Ճգնաժամերին բնորոշ դրսևորումները

ճգնաժամը կարելի է նկարագրել հետևյալ բաղադրիչներով.

  1. Ճգնաժամի աղբյուրներ՝ մարդու մոտ առաջացող ներքին ու արտաքին հակասություններ, խնդիրներ, կյանքի «հարվածներ» և այլն. այն ամենն, ինչը կարող է խթանել ճգնաժամը,
  2. «Ախտանիշներ»՝ ապրումների լայն շրջանակ, վարքային ու հուզական դրսևորումներ, բնականոն կյանքի ոչ բնորոշ հոգեվիճակներ և ինքնազգացողություն,
  3. Ճգնաժամը խորացնող հնարավոր հանգամանքներ՝ արտաքին ու ներքին անբարենպաստ գործոններ, որոնք իրենցով ճգնաժամի աղբյուր չեն, սակայն արդեն սկսված ճգնաժամում էականորեն նպաստող են դրա խորացմանը՝ աշխատանքային սթրեսները, առողջական խնդիրները, պատասխանատվության բարձր զգացումը և ոչ ճկուն մտածողությունը, ֆինանսական անբավարար միջոցները և այլն։
  4. Ճգնաժամից ելքը հեշտացնող հանգամանքներ՝ անձի ներքին ու արտաքին ռեսուրսները՝ բնավորության առանձնահատկությունները, սոցիալական միջավայրի աջակցությունը, հաճելի աշխատանքը, ֆիզիկական ակտիվությունը, ճկուն մտածողությունը, հուզական բարձր ինտելեկտը և այլն։
  5. Գործունեության արդյունավետության վրա ճգնաժամի ազդեցություն՝ տարբեր դերերի և ֆունկցիաների իրականացման բարդացումը կամ անհնարինությունը, աշխատանքային արդյունավետության իջեցումը կամ «փախուստը դեպի աշխատանք», հոբիների և հանգստի կրճատումը, սոցիալական մեկուսացումը և այլն։
  6. Ճգնաժամից դուրս չգալու «վճարի» ձևեր՝ հոգեկան և առողջական վիճակի վատթարացումը, ախտանիշների քրոնիֆիկացիան, անցանկալի վարքային ձևերի ի հայտ գալը, դեստրուկտիվ հարաբերությունների և կապվածությունների ձևավորումը, մասնագիտական հետընթացը և այլն։
  7. Հոգեբանական աջակցության առանձնահատկություններ՝ տվյալ անձին և տվյալ ճգնաժամին առավելապես համապատասխան հոգեբանական աջակցության եղանակները, դրանց կազմակերպման առանձնահատկությունները և այլն։


 Ճգնաժամային իրավիճակներին են դասում՝

    1. Իրավիճակներ, կապված հաջորդ տարիքային փուլին անցնելու հետ (տարիքային ճգնաժամեր)։ Կարող են առաջանալ ինչպես առանձին մարդու կյանքում (օրինակ՝ դեռահասությունը), այնպես էլ ամբողջական համակարգերում (օրինակ՝ ընտանեկան ճգնաժամեր),
    2. Կորստի իրավիճակներ (մտերիմի, նշանակալից հարաբերությունների, նյութական կամ հոգևոր արժեքների կորուստ),
    3. Արտակարգ, հոգետրավմատիկ իրավիճակներ (աղետներ, պատերազմ, բռնություն, հիվանդություն, դժբախտ պատահար և այլն)։

Հոգետրավման չափազանց ախտածին բնույթ ունեցող իրավիճակներն են։ Համաձայն  ՀՄԴ-11-ի (Հիվանդությունների Միջազգային Դասակարգիչ) հոգետրավմատիկ իրադարձությունը բնորոշվում է որպես արտակարգ, հստակորեն ախտածին, բացառապես սպառնալից բնույթ և հոգեկանի վրա անբարենպաստ ազդեցություն ունեցող իրադարձություն։

Այսպիսով, արտակարգ կամ հոգետրավմատիկ իրադարձության առանձնահատկություններն են՝

    • մարդու գոյությանը սպառնալիքի առկայությունը,
    • հոգեկան ոլորտում խանգարումներ առաջ բերելու ունակությունը,
    • աղետալիությունը, անտանելիությունը
    • ներազդեցության ծայրահեղությունը՝ սահմանվող ինչպես արտաքին պայմաններով, այնպես էլ՝ մարդու համար նշանակալիությամբ։