4.
Սովորողների ուսումնական մոտիվացիայի խթանման հարցում կարևոր նշանակություն ունեն նաև այն առաջադրանքներն ու հանձնարարությունները, որոնք կիրառվում են սովորեցնողի կողմից դասապրոցեսի ընթացքում կամ հանձնարարվում են տանն անելու համար:
Իսկ ինչպիսի՞ն պետք է լինեն առաջադրանքները սովորողներին մոտիվացնելու համար:
-
Բազմակողմանի: Առաջադրանքները պետք է օգնեն սովորողներին զարգացնել տարբեր հմտություններ: Նման առաջադրանքները հաճախ պահանջում են մեծ կարգապահություն, դիվերգենտ մտածողություն և խնդրի ակտիվ լուծում:
-
Դրդող և հասանելի միաժամանակ: Կարևոր է, որ առաջադրանքը լինի սովորողի հնարավորությունների սահմաններում, չլինի այնքան բարդ, որ վերջինս հրաժարվի այն կատարելուց: Միաժամանակ այն պետք է պարունակի իր մեջ որոշակի մարտահրավեր, բարդություն, որպեսզի սովորողին հետաքրքիր լինի իրականացնել այն: Նման առաջադրանքները հաճախ պարունակում են անակնկալ կամ երևակայական պահ:
-
Տարբեր մակարդակների: Նախորդ կետում նշված սկզբունքից նաև հետևում է, որ առաջադրանքները պետք է համապատասխանեցվեն սովորողի ընդունակություններին ու հնարավորություններին, հետևաբար անհրաժեշտ է ունենալ տարբեր բարդության աստիճանի առաջադրանքներ նույն թեմայի համար:
-
Ակտիվություն պահանջող: Կարևոր է սովորողներին տրամադրել առաջադրանքներ, որոնք ակտիվ մասնակցելու, հետազոտելու, բազահայտելու, գիտափորձեր անելու հնարավորություն են ընձեռում, որոնք ունեն բազմաթիվ բաց, ստուգման ենթակա հարցեր: Միաժամանակ դրանք պետք է լինեն թեմատիկ և ուսուցողական:
-
Հասկանալի: Առաջադրանքի էությունն ու հրահանգը հասկանալի պետք է լինի երեխայի համար: Բացի այդ, կարևոր է սովորողներին բացատրել առաջադրանքների նպատակն ու այն հմտությունների իրական նշանակությունը, որոնք դրանք զարգացնում են:
-
Հետաքրքիր: Ուսումնական մոտիվացիան խթանելու նպատակով կարևոր է, որ առաջադրանքները կապված լինեն սովորողների հետաքրքրությունների ու նախասիրությունների հետ: Դա ապահովելու նպատակով, հնարավորության սահմաններում, կարելի է սովորողներին ընտրելու հնարավորություն տալ:
-
Իրական: Ստեղծել արդիական մեծ խնդիրներին առնչվող առաջադրանքներ, որոնք թույլ կտան սովորողներին ներգրավվել իրական, ինտելեկտուալ աշխատանքի մեջ:
-
Բազմազան: Չափազանց կարևոր է դասապրոցեսում ներառել բազմազան, տարաբնույթ առաջադրանքներ, տարբեր ձևաչափեր, անհատական, զույգերով, խմբերով աշխատելու հնարավորություններ և այլն:
-
Աճը շեշտադրող: Արդյունավետ առաջադրանքները պետք է կազմվեն այնպես, որ սովորողները հնարավորություն ունենան տեսնելու իրենց հմտությունների աճը (օրինակ՝ առաջադրանքները տալ պարզից բարդ սկզբունքով, բարդ առաջադրանքները բաժանել մասերի և այլն):
-
Լրացուցիչ: Եթե սովորողը շուտ է ավարտում առաջադրանքը, կարևոր է նրան տալ այլ հետաքրքիր առաջադրանքներ (օրինակ՝ պատրաստել դասարանի թերթ, առցանց շփում գիտնականի հետ և այլն):
-
Կրթության հոգեբանի կողմից իրականացվող դասալսումները կարող են օգնել նրան առավել խորությամբ պատկերացնել սովորեցնողների կողմից կիրառվող հանձնարարությունների բնույթը և անհրաժեշտության դեպքում աջակցել նրանց այս հարցում։