Ուսումնական նախագծերի իրականացման օրենսդրական հիմքը

Ուսումնական նախագծերի իրականացման օրենսդրական պահանջը ՀՊՉ-ում սահմանված է «Սովորողի ուսումնառության արդյունքների գնահատման սկզբունքները» բաժնում։

Նախագծերն իրականացվում են չափորոշչով սահմանված պահանջներին համապատասխան և ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով սահմանված կարգով, համաձայն որի

·       Ուսումնական նախագիծը ուսումնառության մասնակիցների համար որոշակի տևական ժամանակահատվածում առանձնապես ինքնատիպ արժեք ստեղծելու գործընթաց է։

·       Հանրակրթության ոլորտում ուսումնական նախագիծը համագործակցային աշխատանք է, որը մանրակրկիտ պլանավորված է որոշակի նպատակի հասնելու համար։

·       Նախագծային ուսուցման ընթացքում սովորողները ձեռք են բերում գիտելիքներ և հմտություններ, ուսումնասիրում, վերլուծում և պատասխանում են արդիական և բարդ հարցի, խնդրի կամ մարտահրավերի։

 

Ուսումնական նախագծին ներկայացվող պահանջները.

 

·       Ուսումնական նախագիծը պետք է ունենա առարկայական ծրագրերի թեմատիկ բովանդակությունից բխող նպատակ, նկարագիր, պլանավորված գործողություններ, ակնկալվող վերջնարդյունք, կանխորոշված տևողություն, կիրառվող ՏՏ գործիքներ, հնարավոր հետագա ազդեցություն և վերջնարդյունքի կիրառելիություն այլոց կողմից։

·       Ուսումնական նախագիծը պետք է լինի գործողությունների ամբողջություն, որը պետք է հստակ պլանավորվի և իրականացվի այնպես, որ առարկայի(առարկաների) շրջանակում իրականացվող ուսումնական նախագծի ընթացքում սովորողների ձեռք բերած գիտելիքները, հմտություններն ու կարողություններն աջակցեն առարկաների ծրագրերի թեմատիկ բովանդակության յուրացմանը։

·       Ուսումնական նախածերը պետք է լինեն համագործակցային, այսինքն աշխատանքներին ցանկալի է անցկացվեն խմբային եղանակով՝ ներառելով նվազագույնը 3, առավելագույնը՝ 7 մասնակցի, որոնք աշխատում են համագործակցային միջավայրում միևնույն խնդրի լուծման ուղությամբ։

·       Սովորողների խմբերը կարող են ներկայացնել ինչպես նույն ուսումնական հաստատությունը, այնպես էլ ՀՀ մեկից ավելի ուսումնական հաստատություններ։ Այս դեպքում բոլոր հաստատությունները ներկայացնող դասավանդողները համատեղ կազմում են ուսումնական նախագծի պլան, ժամանակացույց, գործողություններ և այլն, որոնք հաստատվում և նույնությամբ կիրառվում են մասնակից բոլոր խմբերում։

·       Յուրաքանչյուր ուստարվա համար (օգոստոսին 1-ին, դեկտեմբերին՝ 2-րդ կիսամյակի համար) դասավանդողները մասնագիտական հանձնախմբի քննարկմանն են ներկայացնում ուսումնական ծրագրիթեմատիկ բովանդակությունից բխող ուսումնական նախագծերի թեմաների առաջարկը։

·       Առաջարկվող թեմաների հիման վրա՝ սովորողների կողմից ընտրությունն իրականացնելուց հետո, դասավանդողները սովորողների մասնակցությամբ կազմում են ուսումնական նախագծի պլանները։

·       Ուսումնական նախագծի պլանում.

-      նշվում է ուսումնական տարին, կիսամյակը

-      շարադրվում է ուումնական նախագծի անվանումը

-      նշվում է ուսումնական նախագծի տևողությունը (շաբաթների քանակը)

-      շարադրվում է ուսումնական նախագծի իրկականացման փուլերը՝ համապատասխան ժամաքանակով

-      շարադրվում է ուսումնական նախագծի նպատակը

-      շարադրվում է ուսումնական նախագծի վերջնարդյունքները

-      շարադրվում է տվյալ առարկայի (առարկաների) այն թեմայի (թեմաների) վերջնարդյունքները , որոնց վերաբերում է ուսումնական նախագծի թեման

-      շարադրվում է հիմնախնդիրը կամ մարտահրավերային հարցը

-      շարադրվում են ուղղորդող հարցերը

-      շարադրվում է ուսումնական նախագծի նկարագիրը

-      նշվում է ուսումնական նախագծի վերջնարդյունքի (պրոդուկտի) ներկայացման տեսակը և հետազոտության աղբյուրները

·       Մշակված ուսումնական նախագծի պլանը ներկայացվում է համապատասխան առարկայական մեթոդական միավորումների կամ բնագավառի մեթոդական մասնախմբին, որը քննարկում է այն և հավանություն է տալիս, եթե պլանը բավարարում է սահմանված բոլոր չափանիշներին, հակառակ դեպքում՝ նախագծի պլանը չի հաստատվում։ Եթե նախագծում ներգրավված են սովորողների խմբեր տարբեր հաստատություններից, ապա ներկայացված պլանը պետք է քննարկվի և հավանության արժանանա բոլոր ուսումնական հաստատություններում։

·       Ուսումնական հաստատության ղեկավարը՝ հիմնվելով առարկայական մեթոդական միավորումների կամ բնագավառի մեթոդական մասնախմբի դրական եզրակացության վրա հաստատում է ուսումնական նախագծի պլանը։

·       Կախված բարդությունից՝ ուսումնական նախագիծը պետք է ունենա առնվազն 6 շաբաթ տևողություն՝ հստակ պլանավորված փուլերով։

·       Ուսումնական նախագծին մասնակցող բոլոր սովորողները առանձին փուլերում պետք է ունենան աշխատանքի բաժանում՝ անհատական կամ խմբային աշխատանքի շրջանակներում։ Պետք է անհատապես կամ խմբերով ինքնուրույն իրականացնեն գործնական, հետազոտական, վերլուծական աշխատանք՝ ուղղված սահմանված խնդրի կամ մարտահրավերի հաղթահարման առաջարկներ մշակելուն։

·       Ուսումնական նախագծի արդյունքում պետք է ստեղծվի յուրօրինակ նյութական կամ ոչ նյութական արժեք, որը կիրառելի է այն խնդրի լուծման համար, ինչի շուրջ իրականացվել է նախագիծը։

·       Ուսումնական նախագծերի պլանը և ավարտուն արդյուքը (պրոդուկտի ցուցադրությունը) պետք է տեղադրվի որևէ առցանց միջավայրում (e-school, հեռավար ուսուցման (Մուդլ) համակարգ, « Պաշարների շտեմարան» և այլն)։

·       Ուսումնական նախագծի ավարտին նախագծի ղեկավարը հաստատության տնօրենին պետք է ներկայացնի հաշվետվություն, որում պետք է արտացոլվեն մասնակիցների ձեռք բերած գիտելիքը, հմտությունները, ուսումնասիրելու և վերլուծելու կարողությունները, վերջնարդյունք(ներ)ը, որի(որոնց) ձևավորմանը նպաստել է ուսումնական նախագիծը։

 

Ուսումնական նախագծում սովորողների գնահատման չափանիշներ և սանդղակ

 

Ուսումնական նախագծի գնահատականը (առավելագույնը 10 միավոր) բոլոր մասնակիցների համար լրացվում է մատյանում՝ ուսումնական նախագծի համար հատկացված էջում։ Յուրաքանչյուր սովորող պետք է գնահատվի առանձին։  Ուսումնական նախագծի գնահատումն իրականացվում է 3 բաղադրիչների հիման վրա.

Ընթացք՝ 3 միավոր

·       Նախապատրաստական փուլ (թեմայի ընտրության, նպատակի սահմանման աշխատանքներում սովորողի մասնակցություն)՝ 0,5 միավոր.

·       Բուն ընթացք (խնդիրների ձևակերպման, հարցերի մշակման, պլանի կազմման, ժամանակի բաշխման, ռազմավարությունների ընտրության, աղբյուրների ուսումնասիրության, տեղեկության հավաքագրման և վերլուծության աշխատանքներում սովորողի մասնակցություն)՝ 2 միավոր.

·       Ավարտ կամ ամփոփում (վերջնական մշակման և նախագծի ձևավորման աշխատանքներում սովորողի մասնակցություն)՝ 0,5 միավոր։

Բովանդակություն՝ 4 միավոր

·       նյութի համապատասխանությունը թեմային՝ 1,5 միավոր.

·       նյութի ամբողջականությունը՝  1 միավոր.

·       նյութի հիմնավորվածությունը՝ 1 միավոր.

·       նյութի գիտականությունը՝ 0,5 միավոր:

Ներկայացում՝ 3 միավոր

·       ներկայացման համար ընտրված ձևը կամ միջոցը (սահիկաշար, ֆիլմ-հոլովակ, երաժշտություն, համերգ, նկար, պաստառ, բեմականացում և այլն)՝ 1,5 միավոր.

·       նյութի խասքային ներկայացումը՝ 1,5 միավոր։

 

Կախված ուսումնական նախագծի տեսակից, թեմայից, հիմնախնդրից, ավարտուն արդյունքից  (պրոդուկտից) գնահատման սանդղակները կարող են տարբեր լինել։ Յուրաքանչյուր աշխատանքի համար անհրաժեշտ է մշակել համապատասխան սանդղակ՝ առաջնորդվելով սույն կետի պահանջներով կամ օգտագործել պաշարների շտեմարանում տեղադրված սանդղակներից մեկը։

Ուսումնական նախագիծը պետք է գնահատվի բոլոր դասավանդողների մասնակցությամբ մշակված սանդղակի կիրառմամբ։

 

Ուսումնական նախագծին մասնակցող սովորողի գնահատում (ավարտական քննական նախագիծ)

Հայաստանի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատություններում 9-րդ դասարանի բնագիտություն (սովորողի ընտրությամբ «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» առարկաներից մեկը) առարկայի ավարտական քննությունն ուսումնական նախագծի միջոցով հանձնելու դեպքում յուրաքանչյուր սովորող պետք է գնահատվի առանձին, 20 միավորային համակարգով, ըստ հետևյալ չափանիշների.

·       նախագծին մասնակցություն, համագործակցություն, ներդրում՝ 8 միավոր.

·       նախագծի բովանդակության և ավարտուն արդյունքի ներկայացում՝ 8 միավոր.

·       գիտելիքների ստուգում՝ 4 միավոր։

 

 Նախագծին մասնակցություն, համագործակցություն, ներդրում.

 

1 միավոր

Մասնակցել է հանդիպումների և քննարկումների առնվազն մեկ քառորդին, դժվարությամբ է համագործակցել թիմի անդամների հետ։

2 միավոր

Մասնակցել է հանդիպումների և քննարկումների մեկ քառորդին, որոշ չափով համագործակցել է թիմի անդամների հետ։

3 միավոր

Մասնակցել է հանդիպումների և քննարկումների առնվազն կեսին, դժվար է ներգրավվել աշխատանքներում, դժվարացել է կատարել հանձնարարված խնդիրները։

4 միավոր

Մասնակցել է հանդիպումների և քննարկումների առնվազն կեսին, որոշ չափով ներգրավվել աշխատանքներում, բավարար չափով կատարել է հանձնարարված խնդիրները։

5 միավոր

Մասնակցել է գրեթե բոլոր հանդիպումներին և քննարկումներին, որոշ չափով ներգրավվել աշխատանքներում, բավարար չափով կատարել է հանձնարարված խնդիրները։

6 միավոր

Մասնակցել է գրեթե բոլոր հանդիպումներին և քննարկումներին, բավարար չափով ներգրավվել աշխատանքներում և կատարել է հանձնարարված խնդիրները։

7 միավոր

Ակտիվորեն մասնակցել է բոլոր հանդիպումներին և քննարկումներին, լիարժեք ներգրավվել է աշխատանքներում և կատարել  իր առջև դրված խնդիրները։

8 միավոր

Ակտիվորեն մասնակցել է բոլոր հանդիպումներին և քննարկումներին, լիարժեք ներգրավվել աշխատանքներում և կատարել է իր առջև դրված բոլոր խնդիրները, նախաձեռնել է արդյունավետ և նպատակային համագործակցություն թիմի բոլոր անդամների հետ։

 

Նախագծի բովանդակության և ավարտուն արդյունքի ներկայացում.

 

 

1 միավոր

Ուսումանսիրությունները քիչ են առնչվում հիմնախնդրին, բացակայում է նյութի շարադրման տրամաբանական հաջորդականությունը, առկա են սխալներ։

2 միավոր

Ուսումանսիրությունները մասամբ են առնչվում հիմնախնդրին, նյութի շարադրանքն ինչ-որ չափով տրամաբանական է, առանձին բաղադրիչներ անհասկանալի են։ 

3 միավոր

Ուսումանսիրությունները հիմնականում առնչվում են հիմնախնդրին, նյութի շարադրանքը տրամաբանական է, առանձին բաղկացուցիչ մասերը մասամբ են փոխլրացնում իրար։

4 միավոր

Ուսումանսիրությունները հիմնականում առնչվում են հիմնախնդրին, նյութի շարադրանքը տրամաբանական է, առանձին բաղկացուցիչ մասերը հիմնականում փոխլրացնում են իրար, նյութերում  բացակայում են մեդիա աղբյուրներ, մուլտիմեդիոն նյութեր, հղումներ։

5 միավոր

Սովորողի կողմից կատարված ուսումանսիրություններն առնչվում են հիմնախնդրին, նյութի շարադրանքը տրամաբանական է, բաղկացուցիչ մասերը փոխլրացնում են իրար, ներկայացված նյութը բազմազան է, սովորողի խոսքում առկա են հիմնավորումներ, նյութերում օգտագործված է մեկ-երկու  տեղեկատվության աղբյուր՝ հղումներով, մուլտիմեդիոն նյութերով։

6 միավոր

Սովորողի կողմից կատարված ուսումանսիրություններն առնչվում են հիմնախնդրին, նյութի շարադրանքը տրամաբանական է, բաղկացուցիչ մասերը փոխլրացնում են իրար, ներկայացված նյութը բազմազան է, սովորողի խոսքը հիմնավորված է, նյութերում օգտագործված են բավարար թվով  տեղեկատվության աղբյուրներ՝ հղումներով, մուլտիմեդիոն նյութերով։

7 միավոր

Սովորողի կողմից կատարված ուսումանսիրություններն առնչվում են հիմնախնդրին, նյութի շարադրանքը տրամաբանական է, բաղկացուցիչ մասերը փոխլրացնում են իրար, ներկայացված նյութը բազմազան է, սովորողի խոսքը հիմնավորված է, նյութերում օգտագործված են մեդիա աղբյուրներ՝ իրենց հղումներով, մեդիա նյութեր՝ գծապատկերներ, դիագրամներ, նկարներ, տեսանյութեր, ձայնագրություններ, և կիրառված մուլտիմեդիոն տարրերը հիմնականում հասկանալի են դարձնում հարցերի ընկալումը։

8 միավոր

Սովորողի կողմից կատարված ուսումանսիրություններն առնչվում են հիմնախնդրին, նյութի շարադրանքը տրամաբանական է, բաղկացուցիչ մասերը փոխլրացնում են իրար, ներկայացված նյութը բազմազան է, սովորողի խոսքը հիմնավորված է, նյութերում օգտագործված են մեդիա աղբյուրներ՝ իրենց հղումներով, մեդիա նյութեր՝ գծապատկերներ, դիագրամներ, նկարներ, անիմացիաներ, տեսանյութեր, վիճակագրական տվյալներ, սոցիալական հարցումներ, ձայնագրություններ, և մուլտիմեդիոն տարրերն ընդգծում և լիովին հասկանալի են դարձնում նյութի բովանդակությունը։

 

 

Գիտելիքների ստուգում՝ 4 միավոր

 

Գիտելիքների ստուգումը կազմակերպվում է նախագծի իրականացման վերջին շաբաթվա ընթացքում։

 Գիտելիքների ստուգման եղանակը սահմանվում է նախագծի կազմակերպման պլանում։

Գիտելիքների ստուգումը գնահատվում է առավելագույնը  4 միավոր։

 

Սովորողի՝ ուսումնական նախագծի գնահատականը լրացվում է էլեկտրոնային մատյանում՝ որպես ավարտական քննության գնահատական և արտացոլվում է ավարտական վկայականում։

 

Վերջին փոփոխություն: երկուշաբթի, 5 մայիսի 2025, 6:10 PM