Մանկական ագրեսիա
Երեխաներն ագրեսիվ չեն ծնվում։ Սովորաբար, երեխայի հակազդումները կրում են պաշտպանական բնույթ։ Սակայն, միջավայրի ազդեցությունների ներքո այդ հակազդումները կարող են վերածվել տարբեր վտանգավոր գործողությունների, որոնք կվնասեն շրջապատին։ Սովորաբար, երբ ասում ենք ագրեսիվ վարք, նկատի ունենք ապակառուցողական, վնասակար գործողությունների շարք, որոնք ֆիզիկական, հոգեբանական և բարոյական վնաս են հասցնում թե երեխային և շրջապատին։
Ագրեսիայի ցանկացած ձևի դրսևորման դեպքում պետք է հիշել, որ երեխայի ագրեսիվ վարքը պատասխան է որոշակի ազդակներին, որոնք խաթարում են երեխայի ֆիզիկական և հոգեբանական առողջությունը։ Այն ծագում է ի պատասխան արտաքին բացասական պայմանների կամ ապրումների։ Երեխաները պահանջ ունի սիրված, ընդունված լինելու։ Երբ ինչ-ինչ պատճառներով /ծնողների ցանկության, հմտությունների և հնարավորությունների պակասի, շրջապատի անբարենպաստ ազդեցության, սոցիալական իրավիճակի փոփոխության, երեխայի կողմից իրավիճակի ոչ ճիշտ մեկնաբանման և այլն/ այս պահանջմունքը չի բավարարվում, երեխան ամեն կերպ ուզում է հասնել իր նպատակին: Նպատակին հասնելու համար երեխան կարող է ցուցաբերել անցանկալի վարքաձևեր: Այդ նպատակները գիտնականները բաժանել են չորս խմբի՝
-
- Ուշադրության գրավում: Երեխան բոլոր հնարավոր ուղիներով փորձում է գրավել շրջապատող մարդկանց ուշադրությունը: Երեխան կարող է վիճաբանությունների մեջ մտնել, ծամածռություններ անել դպրոցում, չկատարել հանձնարարությունները, կռվել քույր-եղբայրների հետ և այլ: Ծայրագույն դեպքերում, ուշադրություն գրավելու համար երեխան կարող է նույնիսկ ունենալ որոշակի ֆիզիկական խնդիրներ /փորացավեր, փսխումներ, գլխացավեր և այլ/, քնի և սննդի խանգարումներ և այլ:
- Պայքար իշխանության համար: Երեխան սկսում է դրսևորել անհնազանդ վարք, հակառակվել ծնողներին: Սա հիմնականում արվում է սեփական արժևորումն ու կարևորությունը զգալու համար: Օրինակ, երբ երեխան ժամանակին չի գնում քնելու, բոլորը ընկնում են նրա ետևից, նա կարող է չափազանց կարևոր իրեն զգալ:
- Վրեժխնդրություն: Երեխան, կարծես, ցանկանում է <<վրեժխնդիր>> լինել ծնողներին, որոնք բավարար ուշադրություն չեն դարձրել իրեն: Նա կարող է փախչել տանից, հրաժարվել մասնակցել ընտանեկան միջոցառումներին, գողություն անել, ունենալ բազմապիսի գաղտնիքներ ծնողներից, պարբերաբար դրսևորել այնպիսի վարք, որի դեպքում վստահ է ծնողների տխրության մեջ:
- Հուսահատություն: Երեխային թվում է, որ ինքը չի կարող հաջողություններ ունենալ, խուսափում է անհաջողություններից, կարող է դրսևորել իր տարիքից փոքրի վարք, չի ցանկանում որևէ բան սովորել, իրեն թվում է, որ ոչինչ չի կարողանա, բթամիտ է, անհաջողակ:

Ի՞նչ կարող է անել մեծահասակը, որպեսզի նվազեցնի երեխայի ագրեսիվ դրսևորումները։
Նախևառաջ շատ կարևոր է խոսել տվյալ իրավիճակում առաջացող սեփական զգացմունքների ու հույզերի մասին։ Երեխան պետք է հասկանա և ճանաչի իր անարդյունավետ վարքի հետևանքները, հասկանա, թե իր վարքն ինչպես կարող է ազդել շրջապատի վրա։ Սա կարելի է անել՝ ուղղակի ասելով, թե ինչը դուր չի գալիս։
Երեխայի համար շատ օգտակար է, երբ տանը կամ շրջապատում կան հստակ սահմանված կանոններ։ Եթե երեխան խախտում է դրանք՝ չափազանց բարկանում է, գոռում է և այլ ագրեսիվ դրսևորումներ է ունենում, լավագույն միջոցն է հիշեցնել կանոնները, ինչպես նաև շեշտադրել, թե ինչ կարող է լինել դրանց խախտելու դեպքում։
Որպեսզի երեխայի ագրեսիվ վարքը նվազի, անհրաժեշտ է ստեղծել այնպիսի պայմաններ, որոնք կօգնեն նրան գիտակցել իր արարքների անցանկալի լինելը։ Կարևոր է քննարկել նրա վարքը, դրա պատճառները, հետևանքները, առաջարկել այլընտրանքներ։ Սա անհրաժեշտ է անել, երբ իրավիճակի լարվածությունն արդեն նվազել է ու երեխան ավելի հանգիստ է։
Երբ իրավիճակը շատ լարված է և երեխան կարծես՝ անկառավարելի է, մեծահասակները պետք է հիշեն, որ իրավիճակը հանգստացնելու արդյունավետ ճանապարհներից մեկը ինքնակառավարումն է։ Ագրեսիայի կառավարման լավագույն միջոցը սեփական դրական օրինակն է։ Եթե մեծահասակն ունի ինքնակառավարման և ինքնակարգավորման հմտություններ, կարողանում է ժամանակին ճիշտ արձագանքել երեխայի կարիքներին, ագրեսիվ դրսևորումները միանշանակ նվազում են։