Խնդրի գնահատում
Տեղեկություններ ընտանիքի վերաբերյալ
Ներածական հանդիպման ընթացքում այս կետը քննարկելիս անհրաժեշտ է անդրադառնալ ընտանեկան կառուցվածքին, փոխհարաբերություններին, սահմաններին, դերային բաշխվածությանը:
Ընտանեկան կառուցվածք: Թերապևտը ճշգրտում է, թե ում հետ է ապրում երեխան, ովքեր են ընտանիքի անդամները, արդյոք ընտանիքը նուկլեառ է, թե ընդլայնված, հարազատներից էլ ով է բնակվում ընտանիքի հետ:
Ընտանեկան փոխհարաբերություններ: Այս կետը վերաբերում է թե՛ ներընտանեկան փոխհարաբերություններին, թե՛ ընտանիքի փոխհարաբերություններին այլ մարդկանց, հարազատների, ընկերների հետ:
Թերապևտը իր հարցադրումներով ճշգրտում է ընտանիքում առկա փոխհամաձայնությունը, համագործակցությունը, խնդրային, կոնֆլիկտային կողմերը, վիճաբանությունները և այլ: Անհրաժեշտ է մանրամասն քննարկել, թե ինչ փոխհարաբերություններ ունի երեխան ընտանիքի անդամներից յուրաքանչյուրի հետ՝ հայրիկի, մայրիկի, սիբլնգների, տատիկների և պապիկների և այլոց:
Ընտանիքից յուրաքանչյուրի հետ երեխայի փոխհարաբերությունների քննարկումը անհրաժեշտ է հասկանալու համար, թե որքանով է տվյալ ընտանիքի անդամը ներգրավված երեխայի կյանքում, կամ ընդհանրապես ընտանեկան կյանքում, արդյոք ընտանիքի անդամներից որևէ մեկը իզոլացված չէ և այլ:
Կարևոր է քննարկել մայրիկ-հայրիկ փոխհարաբերությունները, որքանով են դրանք բարիացկամ, ընկերական, կամ որքանով՝ կոնֆլիկտային, տարաձայնություններով լի: Եթե հարաբերություններում առկա են տարաձայնություններ, անհրաժեշտ է նաև ճշգրտել, թե որքանով են դրանք սուր արտահայտված, կրում են արդյոք քրոնիկ բնույթ, թե դրսևորվում են տարերայնորեն, արդյոք կոնֆլիկտները հասնում են ֆիզիկական ուժի կիրառմանը, երեխան ականատես է լինում դրանց, թե ոչ և այլ:
Մեկ այլ կարևոր կետ է՝ սիբլինգների միջև եղած փոխհարաբերությունները: Նախ անհրաժեշտ է ճշտել, թե որերորդ երեխան է այցելուն, արդյոք ունի քույր կամ եղբայր, ինչպես է արձագանքել մեկ այլ երեխայի ծննդյան փաստին /եթե նա մեծն է/, ինչ փոխհարաբերություններ են առկա նրանց միջև և այլ:
Այս կետը քննարկելիս անհրաժեշտ է նաև անդրադառնալ ընտանեկան դաստիարակության ոճերին, ծնողավարության առանձնահատկություններին: Անհրաժեշտ է ճշգրտել ինչ ծնողավարական ռազմավարություններ են կիրառում ծնողները, ինչպես են խրախուսում, պատժում երեխային, արգելքներ դնում, ոգեշնչում, որքան հետևողական են այդ հարցում, արդյոք հեղինակություն են հանդիսանում երեխայի համար, արդյոք կարողանում են կառուցել համագործակցային փոխհարաբերություններ, կարողանում են երկու ծնողն էլ, կամ ընտանիքի բոլոր անդամները համաձայնեցված որոշում կայացնել երեխայի վարքի վերաբերյալ և այլ: Ք.Բրեմսը* բերում է մի հարցաշարի օրինակ, համաձայն որի կարելի է գնահատել երեխայի հանդեպ կիրառված ծնողավարական ռազմավարությունը: Այդ հարցաշարը ներառում է հետևյալ հարցերը՝
-
- Ինչպես եք պարգևատրում երեխայի լավ վարքը
- Ինչպես եք քննարկում ձեր միջև եղած տարաձայնությունները կանոնների վերաբերյալ
- Համարում եք, արդյոք, որ բոլոր ռազմավարությունները արդյունավետ են
- Կարող եք արդյոք, բացատրել, թե ինչ է ակտիվ լսողությունը և ինչպես է այն կիրառվում
- Երբ եք օգտագործում ակտիվ լսողություն երեխայի հետ
- Ինչպես եք խրախուսում երեխային ինքնուրույն լուծել սեփական խնդիրները
- Կարող եք արդյոք բացատրել, թե ինչ է ընդհատումը և ինչպես է այն ավելի լավ օգտագործել
- Երբ և որ դեպքերում եք կիրառում ընդհատումը ձեր երեխայի հետ
- ինչ են տրամաբանական և բնական հետևանքները
- Երբ և որ դեպքերում եք կիրառում տրամաբանական և բնական հետևանքները
- Հաշվի առնում եք, արդյոք, թե ինչով է դրդված երեխայի վարքը
- Երբևիցե հարվածում եք երեխային
- Մարմնի որ մասին եք հարվածում
- Ինչքան հաճախ եք հարվածում
- Երբ պատժում եք երեխային, արդյոք մեղադրում կամ արհամարում եք երեխային
- Ձգտում եք արդյոք, որ երեխան գիտակցի իր մեղքը արարքից հետո
- Արդյոք արձագանքում եք երեխայի վարքին, չհետաքրքրվելով դրա պատճառներով
- Ասում եք, արդյոք, որ չեք սիրում երեխային, երբ նա իրեն վատ է պահում
- Սպառնում եք երեխային, ինչպես
- <<Սղոցում >> եք ձեր երեխային վատ արարքների համար։
Համաձայն Բրեմսի**, այս հարցաշարը ցույց է տալիս, որ թերապևտը պետք է շատ հստակ լինի իր հարցադրումներում, կարողանա հստակ գնահատել ծնողների իմացությունը այս կամ այն ռազմավարության վերաբերյալ: Ռազմավարությունները պետք է քննարկվեն շատ մանրամասն, գուցե ծնողը կիրառում է այս կամ այն ձևը, սակայն չգիտի դրա անվանումը, կամ ցանկություն ունի կիրառելու, սակայն իրազեկված չէ և անհրաժեշտություն ունի որոշակի տեղեկատվության: Այս հանդիպման ընթացքում թերապևտը կարող է նաև որոշկի լուսավորչական աշխատանք իրականացնել, օգնելով ծնողին ընտրել իր երեխայի համար համապատասխան դաստիարակչական ոճը, ռազմավարությունը:
* Бремс К. «Полное руководство по детской психотерапии» , М., ЭКСМО-Пресс, 2002, 640 стр.
** Бремс К. «Полное руководство по детской психотерапии» , М., ЭКСМО-Пресс, 2002, 640 стр.