Ծնողների հետ աշխատանքի ուղղություններ

Հոգեախտորոշում և խորհրդատվություն

Ծնողների հետ աշխատանքում կրթության հոգեբանն իրականացնում է նաև ախտորոշիչ աշխատանքներ։ Հիմնականում դա իրականացվում է ծնողական հարցաթերթի միջոցով, որը պարունակում է երեխայի զարգացման և առանձնահատկությունների մասին կարևոր տեղեկություններ։

Ծնողական հարցաթերթը տրվում է ծնողին այն պահին, երբ երեխան ընդունվում է տվյալ կրթական հաստատություն։ Ծնողի կողմից այն լրացնելուց առաջ կարևոր է նրան տեղեկացնել, որ հարցաթերթում նշված տեղեկությունները գաղտնի են պահվում կրթության հոգեբանի կողմից և կիրառվում են երեխայի հետ իրականացվող աշխատանքներն առավել արդյունավետ դարձնելու նպատակով։ 

Ծնողական հարցաթերթը բաղկացած է հետևյալ բաժիններից․ 

  1. Անձնական տվյալներ

    • Երեխայի անուն, ազգանուն

    • Ծննդյան ամսաթիվ

    • Ընտանիքի կազմ (թվարկել ընտանիքի անդամներին)

    • Որերորդ երեխան է ընտանիքում

    • Ծնողների անուն ազգանուն, կոնտակտային տվյալներ

 

  1. Տեղեկություններ երեխայի զարգացման վերաբերյալ

    • Ինչպե՞ս է ընթացել հղիության շրջանը: 

    • Ինչպիսի՞ վաղ զարգացման առանձնահատկություններ է ունեցել երեխան (քուն, սնունդ, խնամք և այլն): 

    • Ե՞րբ է խոսել: 

    • Ե՞րբ է քայլել: 

    • Ունեցե՞լ է արդյոք լուրջ առողջական խնդիրներ կամ բժշկական միջամտություն պահանջող հիվանդություններ: 

    • Ի՞նչ առանձնահատկություններ է ունեցել նախադպրոցական տարիքում: 

    • Ինչպե՞ս է երեխան հարմարվել նախադպրոցական հաստատությանը (եթե գնացել է մինչ այդ պահը): 

    • Ի՞նչ առանձնահատկություններ է ունեցել կրտսեր դպրոցական տարիքում: 

    • Ինչպե՞ս է երեխան հարմարվել դպրոցին  (եթե գնացել է մինչ այդ պահը): 

  

  1. Փոխհարաբերություններ

    • Ինչպիսի՞նն են ընտանեկան փոխհարաբերությունները։ 

    • Ո՞ւմ հետ է մտերիմ երեխան։ 

    • Նկարագրե՛ք երեխայի փոխհարաբերությունները ընտանիքի բոլոր անդամների հետ առանձին-առանձին։ 

    • Ինչպիսի՞նն են երեխայի փոխհարաբերություններն իր հասակակիցների հետ։ 

  

  1. Ծնողավարման մոտեցումներ

    • Ի՞նչ պարտականություններ ունի երեխան տանը։ 

    • Ինչպե՞ս եք արձագանքում երեխայի անցանկալի վարքին։

    • Ի՞նչ պատիժներ եք կիրառում։ 

    • Ինչպե՞ս եք խրախուսում երեխային։ 

  

  1. Հատուկ, նշանակալի իրադարձություններ

    • Ի՞նչ հատուկ, նշանակալի իրադարձություններ են տեղի ունեցել երեխաների կյանքում։

      • Տեղափոխություն այլ երկիր։

      • Մտերիմի կորուստ, մահ։

      • Ամուսնալուծություն։

      • Ընտանիքի անդամի ծանր հիվանդություն։

      • Բռնություն և այլն: 

    • Եթե տեղի է ունեցել նման իրադարձություն, խնդրում ենք մանրամասնել, թե երբ է դա տեղի ունեցել, ինչպես է երեխան արձագանքել և այլն: 
       

  1. Երեխայի ներկայի մասին

    • Ի՞նչ հետաքրքրություններ, նախասիրություններ ունի երեխան:

    • Ի՞նչ ընտանեկան, համատեղ ժամանցի ավանդույթներ կան երեխայի ընտանիքում: 

    • Ի՞նչ լրացուցիչ խմբակների է հաճախում երեխան: 

    • Ունի՞ արդյոք ընկերներ: 

    • Ունի՞ արդյոք երեխան հոգեբանական խնդիրներ, դժվարություններ: Երբևէ՞ հաճախել է հոգեբանի, նյարդաբանի կամ հոգեբույժի մոտ: Եթե այո՝ մանրամասնել: 


Վերոհիշյալ հարցերը կարելի է ձևափոխել, համալրել կամ օգտագործել հատկապես այն հարցերը, որոնք կիրառելի են տվյալ կրթական հաստատության համար։ 

Անհրաժեշտության դեպքում, կրթության հոգեբանը կարող է կիրառել նաև այլ հոգեախտորոշիչ մեթոդներ, օրինակ՝ ծնող-երեխա փոխհարաբերությունների բացահայտման, ծնողավարման ոճերի բացահայտման նպատակով: 

Ծնողների հետ կրթության հոգեբանն իրականացնում է նաև խորհրդատվական աշխատանքներ՝ ծնող-երեխա փոխհարաբերությունների, ուսումնական ու դաստիարակչական հարցերի, երեխաների հոգեբանական դժվարությունների շուրջ: Կրթության հոգեբանը չի իրականացնում հոգեբանական խորհրդատվություն ծնողների անձնական խնդիրների շուրջ: 

Արտակարգ իրավիճակներում երեխայի ծնողների հետ աշխատելու անհրաժեշտություն կարող է լինել նաև այն դեպքերում, երբ երեխան հանգամանքների բերումով տեղափոխվել է այլ կրթական հաստատություն: Այս դեպքում երեխային կրթական հաստատությունում ներառելուց առաջ կարևոր է հանդիպել երեխայի ծնողների կամ խնամակալների հետ և ճշգրտել հետևյալ տեղեկատվությունը՝ 

    • Ե՞րբ են տեղափոխվել։ 

    • Ի՞նչ է տեղի ունեցել երեխայի հետ։ Ի՞նչ է տեսել, ի՞նչ է լսել, ի՞նչ առնչություն է ունեցել արտակարգ իրավիճակի հետ: 

    • Ինչպե՞ս է երեխան արձագանքել վերոհիշյալ իրավիճակներում։

    • Ինչպե՞ս են արձագանքել երեխայի ծնողները կամ նրան շրջապատող մյուս մեծահասակները: 

    • Ի՞նչ գիտի երեխան ներկա վիճակի մասին։ 

    • Ինչպիսի՞նն է ընտանիքի ներկա իրավիճակը (բավարարված են ընտանիքի առաջնային կարիքները, կա արդյոք զոհ, վիրավոր և այլն)։

    • Ի՞նչ պլաններ ունի ընտանիքը: