Հեքիաթաթերապիա

Պատմությունների, հեքիաթների, առաս­պելների կիրառումը թերապևտիկ նպատակներով հան­դի­սա­նում է արտթերապիայի ուղղություններից մեկը: Պատմու­թյուն­ներ պատմելը կարևոր միջոց է արտաքին աշխարհի ըն­կալ­ման, իմաստավորման, ինչպես նաև գիտելիքների, հմտություն­նե­րի, փորձի փոխանցման համար: Առասպելները, առակները, հե­քիաթ­ները ստեղծվում էին արժեքների և ավանդույթների փո­խանց­ման նպատակով: Պատմությունների օգնությամբ մարդիկ ար­տահայտում և շրջապատին էին փոխանցում սեփական փորձը, ինչն օգնում էր սոցիալական կյանքում և խմբում ներ­գրավ­վա­ծու­թյան զգացում ունենալուն: Հեքիաթների միջոցով ինքնարտա­հայտ­ման և սեփական ապրումներն այլ մարդկանց փոխանցելու գոր­ծառույթները բացառիկ նշանակություն ունեին հոգեկան առող­ջության պահպանման համար և բնորոշ էին դեռ հնագույն ցե­ղերին:

Երեխաների հետ աշխատանքում կիրառավում են պատ­մու­թյունների տարբեր ժանրեր, մասնավորապես՝ հեքիաթներ: Ներկայումս բավական տարածված է Տ. Զինկևիչ-Եվստիգնեևայի կողմից առաջարկած դասակարգումը, համաձայն որի՝ հեքիաթները լինում են ստեղծագործական, դիդակտիկ, մեդիտատիվ, հոգեշտկո­ղա­կան և հոգեթերապևտիկ: Ստեղծագործական հեքիաթներն իրենց հեր­թին բաժանվում են ժողովրդականի և հեղինակայինի: Ժո­ղովրդական հեքիաթներն ունեն բավականին տարբեր սյուժեներ: Դրանց մեջ կարելի է առանձնացնել հեքիաթներ կենդանիների մա­սին (մինչև 5 տարեկան երեխաների հետ հարմար է խոսել կեն­դա­նիների անունից և կերպարանքով, քանի որ նրանք հեշտությամբ են իդենտիֆիկացնում իրենց կենդանիների հետ), կենցաղային հե­քիաթ­ներ (պատմում են ընտանեկան կյանքի առանձնահատ­կու­թյուն­ների մասին, ցույց են տալիս կոնֆլիկտների լուծման ձևեր, պատ­մում են ընտանեկան խորամանկությունների մասին և այլն), վախենալու հեքիաթներ (օգնում են երեխաներին ինքնաթերապիայի համար. բազմիցս լսելով և մոդելավորելով վախենալու իրավիճակը՝ երեխան ազատվում է լարվածությունից և ձեռք բերում արձա­գանքելու նոր ձևեր), հրաշապատում  հեքիաթներ:*

Դիդակտիկ հեքիաթները ստեղծվում են մանկավարժների կողմից ուսումնական նյութը «փաթեթավորելու» նպատակով: Ընդ որում, վերացական խորհրդանիշերը (տառեր, թվեր, թվաբանական գոր­ծողություններ և այլն) կենդանանում են, առաջանում է հեք­իա­թա­յին աշխարհ, որում նրանք ապրում են: Դիդակտիկ հեքիաթների օգնությամբ դասավանդվում է ուսումնական նյութը:

 Հոգեշտկողական հեքիաթները ստեղծվում են երեխայի վարքի վրա նուրբ ազդեցության հետևանքով: Հիմնական նպատակն է ցույց տալ վարքի անէֆեկտիվ ձևերի փոխարեն արդյունավետ ձևերը և հասկացնել կատարվածի իմաստը: Հոգեշտկողական հեքիաթների կիրառությունը սահմանափակվում է տարիքով և վարքային խնդիրներով: Հոգեշտկողական հեքիաթի ստեղծման համար կարելի է կիրառել հետևյալ ալգորիթմը:

    • Ընտրել հերոսի, որը մոտ է երեխային տարիքով, սեռով և բնավորությամբ,
    • Նկարագրել հերոսի կյանքը կախարդական աշխարհում այնպես, որ մոտ լինի երեխայի իրականությանը,
    • Հերոսը պիտի ունենա դժվարություններ և ապրումներ՝ նման երեխայի իրական կյանքի իրավիճակին,
    • Հերոսն ընտրում է ելքեր ստեղծված իրավիճակներից: Նա կարող է հանդիպել մոգական օգնականների, կարող է հանդիպել կախարդին կամ իմաստուն ծերունուն և այլն: Կարևորն այն է, որ մենք ցույց ենք տալիս երեխային ալտերնատիվ ճանապարհներ ու վարքաձևեր և օգնում ենք գտնել կատարվածի պոզիտիվ իմաստը:
    • Հերոսը պիտի հասկանա իր սխալները և սկսի ճիշտ գործել:

Հոգեշտկողական հեքիաթները կարելի է նաև չմեկնաբանել՝ թող­նելով դրանք երեխայի մեկնությանը: Արտասահմանյան հեղի­նակ­ները հաճախ անվանում են այս հեքիաթների տիպը հո­գե­թե­րապևտիկ:

  Հոգեթերապևտիկ հեքիաթներ: Զինկևիչ-Եվստիգնեևան համա­րում է այն հեքիաթները, որոնք բացահայտում են կատարվածի խորքային իմաստը՝ ոգեղեն հեքիաթները: Այս հեքիաթները մար­դուն հաճախ թողնում են հարցականներով: Հոգեթերապևտիկ հե­քիաթ­ները նվիրված են կյանքի և մահվան խնդիրներին, կորստին և ձեռքբերումներին, սի­րուն և ճանապարհին: Սրանք օգնում են այն­տեղ, ուր այլ միջոցները կա­րող են անզոր լինել: Հոգեթերա­պևտիկ հեքիաթներում չափա­զանց կարևոր է ընտրել գլխավոր հերոսի կերպարը, որը կար­տա­ցոլի այցելուի թաքնված, իդեալական «Ես»-ը: Այս տիպի հե­քիաթ­ների օգնությամբ հնարավոր է դառնում այցե­լուին մատնացույց անել ստեղծված իրավիճակը, օգնել նրան ըն­դու­նելու այն, հաս­կա­նա­լու կատարվածի իմաստը, ցույց տալու, որ ան­գամ դժվա­րու­թյունները կարելի է օգտագործել հոգու զարգացման համար:

  Մեդիտատիվ հեքիաթներ. սրանք ստեղծվում են դրական պատ­կերային փորձի կուտակման, հոգեհուզական լարվածության նվազ­ման, այլ մարդկանց հետ դրական փոխհարաբերությունների մո­դելների ստեղծման, անձնային ռեսուրսների բացահայտման նպա­տակով: Հիմնական նպատակն է մեր անգիտակցականին հա­ղորդել շրջապատող աշխարհի և մարդկանց հետ փոխհա­րա­բե­րու­թյունների ­­դրական իդեալական մոդելներ: Այդ իսկ պատճառով նրանց տարբերակիչ առանձնահատկությունն է կոնֆլիկտների և վատ հերոսների բացակայությունը:

 

Հեքիաթները տալիս են աշխատանքի բազմաթիվ հնարավո­րու­թյուններ և դրանք կարելի է օգտագործել հետևյալ նպատակներով.

    • հեքիաթի կիրառումը որպես այլաբանություն. այցելուի հետ քննարկվում են հեքիաթն ունկնդրելու արդյունքում առա­ջացած պատկերները, զուգորդումները և ապ­րում­ները,
    • նկար հեքիաթի բովանդակությամբ, որն առաջացնում է ազատ զուգորդություններ, որոնք էլ ապա քննարկվում են,
    • հերոսների արարքների դրդապատճառների և վարքի քննարկում, ինչը թույլ է տալիս խոսել այցելուի կեն­սա­կերպի մասին,
    • հեքիաթի մասերի խաղարկում,
    • հեքիաթի կիրառումը բարոյախոսական նպատակներով,
    • ստեղծագործական աշխատանք հեքիաթի բո­վան­դա­կու­թյամբ։ **

 Երեխաների հետ հոգեթերապևտիկ աշխատանքում կարելի է կի­րառել հեքիաթի հորինումը, վերապատմումը, խաղարկումը, կի­սատ հեքիաթի շարունակությունը և այլն:



Зинкевич-Евстигнеева Т. «Практикум по сказкотерапии», СПб., Речь, 2002, 168 стр.

** Зинкевич-Евстигнеева Т. «Практикум по сказкотерапии», СПб., Речь, 2002, 168 стр.