ. Սովորողները հրապարակում են իրենց աշխատանքները առցանց հարթակներում։
· Վավերագրական ֆիլմեր և տեսանյութեր. Սովորողները ստեղծում են տեսանյութեր իրենց նախագծերի մասին։