Անցանկալի վարքի արձագանքման քայլաշար
Ուսումնական միջավայրում դժվարությունները և բարդությունները կանխելու կամ արդեն առկա անցանկալի վարքային դրևորումները շտկելու համար կիրառելի է հետևյալ քայլաշարը.
-
Սահմանել հստակ սպասելիքներ – Երեխաները զգում են իրենց ավելի ապահով և հաստատուն, երբ գիտեն՝ ինչ սպասելիքներ կան իրենցից։ Սա է պատճառը, որ կարևոր է սկսել նոր տարին, կիսամյակը, քառորդը երեխաների հետ միասին կանոնները սահմանելուց։ Կարևոր է սահմանել ու գրել բոլոր կանոնները դրական ձևակերպմամբ, օրինակ «Խոսել ձեռք բարձրացնելուց հետո» ավելի նախըտրելի է, քան «Չխոսել, քանի դեռ քեզ չեն դիմել»։
-
Ունենալ կանխատեսելի առօրյա – Երեխաների վարքն ուղղորդելու և հուզական վիճակը կայուն պահպանելու համար հարկավոր է ունենալ հստակ մշակված օրակարգ, որն ամեն օր առավոտյան պետք է ներկայացվի երեխաներին։
-
Լինել հաստատուն – Պահպանել սահմանված կանոնները բոլոր պարագաներում, հիշեցնել երեխաներին դրանց մասին։
-
Ունենալ հստակ հետևանքներ – Երեխաների թե՛ դրական, թե՛ բացասական վարքային դրսևորումները պետք է ունենան հստակ և ժամանակին հետևանքներ և արձագանքներ։
-
Տալ ընտրության հնարավորություն – Ֆրուստրացիաներից խուսափելու համար երեխաներին կարելի է տալ ընտրության հնարավորություն։ Օրինակ՝ եթե երեխան հրաժարվում է առաջադրանքը կատարել, ապա կարող ենք ասել «Դու ցանկանո՞ւմ ես անել այն ընկերոջդ հետ, թե կցանկանաս լուռ անկյունում աշխատել միայնակ»։ Այս ձևակերպման դեպքում նկատելի է, որ առաջադրանքի կատարումը պարտադիր է, սակայն դրա իրականացման ձևի ընտրությունը գտնվում է երեխայի վերահսկողության ներքո։
-
Պահպանել աչքերի կոնտակտ – Հուզական դժվարությունների դեպքում հատկապես երեխաները կարիք ունեն նույնիսկ հայացքով ստանալ աջակցություն։ Աչքերի կոնտակտի հաստատումը թույլ է տալիս երեխաներին զգալ, որ դուք նրանց կողքին եք նույնիսկ, երբ նրանք գտնվում են գերհուզական, անկառավարելի վիճակում։
-
Վերցնել դադարներ - Ունենալ ժամանակ հանգստանալու համար։ Երբ երեխաները գտնվում են հուզական կամ անկառավարելի վիճակում, կարևոր է նրանց տալ ժամանակ և տարածք հանգստանալու, ինքնակարգավորվելու համար։ Դրանից հետո նրանք ավելի արձագանքող և ընդունող են։
Սովորեցնել հուզական կառավարում - Երեխաների անցանկալի դրսևորումների պատճառներից մեկը նրանց հուզական կառավարման անկարողությունն է։ Նրանք չգիտեն՝ ինչպես կառավարել ագրեսիվությունը, գերհուզականությունը, տխրությունը, և արդյունքում ունենում են ոչ ընդունելի վարք։ Հուզական կառավարման ուսուցումը երեխաներին հնարավորություն կտա նրանց ճանաչել իրենց հույզերը, կարողանալ դրանք ուղղորդել անհրաժեշտության դեպքում։ Հույզերի ճանաչման և ուղղորդման համար ցանկալի է, որ մանկավարժը և կրթական հոգեբանը միասին իրականացնեն խմբային հանդիպումներ երեխաների հետ, որոնց ընթացքում տարբեր միջոցների օգնությամբ (մուլտֆիլմի դիտում, արտ-թերապևտիկ միջոցներ, քննարկումներ, խաղեր) երեխաները կուսումնասիրեն հույզերը և դրանց արտահայտման ընդունելի ձևերը։