Ավարտի փուլ

Թերապևտիկ գործընթացում ավարտը իր ուրույն, կարևոր տեղն ու դեր ունի: Սա իսկապես փուլ է, քանի որ ենթադրում է որոշակի ժամանակահատված, որի ընթացքում հոգեթերապևտն ու երեխան պետք է ամփոփեն, ավարտեն իրենց հարաբերությունները հոգեթերաևտիկ ֆորմատում:

Ավարտի հետ կապված կարող են ծագել մի շարք հարցեր՝ երբ ավարտել, ինչպես ավարտել, ինչպես հասկանալ, որ հենց այս պահն է ավարտի համար ամենանպատակահարմարը, ինչ գործոններ կարող են վկայել, որ թերապևտիկ գործընթցաը մոտենում է ավարտին, ինչպես դա քննարկել երեխայի և ծնողների հետ և այլն: Ավարտի գործընթացը կարող է տարաբնույթ զգացողություններ առաջացնել թե երեխայի, թե թերապևտի մոտ: Այդ զգացողությունների հետ աշխատանքը, դրանց վերլուծությունն ու հասկացումը կրկին որոշակի ժամանակ է պահանջում:  Նպատակահարմար է, որպեսզի ավարտը ընկալվի որպես գործընթացի տրամաբանական ավարտ, ձեռքբերումների հաստատում, ինքնուրույնության արթնացում, Ես-ի ուժեղացում:

Բնական ավարտի հիմնական նախադրյալը նախապես դրված նպատակներին հասնելն է, երբ այցելուն, թերապևտը, ընտանիքը հասկանում են, որ երեխան կարողացել է հաղթահարել ունեցած խնդիրները, անցանկալի վարքային դրսևորումները հասցված են մինիմալի, երեխան ունի բոլոր անհրաժեշտ հմտությունները հետագայում ինքնուրույն լուծել ծագած դժվարությունները:

Լինում են նաև ընդհատված դեպքեր, ինչը կարող է պայմանավորված լինել տարաբնույթ օբյեկտիվ (հիվանդություն, աշխատանքից ազատում և այլն) կամ սուբյեկտիվ գործոններով (դեպքի հետ աշխատելու անհնարինություն, ծնողների կողմից ընդհատում և այլն)։ Ցանկացած պարագայում, թերապևտը պետք է կարողանա ամփոփել աշխատանքը երեխայի հետ (վերջին հանդիպում, զանգ, նամակ և այլն), անհրաժեշտության դեպքում՝ ուղղորդել այլ մասնագետի մոտ։