Խաղային թերապիա
Երեխաների հետ թերապևտիկ աշխատանքի հիմնական և ամենատարածված միջոցներից մեկը խաղն է: Խաղը կարող է լինել բազմաֆունկցիոնալ՝ կախված երեխայի ցանկություններից և իրավիճակից: Թերապևտիկ սենյակում երեխաների խաղերը կարող են լինել՝ կոնտակտային (երեխան կոնտակտի մեջ է մտնում խաղալիքների, շրջապատող առարկաների, թերապևտի հետ), ապահովություն հաստատելու խաղեր (երեխան վերահսկում է կամ թերապևտին, կամ խաղալիքները), վտանգավոր (ենթադրում է հույզերի անվերահսկելի արտահայտում, երեխան կարող է արտահայտել անվերահսկելի երևույթներ՝ երկրաշարժ, փոթորիկ և այլն), որոշումների ընդունման խաղեր (երեխան գտնում է ելքեր ստեղծված իրավիճակներից)*:
Երեխայի խաղը կարող է լինել առօրեական և թերապևտիկ: Առօրյա կյանքում երեխաների խաղն ունի հետևյալ կարևոր գործառույթները.
-
- ինքնազարգացման գործառույթ - խաղը նպաստում է երեխայի ինքնարտահայտմանը, ինքնորոշմանը, զգացմունքների արտահայտմանը և հետազոտմանը, համակրանքի և հակակրանքի արտահայտմանը, հսկողության և չափի զգացումի ձևավորմանը, դժվար իրավիճակների հաղթահարմանը, կառավարմանը, պահանջմունքների բավարարմանը, հաճույք ստանալուն,
- ընդհանուր զարգացման գործառույթ - շրջապատող աշխարհի հետազոտում, օբյեկտների միջև կապերի հետազոտում, իշխանության զգացում, խոսքային, կոգնիտիվ, շարժողական հմտությունների մարզում, բարոյական նորմերի ընկալում, փորձի գիտակցված ստրուկտուրավորում և այլն,
- հաղորդակցման գործառույթ՝ ուրիշների հետ համագործակցություն, դերերի ընկալում, սոցիալական հմտությունների ձեռքբերում, մարդկանց միջև առկա փոխհարաբերությունների հետազոտում, հարաբերություններում կոնֆլիկտների խաղարկում**:
Թվարկած գործառույթները բավական նպաստավոր են թերապիայում խաղի կիրառման համար: Խաղի օգնությամբ թերապևտը հեշտությամբ կարող է կոնտակտ հաստատել երեխայի հետ, խաղի ընթացքում երեխան բաց է և բազմապիսի ինֆորմացիա կարող է տալ թերապևտին: Օգտագործելով խաղի սիմվոլիզմը, թերապևտը կարող է ստանալ ինֆորմացիա, որը բավական ցավոտ է բառերով արտահայտելու համար, և խաղը կարելի է օգտագործել երեխայի խնդիրների լուծման նպատակով: Այսպիսով, թերապևտիկ սենյակում խաղն իրականացնում է հետևյալ գործառույթները՝
-
- հաղորդակցման. վստահելի և հատուկ հարաբերությունների ստեղծում,
- ինքնադրսևորման գործառույթ. ախտորոշման իրականացում, զգացմունքների արտահայտում, անգիտակցական նյութի դրսևորում, վախերի դրսևորում, արգելված հույզերի և պահանջմունքների դրսևորում, կոնֆլիկտների արտահայտում, կոնֆլիկտների և եղած փորձի վերաձևակերպում,
- ապաքինող գործառույթ. պաշտպանական մեխանիզմների հետ աշխատանք; դիմադրության հաղթահարում; լարվածության թուլացում; կատարսիսի նպաստում; շտկողական հուզական փորձով ապահովում; ինքնակարավորման հմտությունների ուսուցում; նոր վարքաձևերի մշակում:
Խաղային հոգեթերապիայի կիրառումը ենթադրում է խաղային պարագաներով հագեցված խաղային սենյակի առկայություն:
Խաղի ընթացքում հոգեթերապևտը իր մեկնություններով կապեր է հաստատում երեխայի հույզերի, վարքի և մտքերի միջև, օգնում է գիտակցել տրավմատիկ փորձը, արտահայտել կուտակված բացասական հույզերը, գտնել այլընտրանքներ ստեղծված իրավիճակներում։ Կարևոր է հիշել, որ այս ամենը կարող է իրականացվել խորհրդանշական մակարդակում։ Այսինքն, կարևոր չէ անպայման բերել երեխային իրական կյանք, կապ տալ իր Ես-ի հետ, կարելի է լիովին մնալ երեխայի խաղի մեջ և խաղի օգնությամբ օգնել ապաքինման։
* Мустакас К. «Игровая терапия», Речь, 2001, 282 стр.
** Бремс К. «Полное руководство по детской психотерапии» , М., ЭКСМО-Пресс, 2002, 640 стр.