Ամփոփում

Այսպիսով, ծնողների հետ իրականացվող կրթության հոգեբանի աշխատանքում կարելի է առանձնացնել մի քանի հիմնական նպատակ.  

    1. Օգնել ծնողներին ինքնաճանաչման, ինքնակառավարման, ինքնախնամքի հմտությունների զարգացման հարցերում: Երեխան երջանիկ կարող է լինել միայն երջանիկ ընտանիքում: Հետևաբար երեխայի մասին հոգ տանելու համար կարևոր է նախ հոգալ սեփական անձի մասին: Կրթության հոգեբանն աջակցում է ծնողներին  ինքնակառավարման, հույզերի և սթրեսի կառավարման հմտությունների զարգացման հարցերում:

    2. Իրազեկել և ուղղորդել ծնողին երեխայի առողջ և համակողմանի զարգացման համար նպաստավոր պայմանների ստեղծման հարցերում: Կրթության հոգեբանը իրազեկում է ծնողներին երեխայի զարգացման օրինաչափությունների, դաստիարակության ոճերի, ծնող-երեխա արդյունավետ փոխհարաբերությունների և այլնի մասին և, ըստ անհրաժեշտության, ուղղորդում է նրանց դաստիարակությանն առնչվող տարբեր հարցերում: 

    3. Օգնել գիտակցել ընտանեկան փոխհարաբերությունների ազդեցությունը երեխայի հոգեվիճակի, ինքնազգացողության և վարքի վրա: Կրթության հոգեբանը ցույց է տալիս ծնողական ոճերի, արձագանքների ազդեցությունը երեխայի վարքի և զգացողությունների վրա: Իհարկե, անհրաժեշտ է զգոն լինել ծնողների մոտ մեղքի զգացում չառաջացնելու կամ այն չսրելու համար, այլ հրավիրել նրանց համագործակցության երեխային հասկանալու և աջակցելու հարցերում: Մասնագետն օգնում է նաև ծնողին գիտակցել սեփական մանկական փորձի, ծնողների հետ փոխհարաբերությունների ազդեցությունն իր դաստիարակության մոտեցումների և երեխաների հետ փոխհարաբերությունների վրա: 

    4. Զարգացնել արդյունավետ ծնողավարման հմտությունները: Կրթության հոգեբանը աջակցում է ծնողներին դրական, գիտակից ծնողավարության, փոխադարձ հարգանքի և երեխայի հանդեպ սիրո վրա հիմնված փոխհարաբերությունների ձևավորման հարցերում: 

    5. Ծնողի հետ համագործակցության միջոցով առավել արդյունավետ դարձնել երեխայի հետ կատարվող աշխատանքները: Երեխայի հետ արդյունավետ աշխատելու համար կրթության հոգեբանը ծնողից հավաքագրում է անհրաժեշտ տեղեկատվությունը երեխայի և ընտանիքի վերաբերյալ,  մշտապես կապի մեջ է լինում ծնողի հետ՝ տեղեկացնելով նրան առաջացած դժվարությունների ծագման և հաղթահարման վերաբերյալ: Ծնողի հետ արդյունավետ համագործակցությունը հնարավորություն է ընձեռում համապատասխանեցնելու, նույնատիպ, իրար չհակասող մոտեցում  մշակելու երեխայի այս կամ այն արարքի շուրջ՝ ստեղծելով երեխայի զարգացման համար նպաստավոր պայմաններ: 

Իր աշխատանքի ընթացքում կրթության հոգեբանը օգնում է կրթական հաստատությանը սերտ համագործակցային կապ պահպանել սովորողների ընտանիքների ու ծնողների հետ։