Ընտանեկան բռնության դրսևորումներն ու առանձնահատկություններն անչափահասների պարագայում
1989թ․ ՄԱԿ-ի կողմից ընդունված «Երեխայի իրավունքների մասին կոնվենցիան», որի 19-րդ հոդվածն անդամ պետություններին պարտավորեցնում է վերջ տալ երեխաների հանդեպ բռնության բոլոր ձևերին։ Երեխաների նկատմամբ բռնության հետևյալ սահմանումն ունի․ «Երեխաների հանդեպ բռնությունը նշանակում է երեխայի առողջության, կյանքի, զարգացման, ինքնության իրական կամ հնարավոր վտանգմանը հասցնող ֆիզիկական և կամ հուզական դաժանության, սեռական բնույթի գործողություններ կամ անտեսման արարքներ՝ օգտվելով կարգավիճակից կամ պաշտոնից բխող լիազորություններից և չարաշահելով երեխայի վստահությունը»։ [1]
Հարկ է նշել, որ երեխաների նկատմամբ բռնության դրսևորումները մեծապես կապված են տվյալ հասարակությունում ընդունված սոցիալական նորմերի հետ, օրինակ, կան երկրներ, որտեղ ֆիզիկական պատիժը համարվում է դաստիարակության մաս և ընդունելի միջոց, ընդունված են վաղ ամուսնություններն ու դեռ շարունակվում են աղջիկ-երեխաների թլպատման բացասական ծեսերը: Ուստի, բռնության կանխարգելման և ճգնաժամային միջամտության կազմակերպման տեսանկյունից անհրաժեշտ է հասկանալ բռնությանը նպաստող կամ ռիսկային գործոնները, այսպես՝ անհատական մակարդակում ռիսկային գործոններ կարող են լինել՝ երեխայի տարիքը, սեռը, մտավոր կամ ֆիզիկական խնդիրների առկայությունը, իսկ հասարակական մակարդակում՝ հանդուրժող վերաբերմունքը բռնությանը, հետպատերազմական երկրների շարքում լինելը, խտրականության և բռնության նորմալիզացիան:
Ցավոք, ամբողջ աշխարհում երեխաների նկատմամբ բռնության առավել տարածված տեսակներից է բռնությունը երեխաների նկատմամբ ընտանիքի ներսում:[2]
Ընտանիքն ենթադրաբար ապահով տարածք է, որտեղ դու քեզ զգում ես հասկացված, սիրված և ընդունված, բայց ցավոք, ոչ բոլոր դեպքերում է, որ ընտանիքն ապահով տարածք է և երբեմն այն կարող է դառնալ վտանգավոր ոչ միայն մեծահասակի, այլ նաև ընտանիքում մեծացող երեխայի համար: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ ընտանիքում բռնության ավելի հաճախ ենթարկվում են կանայք և երեխաները: Այսպես, ըստ վիճակագրության՝ 275 միլիոն երեխա ամբողջ աշխարհում բռնության է ենթարկվում տանը:[3] Ըստ Առողջապահական համաշխարհային կազմակերպության տվյալների, 15-49 տարեկան կանանց շրջանում, ամեն չորրորդ կինը ենթարկվել է ֆիզիկական և/կամ սեռական բռնության գոնե մեկ դրվագի, իսկ ամբողջ աշխարհում կանանց սպանությունների 38%-ը իրականցվում է իրենց զուգընկերոջ կողմից:[4]
Ըստ «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքի ընտանիքում բռնություն համարվում է ֆիզիկական, սեռական, հոգեբանական կամ տնտեսական բնույթի բռնի արարքը, ինչպես նաև անտեսումը, որը կատարվել է ընտանիքի անդամների միջև[5]: Մանրամասն անդրադարձ կատարենք բռնության յուրաքանչյուր տեսակին առանձին.
- Ֆիզիկական բռնություն՝ դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելը, ազատությունից ապօրինի զրկելը, դիտավորությամբ ֆիզիկական ուժեղ ցավ պատճառելը:
Երեխաների նկատմամբ ֆիզիկական բռնության առավել տարածված տեսակներից է՝ ցանկացած տեսակի ֆիզիկական պատժի կիրառումը՝ապտակել, ծեծել, հարվածել ձեռքով, բռունցքով կամ այլ առարկաներով՝մտրակ, գոտի, փայտ, ոտնաման, ինչպես նաև թափահարելը, հրելը, կծելը, կճմտելը, ստիպել երկար ժամանակ մնալ միևնույն անհարմար դիրքով, ստիպել կուլ տալ օրինակ կծու համեմունքներ կամ լցնել բերանը ատամի մածուկով: Հարկավոր է ընդգծել, որ յուրաքանչյուր ֆիզիկական պատիժ իր մեջ ներառում է նաև նսեմացում, հոգեբանական բռնություն:
- Սեռական բռնություն՝ ցանկացած սեռական ակտ, սեռական ակտի փորձ, անցանկալի մեկնաբանություն կամ առաջարկ, կամ հարկադրանքի կիրառում ուղղված անձի սեռականությանը:
Սեռական բռնությունն անչափահասին, դեռահասին այնպիսի սեռական ակտիվության մեջ ներգրաավվումն է, որը նա ամբողջությամբ չի հասկանում կամ չի կարող տալ գիտակցված համաձայնություն:
- Հոգեբանական բռնություն՝ դիտավորությամբ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը, այդ թվում՝ ֆիզիկական, սեռական, տնտեսական բռնություն գործադրելու իրական սպառնալիքը, դիտավորությամբ պարբեարաբար այնպիսի գործողություններ կատարելը, որոնք անձի մեջ հիմնավոր վախ են հարուցում իր կամ ընտանիքի անդամի անձնական անվտանգությանը սպառնացող վտանգի մասին, արժանապատվության պարբերական նվաստացումը, սոցիալական ծայրահեղ մեկուսացումը, հղիության արհեստական ընդհատման հարկադրանքը:
Հոգեբանական բռնությունը երեխաների նկատմամբ ներառում է հետևյալ դրսևորումները՝ ոչ ֆիզիկական պատժի կիրառումը, սպառնալիքներ, վիրավորական արտահայտություններ, ծաղրական անուններ/մականուններ տալը, նսեմացումը, մեկուսացումը, հուզական անտարբերությունը:
- Տնտեսական բռնություն՝ անձին հարկադրված նյութական կախվածություն ստեղծելու կամ իշխելու նպատակով նրան գոյության անհրաժեշտ միջոցների սնունդ, հագուստ, կացարան, դեղորայք զրկելը, սեփականության կամ ընդհանուր սեփականության իրավունքով պատկաոնղ գույքը տնօրինելու, տիրապետելու և օգտագործելու իրավունքները ոչ իրավաչափ սահմանափակելը, անձի կրթութուն ստանալու կամ աշխատանքի ընտրության ազատության իրավունքները սահմանափակելը:
- Անտեսում՝ ծնողի կամ օրինական ներկայացուցչի կողմից երեխայի կեցությանն անհրաժեշտ նվազագույն պայմանները սնունդ, հագուստ, կացարան, բժշկական օգնություն և սպասարկում, կրթություն, իսկ չափահաս աշխատունակ զավակների կողմից իրենց անաշխատունակ և կարիքավոր ծնողների կեցությանն անհրաժեշտ նվազագույն պայմանները դիտավորությամբ չբավարարելը, եթե ծնողը կամ օրինական ներկայացուցիչը կամ չափահաս աշխատունակ զավակները տիրապետում են պատշաճ տեղեկատվության կամ հնարավորությունների, և եթե համապատասխան ծառայությունները նրանց համար հասանելի են:
Անտեսումը երեխայի պարագայում հետևյալ դրսևորումներն ունի՝ զրկված է հիմնարար պահանջմունքների բավարարման համար անհրաժեշտ միջոցներից՝ սնունդ, հագուստ, կրթություն կամ բժշկական համապատասխան աջակցությունից, ինչին խնամատար անձը կամ ծնողը տեղյակ է, սակայն հասանելի չի դարձնում երեխայի համար: Հետազոտությունները ցույց են տալիս, որ հատկապես այս տեսակի բռնության պարագայում ակնառու է գենդերային խտրականությունը, օրինակ, Հնդկաստանում, վիճակագրությունը ցույց է տալիս, որ աղջիկ երեխաներին երկու անգամ ավելի քիչ են կերակրում, քան տղա երեխաներին, իսկ բժշկական միջամտությունը առավել հասանելի է տղա երեխաներին, քան աղջիկներին:
Ցավոք, հաճախ ծնողները, խնամատար անձիք, ովքեր ներգրավված են բռնի հարաբերությունների մեջ, կարծում են, որ իրենց անառողջ հարաբերությունները չեն ազդում ընտանիքի մյուս անդամների վրա, երեխաները տեղյակ չեն բռնությունների մասին, սակայն երեխան կարող է դառնալ նաև բռնության ականատես:
Այսպես, անչափահասը կարող է բռնության ականատես դառնալ հետևյալ ձևերով՝
-
- Լսելով բռնության ձայներն ու աղմուկը
- Տեսնելով ծնողի վնասվածքներն ու կապտուկները
- Տանը խառնաշփոթին, կոտրված իրերին բախվելով
- Փորձելով միջամտել բռնությանը և օգնել ծնողներից մեկին կամ ծնողի կողմից պաշտպանական «վահան» օգտագործվելը
- Ծնողավարության հետ կապված խնդիրների բախվել, որոնք առաջացել են բռնության հետևանքով: