Մանկության տարիքի ճգնաժամեր
Բոլոր հասարակագերում երեխայի պահանջմունքների, կենսական կարիքների բավարարման առաջնային միջավայրը ընտանիքն է։ Ընտանիքից դուրս երեխայի զարգացման վրա մեծ ազդեցություն են ունենում հարաբերությունները հասակակիցների, ուսուցիչների, համայնքի այլ ներկայացուցիչների հետ։ Ուստի աշխարհում, երկրում, շրջապատում տեղի ունեցող ցանկացած իրողություն ազդեցություն է ունենում երեխայի զարգացման վրա։ Հետևաբար, երբ խոսքը գնում է ճգնաժամային իրավիճակներում երեխայի վերականգնման մասին, անհրաժեշտ է հաշվի առնել, որ աջակցող օղակ կարող է դառնալ համայնքի, երեխայի շրջապատի ցանկացած մարդ։ Երեխայի բարեկեցության, հոգեկան առողջության վերականգնումը ենթադրում է ամուր, ուժեղ, արձագանքող սոցիալական աջակցման համակարգ՝ սկսած ընտանիքից վերջացրած սոցիալական տարբեր օղակներով։
Հետևյալ գործոնները կարող են պայմանավորել երեխայի հուզական արձագանքները ճգնաժամային իրավիճակներում՝
- Ճգնաժամային, արտակարգ իրավիճակում անմիջական ներգրավվածությունը
- Նախորդող տրավմատիկ կամ սթրեսային իրավիճակները
- Սեփական մահվան կամ մտերիմի մահվան հետ կապված վախերը
- Մտերիմի, ընտանիքի անդամի, ընկերոջ, ընտանի կենդանու կորուստը
- Խնամակալներից առանձնացումը
- Ֆիզիկական վնասվածք
- Ծնողների կամ խնամակալների արձագանք
- Ընտանեկան ռեսուրսներ
- Ընտանիքի անդամների միջև եղած փոխհարաբերությունները և հաղորդակցման ձևերը
- Արտակարգ իրավիճակների և դրանց հետևանքների մասին զանգվածային լրատվության միջոցների բազմակի անդրադարձը
- Շարունակական սթրես՝ պայմանավորված առօրյայի և կենսապայմանների փոփոխությամբ
- Մշակութային առանձնահատկություններ
- Համայնքի ռեսուրսներ, տոկունություն։
Ճգնաժամային իրավիճակների հաղթահարման համար կարևոր դեր են խաղում կայունությունն ու տոկունությունը։ Կայուն են համարվում այն երեխաները, ովքեր անկախ դժվար, սթրեսածին, տրավմատիկ իրավիճակների թողած հետևանքներից կարողանում են մնալ ամուր և շարունակել իրենց զարգացումը։
Կայուն երեխաները առանձնանում են հետևյալ բնութագրիչներով՝
- Ամուր կապվածություն հոգ տանող և շրջապատող մեծահասակների և հասակակիցների հետ,
- Անկախ են և կարողանում եմ դիմել օգնության,
- Սոցիալապես կոմպետենտ են և համագործակցող շրջապատի հետ,
- Հետաքրքրասեր են և աշխարհը բացահայտող,
- Խաղում ակտիվ են,
- Հարմարվում են փոփոխությունների,
- Սովորաբար մտածում են գործելուց առաջ,
- Վստահ են, որ կարող են վերահսկել իրենց կյանքի որոշ հատվածներ,
- Ներգրավված են տարբեր հոբիներում, գործունեություններում, դրսևորում են տարբեր ընդունակություններ։
Երեխաների արձագանքները տարաբնույթ դժվարություններին կախված են ինչպես անհատական բնութագրիչներից, այնպես էլ մեծապես՝ միջավայրի գործոններից։ Երեխայի կայունության և զարգացման շարունակականությունը նրա պահանջմունքների և հնարավորությունների, ինչպես նաև դրանք բավարարող միջավայրային պաշտպանող և աջակցող գործոնների ամբողջություն է։ Սոցիալական միջավայրը կարող է պաշտպանող պատնեշ հանդիսանալ սթրեսածին գործոնների ազդեցության համար։
Մասնագետները առանձնացնում են մի քանի պաշտպանող գործոն, որոնք կարևոր են երեխայի կայունության համար՝
- Երեխան ունի ամուր, հուզական կապեր խնամակալների, ծնողների հետ, որոնք երեխային տալիս են կոմպետենտ և հետևողական խնամք
- Երեխան ունի ընտանիքից դուրս ջերմ ու ամուր կապեր (իր սոցիալ-մշակութային միջավայրից)
- Մասնակցում է և դեր ունի իրեն ծանոթ ավանդույթների և գործողությունների մեջ
- Հնարավոություն ունի ստանալու համայնքի աջակցություն (կրթական, տնտեսական և այլ հարցերում)
- Կապ ունի կրոնական ավանդույթների ու հավատքի հետ։
Հաշվի առնելով վերոնշյալը, կարևոր է կայունացնող գործոնների ուժեղացումը ճգնաժամային միջամտության պարագայում։