Completion requirements
Դժվար իրավիճակներին աձագանքման տարիքային առանձնահատկություններ
Նախադպրոցական տարիք
Նախադպրոցական տարիքում (3-6 տարեկան) երեխաների մոտ կարող են նկատվել ուժեղ վախեր, տագնապներ, անապահովության զգացում։ Նույնիսկ, եթե երեխան չի ցուցաբերում ակնհայտ ախտանշաններ, միևնույն է նա ապրում է որոշակի հուզական դիսթրես, որը կարող է բավականին երկար ժամանակ տևել։ Երեխան կարող է ցուցաբերել առօրյա կենսագործունեության խնդիրներ, թեև չունենալ արտահայտված այլ խանգարումներ։ Այս տարիքում երեխայի բառապաշարը և խոսքն այնքան զարգացած չեն, որպեսզի նա հստակ կարողանա նկարագրել իր հետ տեղի ունեցածը և արտահայտել ապրումները։ Ուստի, շատ կարևոր է ուշադիր լինել երեխայի վարքին, որը կարող է մեծահասակներին հուշել երեխայի դժվարությունների մասին։ Առավել հաճախ այս տարիքում երեխաները՝
-
- ցուցաբերում են անջատման, հեռացման վախ և չափազանց կախված են դառնում իրենց դաստիարակներից կամ խնամողներից,
- ունենում եմ ռեգրեսիվ, հետընթացային վարք (խոսում եմ փոքրիկի նման, ծծում են մատը և այլն),
- ունենում են զարգացման կանգ, հետ են ընկնում հասակակիցներից,
- վերարտադրում են տրավմատիկ իրողությունը (անընդհատ խաղարկում, կրկնում դրվագներ),
- դժվարությամբ են արթնանում կամ քուն մտնում, մերժում են քնելու պահանջմունքը,
- դրսևորում են ֆիզիկական ախտանիշներ (գլխացավեր, փորացավեր, չափազանց ուժեղ են արձագանքում ցանկացած ձայնին և այլն),
- ունենում են վարքային փոփոխություններ (սնվելու դժվարություններ, մեկուսացվածություն, ագրեսիվություն, ուշադրության ցրվածություն, կամակորություն և այլն),
- ցուցաբերում են տրամադրության տատանումներ,
- չափազանց սուր կամ թույլ են արձագանքում տարբեր ազդակներին (ձայն, լույս, երաժշտություն և այլն),
- անհանգստանում են և նույնիսկ՝ տագնապում սեփական անձի կամ ուրիշների համար,
- վախենում են տրավմատիկ իրողության կրկնողությունից,
- կարող են ցուցաբերել նոր վախեր, որ մինչ այդ չեն ունեցել,
- կարող են մահվան և մահանալու մասին հարցեր բարձրացնել։