Ծնողների հետ աշխատանքի ուղղություններ

Կանխարգելող և զարգացնող բնույթի աշխատանքներ

Նախորդ բաժնում նշված իրազեկող նյութերի տրամադրումը կամ դրանց վերաբերյալ հանդիպումների անցկացումը հաճախ իրազեկելուց բացի նաև կանխարգելող նպատակ է հետապնդում։ Այսպես օրինակ, երբ ծնողներին իրազեկում ենք երեխաների տարիքային զարգացման առանձնահատկությունների, սպասվող դժվարությունների,  դրանց արձագանքման կամ երեխաների հետ արդյունավետ շփման մասին, մենք կարողանում ենք նախապատրաստել ծնողներին հնարավոր փոփոխություններին և կանխել հետագա լուրջ դժվարությունների առաջացումը։ 

Եթե նման խմբային քննարկումներն ուղեկցվում են գործնական առաջադրանքներով, վարժություններով, դերային խաղերով, որոնք միտված են ծնողավարման, երեխաների վարքին արդյունավետ արձագանքման հմտությունների զարգացմանը, այս դեպքում իրազեկող աշխատանքները նաև զարգացնող բնույթ են կրում։

Այսպես օրինակ,  խմբային իրազեկող հանդիպման ժամանակ ոչ միայն տեսական նյութ է ներկայացվում երեխաների հետ արդյունավետ շփման վերաբերյալ, այլ նաև իրականացվում են կոնկրետ առաջադրանքներ ծնողների արդյունավետ արձագանքման հմտությունների զարգացման ուղղությամբ։ Նման զարգացնող հանդիպումները սովորաբար ավելի արդյունավետ են, երբ դրանք երկարաժամկետ բնույթ են կրում։ Այս նպատակով կրթության հոգեբանը կազմում է ծնողավարման հմտությունների զարգացմանն ուղղված թրեյնինգային ծրագիր, որն իր մեջ պարունակում է թե՛ տեսական նյութ, թե՛ գործնական առաջադրանքներ, իրավիճակների քննարկումներ, դերային խաղեր, տնային հանձնարարություններ և այլն։ 

Ծնողների հետ իրականացվող զարգացնող աշխատանքները կարող են ուղղված լինել նաև նրանց ինքնակարգավորման հմտությունների զարգացմանը։ Երեխայի հոգեկան առողջությունն ու հոգեվիճակը անմիջականորեն կապված են ծնողների հոգեվիճակից, հուզականության դրսևորումներից, արձագանքներից, հետևաբար երեխայի մասին հոգ տանելու համար կարևոր է նախ հոգալ սեփական անձի մասին:

Հատկապես բարդ իրավիճակներում կարևոր է օգնել ծնողներին զարգացնել ինքնակարգավորման, հուզական վիճակների արդյունավետ կառավարման հմտությունները: Այս նպատակով կարող են իրականացվել թե՛ անհատական, թե՛ խմբային հանդիպումներ՝ ուղղված շնչառական վարժությունների, մկանային ռելաքսացիաների և այլ ինքնակարգավորող մեթոդների ուսուցմանը: Նման աշխատանքներ կատարելու անհրաժեշտությունը հատկապես մեծանում է արտակարգ իրավիճակներում, երբ ծնողների մոտ կարող են նկատվել տարբեր հուզական հակազդումներ։