3.
Կարևոր է, որ կրթական հաստատությունում առկա լինի սովորելու մթնոլորտ, որտեղ որևէ բան չիմանալը կամ սխալվելը ամոթ չէ: Սխալներն ուսուցման կարևոր մասն են, որոնք օգնում են հասկանալ ուսուցանվող նյութն առավել խորությամբ: Այս նպատակին հասնելու համար կարևոր է, որ սովորեցնողները․
-
-
հանգիստ և համբերատար արձագանքեն սովորողի սխալներին՝ ցույց տալով, որ սխալը բնական է, բոլորը կարող են սխալվել,
-
կարողանան ընդունել սեփական սխալներն ու թերացումները։ Արդյունավետ կրթական միջավայրում կա միմյանցից սովորելու մշակույթ, որը նշանակում է, որ ոչ միայն սովորողներն են սովորում սովորեցնողից, այլև սովորողները սովորում են միմյանցից, ինչպես նաև սովորեցնողն իր հերթին սովորում է սովորողներից։
-
կանխեն այլ սովորողների հեգնանքն ու ծաղրը սխալ գործած երեխայի կամ ուսանողի նկատմամբ։ Այս առումով խիստ կարևոր է, որ կրթական միջավայրում յուրաքանչյուրը հարգված և գնահատված լինի որպես անհատականություն: Նման մթնոլորտում տեղ չկա հեգնանքի, ծաղրի, նվաստացման, բռնության համար:
-
կարողանան ստեղծել օգնության դիմելու մշակույթ: Սովորողները կարող են դիմել միմյանց և սովորեցնողի օգնությանը: Միաժամանակ մյուսների կողմից տրամադրվող օգնությունը պետք է լինի զարգացնող, չափավոր, որպեսզի չխոչընդոտի սովորողի ինքնուրույնությանը:
-
Դասարանական մթնոլորտի ապահովման և ուսումնական մոտիվացիայի խթանման հարցում մեծ դերակատարում ունեն նաև սովորեցնողների սպասելիքները սովորողներից։ Կա մի օրինաչափություն, որի համաձայն սովորեցնողների բարձր սպասելիքներն ապահովում են սովորողների բարձր առաջադիմությունը։ Սովորեցնողների սպասելիքները սովորողներից, որպես կանոն, հիմնվում են նրանց նախկին ակադեմիական առաջադիմության, նրանց սիբլինգների հետ ունեցած փորձառության, ֆիզիկական գրավչության, սեռի, ռասայի, ընտանեկան եկամուտի, ծնողների վերաբերմունքի և այլ գործոնների վրա։ Սակայն այս սպասելիքները էականորեն ազդում են այն հնարավորությունների վրա, որոնք սովորեցնողը տալիս է սովորողին։ Բացի այդ դրանք սուբյեկտիվ են դարձնում սովորեցնողի կողմից սովորողի վարքի ընկալումն ու մեկնաբանությունը։
Սովորեցնողների ունեցած սպասելիքների վերոհիշյալ բացասական հետևանքները կանխելու համար կարևոր է, որ սովորեցնողները․
-
-
Փոխանցեն բարձր սպասելիքներ,
-
Պահպանեն բարձր ստանդարտներ,
-
Սովորողների հմտությունների մակարդակի ստուգումը հիմնեն վալիդ և վստահելի տեղեկության վրա,
-
Պարբերաբար վերանայեն սովորողի հանդեպ մոտեցումը, սպասելիքները,
-
Հնարավորինս քիչ տարբերակեն բարձր և ցածր առաջադիմությամբ սովորողներին,
-
Ստեղծեն այնպիսի պայմաններ, որտեղ սովորողներն իրենց նոր կողմերից բացահայտելու հնարավորություն կունենան։
-
Կրթության հոգեբանը վերոհիշյալ սկզբուքների շուրջ սովորեցնողների հետ մշտական համագործակցության մեջ է գտնվում՝ օգնելով նրանց ավելի բազմակողմանի ճանաչել աշակերտներին ու նրանց հնարավորությունները։