Մանկական հոգեթերապիայի ընթացքը

Ընդունված է հոգեթերապևտիկ ողջ գործընթացը բաժանել մի քանի փուլի՝ ներածական հանդիպումներ, խնդրի հետ աշխատանք, ավարտի փուլ։ Բաժանումը պայմանական է, քանի որ չկան հստակ ժամկետներ, սահմաններ, սակայն կարևոր է պահպանել այս մոտեցումը՝ աշխատանքի արդյունավետության պահպանման նպատակով։

Կարևոր փուլ է համարվում ներածական հանդիպումների փուլը, որը թերևս լավագույն հոգեախտորոշիչ միջոց է թերապևտի համար: Ներածական հանդիպումների ժամանակ թերապևտը կարող է տեսնել և հասկանալ երեխայի շրջապատող իրականության էությունը, տեսնել երեխա-շրջապատ փոխազդեցության նրբություններ, գնահատել հարաբերությունների որակն ու առանձնահատկությունները և այլ:

Ներածական հանդիպումները կարող են մի քանի փուլով ընթանալ՝ հանդիպում ծնողի հետ, ծնող-երեխա հանդիպում, հանդիպում երեխայի հետ: Դրանց համար անհրաժեշտ է բավականաչափ ժամանակ և դրանք հստակ նպատակ պետք է հետապնդեն, ուստի թերապևտը, ով նախատեսում է իրականացնել ներածական հանդիպումներ պետք է նախապես պլանավորած լինի այդ հանդիպումները:

Երեխայի հետ նախնական հանդիպումը թերևս ամենապատասխանատու հանդիպումներից մեկն է: Երեխայի հետ հանդիպման նպատակներն են՝

  • փոխհարաբերությունների հաստատում
  • երեխայի հոգեկան, սոցիալական, ֆիզիկական ստստուսի գնահատում
  • երեխային ծանոթացում խաղասենյակի, աշխատանքի հետ

 Այս հանդիպումը չափազանց կարևոր է երեխայի հետ հոգեթերպաևտիկ, վստահելի հարաբերությունների կառուցման համար: Երեխան կարող է գալ տագնապած, դիմադրելով, չուզենա բացվել, վստահել օտար մարդու, կարող է ամաչել և այլ նմանատիպ խնդիրներով, որոնք կարող են դժվարեցնել աշխատանքի սկիզբը: Թե­րա­պևտը երեխայի հետ կոնտակտ հաստատելու նպատակով օգ­տա­գործում է շփման բոլոր միջոցները, ներառյալ մարմնի լեզուն, մե­տա­ֆորիկ, սիմվոլիկ խոսքը և այլն:

Երեխայի հետ արդյունավետ փոխհարաբերություններ կառուցելու համար հոգեթերապևտը պետք է կիրառի որոշակի հմտություններ: Համաձայ Հ. Լենդրետի*, երեխայակենտրոն հոգեթերապևտի հմինական նպատակն է երեխայի հետ թերապևտիկ հարաբերությունների կառուցումը, ինչի համար թերապևտը՝

  • ստեղծում է երեխայի համար անվտանգության մթնոլորտ
  • հասկանում և ընդունում է երեխայի աշխարհը
  • խրախուսում է երեխայի հուզական աշխարհի դրսևորումները
  • ստեղծում է թողելիության զգացողություն
  • հեշտացնում է երեխայի համար որոշումներ ընդունելու կարողությունը
  • թույլ է տալիս երեխային պատասխանատվություն վերցնել իր վրա և զարգացնել վերահսկողության զգացում:

Համաձայն Ք. Բրեմսի**, գոյություն ունեն որոշակի ռազմավարություններ և գործոններ, որոնք օգնում են թերապևտին արդյունավետ կապ հաստատել և տեղեկատվություն հավաքել: Դրանցից են՝

  • ճկունությունը՝ թերապևտը չի հետևում կարծրատիպային սխեմաներին, այլ օգտագործում է ստեղծարարությունը, ինքնաբուխությունը երեխայի հետ փոխհարաբերություններ կառուցելիս
  • ոչ դիրեկտիվությունը՝ թերապևտը <<գնում է>> երեխայի ետևից, միշտ հիշելով երեխայի ընտրությունների դինամիկ և խորհրդանշական բնույթի մասին
  • հանդուրժողականություն՝ թերապևտը չի շտապեցնում երեխային, թույլ է տալիս արտահայտել իր նեգատիվ ապրումները, ստեղծում է այնպիսի մթնոլորտ, որտեղ երեխան իրեն ազատ է զգում, բնականաբար պահպանելով որոշակի սահմանափակումներ
  • ընդունում՝ թերապևտը ապրումակցում է, հասկանում և ուշադրության կենտրոնում է պահում երեխայի զգացմունքները, արտացոլում է երեխայի պահանջմունքները
  • հասկանալի խոսքի կիրառում՝ թերապևտը պետք է շփվի երեխայի համար հասկանալի լեզվով, ընդ որում անպայման կիրառի սիմվոլիկ և խորհրդանշային լեզուն
  • հարգանք՝ թերապևտը հարգալից է թե երեխայի, թե նրա ընտրությունների հանդեպ, նա չի թերագնահատում երեխայի զգացմունքները ու ապրումները
  • որոշակի հարցադրումներից խուսափում /հատկապես <<ինչու>>-ով սկսվող/, պրոյեկտիվ հարցերի կիրառում
  • ազատ խաղի և պատմությունների կիրառում:

Երեխայի հետ կոնտակտի հաստատումը կարող է մի քանի հանդիպում պահանջել։ Որքանով երեխան կբացվի, կգնա համագործակցության կախված է երեխայի տարիքից, անձնային առանձնաատկություններից, ունեցած կենսափորձից, ինչպես նաև հոգեթերապևտի հմտություններից և անձնային որակներից։

 



* Лэндрет Г. «Игровая терапия: искусство отношений», М., Институт практической психологии, 1998, 368 стр.

** Бремс К. «Полное руководство по детской психотерапии» , М., ЭКСМО-Пресс, 2002, 640 стр.